Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀՀ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԱՐԱԴ/0333/02/14         2016թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԱՐԱԴ/0333/02/14

Նախագահող դատավոր`   Ա.Պետրոսյան
                    Դատավորներ`   Ա.Սմբատյան
                                                    Գ.Կարախանյան

 

                                 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե.Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ.Հակոբյանի
Ս.Անտոնյանի
Վ.Ավանեսյանի
Ա.Բարսեղյանի
Մ.Դրմեյանի
  Ռ.Հակոբյանի
Տ.Պետրոսյանի
Ե.Սողոմոնյանի
Ն.Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լեյլի Պետրոսյանի, Թերեզա և Մարի Նախոյանների ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի ընդդեմ Լեյլի Պետրոսյանի, Թերեզա և Մարի Նախոյանների` ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայնքում գտնվող` Լեյլի Պետրոսյանին, Մնացական, Թերեզա և Մարի Նախոյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,0758 հա մակերեսով տնամերձ հողամասից Մնացական Նախոյանի բաժնեմասն առանձնացնելու, դրա վրա 663.250 ՀՀ դրամի չափով բռնագանձում տարածելու, իսկ բաժնեմասն առանձնացնելու անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանը պահանջել է ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայնքում գտնվող` Լեյլի Պետրոսյանին, Մնացական, Թերեզա և Մարի Նախոյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,0758 հա մակերեսով տնամերձ հողամասից առանձնացնել Մնացական Նախոյանի բաժնեմասը, դրա վրա 663.250 ՀՀ դրամի չափով բռնագանձում տարածել, իսկ բաժնեմասն առանձնացնելու անհնարինության դեպքում` գույքը վաճառել հրապարակային սակարկություններով:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ.Նարինյան) (այսուհետ` Դատարան) 03.04.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.09.2015 թվականի որոշմամբ Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 03.04.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լեյլի Պետրոսյանի, Թերեզա և Մարի Նախոյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը սնանկության գործով կառավարչին լիազորում է սնանկ ճանաչված անձի անունից կատարել անհրաժեշտ գործողություններ, որոնք, սակայն, պետք է իրականացվեն նյութական և դատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով սնանկության կառավարիչը չի հանդիսանում նյութաիրավական հարաբերության պատշաճ սուբյեկտ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով պահանջի իրավունքը պատկանում է պահանջատիրոջը, որպիսի պայմաններում կառավարչի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում համապատասխան լիազորություններ ունենալու պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Այսինքն` սույն գործի քննության շրջանակներում հայցվորն առաջին հերթին պետք է հիմնավորեր, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով իրավասու է պահանջելու պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածել, ինչը, սակայն, չի արել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.09.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.04.2015 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 06.12.2013 թվականի թիվ ԱՐԱԴ/0049/04/13 վճռով Մնացական Նախոյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 7-8):

2) ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2013 թվականի թիվ ԱՐԱԴ/0049/04/13 որոշմամբ Աշոտ Տեր-Վարդանյանը նշանակվել է Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ (հատոր 1-ին, գ.թ. 13):

3) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 14.11.2002 թվականի թիվ 1027254 վկայականի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայնքի 0,15 հա մակերեսով տնամերձ հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Լեյլի Պետրոսյանին, Մնացական, Թերեզա և Մարի Նախոյաններին (հատոր 1-ին, գ.թ. 10-12):

4) 31.07.2013 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Լեյլի Պետրոսյանը, Թերեզա և Մարի Նախոյանները ու Մնացական Նախոյանը ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայնքում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող 0,15 հա մակերեսով տնամերձ հողամասի կեսը` 0,0758 հա մակերեսով, վաճառել են Դուստրիկ Նախոյանին (հատոր 1-ին, գ.թ. 37):

5) Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանը 09.04.2014 թվականին դատարան ներկայացված հայցադիմումով, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 200-րդ հոդվածները, պահանջել է առանձնացնել Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող 0,0758 հա տնամերձ հողամասի` Մնացական Նախոյանի բաժնեմասը և դրա վրա բռնագանձում տարածել (հատոր 1-ին, գ.թ. 4-5):

6) Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանը 19.09.2014 թվականին Դատարան է ներկայացրել «Հայցադիմումի պարզաբանում», որով դարձյալ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 200-րդ հոդվածները` խնդրել է սնանկության վարույթում Մնացական Նախոյանի պարտավորությունները կատարելու համար Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող 0,0758 հա տնամերձ հողամասի` Մնացական Նախոյանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածել 663.250 ՀՀ դրամի չափով: Մնացած սեփականատերերի կողմից պարտապանի բաժնեմասը գնելուց հրաժարվելու դեպքում տարածքը վաճառել հրապարակային սակարկություններով` մնացած սեփականատերերին իրենց բաժնեմասերի արժեքը վերադարձնելու պայմանով (հատոր 2-րդ, գ.թ. 28-29):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում սնանկության գործով կառավարիչը կարող է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան սնանկ ճանաչված պարտապանի` ընդհանուր սեփականության գույքում ունեցած բաժինն առանձնացնելու և դրա վրա սնանկության վարույթում գրանցված պահանջատերերի պարտավորությունների կատարման համար բռնագանձում տարածելու պահանջով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը սնանկության գործով դիմում է դատարան` նույն օրենքով նախատեսված դեպքերում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի դատավարական իրավունքներն իրացնում է կառավարիչը: Մասնավորապես` վերջինս պարտապանի անունից դիմում է դատարաններ դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից: Նշվածից հետևում է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքը ևս իրացնում է կառավարիչը:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով վճռաբեկ բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը, միաժամանակ հիմք ընդունելով հայցի փաստական և իրավական հիմքը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի իրավակարգավորման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջելու շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, նշել է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պարտատիրոջ պահանջի իրավունքը ծագում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված այն դեպքի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակից պարտապանի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման համար: Նման իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովելու ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում (տե՛ս, Լաուրա Դավթյանն ընդդեմ Արսեն Մակարյանի, Լիաննա Ղազարյանի և Ալլա Մակարյանի թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումն ունի հստակ սուբյեկտային կազմ` պարտատեր և պարտապան, որոնք քաղաքացիադատավարական վարույթում համապատասխանաբար հանդես են գալիս որպես հայցվոր և պատասխանող: Ընդ որում, պարտապանը միաժամանակ հանդիսանում է ընդհանուր սեփականության մասնակից և նրա այլ գույքը բավարար չէ պարտատիրոջ հանդեպ ունեցած պարտավորությունը կատարելու համար: Այսպիսով, ընդհանուր սեփականությունում պարտապանի բաժնի առանձնացման և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի իրավունքը պատկանում է ընդհանուր սեփականության մասնակից հանդիսացող պարտապանի պահանջատիրոջը: Հետևաբար շահագրգիռ անձը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմելով դատարան, ի թիվս այլ հանգամանքների, նախ և առաջ պետք է հիմնավորի ընդհանուր սեփականության համապատասխան մասնակցի` իր նկատմամբ չկատարված պարտավորություններ ունենալու հանգամանքը:

Վերը շարադրվածի համատեքստում անդրադառնալով բողոքի հիմքում բարձրացված հարցադրմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կառավարիչը սնանկ ճանաչված պարտապանի անունից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված կարգով դատարան դիմելու իրավունք չունի այն դեպքում, երբ պահանջում է առանձնացնել սնանկ ճանաչված պարտապանի` ընդհանուր գույքում ունեցած բաժնեմասը և դրա վրա բռնագանձում տարածել սնանկության վարույթում գրանցված պարտատիրոջ պահանջը բավարարելու համար: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարիչը հայց հարուցում է բացառապես սնանկ ճանաչված պարտապանի անունից, որը տվյալ պարագայում սնանկության վարույթում գրանցված պահանջատերերի հետ փոխհարաբերություններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի իմաստով ևս հանդիսանում է պարտապան, մինչդեռ, ինչպես բխում է վերը շարադրված վերլուծությունից, նման հայցապահանջով դատարան կարող է դիմել պարտատերն ընդդեմ պարտապանի:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով կառավարիչը, իրականացնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքով վերապահված լիազորությունները, պարտավոր է գրանցված պահանջատերերի պահանջները բավարարելու համար հավաքագրել և իրացնել պարտապանին պատկանող ակտիվներն ու գույքը: Ընդհանուր սեփականությունում պարտապանի մասնակցության պայմաններում օգտվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված իրավունքից` սնանկության գործով կառավարիչը, ելնելով նպատակահարմարությունից, կարող է ընդհանուր սեփականությունում պարտապանի բաժինն օտարել բնեղենով` առանց այդ բաժինն առանձնացնելու կամ բաժինն առանձնացնելուն միտված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գործողությունները կատարելուց հետո, բայց բոլոր դեպքերում հանդես գալով որպես սնանկ ճանաչված պարտապանի ներկայացուցիչ:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 06.12.2013 թվականի թիվ ԱՐԱԴ/0049/04/13 վճռով Մնացական Նախոյանը ճանաչվել է սնանկ: ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2013 թվականի թիվ ԱՐԱԴ/0049/04/13 որոշման համաձայն` Աշոտ Տեր-Վարդանյանը նշանակվել է Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ: ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայնքի 0,0758 հա մակերեսով տնամերձ հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Լեյլի Պետրոսյանին, Մնացական, Թերեզա և Մարի Նախոյաններին:

Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանը 09.04.2014 թվականին դատարան ներկայացված հայցադիմումով, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 200-րդ հոդվածները, պահանջել է առանձնացնել Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող 0,0758 հա տնամերձ հողամասի` Մնացական Նախոյանի բաժնեմասը և դրա վրա բռնագանձում տարածել: Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանը 19.09.2014 թվականին Դատարան է ներկայացրել «Հայցադիմումի պարզաբանում», որով դարձյալ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 200-րդ հոդվածները` խնդրել է սնանկության վարույթում Մնացական Նախոյանի պարտավորությունները կատարելու համար Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող 0,0758 հա տնամերձ հողամասի` Մնացական Նախոյանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածել 663.250 ՀՀ դրամի չափով, իսկ մնացած սեփականատերերի կողմից պարտապանի բաժնեմասը գնելուց հրաժարվելու դեպքում` տարածքը վաճառել հրապարակային սակարկություններով` մնացած սեփականատերերին իրենց բաժնեմասերի արժեքը վերադարձնելու պայմանով:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ «Կառավարիչը ներկայացրել է պարտապան Մնացական Նախոյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջ, որի իրավունքը տրված է միայն պահանջատիրոջը, սակայն Կառավարիչը, ով հանդես է գալիս «Սնանկության մասին» ՀՀ օրենքով տրված լիազորությունների շրջանակներում, պահանջատերերի անունից հանդես գալու լիազորություն չունի: Այսինքն` ներկայացված պահանջը ներկայացրել է այն անձը, ով նման պահանջի իրավունք չունի»:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 03.04.2015 թվականի վճիռը և գործը նոր քննության ուղարկելով, անհիմն է համարել Դատարանի պատճառաբանությունները և գտել, որ «սնանկության գործով կառավարիչը, դիմելով Դատարան, իրականացրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունները, մինչդեռ Դատարանը, հիմք ընդունելով միայն այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածն ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնելու իրավունք նախատեսել է պարտատիրոջ համար, եզրակացրել է, որ սնանկության գործով կառավարիչը նման իրավունք չուներ», և արձանագրել է, որ «Դատարանը հաշվի չի առել սնանկության վարույթի առանձնահատկությունները և այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը սնանկության վարույթի նկատմամբ կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ բան նախատեսված չէ, որի արդյունքում կայացրել է չհիմնավորված դատական ակտ»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Դատարանի կողմից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածին համապատասխան, չի կատարվել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանը նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա պարտավորության չափով բռնագանձում տարածելու պահանջ ներկայացնելու իրավունքը բացառապես պատկանում է պարտատիրոջը: Հետևաբար սնանկության գործով կառավարիչը, հանդես գալով սնանկ ճանաչված անձի (պարտապանի) անունից` «Սնանկության մասին» ՀՀ օրենքով տրված լիազորությունների շրջանակներում, չի կարող հայց ներկայացնել դատարան` սնանկ ճանաչված պարտապանի` ընդհանուր գույքում ունեցած բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա սնանկության վարույթում գրանցված պահանջներով բռնագանձում տարածելու պահանջների մասին, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ սույն գործով հանգել է Դատարանը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 10.09.2015 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Սույն գործով բողոք բերած անձինք վճռաբեկ բողոք ներկայացնելիս միաժամանակ միջնորդել են հետաձգել պետական տուրքի վճարումը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.12.2015 թվականի որոշմամբ բավարարվել է:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը` բեկանման և փոփոխման, ինչի արդյունքում Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի հայցը ենթակա է մերժման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա, հետաձգված պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը, միաժամանակ, սակայն, նկատի ունենալով, որ հայցը հարուցված է սնանկության գործով կառավարչի կողմից, որն էլ իր հերթին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում այդ հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03.04.2015 թվականի վճռին:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.12.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի վճարման հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե.Խունդկարյան
Դատավորներ` Գ.Հակոբյան
Ս.Անտոնյան
Վ.Ավանեսյան
Ա.Բարսեղյան
Մ.Դրմեյան
  Ռ.Հակոբյան
Տ.Պետրոսյան
Ե.Սողոմոնյան
Ն.Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ԱՐԱԴ/0333/02/14
Որոշում