Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԷԴ/0318/02/14
2016թ
Քաղաքացիական գործ թիվ  ԵԷԴ/0318/02/14 
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
                   Դատավորներ`  Ա. Խառատյան
                                                  Տ. Նազարյան  

 

                                 

         ՈՐՈՇՈՒՄ
 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի

                   

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Աբովյանի և Կարինե Ստեփանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հարություն Գյուրջյանի ընդդեմ Արմեն Աբովյանի և Կարինե Ստեփանյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` վտարելու պահանջի մասին, ու ըստ Համապատասխանողների հակընդդեմ հայցի ընդդեմ Հարություն Գյուրջյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հարություն Գյուրջյանը պահանջել է Համապատասխանողներին վտարել Երևանի Սարի Թաղի թիվ 9 շարքի 40-րդ բնակարանից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համապատասխանողները պահանջել են որպես շինծու գործարք անվավեր ճանաչել վերը նշված գույքի վերաբերյալ Յագութ Առաքելյանի և Հարություն Գյուրջյանի միջև 10.07.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը` կիրառելով իրենց ու Հարություն Գյուրջյանի միջև 15.000 ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագրի կանոնները:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ.Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 26.05.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.10.2015 թվականի որոշմամբ Համապատասխանողների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.05.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համապատասխանողները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածը և 220-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 06.10.2015 թվականի որոշումը ոչ օրինական է և չհիմնավորված, քանի որ հիմնված չէ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա 10.03.2014 թվականի ստացականով հաստատվում են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստերը, որ վեճի առարկա տունը գնելու կապակցությամբ իրենց կողմից Յագութ Առաքելյանին տրվել է 25.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 15.000 ԱՄՆ դոլարը տրվել է նոտարական գրասենյակում Յագութ Առաքելյանի և Հարություն Գյուրջյանի միջև այդ նույն բնակելի տան առուվաճառքի պայմանագիրը կնքելիս:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ չհանդիսանալով Յագութ Առաքելյանի ազգականները` իրենք չէին կարող 2009 թվականից առ այսօր բնակվել այդ տանը:

Յագութ Առաքելյանի և Հարություն Գյուրջյանի միջև կնքած պայմանագիրն իրականում քողարկել է այլ գործարք` փոխառության պայմանագիրը, որի շրջանակներում Հարություն Գյուրջյանը փոխառությամբ իրենց է տվել բնակելի տան արժեքի պակասորդ 15.000 ԱՄՆ դոլարը, որպեսզի իրենք այդ գումարը տան Յագութ Առաքելյանին և նոտարական կարգով կնքեն առուվաճառքի պայմանագիր:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը, գործին մասնակից չդարձնելով վեճի առարկա տան նախկին սեփականատեր Յագութ Առաքելյանին և չհարցաքննելով նրան, հաստատված է համարել, որ գործարքի կողմերը դրսևորել են համապատասխան կամահայտնություն:

Դատարանների հետևությունն այն մասին, որ սույն գործով հակընդդեմ հայցով ներկայացված պահանջով իրենք չեն կարող լինել շահագրգիռ անձ, հիմնազուրկ է, քանի որ իրականում իրենք խնդրո առարկա բնակելի տան նկատմամբ ունեն սեփականության իրավունքի օրինական ակնկալիք, և խախտվել է նշված բնակելի տան նկատմամբ իրենց սեփականության իրավունքի օրինական ակնկալիքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև թիվ 12146313 քրեական գործով Յագութ Առաքելյանի կողմից տրված ցուցմունքն այն մասին, որ ինքն իրականում տունը վաճառել է Արմեն Աբովյանին և Կարինե Ստեփանյանին, Հարություն Գյուրջյանին չի ճանաչում, վերջինիս հետ կնքված պայմանագիրը չի կարդացել, այլ միայն ստորագրել է` առանց իմանալու, թե ում հետ է պայմանագիր կնքում, և դա արել է Արմեն Աբովյանի և Կարինե Ստեփանյանի խնդրանքով, որպեսզի Հարություն Գյուրջյանը փոխառությամբ նրանց տա 15.000 ԱՄՆ դոլար իր տունը գնելու:

Բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 10.07.2010 թվականին Յագութ Առաքելյանի և Հարություն Գյուրջյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի համաձայն` Յագութ Առաքելյանը Հարություն Գյուրջյանի սեփականությանն է հանձնել Երևանի Սարի Թաղի թիվ 9 շարքի 40-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը` բնակելի տունը և հողամասը: Պայմանագրի 3-րդ կետի համաձայն` նշված անշարժ գույքի գինը կազմել է 40.000.000 ՀՀ դրամ: Նշված Պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Հարություն Գյուրջյանին 16.07.2010 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 13-15, հատոր 2-րդ, գ.թ. 60).

2) Կարինե Ստեփանյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել այն փաստի առթիվ, որ Աշոտ Կռոյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այն է` Աշոտ Կռոյանը, տեղեկանալով, որ Արմեն Աբովյանը մտադրություն ունի Յագութ Առաքելյանից գնելու նրան պատկանող վերը նշված անշարժ գույքը, Արմեն Աբովյանին հայտնել է, որ ունի ծանոթ, որը բնակարանի գրավադրման դեպքում կարող է ամսական 5% տոկոսադրույքով իրեն տրամադրել իր ուզած 23.000 ԱՄՆ դոլարը, և գալով ընդհանուր համաձայնության` 2010 թվականի հուլիս ամսին նոտարական գրասենյակում կատարված ձևական առուվաճառքի պայմանագրով վերը նշված անշարժ գույքը ձևակերպվել է Հարություն Գյուրջյանի անվամբ, և վերջինիցս վերցնելով 45.000 ԱՄՆ դոլար` Արմեն Աբովյանին տվել է ընդհանուր 23.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 22.000 ԱՄՆ դոլարը խաբեությամբ հափշտակել է: Նշված քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել Արմեն Աբովյանին տուժող ճանաչելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 34, 35).

3) 10.03.2014 թվականին Յաղութ Առաքելյանն ստացական է տվել այն մասին, որ «ինքը Երևանի Սարի Թաղի թիվ 9 շարքի 40-րդ հասցեի սեփական տունը 2009 թվականի սեպտեմբեր ամսին 40.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Արմեն Աբովյանին: Փոխադարձ վստահությամբ սկզբում վերցրել է 25.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 15.000 ԱՄՆ դոլարը ստացել է Բաղրամյան փողոցի թիվ 1 նոտարական գրասենյակում առուվաճառքի ձևակերպման ժամանակ` 2010 թվականի հուլիսին: Ստացականը գրված է իր ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում է» (հատոր 2-րդ, գ.թ. 22).

4) ՀՀ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի կողմից 20.02.2014 թվականին տրված գրության համաձայն` Երևանի Սարի Թաղի թիվ 9 շարքի 40-րդ հասցեում փաստացի բնակվում են երկու անձ` Արմեն Վանիկի Աբովյանը և Կարինե Սարգսի Ստեփանյանը (հատոր 1-ին, գ.թ. 19).

5) Նորայր Ստեփանյանը, Հայաստան Մխիթարյանը, Պարգև Կարապետյանը, Սամվել Առաքելյանը և Հովհաննես Բասմաջյանը 11.05.2015 թվականին գրավոր հայտարարություն են տվել այն մասին, որ Երևանի Սարի Թաղի թիվ 9 շարքի 40-րդ հասցեում գտնվող տունը 2009 թվականի հուլիս ամսին Յագութ Առաքելյանից գնել է Արմեն Աբովյանը, շուրջ հինգ ամիս կատարել է շինարարական աշխատանքներ և դեկտեմբեր ամսվա վերջից մինչև այսօր բնակվում և տիրապետում է կնոջ` Կարինե Ստեփանյանի հետ (հատոր 2-րդ, գ.թ. 61).

6) գործում առկա էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարների դիմաց մուծման վերաբերյալ անդորրագրերի համաձայն` վերը նշված հասցեում որպես էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վարձավճար վճարող է նշված Կարինե Ստեփանյանը, իսկ բաժանորդ` Յագութ Առաքելյանը (հատոր 2-րդ, գ.թ. 24, 25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետը, դրա արդյունքում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ և 53-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ հայցապահանջով դատարան դիմած անձի շահագրգիռ լինելը պարզելու նպատակով ապացույցների գնահատման իրավական հարցին, ինչպես նաև վերահաստատել այդ պահանջով դատարան դիմելու շահագրգռվածության հարցի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

i

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.

- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.

- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).

- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.

- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.

- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:

i

Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տե՛ս Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն`շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի մեկնաբանությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի, թե հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել, ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, և ներկայացված հայցի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել): Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար (տե՛ս Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտե» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների թույլատրելիության իրավական խնդրին, նշել է, որ վերը նշված իրավական նորմով սահմանված է ապացույցների վերաբերելիության ընդհանուր կանոնը, որը հասցեագրված է դատարանին: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց կողմից ներկայացվող ապացույցներից դատարանը հետագա հետազոտման և դատական ակտը հիմնավորելու համար պետք է ընտրի բացառապես նրանք, որոնք ուղղակիորեն կապված են գործով ապացուցման ենթակա փաստերի հետ:

Այլ կերպ ասած` գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված ամբողջ ապացուցողական նյութից դատարանը պարտավոր է ընտրել միայն այն ապացույցները, որոնք վերաբերում են գործին և հաստատում են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը: Հետևաբար ապացույցների վերաբերելիության կանոնի հիմքում ընկած է ապացույցների բովանդակության և ապացուցման ենթակա փաստերի միջև գոյություն ունեցող օբյեկտիվ կապը:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ներկայացված ապացույցները վերաբերելի են, եթե դրանց բովանդակությունը տեղեկություն է պարունակում այն մասին, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին (տե՛ս Ամրբեկ Չոգունյանն ընդդեմ Հայկ Նազարյանի և Արթուր Դանիելյանի թիվ ԿԴ/0393/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի նույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, նույն օրենսգրքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ է, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, օրինակ, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Պայմանագրով Յագութ Առաքելյանը Հարություն Գյուրջյանի սեփականությանն է հանձնել Երևանի Սարի Թաղի թիվ 9 շարքի 40-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը` բնակելի տունը և հողամասը: Նշված Պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Հարություն Գյուրջյանին 16.07.2010 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Կարինե Ստեփանյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել այն փաստի առթիվ, որ Աշոտ Կռոյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այն է` Աշոտ Կռոյանը, տեղեկանալով, որ Արմեն Աբովյանը մտադրություն ունի Յագութ Առաքելյանից գնելու նրան պատկանող վերը նշված անշարժ գույքը, Արմեն Աբովյանին հայտնել է, որ ունի ծանոթ, որը բնակարանի գրավադրման դեպքում կարող է ամսական 5% տոկոսադրույքով իրեն տրամադրել իր ուզած 23.000 ԱՄՆ դոլարը, և գալով ընդհանուր համաձայնության` 2010 թվականի հուլիս ամսին նոտարական գրասենյակում կատարված ձևական առուվաճառքի պայմանագրով վերը նշված անշարժ գույքը ձևակերպվել է Հարություն Գյուրջյանի անվամբ, և վերջինիցս վերցնելով 45.000 ԱՄՆ դոլար` Արմեն Աբովյանին տվել է ընդհանուր 23.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 22.000 ԱՄՆ դոլարը խաբեությամբ հափշտակել է: Նշված քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել Արմեն Աբովյանին տուժող ճանաչելու մասին: 10.03.2014 թվականին Յաղութ Առաքելյանն ստացական է տվել այն մասին, որ «ինքը Երևանի Սարի Թաղի թիվ 9 շարքի 40-րդ հասցեի սեփական տունը 2009 թվականի սեպտեմբեր ամսին 40.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Արմեն Աբովյանին: Փոխադարձ վստահությամբ սկզբում վերցրել է 25.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 15.000 ԱՄՆ դոլարը ստացել է Բաղրամյան փողոցի թիվ 1 նոտարական գրասենյակում առուվաճառքի ձևակերպման ժամանակ 2010 թվականի հուլիսին»: Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի կողմից 20.02.2014 թվականի գրությամբ նշվել է, որ Երևանի Սարի Թաղի թիվ 9-րդ շարքի 40-րդ հասցեում փաստացի բնակվում են երկու անձ` Արմեն Վանիկի Աբովյանը և Կարինե Սարգսի Ստեփանյանը: Նորայր Ստեփանյանը, Հայաստան Մխիթարյանը, Պարգև Կարապետյանը, Սամվել Առաքելյանը և Հովհաննես Բասմաջյանը 11.05.2015 թվականին գրավոր հայտարարություն են տվել այն մասին, որ Երևանի Սարի Թաղի թիվ 9 շարքի 40-րդ հասցեում գտնվող տունը 2009 թվականի հուլիս ամսին Յագութ Առաքելյանից գնել է Արմեն Աբովյանը, շուրջ հինգ ամիս կատարել է շինարարական աշխատանքներ և դեկտեմբեր ամսվա վերջից մինչև այսօր բնակվում և տիրապետում է կնոջ` Կարինե Ստեփանյանի հետ: Ըստ գործում առկա էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարների դիմաց մուծման վերաբերյալ անդորրագրերի` վերը նշված հասցեում որպես էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վարձավճար վճարող նշված է Կարինե Ստեփանյանը, իսկ բաժանորդ` Յագութ Առաքելյանը:

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ «Արմեն Աբովյանը և Կարինե Ստեփանյանը Երևանի Սարի Թաղի 9 փողոցի թիվ 40 բնակարանը տիրապետում են առանց օրինական հիմքերի, որպիսի պարագայում հիմնավոր է Հարություն Գյուրջյանի` Արմեն Աբովյանին և Կարինե Ստեփանյանին վերը նշված հասցեից վտարելու պահանջը», «սույն գործով հակընդդեմ հայցվորները, ներկայացնելով պահանջ` Յագութ Առաքելյանի և Հարություն Գյուրջյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը որպես շինծու գործարք անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին, չեն կարող լինել շահագրգիռ անձինք, քանի որ 10.07.2010 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Յագութ Առաքելյանը վաճառել է, իսկ Հարություն Գյուրջյանը որպես սեփականություն ձեռք է բերել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Սարի Թաղի 9 շարքի թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույքը», «հակընդդեմ հայցվորների որևէ իրավունք չի խախտվել, քանի որ վերջիններս 10.07.2010 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի առարկա հանդիսացող Երևանի Սարի Թաղի 9-րդ շարքի թիվ 40 հասցեի տան նկատմամբ որևէ իրավունք չեն ունեցել, առավել ևս, երբ վերը նշված գործարքի կողմերը լիարժեքորեն իրացրել են իրենց իրավունքների ու պարտականությունների ծավալը` դրսևորելով համապատասխան կամահայտնություն, որպիսի հանգամանքը բացառում է մեկ այլ անձի` տվյալ դեպքում հակընդդեմ հայցվորների կողմից դրա վիճարկումը», «թիվ 9 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հայտարարությունը և 10.03.2014 թվականի «ստացական» վերտառությամբ գրության պատճենն իրավաբովանդակ առումով չեն կարող գնահատվել որպես շահագրգիռ անձ լինելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ», հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները, գտել է որ Դատարանի կողմից կայացվել է իրավաչափ դատական ակտ, իսկ վերաքննիչ բողոքը չի պարունակում այնպիսի հիմքեր և հիմնավորումներ, որոնք կարող էին բավարար լինել գործն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտը բեկանելու համար:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում: Մասնավորապես` ստորադաս դատարանները, արձանագրելով, որ Համապատասխանողները չեն կարող լինել շահագրգիռ անձինք, այդ հետևությանն են հանգել առանց պարզելու վերջիններիս շահագրգռվածության հարցը, այսինքն` նրանց որ իրավունքներն են իրականում խախտվել, ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, և ներկայացված հակընդդեմ հայցի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել նրանց իրավունքները:

Բացի այդ, դատարանները, եզրահանգելով, որ «թիվ 9 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հայտարարությունը և 10.03.2014 թվականի «ստացական» վերտառությամբ գրության պատճենը չեն կարող գնահատվել որպես շահագրգիռ անձ լինելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ», անտեսել են, որ այդ ապացույցներն ուղղակիորեն տեղեկություն են բովանդակում սույն գործով վիճելի փաստի, այն է` հակընդդեմ հայցով հայցվորների շահագրգռվածության վերաբերյալ: Ընդ որում, օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել Համապատասխանողների վկայակոչած փաստը: ՈՒստի նման պայմաններում այդ փաստը կարող է հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով:

Ավելին, ստորադաս դատարանները չեն անդրադարձել և գնահատական չեն տվել գործում առկա` Կարինե Ստեփանյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին նախաքննության մարմնի 16.10.2013 թվականի որոշմանը, ՀՀ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի կողմից 20.02.2014 թվականին տրված գրությանն այն մասին, որ Երևանի Սարի Թաղի թիվ 9 շարքի 40-րդ հասցեում փաստացի բնակվում են երկու անձ` Արմեն Վանիկի Աբովյանը և Կարինե Սարգսի Ստեփանյանը, ինչպես նաև գործում առկա էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարների դիմաց մուծման վերաբերյալ անդորրագրերին, որոնցում վերը նշված հասցեում որպես էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վարձավճար մուծող է նշված Կարինե Ստեփանյանը, իսկ բաժանորդ` Յագութ Առաքելյանը: Նշված փաստաթղթերը ևս բովանդակային առումով տեղեկություն են պարունակում գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Համապատասխանողների այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ և 220-րդ հոդվածի 1-ին կետը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ու գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Համապատասխանողների վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ԵԷԴ/0318/02/14
Որոշում