Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 185-ՐԴ ԵՎ 390-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԱՔԴ/0031/11/14

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0031/11/14

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Դանիելյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 16-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի մարտի 13-ին «Էքսպերտ Լաբորատորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Լ.Ավագյանը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն` խնդրելով Վարուժան Չիթչյանին ենթարկել քրեական պատասխանատվության սուտ մատնություն կատարելու համար:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հետաքննիչի պաշտոնակատար Հ. Հակոբյանի 2014 թվականի մարտի 29-ի որոշմամբ դիմող Լ. Ավագյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Վ. Չիթչյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի պաշտոնակատար Հ. Հակոբյանի 2014 թվականի մարտի 29-ի որոշման դեմ դիմող Լ. Ավագյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազություն:

Երևան քաղաքի դատախազի տեղակալ Ս. Առաքելյանը 2014 թվականի մայիսի 5-ի գրությամբ Լ. Ավագյանին հայտնել է, որ նա բաց է թողել որոշման բողոքարկման յոթնօրյա ժամկետը:

3. 2014 թվականի հունիսի 6-ին դիմող Լ. Ավագյանը բողոք է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2014 թվականի մարտի 29-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 19-ի որոշմամբ դիմող Լ. Ավագյանի բողոքը մերժվել է:

4. Դիմող Լ. Ավագյանի ներկայացուցիչ Ա. Մնացականյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 19-ի որոշումը և վերացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2014 թվականի մարտի 29-ի որոշումը:

5. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Բադալյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2014 թվականի մարտի 29-ի որոշման համաձայն` «(...) նախապատրաստված նյութերով պարզվել և հիմնավորվել է, որ Վ. Չիթչյանի և վերը նշված կազմակերպության միջև առկա վեճը դատական տարբեր ատյանների կողմից բազմիցս ենթարկվել է քննության: Բացի նշված փաստը, Վ. Չիթչյանի կողմից մատնանշված փորձագետի թիվ 100209 եզրակացության կեղծ լինելու հանգամանքի, ինչպես նաև «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից թույլ տված խախտումների իսկությունը ստուգվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցված թիվ 09123810 քր. գործով կատարված նախաքննությամբ, որի վերաբերյալ առկա է 08.06.2011 թ-ին կայացված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին չվերացված որոշում:

Ինչ վերաբերում է Վ. Չիթչյանի կողմից «Իրավունք» օրաթերթին և «Արմլուր» լրատվական կայքին փոխանցված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին (...), ապա Վ. Չիթչյանը նման կերպ փորձել է տարածել իր դժգոհությունը, իսկ գործող քր. օր-ի 333-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմն առկա է այն դեպքում, երբ երևակայական հանցագործության կամ հանցագործի մասին տեղեկությունները հաղորդվում են այն պետական մարմիններին, որոնք պարտավոր են հանցագործության մասին իրենց հայտնի դարձած փաստը հանձնել քրեական գործի հարուցման իրավունք ունեցող մարմիններին: Այլ մարմիններին նույնաբովանդակ տեղեկություններ հաղորդելը քննարկվող հանցակազմը չի առաջացնում և համապատասխան հատկանիշների առկայության դեպքում որակվում է որպես զրպարտություն, որը ՀՀ գործող քր. օր-ով նախատեսված հանցագործություն չի համարվում» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 8):

7. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2014 թվականի մարտի 29-ի որոշման դեմ դիմող Լ.Ավագյանի բողոքի կապակցությամբ Երևան քաղաքի դատախազի տեղակալը 2014 թվականի մայիսի 5-ի գրությամբ վերջինիս հայտնել է. «(...) Ձեր բողոքի քննարկման արդյունքում համապատասխան որոշում չի կայացվել, քանի որ Դուք բաց եք թողել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված 7-օրյա ժամկետը, քանի որ որոշումը ստացել եք 04.04.2014թ., սակայն այն բողոքարկել եք 28.04.2014թ.» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 12):

8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Վ. Չիթչյանի` «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից կեղծ եզրակացություն տալու հանգամանքի վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով, այսինքն` հերքվել է «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից կեղծ եզրակացություն տալու հանգամանքը:

Ինչ վերաբերում է Վ.Չիթչյանի կողմից սուտ մատնություն կատարելու մասին Լ. Ավագյանի հաղորդմանը, ապա դատարանը գտնում է, որ նախապատրաստված նյութերով չի հիմնավորվել Վարուժան Չիթչյանի կողմից սուտ մատնություն կատարելու հանգամանքը, ինչի վերաբերյալ հետաքննության մարմինը կայացրել է պատճառաբանված որոշում» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 29):

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև քրեական վարույթն իրականացնող մարմինը հաղորդման առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճել է` «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերության աշխատակիցների արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, սակայն քննության առարկա չի դարձրել Վ.Չիթչյանի կողմից ակնհայտ սուտ մատնություն կատարելու հարցը, այն դեպքում, երբ ակնառու է եղել այն փաստը, որ «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերության կողմից տրված շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացությունը տարբեր դատական ատյանների կողմից ակնհայտ կեղծ ճանաչելու մասով կարճվել է:

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ առերևույթ հանցագործության մասին քրեական գործի հարուցման իրավունք ունեցող մարմնին Վ. Չիթչյանի կողմից հաղորդում ներկայացվելու փաստի առկայության պայմաններում առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ հետևության, գտնելով, որ հետաքննիչի պաշտոնակատար Հ.Հակոբյանի 29.03.2014թ. որոշումն օրինական է և հիմնավոր» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 38-39):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների և սկզբունքների պահանջները: Բացի այդ, բողոքարկվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված թիվ ԵԿԴ/0081/11/09, ԳԴ5/0022/01/10 ԵԿԴ/0044/11/13, ԵԿԴ/0503/06/10 որոշումներին:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ քրեական գործ հարուցելու պարտականություն սահմանելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ անհիմն է և ապօրինի: Վերաքննիչ դատարանը, քննարկելով Վ. Չիթչյանի կողմից դեռևս 2010 թվականին հաղորդում տալու դեպքով հանցակազմի առկայության հարցը և վարույթն իրականացնող մարմնի համար սահմանելով քրեական գործ հարուցելու պարտականություն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ գործով վաղեմության ժամկետն անցել է:

Բողոքաբերը կարծում է նաև, որ «Էքսպերտ Լաբորատորիա» ընկերության կողմից կեղծ եզրակացություն տալու մասին տեղեկությունները լրատվական կայքերին տրամադրելու վերաբերյալ հաղորդման հիման վրա կայացված դատավարական որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունն ստուգելիս Վերաքննիչ դատարանն իրավասու չէր անդրադառնալ Վ. Չիտչյանի կողմից 2010 թվականին նույն դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում տալու փաստին:

11. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից` դրանով իսկ խախտելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, քանի որ չի գործել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:

12. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը հանգել է այն եզրահանգման, որ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքների առկայության պայմաններում քրեական վարույթ կամ քրեական հետապնդում իրականացնելու պարտականություն սահմանելու մասին դատական ակտը ենթակա է անվերապահ բեկանման: ՈՒստի խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 19-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. դիմող Լ.Ավագյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելով` Վերաքննիչ դատարանը դո՞ւրս է եկել արդյոք իր լիազորությունների շրջանակից:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

(...)

3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:

4. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավորված չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

15. Մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը համադրված վերլուծության է ենթարկել Ա.Գրիգորյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում հայտնելով այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, սահմանելով հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դատական բողոքարկման կարգը, ի թիվս դատարան դիմելու այլ պայմանների, իրավաչափորեն ներառում է նաև իրավունքների պաշտպանության արտադատական միջոցն սպառելու պայման: Մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականությունը վիճարկելու տվյալ կարգը` որպես ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի իրացման միջոց, հստակ սահմանված է օրենքով, որևէ բացառություն չի նախատեսում և նպատակ է հետապնդում քրեական դատավարության մասնակիցների և շահագրգիռ այլ անձանց համար առավել արդյունավետ ձևով ապահովել դատական պաշտպանության իրավունքի անխափան իրականացումը:

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կառուցակարգի գործադրման նախապայման դատախազական հսկողության սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում և արդյունավետ վերացնելու օրենսդրի կամքով: Բացի այդ, մինչդատական վարույթի օրինականության երաշխավորմանն ուղղված հսկողական և վերահսկողական տվյալ միջոցների զուգակցումը հետապնդում է մեկ այլ իրավաչափ նպատակ. անձանց շահերի քրեաիրավական պաշտպանությունն իրականացնելով արտադատական կառուցակարգի գործադրմամբ` հնարավորինս սահմանափակել դատական գործիքակազմի ներգրավումը և զերծ մնալ ավելորդ հանրային-իրավական միջոցների վատնումից:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը չի բովանդակում պահանջ առ այն, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչև դատական կարգով բողոքարկելը պետք է բողոքարկվի դատախազին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ նորմի բովանդակության բացահայտման համար անհրաժեշտ է հաշվի առնել քրեական դատավարության օրենսգրքի կոնկրետ գլխում կարգավորվող հասարակական հարաբերությունների ուղղվածությունը: Այսպես` «Քրեական գործ հարուցելը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխով (որտեղ զետեղված է 185-րդ հոդվածը) կարգավորվում է քրեական գործ հարուցելու դատավարական կարգը և առավելապես ուղղված է քրեական գործ հարուցելու պարտականություն ունեցող սուբյեկտներին` հետաքննության մարմնին, քննիչին և դատախազին, մինչդեռ «Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ» վերտառությամբ 39-րդ գլխով կարգավորվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրականացման դատավարական կարգը, որի իրականացման միակ սուբյեկտը դատարանն է: Հենց այս գլխում էլ զետեղված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, որն առանց բացառության նախատեսում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինական և հիմնավորված չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել դատախազին բողոքարկվելու և ներկայացված բողոքին վերջինիս կողմից բավարարում չտրվելու դեպքում միայն: Իր հերթին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ «քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»:

(...)

Հիմք ընդունելով (...) շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, եթե քրեական դատավարության մասնակցի կամ այլ շահագրգիռ անձի կողմից չի պահպանվել նշված որոշումը վիճարկելու արտադատական (տվյալ դեպքում` դատախազին բողոքարկելու) կարգը» (տե՛ս Արմեն Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԿԴ/0125/11/13 որոշման 18-21-րդ կետերը):

16. Վերահաստատելով Ա. Գրիգորյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը նախևառաջ պետք է պարզի, թե բողոքաբերի կողմից պահպանվել են արդյոք այդ որոշման կամ գործողության բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը: Վերոնշյալ հանգամանքները պարզելուց հետո միայն դատարանը կարող է անդրադառնալ ներկայացված բողոքի հիմքերին, այն է` օրենքով նախատեսված համապատասխան դրույթներով հիմնավորված բողոքաբերի փաստարկներին: ՈՒստի, եթե դատարանը պարզում է, որ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգային պահանջները, ապա, առանց անդրադառնալու բողոքի հիմքերին, պետք է մերժի այն:

Այսպիսով, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն: Ըստ այդմ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, եթե այդ որոշումը չի վիճարկվել արտադատական կարգով, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված 7-օրյա ժամկետում չի բողոքարկվել դատախազին (տե՛ս Արմեն Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԿԴ/0125/11/13 որոշման 15-րդ կետը):

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հետաքննիչի պաշտոնակատար Հ.Հակոբյանի 2014 թվականի մարտի 29-ի որոշմամբ դիմող Լ.Ավագյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Վ.Չիթչյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը):

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ դիմող Լ.Ավագյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազություն: Երևան քաղաքի դատախազի տեղակալը 2014 թվականի մայիսի 5-ի գրությամբ դիմող Լ.Ավագյանին հայտնել է, որ բողոքի քննարկման արդյունքում համապատասխան որոշում չի կայացվել, քանի որ բաց է թողնվել վիճարկվող որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետը, այն է` Լ.Ավագյանը որոշումը ստացել է 2014 թվականի ապրիլի 4-ին, սակայն այն բողոքարկել է 2014 թվականի ապրիլի 28-ին (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Դիմող Լ. Ավագյանի բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` Առաջին ատյանի դատարանը մերժել է բողոքը` արձանագրելով, որ նախապատրաստված նյութերով չի հիմնավորվել Վ.Չիթչյանի կողմից սուտ մատնություն կատարելու հանգամանքը, ինչի վերաբերյալ հետաքննության մարմինը կայացրել է պատճառաբանված որոշում (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):

Դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և վերացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը: Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը հիմնավորել է նրանով, որ քրեական գործի հարուցման իրավունք ունեցող մարմնին Վ.Չիթչյանի կողմից հաղորդում ներկայացվելու փաստի առկայության պայմաններում առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ հետևության` գտնելով, որ հետաքննիչի որոշումն օրինական է և հիմնավոր (տե՛ս սույն որոշման 4-րդ և 9-րդ կետերը):

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Լ. Ավագյանի կողմից չի պահպանվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու արտադատական կարգը: Մասնավորապես, վիճարկվող որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված 7-օրյա ժամկետի խախտմամբ է բողոքարկվել դատախազին: Այս պայմաններում քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չէր կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, իսկ ստորադաս դատարանները պարտավոր էին մերժել դրա դեմ բերված բողոքը` առանց անդրադառնալու դրա հիմքերին: Մինչդեռ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն ըստ էության քննության են առել դիմող Լ. Ավագյանի բողոքը, քննարկման առարկա դարձրել բողոքաբերի փաստարկները` դուրս գալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից:

19. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Լ.Ավագյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելով` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (...)»:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա հիմք է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշումը բեկանելու համար:

20. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, անտեսելով այն, որ դիմողը չի պահպանել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոքարկելու դատավարական կարգը, քննության է առել Լ.Ավագյանի բողոքը և մերժել այն: Այլ խոսքով` Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործը ճիշտ լուծող դատական ակտ, սակայն սխալ է պատճառաբանել այն:

ՈՒստի հաշվի առնելով արդարադատության արդյունավետության շահը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է օրինական ուժի մեջ թողնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 19-ի որոշումը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները

21. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի հեղինակի կողմից բարձրացված մյուս հարցերին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ի տնօրեն Լ.Ավագյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 19-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյանի

Դատավորներ` Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.12.2014
N ԵԱՔԴ/0031/11/14
Որոշում