Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 61-ՐԴ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 61-ՐԴ ԵՎ 84-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ՏԴ/0031/01/14  

    Քրեական գործ թիվ ՏԴ/0031/01/14                   2015 թ.

Նախագահող դատավոր` Գ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դարբինյան

Ս. Չիչոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի  

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Պողոսյանի

                                              Հ. Ասատրյանի    

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սարգիս Գոռի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս. Գալստյանի պաշտպան Ք. Ռուբենյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 49108213 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ Սարգիս Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի մարտի 18-ի դատավճռով Ս.Գալստյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 3 ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 31-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 18-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ք. Ռուբենյանը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ս. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) 2013 թ. հուլիսի 22-ին իրենց թաղամասի վերևում գտնվող աղբանոցի մոտ վայրի աճած կանեփ ցեղատեսակի խոտաբույսերից քաղել, չորացրել և ապօրինի, անձամբ օգտագործելու նպատակով հագուստի գրպանում պահել է 0.81 գրամ հաստատուն քաշով չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 2013 թվականի հուլիսի 23-ին ընկերոջ` Նորայր Մարտոյանի «ԳԱԶ 31105» մակնիշի մեքենայով Երևան գնալու ճանապարհին, վերջինից գաղտնի դրել է նշված մեքենայի առջևի աջ նստատեղի հետևի գրպանում» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 111-114):

6. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրի համաձայն` Ս. Գալստյանը երկու անգամ դատապարտվել է, մասնավորապես` 2007 թվականի հուլիսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով` 2008 թվականի մարտի 3-ին պայմանական վաղաժամկետ ազատվելով պատժի կրումից և 2009 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 3 տարի ժամկետով, ապա ազատվել նշանակված պատժից` ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 21-22):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի ներածական մասում արձանագրված է, որ Ս. Գալստյանը նախկինում դատված անձ է, ում դատվածությունը մարված է: Նույն դատավճռի պատճառաբանական մասում նշված է. «(...) Պատիժ նշանակելիս [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում ինչպես ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության մակարդակը, այնպես էլ` նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

(...) որպես Սարգիս Գալստյանի անձը բնութագրող հանգամանք [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում նրա` նախկինում երկու անգամ դատապարտված լինելը (...):

(...)

[Առաջին ատյանի դատարանը], հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, ինչպես նաև արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, գտնում է, որ ամբաստանյալ Սարգիս Գալստյանի կողմից կատարված արարքի համար նրա նկատմամբ պետք է նշանակվի պատիժ ազատազրկման ձևով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 143-146):

8. Վերաքննիչ դատարանը իր որոշմամբ արձանագրել է. «(...) ամբաստանյալ Ս. Գալստյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է (...) պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել (...) Ս. Գալստյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող (...) հանգամանքները, Ս. Գալստյանի անձը բնութագրող [հանգամանք] է դիտել (...) [նրա`] նախկինում երկու անգամ դատապարտված լինելը (...):

(...)

Առաջին ատյանի դատարանը հենց ամբաստանյալ Ս. Գալստյանի կատարած արարքի հասարակական վտանգավորության աստիճանը և նրա անձը բնութագրող` նաև վերաքննիչ բողոքում բերած և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը հաշվի առնելով նշանակել է համաչափ` օրենքով նախատեսված նվազագույն պատիժ և հիմնավոր հետևության հանգել, որ նշանակված պատիժը նա պետք է կրի և աննպատակահարմար է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժը պայմանականորեն չկիրառելը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 83-90):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Պաշտպան Ք. Ռուբենյանի համոզմամբ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որպիսի պայմաններում կայացված դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված, իսկ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ խիստ է և չի համապատասխանում նրա կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանին: Մասնավորապես, ըստ բողոքաբերի Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ, 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-64-րդ, 70-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 360-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև անտեսվել են Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0034/01/08, թիվ ԱՐԱԴ/0050/01/08, թիվ ՍԴ/0226/01/09, թիվ ԵՔՐԴ/0571/01/08, թիվ ՎԲ-01/08, թիվ ՎԲ-192/07, թիվ ՎԲ-124/07, թիվ ԵԱՔԴ/0078/01/09, թիվ ԵՇԴ/0029/01/08, թիվ ԼԴ/0019/01/09, թիվ ԵԿԴ/0042/01/11 և թիվ ՎԲ-50/07 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկների` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել Ս. Գալստյանի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Բացի այդ, ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ամբաստանյալն աջակցել է հանցագործության բացահայտմանը, զղջացել կատարած արարքի համար, չի թաքնվել քննությունից, նախաքննական մարմնի համար խոչընդոտներ չի առաջացրել, ունի մշտական բնակության վայր, խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները, կինը և հորեղբայրը, անապահով ընտանիքի միակ կերակրողն է, բնութագրվում դրական և վատառողջ է (մասնավորապես, ըստ բողոքաբերի վկայակոչած բժշկական փաստաթղթերի` Ս.Գալստյանը տառապում է 1-ին աստիճանի շնչական անբավարարությամբ, ոչ սպեցիֆիկ թոքային հիվանդությամբ` ուղղորդված արյունահոսություններով, ունի սուր թրոմբոզ, սուր իշեմիա 3-րդ «Ա» աստիճանի, հեպատիտ «Ց», արյան շրջանառության 3-րդ աստիճանի խանգարում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ենթարկվել է ձախ վերին վերջույթի` նախաբազկի և ֆալանգների վիրահատության, ինչից հետո ձախ ձեռքի 3-րդ, 4-րդ մատերն անշարժացել են, իսկ 4-րդ մատում հայտնաբերվել է գանգրենա` մատի սևացման նախանշմամբ): Արդյունքում թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարաններն ամբաստանյալ Ս. Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել են սխալ հետևության` կայացնելով չհիմնավորված դատական ակտեր:

Բողոքաբերը կարծիք է հայտնել, որ Ս. Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան նշանակելով հնարավոր է հասնել պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և նոր հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև ապահովել արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտպան Ք. Ռուբենյանը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Ս. Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան կամ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների կողմից պատիժ նշանակելիս մարված դատվածությունները որպես Ս. Գալստյանի անձը բնութագրող հանգամանք հաշվի առնելը:

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

Նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:

(...)

8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: (...)»:

Պատժի անհատականացման հանրաճանաչ քրեաիրավական սկզբունքը նախատեսում է հանցանք կատարած անձի նկատմամբ կոնկրետ հանցակազմի սանկցիայի սահմաններում կոնկրետ պատժի նշանակում: Ընդ որում, որպես պատժի անհատականացման ընդհանուր չափանիշներ են սահմանվում`

ա) հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ընդհանրապես, կոնկրետ հանցագործության կատարման հանգամանքների տեսանկյունից` մասնավորապես,

բ) հանցավորի անձը,

գ) պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (տե՛ս mutatis mutandis Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 17-րդ կետը):

13. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված հանցագործության բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող տվյալների` նրա սոցիալ-հոգեբանական, քրեաիրավական և մի շարք այլ հատկանիշների համակցության ճիշտ գնահատումը: Պատասխանատվության անհատականացման համար անհրաժեշտ է իմանալ ոչ միայն այն պայմանները, որոնցում ձևավորվել է հանցավորի անձը, այլև նրա բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերը, որոնք իրենց արտացոլումն են գտել արարքի` մասնավորապես հանցագործության կատարման մեջ: Այս առումով նախկինում հանցանք կատարած լինելն անշուշտ հանցավորի անձը բացասաբար բնութագրող հանգամանք է, ինչը, սակայն, չի նշանակում, որ անձի նախկին հանցավոր գործունեությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի նրա նկատմամբ նոր հանցագործության համար պատիժ սահմանելիս (տե՛ս Արտաշ Իլյայի Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 13-րդ կետը):

Քրեական օրենսդրությունը նախատեսում է որոշակի պայմաններում անձի դատվածությունը հանելու կամ մարելու ընթացակարգ, որից հետո անթույլատրելի են դառնում դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները (տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասը):

Վերոգրյալի հետ կապված` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է հայտնել այն մասին, որ մարված կամ հանված դատվածության պայմաններում անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելը որպես նրա անձը բացասաբար բնութագրող հանգամանք հաշվի առնելն անթույլատրելի է: Նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագիր` դատարանը պարտավոր է այն ուղղակիորեն արտացոլել պատժի և պատասխանատվության անհատականացման ժամանակ: Մինչդեռ մարված կամ հանված դատվածության պայմաններում անձը քրեական օրենքի իմաստով համարվում է հանցագործություն չկատարած, և նրա նախկին դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չի կարող, այդ թվում` չի կարող անդրադառնալ նոր հանցագործության համար նշանակվելիք պատժի վրա:

ՈՒստի մարված կամ հանված դատվածության պայմաններում նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի անձնավորությունը բացասաբար բնութագրող հանգամանք` դատարանը ոչ միայն կիմաստազրկի դատվածությունը հանելու, մարելու քրեաիրավական կառուցակարգերը, այլև կարող է խախտել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները (տե՛ս Արտաշ Իլյայի Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 15-րդ կետը):

14. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս. Գալստյանը 2007 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով, իսկ 2009 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ Ս. Գալստյանը նախկինում դատված է, իսկ նրա դատվածությունները մարված են: Միևնույն ժամանակ որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում երկու անգամ դատապարտվել է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման և գնահատման է ենթարկել կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ նա նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, ինչի արդյունքում Ս. Գալստյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերոգրյալ փաստական տվյալներից հետևում է, որ Ս. Գալստյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, և նրա դատվածություններն օրենքով սահմանված կարգով մարվել են: Չնայած այդ հանգամանքին` ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես նրա անձը բնութագրող տվյալ, Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել դա:

15. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից պատիժ նշանակելիս մարված դատվածությունները որպես Ս. Գալստյանի անձը բնութագրող հանգամանք հաշվի առնելն իրավաչափ չէ:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս. Գալստյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը որպես հանցավորի անձը բնութագրող հանգամանք է դիտել այնպիսի փաստական տվյալ, որը որպես այդպիսին չէր կարող գնահատվել: Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել վերոգրյալը` դրանով իսկ խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ և 84-րդ հոդվածների պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը:

Վերը նշված նյութական իրավունքի խախտումները, որոնք կարող էին ազդել պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

16. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ս.Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված խախտումը վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սարգիս Գոռի Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2015
N ՏԴ/0031/01/14
Որոշում