Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԿԴ/3025/02/11

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3025/02/11       2015 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Ի. Վարդանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գոզո և Վալի Ամոյանների ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանի և ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գոզո և Վալի Ամոյանների ընդդեմ Նախարարության` փաստաբանին վճարված գումարը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գոզո և Վալի Ամոյանները պահանջել են Նախարարությունից բռնագանձել 5.500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարված գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Նախարարությունից հօգուտ Գոզո և Վալի Ամոյանների բռնագանձվել է 4.500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարված գումար: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.02.2013 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` 4.500.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել նույն դատարան` նոր քննության: Գոզո և Վալի Ամոյանների վերաքննիչ բողոքը մերժվել է. վճիռը` 1.000.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.04.2013 թվականի որոշմամբ Գոզո և Վալի Ամոյանների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 22.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Գոզո և Վալի Ամոյանների բռնագանձվել է 1.500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարված գումար: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.09.2014 թվականի որոշմամբ Նախարարության և Գոզո ու Վալի Ամոյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Դատարանի 22.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Որոշվել է նաև Գոզո և Վալի Ամոյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 90.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Գոզո ու Վալի Ամոյանների ներկայացուցիչը և Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Գոզո և Վալի Ամոյանների վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը, 67-րդ հոդվածի 3-րդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ եթե չկատարվեր «Կրոմվել Գրիգորյան» ՍՊԸ-ի` ի դեմս փաստաբան Կրոմվել Գրիգորյանի և Վալի Ամոյանի միջև 10.12.2010 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի առարկան, այն է` Վալի Ամոյանի հանձնարարությամբ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Կրոմվել Գրիգորյանը չծանոթանար թիվ ԱՐԴ/0169/01/10 քրեական գործի նյութերին, ապա փաստաբան Կրոմվել Գրիգորյանի և Վալի Ամոյանի միջև 24.12.2010 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի առարկան չէր կարող կատարվել: Առանց քրեական գործի նյութերին ծանոթանալու` փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, միայն դատավճռին ծանոթանալով, չէր կարող դատավճռի դեմ վերաքննիչ բողոք պատրաստել և, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ներկայացնելով ամբաստանյալ Գոզո Ամոյանի շահերը, արդարացման արդյունքի հասնել: Այսինքն` Գոզո և Վալի Ամոյաններն ապացուցել են, որ հատուցումն իրոք անհրաժեշտ է եղել Գոզո Ամոյանի խախտված իրավունքները վերականգնելու համար և, որ ամենակարևորն է, Գոզո և Վալի Ամոյանները ցույց են տվել կրած վնասների և իրենց իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը, ինչպես նաև կատարած ծախսի ողջամիտ լինելը, ինչը նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը համարժեք է հենց կրած վնասներին, որպիսի հանգամանքն ապացուցվել է հստակ փաստաթղթերի միջոցով` բացառելով ենթադրությունները և շահարկումները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Դատարանը իրավունք չուներ փաստաբանի վարձատրության հարցը դիտարկելու «Դատախազության մասին» ՀՀ օրենքի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի տեսանկյունից և համեմատություններ անցկացնելու պաշտպանի` պայմանագրով սահմանված գումարների և Երևան քաղաքի դատախազի մեկ ժամվա աշխատավարձի ու հանրային պաշտպանի ամսական աշխատավարձերի միջև, քանի որ պայմանագրերով համապատասխան ծառայություններ մատուցած պաշտպանը` փաստաբանը, սույն գործով նշանակված պաշտպան չի եղել: Դատարանի նման հետևությունները չեն կարող դիտարկվել որպես պատճառաբանված և հիմնավորված հետևություններ, քանի որ դրանք հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պահանջներին:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ և 73-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով Գոզո և Վալի Ամոյաններն ուղղակիորեն ազատված են պետական տուրքի վճարումից, ուստի հայցապահանջի չբավարարված մասով ևս նրանցից պետական տուրքի գումար բռնագանձվել չէր կարող:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` հայցի չբավարարված մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ բավարարել:

2.1 Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ և 1064-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ որևէ կերպ չի անդրադարձել վնասի հատուցման համար պարտադիր պայման համարվող տարրերի վերլուծությանը, ոչ օրինաչափ վարքագծի պայմանի բացահայտմանը, Նախարարության այն դիրքորոշմանը, որ սույն դեպքում հատուցման ենթակա կարող է լինել միայն այն վնասը, որը պատճառվել է ապօրինի դատապարտվելու, քրեական պատասխանատվության ենթարկվելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկվելու հետևանքով: Վերաքննիչ դատարանը եզրահանգում չի կատարել նաև Նախարարության կողմից վկայակոչված այն դրույթի վերաբերյալ, որ արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տվյալ դեպքում հարկ է փաստել, որ Գոզո և Վալի Ամոյանները ո՛չ հայցադիմումում, ո՛չ էլ սույն գործի քննության ընթացքում չեն պարզաբանել, թե քրեական գործով վարույթն իրականացնող որ մարմնի գործողության կամ անգործության հետևանքով է իրենց վնաս պատճառվել:

Միևնույն ժամանակ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ քրեական հետապնդման մարմնի կատարած գործողությունները կամ կայացրած որոշումները ճանաչվել են ապօրինի: Չկա նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով հաստատվել է դատավորի մեղքը: Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 11.08.2011 թվականի որոշմամբ որևէ հետևություն չի արվել քրեական հետապնդման մարմնի կամ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ապօրինի գործողությունների մասին, դատավճռի բեկանման հիմքում դրվել է ոչ թե քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի որևէ ապօրինի գործողությունը, այլ` գործի ոչ լիարժեք քննությունը:

Միաժամանակ դատական մի շարք այլ ակտերի ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ դրանց միջև առկա են հակասություններ, որոնք հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2014 թվականի թիվ ԵԿԴ/1061/02/13 վճռով փաստաբանին վճարված գումարի բռնագանձման պահանջը բավարարվել է մասնակիորեն, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2013 թվականի թիվ ԼԴ/0428/02/13 վճռով քննարկվել է փաստաբանին վճարված գումարի ողջամտության հարցը` դրանով իսկ հնարավորություն տալով նվազեցնելու այն, իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2013 թվականի թիվ ԵԿԴ/0921/02/13 վճռով փաստաբանին վճարված գումարի պահանջը մեկնաբանվել է վնասի հատուցման ինստիտուտի տեսանկյունից, և այն բավարարվել է ամբողջությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի թիվ ԱՐԴ/0169/01/10 դատավճռով Գոզո Ամոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել է ազատազրկման չորս տարի վեց ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 11.08.2011 թվականի որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի թիվ ԱՐԴ/0169/01/10 դատավճիռը բեկանվել է` ճանաչվել և հռչակվել է Գոզո Ամոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ` նրա արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումն օրինական ուժի մեջ է մտել 12.10.2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 7-12):

2) Վալի Ամոյանի և «Կրոմվել Գրիգորյան» ՍՊԸ-ի` ի դեմս փաստաբան Կրոմվել Գրիգորյանի միջև 10.12.2010 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով փաստաբան Կրոմվել Գրիգորյանը պարտավորվել է Վալի Ամոյանի հանձնարարությամբ ծանոթանալ թիվ ԱՐԴ/0169/02/10 քրեական գործի նյութերին, իսկ Վալի Ամոյանը պարտավորվել է այդ ծառայությունների դիմաց փաստաբան Կրոմվել Գրիգորյանին վճարել 1.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 13-14):

3) Վալի Ամոյանի և «Կրոմվել Գրիգորյան» ՍՊԸ-ի` ի դեմս փաստաբան Կրոմվել Գրիգորյանի միջև 24.12.2010 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով փաստաբան Կրոմվել Գրիգորյանը պարտավորվել է Վալի Ամոյանի հանձնարարությամբ ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի թիվ ԱՐԴ/0169/01/10 դատավճռին, պատրաստել և ներկայացնել վերաքննիչ բողոք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանել Գոզո Ամոյանի շահերը, իսկ Վալի Ամոյանը պարտավորվել է այդ ծառայությունների դիմաց փաստաբան Կրոմվել Գրիգորյանին վճարել 4.500.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 15-16):

4) 10.01.2011 թվականի ստացականի համաձայն` «Կրոմվել Գրիգորյան» ՍՊԸ-ն` ի դեմս փաստաբան Կրոմվել Գրիգորյանի Վալի Ամոյանից ստացել է 10.12.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված 1.000.000 ՀՀ դրամը, իսկ 21.01.2011 թվականի ստացականի համաձայն` ստացել է 24.12.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված 4.500.000 ՀՀ դրամը (հատոր 1-ին, գ.թ. 5-6):

5) Վերաքննիչ դատարանի 24.09.2014 թվականի որոշմամբ որոշվել է Գոզո և Վալի Ամոյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 90.000 ՀՀ դրամ (հատոր 6-րդ, գ.թ. 49-56):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը և բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ապօրինի դատապարտման արդյունքում պատճառված նյութական վնասի հատուցման իրավունքի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

ա) ի՞նչ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում անձը կարող է պահանջել ապօրինի դատապարտման արդյունքում իր կրած նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքի իրավաչափ ու արդյունավետ իրացումը.

բ) արդյո՞ք ՀՀ իրավական համակարգում ապօրինի դատապարտման դեպքում փաստաբանին վճարված գումարների մասով հատուցման իրավունքը երաշխավորված է բացառապես արդարացվածի համար.

գ) արդյո՞ք փաստաբանին վճարված գումարները Հայաստանի Հանրապետության կողմից ենթակա են փոխհատուցման լրիվ ծավալով.

դ) արդյո՞ք արդարացվածից կարող է պետական տուրք գանձվել փաստաբանին վճարված գումարների բռնագանձման հայցապահանջներով.

ե) արդյո՞ք արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

4.1 Քննելով Գոզո և Վալի Ամոյանների վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

ա) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն նույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե որևէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար, և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմունքով, որ ինչ-որ նոր հանգամանք կամ նոր բացահայտված հանգամանք անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա այդպիսի դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում օրենքի համաձայն, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածն իրավունք ունի պահանջելու իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները: Նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են` կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձին վնաս կարող է պատճառվել նաև հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետևանքով: Արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը և նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում նույնպես ճանաչել է ապօրինի դատապարտված անձի կրած վնասների փոխհատուցման իրավունքը (տե՛ս, Շիլաևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով Եվրոպական դատարանի 06.10.2005 թվականի վճիռը, կետ 20):

Միավորված Ազգերի Կազմակերպության 09.12.1988 թվականի «Որևէ ձևով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուի»

(հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 09.12.1988 թվականի 43/173 բանաձևով) 35-րդ սկզբունքով սահմանվել է, որ պետական պաշտոնատար անձի գործողությունների կամ զանցառությունների հետևանքով պատճառված վնասը` ի խախտումն նույն սկզբունքների բովանդակած իրավունքների, ենթակա է հատուցման` պատասխանատվության կիրառվող նորմերի համաձայն, որոնք նախատեսված են ներքին օրենսդրությամբ:

Վերոնշյալ իրավանորմերից և դատարանների արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով անձին ազատությունից ապօրինի զրկելու, նրան ապօրինի դատապարտելու դեպքում վնասի հատուցման իրավունքն ունի սահմանադրական հիմնարար իրավունքի բնույթ, որը լայնորեն ճանաչված և ամրագրված է նաև միջազգային իրավական ակտերում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հիմնարար իրավունքի կենսագործումն առաջին հերթին պետք է դիտարկել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի լույսի ներքո, հատկապես այն դեպքում, երբ անձը վնաս է կրել պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով (տե՛ս, Հայկ Սահակյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/0780/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Առաջնորդվելով արդարացվածի կարգավիճակի առանձնահատկություններով, մասնավորապես` վերջինիս իրավական և սոցիալական վիճակի արդյունավետ վերականգնման անհրաժեշտությամբ, ինչպես նաև վերը նշված սահմանադրաիրավական ու միջազգային իրավական պահանջներով` օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանել է արդարացվածին պատճառված վնասների հատուցման իրավունքը: Մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում օրենսդիրը նախատեսել է արդարացվածի` իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունքը: Օրենսդիրը սահմանել է, որ արդարացվածն իրավունք ունի պահանջելու իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական վնասը, ինչպես նաև հնարավոր բաց թողնված օգուտները: Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում օրենսդիրը սահմանել է նաև, որ արդարացվածին պատճառված վնասի հատուցումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում օրենսդիրը նախատեսել է անձի` ապօրինի դատապարտվելու, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով օրենքով սահմանված կարգով պատճառված վնասի լրիվ ծավալով հատուցման իրավունքը:

Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ արդարացվածի` նյութական վնասների հատուցում պահանջելու իրավունքի ծագման և իրացման հիմնախնդիրներին:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 30.03.2010 թվականի թիվ ՍԴՈ-871 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մինչդատական վարույթում անձն արդարացվածի կարգավիճակ ձեռք է բերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման դադարեցման դեպքում, իսկ դատական քննության փուլում` օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի դեպքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մաս): Մինչ այդ գոյություն չունի կասկածյալին կամ մեղադրյալին պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք, որովհետև դեռևս նա արդարացված չէ: Անձը կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա հատուցման պահանջով դատարան դիմել միայն դրանում նշված հիմքերով արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հատուցման ենթակա են միայն այն վնասները, որոնք ապօրինի դատապարտելու հետևանք են:

Համանման իրավական դիրքորոշում արտահայտել է նաև Եվրոպական դատարանը: Եվրոպական դատարանը թեև ճանաչել է ապօրինի դատապարտված անձանց կրած վնասների փոխհատուցման իրավունքը, սակայն միաժամանակ նշել է, որ Կոնվենցիան չի խոչընդոտում պայմանավորվող պետություններին հատուցել վնասը, միայն այն դեպքում, երբ տուժած անձը կկարողանա ապացուցել, որ իրեն պատճառված վնասն ուղղակիորեն կապված է իր իրավունքների խախտման հետ (տե՛ս, Շիլաևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով Եվրոպական դատարանի 06.10.2005 թվականի վճիռը, կետ 20):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապօրինի դատապարտման արդյունքում նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման հիմնախնդիրն անհրաժեշտ է դիտարկել նաև իրավունքների չարաշահման արգելքի համաիրավական սկզբունքի լույսի ներքո և արձանագրում է, որ անձին ապօրինի դատապարտման արդյունքում պատճառված նյութական վնասի հատուցման իրավունքի իրավաչափ ու արդյունավետ իրացում իրավական պետությունում հնարավոր է միայն այն պայմաններում, եթե չի ապացուցվում, որ այն հանգամանքների ժամանակին բացահայտումը, որոնք հիմնավորել են անձի ապօրինի դատապարտումը, լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապօրինի դատապարտման արդյունքում նյութական վնասների հատուցում պահանջելու իրավունքը ծագում է միայն անձի արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո և համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում և չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ իրավական համակարգում վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում արդարացվածի համար երաշխավորված է փաստաբանին վճարված գումարների հատուցման իրավունքը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ուղղակիորեն նախատեսված չէ այլ անձանց կողմից փաստաբանին վճարված գումարների հատուցման իրավունքը, սակայն վերը նշվածը չի նշանակում, որ ՀՀ-ում այլ անձինք պետք է զրկված լինեն պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի, մասնավորապես` արդարացվածի իրավունքների վերականգնման համար փաստաբանին վճարված գումարների հատուցման իրավական հնարավորությունից հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում օրենսդիրը սահմանել է, որ փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով: Այսպիսով, օրենսդիրը սահմանել է, որ քրեական գործով վարույթին փաստաբանը` որպես պաշտպան, կարող է ներգրավել ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի հրավերով, այլ նաև կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով: Հետևաբար պետական իշխանության մարմինների գործողությունների արդյունքում, մասնավորապես` անձին ապօրինի դատապարտելու արդյունքում նյութական վնաս կարող է պատճառվել նաև այն անձանց, ովքեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հնարավորություն ունեն կասկածյալի կամ մեղադրյալի համար փաստաբան հրավիրելու:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված «Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիր» վերտառությամբ թիվ 40/34 բանաձևի «Ա» բաժնի 2-րդ կետում բացահայտված է «տուժողի»` որպես հանցագործության զոհի, հասկացության միջազգային իրավական բովանդակությունը, համաձայն որի` հանցագործության զոհ է (են) այն անձը (անձինք), ում (որոնց) հանցագործությամբ կամ իշխանության չարաշահմամբ պատճառվել է վնաս, ներառյալ` մարմնական կամ բարոյական վնասը, հուզական ապրումները, նյութական վնասը կամ հիմնական իրավունքների էական խախտումները, որոնք օժտված են հատուցման հավասար իրավունքով:

Այդպիսով, անօրինական գործողությունների, հանցագործության և իշխանության չարաշահման արդյունքում վնաս կրած անձինք իրենց կարգավիճակով նույնացվում են, և նրանց նկատմամբ պահանջվում է համարժեք վերաբերմունք:

ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով միջազգային իրավունքում առկա վերը նշված մոտեցումները, 14.12.2010 թվականի իր թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «տուժող» հասկացությունն ունի ընդգրկուն բովանդակություն և ներառում է ոչ միայն քրեական, այլև քրեադատավարական, վարչական, քաղաքացիաիրավական ու այլ հարաբերություններից և իրենց կամքից անկախ տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց: ՈՒստի ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «տուժող» հասկացությունը նշանակում է նաև հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործողություններից (անգործությունից) վնաս կրած անձ:

Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ անձին ապօրինի դատապարտելու, այսինքն` հանրային իշխանության ոչ իրավաչափ գործունեության արդյունքում վնաս կարող է պատճառվել նաև այլ անձանց, մասնավորապես` նրանց, ովքեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հնարավորություն ունեն կասկածյալի կամ մեղադրյալի համար հրավիրելու փաստաբան, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարացվածի իրավունքների վերականգնման համար, փաստաբանին վճարված գումարների մասով ապօրինի դատապարտման հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցման իրավունքը Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է նաև այն անձանց համար, ովքեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հնարավորություն ունեն կասկածյալի կամ մեղադրյալի համար հրավիրելու փաստաբան, ով քրեական գործով վարույթի ընթացքում կներկայացնի կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը` նրանց ցույց տալով իրավաբանական օգնություն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, ապօրինի դատապարտելու հետևանքով արդարացվածին, ինչպես նաև այն անձանց պատճառված վնասը, մասնավորապես` փաստաբանին վճարված գումարները, ովքեր, ՀՀ օրենսդրության համաձայն իրավական հնարավորություն ունեն կասկածյալի կամ մեղադրյալի համար հրավիրելու փաստաբան, ենթակա են հատուցման լրիվ ծավալով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է փաստաբանի վարձատրության չափի` որպես դատական ծախսի խելամտության որոշման հարցին: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում նույնպես բազմիցս անդրադարձել է ծախսերի և ծախքերի խելամտության հարցին և նշել, որ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատուն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և դրանց չափը եղել է ողջամիտ (տե՛ս, Շամոյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 07.01.2015 թվականի վճիռը, կետ 48):

Ընդ որում, իրական նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ վնասն իրականում գոյություն ունի, վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա: Անհրաժեշտ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և, որ ամենակարևորն է, պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը: Ողջամիտ նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի այդ վնասներին, ինչը հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով` բացառելով ենթադրությունները և շահարկումները:

Վերահաստատելով նախկինում իր կողմից կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստաբանի վարձատրության չափի` որպես դատական ծախսի խելամտության հարցի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք նմանապես կիրառելի են նաև փաստաբանի վարձատրության չափի` որպես արդարացվածին պատճառված նյութական վնասի հատուցման խելամտության որոշման հարցի նկատմամբ, քանի որ փաստաբանին վճարված գումարները` անկախ այն հանգամանքից, թե դատական ծախսեր են, թե պատճառված նյութական վնասներ, ինչ դատավարության ընթացքում են վճարվել` քաղաքացիական, վարչական, թե քրեական, պետք է լինեն իրականում կատարված և անհրաժեշտ, ինչպես նաև դրանց չափը պետք է լինի ողջամիտ: Ընդ որում, քրեական դատավարության ընթացքում փաստաբանին` պաշտպանին, վճարված գումարների իրական լինելը, դրանց անհրաժեշտությունը և ողջամտությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել քրեական դատավարության առանձնահատկությունները, ինչպես նաև քրեական դատավարության ընթացքում կատարած աշխատանքի համար փաստաբաններին վարձատրելու վերաբերյալ արդեն իսկ ձևավորված և արմատավորված դատական պրակտիկայի առանձնահատկությունները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում արձանագրում է, որ ապօրինի դատապարտելու հետևանքով փաստաբանին վճարված իրական, անհրաժեշտ և ողջամիտ գումարները հատուցվում են լրիվ ծավալով:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի թիվ ԱՐԴ/0169/01/10 դատավճռով Գոզո Ամոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման չորս տարի վեց ամիս ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 11.08.2011 թվականի որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի թիվ ԱՐԴ/0169/01/10 դատավճիռը բեկանվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ ճանաչվել և հռչակվել է Գոզո Ամոյանի անմեղությունը` նրա արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով: Նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել 12.10.2011 թվականին:

Վալի Ամոյանի և «Կրոմվել Գրիգորյան» ՍՊԸ-ի` ի դեմս փաստաբան Կրոմվել Գրիգորյանի միջև 24.12.2010 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` փաստաբան Կրոմվել Գրիգորյանը պարտավորվել է Վալի Ամոյանի հանձնարարությամբ ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2010 թվականի թիվ ԱՐԴ/0169/01/10 դատավճռին, պատրաստել և ներկայացնել վերաքննիչ բողոք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանել Գոզո Ամոյանի շահերը, իսկ Վալի Ամոյանը պարտավորվել է այդ ծառայությունների դիմաց փաստաբան Կրոմվել Գրիգորյանին ընդհանուր առմամբ վճարել 5.500.000 ՀՀ դրամ: 10.01.2011 թվականի ստացականի համաձայն` «Կրոմվել Գրիգորյան» ՍՊԸ-ն` ի դեմս փաստաբան Կրոմվել Գրիգորյանի, Վալի Ամոյանից ստացել է 10.12.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված 1.000.000 ՀՀ դրամը, իսկ 21.01.2011 թվականի ստացականի համաձայն` ստացել է 24.12.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված 4.500.000 ՀՀ դրամը:

Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ քրեական գործով փաստաբանին վճարված գումարների մասով ներկայացված պահանջը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հատուցման ենթակա այն վնասն է, որը կրել է հայցվոր կողմը, երբ ստիպված է եղել փաստաբանի միջոցով պաշտպանել իր իրավունքները` պայմանագրի հիմքով պարտավորվելով վճարել 4.500.000 ՀՀ դրամ: Հետևապես, օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ և 1064-րդ հոդվածների հիմքով հայցվոր կողմին պատճառված վնասը պետք է հատուցվի Հայաստանի Հանրապետության կողմից` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության պաշտոնատար անձանց մեղքից: Միաժամանակ անդրադառնալով փաստաբանի վարձատրության խելամտության որոշման իրավական խնդրին` Դատարանն այն դիտարկել է «Դատախազության մասին» և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքներով սահմանված` համապատասխանաբար դատախազի աշխատավարձի և փաստաբանի վարձատրության չափերի դիտանկյունից, ինչպես նաև առաջնորդվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն և միջին աշխատավարձերի չափերի, դատական պրակտիկայում ձևավորված` փաստաբանի խելամիտ վարձատրության չափերը սահմանելու վերաբերյալ չափորոշիչներով:

Վերը նշվածի հաշվառմամբ, գնահատելով նաև փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարած լինելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը, գործի բարդությունը, գործի քննության տևողությունը, ինչպես նաև կատարած ծախսերի իրական և ողջամիտ լինելու չափորոշիչները` Դատարանը գտել է, որ փաստաբանին վճարված 4.500.000 ՀՀ դրամի պահանջը պետք է բավարարել 1.500.000 ՀՀ դրամի չափով, որպիսի գումարը ենթակա է փոխհատուցման Հայաստանի Հանրապետության կողմից:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, մասնավորապես` պատճառաբանել է, որ սույն գործը քննության առնելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաբանի խելամիտ վարձատրության, պրակտիկայում գործող փաստաբանների վարձատրության լույսի ներքո, ինչպես նաև գնահատելով սույն գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, ապացույցներ հավաքելու և դատարան ներկայացնելու, փաստաբանի փաստացի կատարած այլ գործողությունների հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը, գործի բարդությունը, ծավալը, գործի քննության տևողությունը, ինչպես նաև ՀՀ դատական պրակտիկայում առկա` փաստաբանի կատարած ծախսերի իրական և ողջամիտ լինելու չափորոշիչները, Դատարանի կողմից 1.500.000 ՀՀ դրամի չափով հայցի բավարարումն իրավաչափ է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գոզո Ամոյանն արդարացված է, քանի որ Գոզո Ամոյանին առաջադրված մեղադրանքում վերջինիս անմեղության հռչակման և արդարացման վերաբերյալ կայացվել է համապատասխան դատական ակտ: Դա նշանակում է, որ նախաքննական մարմինը և առաջին ատյանի դատարանը ոչ օրինաչափ վարքագիծ են դրսևորել Գոզո Ամոյանի նկատմամբ` համապատասխանաբար նրան անհիմն մեղադրանք են առաջադրել և անհիմն դատապարտել, ինչի արդյունքում վերջինս ստիպված է եղել փաստաբանի կողմից տրամադրվող վճարովի ծառայությունների միջոցով պաշտպանել իր իրավունքներն ու ազատությունները և ապացուցել իր անմեղությունը: Վերոգրյալ դիրքորոշումներից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1064-րդ հոդվածների ուժով Գոզո Ամոյանին պատճառված վնասը պետք է հատուցվի Հայաստանի Հանրապետության կողմից` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և/կամ դատարանի պաշտոնատար անձանց մեղքի առկայության կամ բացակայության հանգամանքից:

Այսպիսով, համապատասխան քրեական գործի քննության ընթացքում և այդ գործի քննությամբ պայմանավորված` Գոզո և Վալի Ամոյանների կրած վնասները ենթակա են փոխհատուցման լրիվ ծավալով խելամտության սահմաններում` հաշվի առնելով կոնկրետ գործով տվյալ փաստաբանի կողմից կատարված աշխատանքի բնույթը և ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողություններն ամբողջությամբ և փաստացի կատարած լինելու հանգամանքը, գործի քննությանը վերջինիս ներգրավվածության ու մասնակցության աստիճանը), գործի բարդության մակարդակը (վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ գործի քննության տևողությունը:

Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն գործով հայցը 1.500.000 ՀՀ դրամի չափով բավարարելու վերաբերյալ ստորադաս դատարանների կողմից ներկայացված պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. տվյալ դեպքում ստորադաս դատարաններն իրականացրել են գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, մասնավորապես` ճիշտ են գնահատել փաստաբան Կրոմվել Գրիգորյանի կողմից թիվ ԱՐԴ/0169/02/10 քրեական գործի քննությանը մասնակցության բնույթն ու աստիճանը, գործի բարդությունը և ծավալը, համապատասխան գործի քննության տևողությունն ու ժամանակատարությունը, ինչպես նաև ՀՀ դատական պրակտիկայում ձևավորված` փաստաբանին վճարվող գումարների ողջամտության կոնկրետ չափորոշիչները:

Այսպիսով, նշված պատճառաբանություններով հերքվում են փաստաբանի վարձատրության չափի չբավարարված մասի ողջամտությունը կասկածի տակ դնելու առնչությամբ վճռաբեկ բողոքի փաստարկները:

բ) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, իսկ նույն հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «է.1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են արդարացվածները` իրենց անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված գույքային վնասի հատուցման հայցերով:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական պետության սկզբունքի տեսանկյունից իրավաչափ չէ այն իրողությունը, երբ հետևողականություն չի դրսևորվում տվյալ իրավակարգավորման հարցում, և պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն չի նախատեսվում արդարացված անձի համար, որը դատարան է դիմում իրեն պատճառված վնասի հատուցման պահանջով: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նման պարագայում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասն առկա իրավակարգավորման շրջանակներում լիարժեք չի երաշխավորում ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի նորմատիվ կիրառումը` խոչընդոտելով տուժող հանդիսացող անձի հատուցում ստանալու իրավունքի իրավաչափ ու արդյունավետ իրացումը:

Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանը մինչև 25.10.2011 թվականի խմբագրությամբ գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ ճանաչել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասին և 20-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող և անվավեր այնքանով, որքանով չի սահմանում, այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին` իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ արտոնություն նախատեսող դրույթ` արգելափակելով անձի սահմանադրական իրավունքի իրացումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշման հիման վրա 25.10.2011 թվականին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու արդյունքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը լրացվել է նոր կետերով, որոնցից է նաև` «է.1» կետը, որի համաձայն` արդարացվածները իրենց անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավվելու և դատապարտման հետևանքով պատճառված գույքային վնասի հատուցման հայցերով ազատվում են դատարաններում պետական տուրքի վճարումից:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 24.09.2014 թվականի որոշմամբ Գոզո և Վալի Ամոյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե որոշվել է բռնագանձել հայցի չբավարարված մասով` 3.000.000 ՀՀ դրամի 3 տոկոսի չափով գումար, որը կազմում է 90.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները և ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «է.1» կետի պահանջով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի, մասնավորապես` դրա հիշատակված իրավադրույթով նախատեսված կարգավորման ուժով պետական տուրքի գծով արտոնություններից օգտվող սուբյեկտներ են, որի արդյունքում վերջիններս ուղղակիորեն ազատված են պետական տուրքի վճարման պարտականությունից, ուստի Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ հայցվորներից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 90.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար, անհիմն է:

 

4.2 Քննելով Նախարարության վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել նույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հետևանքներին, հատուցվում է նույն օրենսգրքի 1063-րդ հոդվածում նախատեսված հիմքերով և կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետում սահմանել է պետության մեղքից անկախ պատասխանատվության ինստիտուտը` պետության ոչ իրավաչափ գործունեության հետևանքով վնասի հատուցման համար որպես նախապայման չսահմանելով կոնկրետ պաշտոնատար անձի մեղքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ նախ` արդարացվածն իրավունք ունի պահանջելու ինչպես հետաքննության, նախաքննության, դատախազության, այնպես էլ դատարանի պաշտոնատար անձանց ապօրինի գործունեության հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում` ամբողջ ծավալով, և երկրորդ` ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

Պետության մեղքից անկախ պատասխանատվության վերաբերյալ առկա իրավակարգավորման հիմքում ընկած է այն իրավական տրամաբանությունը, որ պետության հետ հանրային իրավական հարաբերություններում մասնավոր անձանց ավելի մեծ պաշտպանության հիմնավորված անհրաժեշտություն գոյություն ունի, քանի որ պետություն-մասնավոր անձ մի շարք հարաբերություններում պետության փաստացի և ընդգծված գերակայությունն օբյեկտիվորեն պահանջում է ուժերի ակնհայտ անհավասարակշռությունը հաղթահարելու նպատակով պետության ավելի խիստ պատասխանատվություն մասնավոր անձի առջև իր ոչ իրավաչափ վարքագծի իրավական հետևանքները վերացնելու համար:

Վերը նշված խնդրի արդյունավետ լուծման անհրաժեշտությունից ելնելով` օրենսդիրը մեղքի առկայությունը` որպես իրավահավասար կողմերի միջև իրավահարաբերություններում պատասխանատվության անհրաժեշտ տարր, չի նախատեսել իր իրավական բնույթով լիովին այլ` պետության պատասխանատվության դաշտում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ պետության մեղքից անկախ պատասխանատվության սահմանումը չի նշանակում, որ պետությունն առանց մեղքի պատասխանատվություն է կրում բոլոր ոլորտներում վնաս պատճառելու համար: Առանց մեղքի պատասխանատվության նախատեսումը և կիրառումը հիմնավորված և արդարացված է միայն անձի համար կենսական նշանակություն ունեցող իրավական բարիքների հանդեպ պետության միջամտության դեպքում, մասնավորապես, երբ խոսքը գնում է անձին ապօրինի դատապարտելու, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու կամ տույժի ենթարկելու մասին:

Այսպիսով, ապօրինի դատապարտելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ համապատասխան պաշտոնատար անձի, այդ թվում նաև` դատավորի մեղքի առկայությունից: Ինչ վերաբերում է այլ դեպքերում պետության ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում անձին վնաս պատճառելուն, ապա օրենսդիրը սահմանել է, որ քաղաքացուն կամ իրավաբանական անձին հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված հետևանքներին, հատուցվում է նույն օրենսգրքի 1063-րդ հոդվածում նախատեսված հիմքերով և կարգով:

Օրենսդիրը նախատեսել է նաև վնասի հատուցման հնարավորությունն այն դեպքերում, երբ հետաքննության, նախաքննության և/կամ դատախազության մարմինները թույլ են տվել ապօրինի գործողություններ, որոնք, սակայն, չեն հանգեցրել ապօրինի դատապարտելուն, քրեական պատասխանատվության ենթարկելուն, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելուն, վարչական տույժի ենթարկելուն, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 3-րդ կետով առանձնացված է դատավորի պատասխանատվությունը նույն հոդվածի 2-րդ կետում ամրագրված հանգամանքների առկայության դեպքում: Հետևաբար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատավորի մեղքի ապացուցումը վնասի հատուցման նախապայման կարող է հանդիսանալ միայն այն դեպքերում, երբ դատավորի գործողությունները չեն հանգեցրել անձին ապօրինի դատապարտելուն, քրեական պատասխանատվության ենթարկելուն, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելուն կամ վարչական տույժի ենթարկելուն:

Այսպիսով, վերը նշված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության այն փաստարկը, որ արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով, անհիմն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 3-րդ կետը սույն գործով կիրառելի չէ, քանի որ տվյալ դեպքում դատարանի պաշտոնատար անձանց գործողությունները հանգեցրել են կոնկրետ անձի ապօրինի դատապարտմանը, ինչը նշանակում է, որ համապատասխան անձինք, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունեն` անկախ համապատասխան պաշտոնատար անձանց մեղքից:

Ինչ վերաբերում է Նախարարության այն փաստարկին, որ ստորադաս դատարանների կողմից կայացված մի քանի դատական ակտերում առկա են ենթադրյալ հակասություններ, որոնք հստակեցման կարիք ունեն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ևս անհիմն է, քանի որ Նախարարության վկայակոչած վճիռներով դատարանները փաստաբանի վարձատրության չափի ողջամտության հարցը որոշելիս հաշվի են առել տվյալ գործերով փաստաբանների կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը: Այսինքն` վկայակոչված դատական ակտերով դատարանների կողմից հայցը մասնակիորեն կամ ամբողջությամբ բավարարելը դեռևս չի կարող որևէ կերպ վկայել այդ ակտերի միմյանց հակասելու մասին, քանի որ նշված դատական ակտերով փաստաբանների վարձատրության չափը որոշելիս դատարանների կողմից իրավաչափորեն հաշվի են առնվել համապատասխան գործերից յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկությունները:

Այսպիսով, Գոզո և Վալի Ամոյանների ներկայացուցչի վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «է.1» կետի հիմքով` Գոզո և Վալի Ամոյաններն ազատված են պետական տուրքի վճարումից, այդ մասով պետական տուրքի հարցը համարում է լուծված:

Անդրադառնալով Նախարարության բերած վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցին և նկատի ունենալով, որ վերջինս վճռաբեկ բողոքի համար վճարել է 45.000 ՀՀ դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախարարության վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով պետական տուրքի հարցը ևս պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը մերժել, իսկ Գոզո և Վալի Ամոյանների վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2014 թվականի որոշման` Գոզո և Վալի Ամոյաններից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե 90.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես չվճարված պետական տուրքի գումար բռնագանձելու մասը, և այդ մասով փոփոխել այն. պետական տուրքի հարցն այդ մասով համարել լուծված:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.11.2015
N ԵԿԴ/3025/02/11
Որոշում