Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/5166/05/13

    դատարանի որոշում                       2015թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/5166/05/13

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ              Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ   Ե. Սողոմոնյանի

                                               Ս. Անտոնյանի

                                               Վ. Ավանեսյանի

                                               Ա. Բարսեղյանի

                                               Մ. Դրմեյանի

                                               Գ. Հակոբյանի

                                               Ռ. Հակոբյանի

                                               Տ. Պետրոսյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ Հովհաննես Հովհաննիսյանի հայցի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) (իրավանախորդ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե))` Կոմիտեի 16.05.2013 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 225001 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հովհաննես Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 16.05.2013 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 225001 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 20.06.2014 թվականի որոշմամբ պատասխանող ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն փոխարինվել է իրավահաջորդով` Նախարարությամբ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 18.07.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.12.2014 թվականի որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.07.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ, 267-րդ, 275-րդ, 276-րդ, 277-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 124-րդ հոդվածները և ՀՀ կառավարության 29.07.2010 թվականի թիվ 972-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, առանց սույն գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն իրականացնելու, եկել է այն եզրահանգման, որ հայցը ենթակա էր մերժման:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարչական իրավախախտում կատարելու փաստի վերաբերյալ կազմվել է երկու արձանագրություն` 05.04.2013 թվականին և 19.04.2013 թվականին: Բացի այդ, նշված արձանագրությունները կազմելիս Հովհաննես Հովհաննիսյանին հնարավորություն չի տրվել օգտվելու իր իրավունքներից, տալու բացատրություններ, ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու ապացույցներ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթը հարուցելիս և վարչական տույժը նշանակելիս խախտվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 277-րդ հոդվածը, և պատճառաբանել, որ նշված հոդվածով սահմանված տասնհինգօրյա ժամկետը սկսում է հոսել արձանագրությունը և մյուս նյութերը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո, իսկ գործում առկա չէ որևէ ապացույց, որ 19.04.2013 թվականի արձանագրությունը և մյուս նյութերը լիազոր մարմնի տիրապետմանն են հանձնվել ավելի վաղ, քան սկսել է հոսել 16.05.2013 թվականին ավարտված տասնհինգօրյա ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.12.2014 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի 05.04.2013 թվականի «Հարկ վճարողի խոչընդոտող գործողությունների մասին» թիվ 1 արձանագրության համաձայն` Կոմիտեի 02.04.2013 թվականի թիվ 2212653 հանձնարարագրի հիման վրա անհատ ձեռնարկատեր Հովհաննես Հովհաննիսյանի մոտ ստուգում իրականացնելու և հարկային պարտավորությունների հաշվարկումը հնարավոր չի եղել (...) (հատոր 1-ին, գ.թ. 25-26):

2) Կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության 19.04.2013 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 341 արձանագրության համաձայն` Կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության պետի 02.04.2013 թվականի թիվ 2212653 հանձնարարագրի հիման վրա անհատ ձեռնարկատեր Հովհաննես Հովհաննիսյանին պատկանող (քաղաք Հրազդան, Միկրո թիվ 104) խանութում իրականացվել է ուսումնասիրություն, կատարվել է հսկիչ գնում քաղաքացի Սրբուհի Արզումանյանի կողմից 1.330 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, սակայն վաճառողուհու կողմից գումարը չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա (այսուհետ` ՀԴՄ) և չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, այնուհետև հարկային տեսուչները վաճառողուհուն ներկայացրել են հանձնարարագիրը ճշտելու համար վաճառքն իրականացնող անձի տվյալները, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ և տեսուչներին տրամադրել «Z» հաշվետվությունը` պատճառաբանելով, որ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Հովհաննիսյանն արգելել է նրանց որևէ գործողություն կատարել, որով խոչընդոտվել է ստուգման բնականոն ընթացքը, որից հետո ստուգումը լիարժեք իրականացնելու համար տեղյակ է պահել անհատ ձեռնարկատիրոջը ներկայանալու գործողության վայր` փաստի առթիվ արձանագրություն կազմելու համար: Վերջինս հրաժարվել է ներկայանալ գործունեության վայր, որից հետո փաստի առթիվ կազմվել է արձանագրություն: Անհատ ձեռնարկատեր Հովհաննես Հովհաննիսյանի գործողություններն առաջացնում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածի 1-ի մասով սահմանված պատասխանատվություն (հատոր 1-ին, գ.թ. 27-29):

3) Կոմիտեի 16.05.2013 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 225001 որոշման համաձայն` անհատ ձեռնարկատեր Հովհաննես Հովհաննիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածի հիմքով տուգանվել է 250.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 14-15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու իրավախախտման վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու իրավախախտումն առկա է այն պայմաններում, երբ իրավասու պետական մարմնի հանձնարարագրի հիման վրա տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվել է նրա գործունեության ուսումնասիրություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածի համաձայն` իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում (...):

i

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (...), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (...) գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (...) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը` վերջինիս ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում` պարզաբանելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, բացառությամբ նույն կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 3-րդ կետի 8-րդ պարբերության համաձայն` (...) հսկիչ գնումների իրականացման (...) նպատակով հարկային մարմինները կարող են իրականացնել ուսումնասիրություններ (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի իրավակարգավորման առանձնահատկություններին, արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է այդ վարույթի խնդիրները: Դրանցից են յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզել գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները` ղեկավարվելով օրենքով (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու համար, որը կարող է դրսևորվել հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ.

- իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը,

- տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի մուտք գործելն արգելելը,

- ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձին չտրամադրելը,

- կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը,

- օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը:

Փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածի դիսպոզիցիայի բովանդակությունից բխում է, որ նշված հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվությունը կարող է վրա հասնել միայն այն դեպքում, երբ անձը, կատարելով վերոգրյալ արարքներից որևէ մեկը, խոչընդոտում է ստուգումներ իրականացնող իրավասու պետական մարմինների աշխատանքին: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ գործով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման առկայության փաստը բացահայտելու համար վարչական մարմինը նախևառաջ պետք է պարզի, թե արդյոք տնտեսավարող սուբյեկտի մոտ օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացվել է, թե` ոչ: Այնուհետև համապատասխան վարչական մարմինը պետք է պարզի ստուգում իրականացնող պաշտոնատար անձին խոչընդոտելու փաստի առկայությունը կամ բացակայությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման փաստը կարող է առկա լինել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով իրականացվում է ստուգում,

բ) տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածով նախատեսված եղանակներից որևէ մեկով խոչընդոտում է ստուգում իրականացնող պաշտոնատար անձի աշխատանքին:

Օրենսդիրը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում սահմանել է ստուգման և ուսումնասիրության` որպես առանձին և իրարից տարբերվող ընթացակարգերի բովանդակությունը և առանձնահատկությունները: Այսպես, ըստ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի` ստուգումն իրենից ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (...) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելուն ուղղված և օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ: Իսկ ուսումնասիրությունը ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը` վերջինիս ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, պարզաբանելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է: Որպես բացառություն` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի 8-րդ պարբերությամբ սահմանվում է, որ հսկիչ գնումների իրականացման նպատակով ևս հարկային մարմինները կարող են իրականացնել ուսումնասիրություններ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստուգումն իրենից ներկայացնում է օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվության արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելուն: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ուսումնասիրությունը, որպես առանձին ընթացակարգ, հետապնդում է այլ նպատակ, մասնավորապես` ուսումնասիրությունը ներքին ընթացակարգ է, որն իրականացվում է ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը պարզաբանելու նպատակով, իսկ որպես բացառություն` օրենսդիրը սահմանել է, որ ստուգող մարմինն ուսումնասիրություն կարող է իրականացնել նաև հսկիչ գնումների իրականացման նպատակով:

Վկայակոչված իրավանորմերի և նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ ՀՀ իրավական համակարգում ստուգումը և ուսումնասիրությունը տարբեր իրավական ընթացակարգեր են, հանգում է այն եզրակացության, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվությունը կարող է վրա հասնել բացառապես այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով իրականացվել է ստուգում, և տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածով նախատեսված եղանակներից որևէ մեկով խոչընդոտել է ստուգում իրականացնող պաշտոնատար անձի աշխատանքին: Հետևաբար վերը նշված հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված զանցակազմն առկա չէ, և, համապատասխանաբար, դրանով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը չի կարող կիրառվել այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումում իրականացվել է ուսումնասիրություն:

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի 16.05.2013 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 225001 որոշմամբ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Հովհաննիսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման համար և տուգանվել է 250.000 ՀՀ դրամի չափով` հիմք ընդունելով 19.04.2013 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 341 արձանագրությունը և կից նյութերը:

Դատարանը, իր 18.07.2014 թվականի վճռով մերժելով Հովհաննես Հովհաննիսյանի հայցը` Կոմիտեի նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, պատճառաբանել է, որ վարչական վարույթի ընթացքում հաստատվել է վարչական իրավախախտման փաստը, վարչական վարույթն իրականացվել և վիճարկվող որոշումն ընդունվել է օրենքի պահանջների պահպանմամբ: Հետևաբար ըստ Դատարանի վճռի` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:

Վերաքննիչ դատարանը, 25.12.2014 թվականի որոշմամբ անփոփոխ թողնելով Դատարանի 18.07.2014 թվականի վճիռը, իր հերթին, գտել է, որ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Հովհաննիսյանի գործողություններով խոչընդոտվել է օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման (ուսումնասիրության) ընթացքը, մասնավորապես` ստուգման նպատակին անմիջականորեն առնչվող փաստաթուղթը չտրամադրելու միջոցով:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և ստորադաս դատարանների եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ Վարչական իրախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) նախևառաջ պետք է պարզի այն հարցը, թե արդյոք տնտեսավարող սուբյեկտի մոտ օրենքով սահմանված կարգով ստուգում տեղի ունեցել է, թե` ոչ, որից հետո միայն պետք է պարզի ստուգում իրականացնող պաշտոնատար անձի աշխատանքին խոչընդոտելու փաստի առկայությունը կամ բացակայությունը: Նշված հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվությունը կարող է վրա հասնել բացառապես այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով իրականացվել է ստուգում, և տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածով նախատեսված եղանակներից որևէ մեկով խոչընդոտել է ստուգում իրականացնող պետական մարմնի աշխատանքն: Այսինքն` նշված հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտումն առկա է միայն այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվել է ստուգում:

Մինչդեռ Կոմիտեի 19.04.2013 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 341 արձանագրությունից հետևում է, որ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Հովհաննիսյանին պատկանող խանութում Կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության պետի 02.04.2013 թվականի թիվ 2212653 հանձնարարագրով իրականացվել է ուսումնասիրություն: Հետևաբար սույն գործով չի հաստատվել Հովհաննես Հովհաննիսյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումը կատարելու փաստը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բացակայել են Հովհաննես Հովհաննիսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով: Տվյալ դեպքում վիճարկվող վարչական ակտն ընդունվել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-րդ հոդվածի սխալ կիրառման հետևանքով և ենթակա էր անվավեր ճանաչման, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Տվյալ դեպքում, նկատի ունենալով, որ Հովհաննես Հովհաննիսյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի ուժով ազատված է սույն գործով պետական տուրքի վճարման պարտականությունից, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար օրենքով սահմանված և չվճարված պետական տուրքի գումարները` համապատասխանաբար 10.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ՀՀ պետական բյուջե ենթակա են բռնագանձման Նախարարությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.12.2014 թվականի որոշումը և փոփոխել այն. հայցը բավարարել` անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 16.05.2013 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 225001 որոշումը:

2. ՀՀ ֆինանսների նախարարությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

ՀՀ ֆինանսների նախարարությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.11.2015
N ՎԴ/5166/05/13
Որոշում