Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի որոշում
Քաղաքացիական գործ 
թիվ ՏԴ/0288/02/12  2016թ.
Քաղաքացիական գործ թիվ   ՏԴ/0288/02/12
Նախագահող դատավոր`   

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե.Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ.Պետրոսյանի
Ս.Անտոնյանի
Վ.Ավանեսյանի
Ա.Բարսեղյանի
Մ.Դրմեյանի
  Գ.Հակոբյանի
Ռ.Հակոբյանի
Ե.Սողոմոնյանի
Ն.Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սվետլանա Բեգլարյանի ներկայացուցիչ Հայկ Եգանյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Սվետլանա Բեգլարյանի ընդդեմ Իջևան համայնքի ղեկավարի` 28.08.2012 թվականի թիվ 256 որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սվետլանա Բեգլարյանը պահանջել է անվավեր ճանաչել Իջևան համայնքի ղեկավարի 28.08.2012 թվականի թիվ 256 որոշումը և որպես անվավերության հետևանք` վերականգնել նախկին աշխատանքում` «Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ-ի (այսուհետ` Դպրոց) տնօրենի պաշտոնում, ինչպես նաև բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար` սկսած 28.08.2012 թվականից:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Կուրեխյան) (այսուհետ` Դատարան) 27.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Տ.Նազարյան, Կ.Հակոբյան, Ի.Վարդանյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.04.2013 թվականի որոշմամբ Սվետլանա Բեգլարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի որոշմամբ Սվետլանա Բեգլարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սվետլանա Բեգլարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Իջևանի քաղաքապետարանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դպրոցի և Սվետլանա Բեգլարյանի միջև 10.11.2011 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Իջևան համայնքի ղեկավարի 28.08.2012 թվականի թիվ 256 որոշմամբ, որի հիմքում դրված է եղել Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումը, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի որոշումը վերանայելու հիմք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշման հիման վրա Սվետլանա Բեգլարյանն ազատվել է Դպրոցի տնօրենի պաշտոնից: Ինչ վերաբերում է որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքին, ապա այդ վճիռն օրինական ուժի մեջ թողած ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը Դպրոցի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության: Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշման կայացման պահից նոր երևան եկած հանգամանքն այլևս առկա չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշմամբ դադարեցվել են տնօրեն Սվետլանա Բեգլարյանի լիազորությունները (գ.թ. 32):

2) Իջևան համայնքի ղեկավարի 28.08.2012 թվականի թիվ 256 որոշմամբ հաստատվել է Իջևան համայնքի Դպրոցի տնօրեն Սվետլանա Բեգլարյանի լիազորությունների դադարեցումը, և վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարվել է լուծված (գ.թ. 33):

3) Դատարանի 27.12.2012 թվականի վճռով Սվետլանա Բեգլարյանի հայցն ընդդեմ Իջևան համայնքի ղեկավարի` 28.08.2012 թվականի թիվ 256 որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին, մերժվել է, և նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ (գ.թ. 90-92, 148-149, 170-172):

4) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սվետլանա Բեգլարյանի ընդդեմ Դպրոցի տնօրենների խորհրդի անդամներ Բորիս Թանանյանի, Վարազդատ Գևորգյանի, Սերյոժա Քամալյանի, Լիանա Խաչինյանի և Գոհար Բարսեղյանի` տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռով անվավեր է ճանաչել Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014 թվականի որոշմամբ պատասխանողների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի 11.02.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014 թվականի որոշման դեմ բերված պատասխանողների վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

5) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռի դեմ, որպես գործին մասնակից չդարձված անձ, վերաքննիչ բողոք է ներկայացրել Դպրոցը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշմամբ մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ Դպրոցի` որպես գործին մասնակից չդարձված անձի բողոքի հիման վրա բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է նոր քննության (ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխանին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` նոր երևան եկած հանգամանքի հիմքով, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե՛ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2392/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականի որոշումը):

Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանք, վկայակոչել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռով Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումն անվավեր ճանաչված լինելու հանգամանքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռով անվավեր է ճանաչվել Դպրոցի տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014 թվականի որոշմամբ պատասխանողների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի 11.02.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014 թվականի որոշման դեմ բերված պատասխանողների վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռի դեմ, որպես գործին մասնակից չդարձված անձ, վերաքննիչ բողոք է ներկայացրել Դպրոցը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշմամբ մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ Դպրոցի` որպես գործին մասնակից չդարձված անձի բողոքի հիման վրա բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է նոր քննության:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու պահին` 11.05.2015 թվականին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճիռը եղել է օրինական ուժի մեջ, սակայն նշված վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Դպրոցի բողոքի հիման վրա բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքի քննության ժամանակ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճիռն այլևս օրինական ուժի մեջ չէ, հետևաբար այդ վճռով հաստատված հանգամանքը հիմք չէ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից նոր երևան եկած հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու անհրաժեշտությունը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2014 թվականի թիվ ԵՇԴ/1385/02/13 վճռով հիմնավորելուց բացի` այլ կերպ հիմնավորված չլինելու պայմաններում բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 10.04.2013 թվականի որոշումը բեկանելու հիմքերը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Նոր երևան եկած հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու մասին Սվետլանա Բեգլարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե.Խունդկարյան
Դատավորներ` Տ.Պետրոսյան
Ս.Անտոնյան
Վ.Ավանեսյան
Ա.Բարսեղյան
Մ.Դրմեյան
  Գ.Հակոբյան
Ռ.Հակոբյան
Ե.Սողոմոնյան
Ն.Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ՏԴ/0288/02/12
Որոշում