(ուժը կորցրել է 09.01.2019 թիվ 1-Ն որոշում)
i
600.0101.160516
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 05 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2016 թվականի N 101-Ն
i
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և 46-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի յուրաքանչյուր օպերատոր`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում իր ինտերնետային կայքում հրապարակում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություններով ապահովված աշխարհագրական վայրերի ցանկի, այդ աշխարհագրական վայրերում կիրառվող ամրակցված կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ապահովում է իր հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում նշված տեղեկատվության առկայությունը.
2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություններով ապահովված աշխարհագրական վայրերի ցանկում կամ այդ աշխարհագրական վայրերում կիրառվող ամրակցված կապի տեխնոլոգիաներում, կամ մատուցվող ծառայություններում փոփոխություններ կատարելու դեպքում առավելագույնը եռամսյա ժամկետում թարմացնում է իր ինտերնետային կայքում հրապարակված և իր հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում առկա տեղեկատվությունը:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխարհագրական վայրերը Հայաստանի Հանրապետության մարզերի համար ներկայացվում են ըստ բնակավայրերի, իսկ Երևան քաղաքի համար` ըստ վարչական շրջանների (թաղային համայնքների):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: