Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332-ՐԴ, 335-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵՄԴ/0529/02/14
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0529/02/14  
Նախագահող դատավոր`  Ն. Բարսեղյան
                    Դատավորներ`  Ս. Միքայելյան
                                                   Հ. Ենոքյան 

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
 Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հարություն Ղարագոզյանի ներկայացուցիչ Աստղիկ Պապիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հարություն Ղարագոզյանի ընդդեմ Կարեն Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Կարեն Ղազարյանի ընդդեմ Հարություն Ղարագոզյանի` փոխառության գործարքը շինծու ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հարություն Ղարագոզյանը պահանջել է Կարեն Ղազարյանից բռնագանձել 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև կետանցի օրվանից` 2011 թվականի դեկտեմբեր ամսից մինչև պարտավորության դադարման օրը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարեն Ղազարյանը պահանջել է փոխառության գործարքը ճանաչել շինծու և նշված գործարքը ճանաչել կնքված Հարություն Ղարագոզյանի և Կարապետ Տերտերյանի միջև:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ա.Մկրտչյան) 18.11.2014 թվականին վճռել է. «Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես կողմերի միջև կնքված փոխառության առոչինչ գործարքի անվավերության հետևանք: Հայցային վաղեմություն կիրառելու հիմքով հայցը մերժելու մասին միջնորդությունը մերժել: Հակընդդեմ հայցով ներկայացված փոխառության գործարքը շինծու գործարք ճանաչելու պահանջի մասին հակընդդեմ պահանջը մերժել, իսկ գործարքը Հարություն Ղարագոզյանի և Կարապետ Տերտերյանի միջև կնքված ճանաչելու մասին հակընդդեմ պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել` հակընդդեմ պահանջից հրաժարվելու հիմքով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ.Հակոբյան, Ա.Խառատյան, Տ.Նազարյան) 17.02.2015 թվականի որոշմամբ Կարեն Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2014 թվականի վճիռը մասնակիորեն` «Կարեն Ղազարյանից հօգուտ հայցվորի 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բռնագանձելու, հայցային վաղեմության կիրառման միջնորդությունը մերժելու, Կարեն Ղազարյանից հօգուտ հայցվորի 50.000 ՀՀ դրամ և հօգուտ ՀՀ պետական բյուջեի 279 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար բռնագանձելու, հակընդդեմ հայցը մերժելու և Կարեն Ղազարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրք բռնագանձելու» մասերով բեկանվել է, և գործը` այդ մասերով, ուղարկվել է նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 15.06.2015 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.10.2015 թվականի որոշմամբ Հարություն Ղարագոզյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.06.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Ղարագոզյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարեն Ղազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ և 337-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ գնահատում: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կարեն Ղազարյանի կողմից 25.10.2013 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին ներկայացված դիմումով, Հարություն Ղարագոզյանից բացատրություն վերցնելու մասին 08.11.2013 թվականի արձանագրությամբ, 26.02.2014 թվականին Հարություն Ղարագոզյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությամբ, 01.03.2014 թվականին Կարեն Ղազարյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ՀՈ բաժանմունքի տեսուչ Ա. Ադիլյանի 07.03.2014 թվականի եզրակացությամբ հիմնավորվում է պատասխանողի կողմից հայցվորից 20.000 ԱՄՆ դոլար ստանալու հանգամանքը, որպիսի պայմաններում ակնհայտ է դառնում այն հանգամանքը, որ կողմերի միջև առկա է եղել փոխառության գործարք: Ընդ որում, որևէ էական նշանակություն չունի, թե գումարն ինչ նպատակով է տրամադրվել Կարեն Ղազարյանին, այդուհանդերձ, վերջինս կրում է այն վերադարձնելու պարտականությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Դատարանը հստակ չի տարանջատել, թե երբվանից է սկսել հոսել հայցային վաղեմության ժամկետը` անտեսելով այն հանգամանքը, որ Հարություն Ղարագոզյանն իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել է և դատական պաշտպանության է դիմել այն ժամանակ, երբ Կարեն Ղազարյանը դիմել է ոստիկանություն, որից ակնհայտ է դարձել, որ վերջինիս հրաժարվում է պարտքով վերցրած գումարը վերադարձնել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ բողոք բերած անձը փորձում է գումար ստանալու հանգամանքը ներկայացնել որպես փոխառություն` անտեսելով այն, որ գումար ստանալը` որպես գործողություն, կարող է հետապնդել տարատեսակ նպատակներ` սկսած պարտավորությունների կատարումից մինչև փոխառություն ստանալը: Հետևաբար միայն գումարի փոխանցումը բավարար չէ ապացուցելու, որ անձը ստանձնել է փոխառության պարտավորություն:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի հիմնավորմանն այն մասին, որ հայցային վաղեմությունը հաշվարկելու սկիզբը դատարանների կողմից սխալ է որոշված, ապա ակնհայտ է, որ բողոք բերած անձը հակասում է ինքն իրեն, քանի որ սույն գործով հիմնավորված չէ նաև որպես փոխառություն ներկայացվող գումարի տրամադրման ժամկետներն ու պայմանները, որոնք փոխառության գործարքի համար հանդիսանում են էական հանգամանքներ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կարեն Ղազարյանը 25.10.2013 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին ներկայացրած դիմումով հայտնել է, որ «շուրջ 3-5 տարի առաջ իր ծանոթ Կարապետ Տերտերյանի խնդրանքով և առաջարկով իր ընկեր Հարություն Ղարագոզյանից մաս-մաս վերցրել է 20.000 ԱՄՆ դոլար և այն տվել Կարապետին պարտքով, և քանի որ Կարապետը չի կարողանում վճարել պարտքը, Հարությունն էլ պահանջում է իրենից, սակայն այդ գումարի մասով ինքը եղել է որպես միջնորդ, խնդրել է ոստիկանության օժանդակությունը» (հատոր 1-ին, գ.թ. 10):

2) Հարություն Ղարագոզյանից բացատրություն վերցնելու մասին 08.11.2013 թվականի արձանագրությամբ վերջինս հայտնել է, որ «շուրջ հինգ տարի առաջ Կարենն իրենից 10.000 ԱՄՆ դոլար գումար է խնդրել ընկերոջ` Կարապետի (Գարուշի) համար, որին հեռակա կարգով ճանաչել է նաև ինքը: Կարենին վստահելով` գումարը տվել է: 6 ամիս հետո Կարենը նորից դիմել է իրեն` ևս 10.000 ԱՄՆ դոլար գումար պարտքով տալու խնդրանքով: Առաջարկել է 3 տոկոսով, Կարենն էլ համաձայնել է, ուստի նրան տվել է ևս 10.000 ԱՄՆ դոլար: Գումարները Կարենը վերցրել է ընկերոջ` Կարապետի համար:... Սկզբում առաջին 10.000 ԱՄՆ դոլարի համար Կարենն իրեն մի քանի անգամ վճարել է 300 ԱՄՆ դոլար, ապա երբ նրան տվել է ևս 10.000 ԱՄՆ դոլար, որից հետո ընդհանուր գումարը կազմել է 20.000 ԱՄՆ դոլար, Կարենը վճարել է նշված գումարի 3 տոկոսի` 600 ԱՄՆ դոլարի չափով: Ընդհանուր վճարումները կատարվել են մոտ մեկ տարի, որից հետո Կարենը որևէ վճարում չի կատարել: Իր հարցադրումներին, թե ինչու չի վճարում Կարապետը, Կարենը հայտարարել է, որ իբր նրա գործերը լավ չեն, չի կարողանում վճարել, բայց խոստացել է իր տունը վաճառելուց հետո վերադարձնել ամբողջ գումարը, սակայն շատ չանցած Կարենը հայտնել է, որ Կարապետը (Գարուշը) մեկնել է Դուբայ: Այդ օրվանից անցել է մոտ 3-4 տարի և մինչ օրս իրեն չեն վերադարձրել իր գումարը....» (հատոր 1-ին, գ.թ. 53):

3) 26.02.2014 թվականին Հարություն Ղարագոզյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությամբ վերջինս հայտնել է, որ «...2010 թվականին Կարենը խնդրել է իրեն տրամադրել 10.000 ԱՄՆ դոլար` հետ վերադարձնելու նպատակով: Քանի որ երկար տարիներ ճանաչել է նրան, վստահելով տվել է գումարը` ետ վերադարձնելու պայմանով, սակայն իրենց միջև որևէ գրավոր համաձայնություն չի եղել` գումարը տալու և հետ վերադարձնելու վերաբերյալ:.... Վեց ամիս անց Կարենը նորից խնդրել է իրեն տալ ևս 10.000 ԱՄՆ դոլար: Կարենը հայտնել է, որ այդ գումարը 3 տոկոսով տրամադրելու է ոմն Կարապետին (Գարուշին), ով հանդիսանում է իր ընկերը, և նշել է, որ նախկինում վերցրած 10.000 ԱՄՆ դոլարը ևս տվել է Կարապետին (Գարուշին): Միաժամանակ բանավոր պարտավորվել է այդ 20.000 ԱՄՆ դոլարի 3 տոկոսն ամեն ամիս վերադարձնել, քանի որ այլ կերպ չէր կարողանում վերադարձնել գումարը: Կարենը նշել է նաև, որ եթե ամբողջ գումարը պետք լինի իրեն, միայն երկու ամիս առաջ տեղյակ պահի, և նա այն կվերադարձնի: Այդ ամենից հետո 2011 թվականի մարտ ամսից մինչև նույն թվականի սեպտեմբեր ամիսը Կարենն իրեն տվել է 20.000 դոլարի 3 տոկոսը, որն ընդհանուր կազմել է 3.600 դոլար, որից հետո նա դադարել է տալ 3 տոկոսը` պատճառաբանելով, որ իր ընկեր Կարապետի գործերը լավ չեն...» (հատոր 1-ին, գ.թ. 55):

4) 01.03.2014 թվականին Կարեն Ղազարյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությամբ վերջինս հայտնել է, որ «...2008 թվականին այցելել է Հարությունին և հայտնել է, որ Կարապետին տոկոսով գումար է անհրաժեշտ: Եթե Հարությունի` նախկինում արված առաջարկությունն ուժի մեջ է, խնդրել է տրամադրել 10.000 ԱՄՆ դոլար` 3 տոկոսով: Վերջինս համաձայնել է և տրամադրել է նախատեսված գումարը Կարապետին փոխանցելու համար: ... Բանավոր պայմանավորվածության հիման վրա ինքը 10.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Կարապետին և ըստ պայմանավորվածության` ամսական 300 ԱՄՆ դոլար փոխանցել է Հարությունին: .. Ամիսներ անց նույն պայմանով ևս 10.000 ԱՄՆ դոլար է տրամադրել Կարապետ Տերտերյանին: Հարությունը պահանջել է վերադարձնել 20.000 ԱՄՆ դոլարը, սակայն Կարապետ Տերտերյանն առանց իր իմացության վաճառել է իր ամբողջ գույքը և մեկնել է ՀՀ-ից Դուբայ 2010 թվականի գարնանը...» (հատոր 1-ին, գ.թ. 56):

5) Կարեն Ղազարյանը 25.06.2014 թվականին Դատարան ներկայացված հակընդդեմ հայցադիմումով հայտնել է, որ. «իրականում հայցվորի կողմից ներկայացված փոխառության հարաբերությունները ծագել են ոչ թե հայցվորի և պատասխանողի միջև, այլ հայցվորի և քաղաքացի Կարապետ Տերտերյանի միջև, այսինքն` առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված շինծու գործարք: Նշված հանգամանքը հիմնավորվում է ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով...» (հատոր 1-ին, գ.թ. 68-69):

6) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ՀՈ բաժանմունքի տեսուչ Ա. Ադիլյանի 07.03.2014 թվականի եզրակացության համաձայն` «24.02.2014 թվականին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Հարություն Ղարագոզյանը և հայտնել, որ շուրջ 3 տարի առաջ Կարեն Ղազարյանն իրենից պարտքով խնդրել է 10.000 ԱՄՆ դոլար, այնուհետև 5-6 ամիս անց խնդրել է ևս 2.000 ԱՄՆ դոլար, որպեսզի ավտոմեքենա գնի, հետագայում խնդրել է ևս 10.000 ԱՄՆ դոլար, որի ընթացքում վերադարձրել է 2.000 ԱՄՆ դոլարը» (հատոր 1-ին, գ.թ. 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Նույն կետի 2-րդ պարբերության համաձայն` փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուի սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Ընդ որում, անձի կողմից գումար ստանալը որպես փոխառություն և այն վերադարձնելու պարտավորությունը կարող է հիմնավորվել փոխառության գրավոր պայմանագրով` ստորագրված փոխատուի և փոխառուի կողմից, ստացականով` ստորագրված փոխառուի կողմից, որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթղթով:

Օրենսդիրը միաժամանակ կարգավորել է փոխառության գումարի վերադարձման կարգը: Այսպես, փոխառուն պարտավոր է փոխառության գումարը վերադարձնել փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, իսկ այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տրված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ, դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հետևաբար դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նաև այդ ապացույցների իրավական գնահատականը (տե՛ս Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի, Ալեքսանդր Դուրգարյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռ. Առաքելյանի թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Հարություն Ղարագոզյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որով կհավաստվեր պատասխանողի կողմից իր համար որպես փոխառություն գումար վերցնելու փաստը: Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Ադիլյանի 07.03.2014 թվականի եզրակացությունը և կողմերի բացատրությունները ներառող արձանագրությունները բավարար չեն հայցվորի և պատասխանողի միջև փոխառության պայմանագրի կնքման փաստը հաստատված համարելու համար, քանի որ կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր դիրքորոշումը, ընդ որում, նշված դիրքորոշումները հակասական են ոչ միայն միմյանց նկատմամբ, այլև առկա են հակասություններ միևնույն անձի` տարբեր ժամանակահատվածներում ներկայացված բացատրություններում` գումարը տրամադրելու նպատակի կապակցությամբ: Անդրադառնալով պատասխանողի կողմից հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությանը` Դատարանը նշել է, որ հայցվորն ընդունել է իր կողմից պահանջ ներկայացնելու հանգամանքը` սկսած այն պահից, երբ դադարեցվել է տոկոսների վճարումը (ըստ հայցվորի` դա տևել է մեկ տարի), հետևաբար Դատարանը գտել է, որ նույնիսկ հօգուտ հայցվորի նշված ժամկետը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը գնահատելու դեպքում, լրացել է օրենքով սահմանված հայցային վաղեմության եռամյա ժամկետը:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, ըստ էության, համաձայնել է Դատարանի եզրահանգումներին: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հավելել է, որ հայցվորի կողմից Կարեն Ղազարյանին գումարներ տրամադրելու և վերջինիս կողմից ստացված գումարների դիմաց տոկոսներ վճարելու ժամանակահատվածը ոչնչով չի հիմնավորվում, ուստի և հանգել է այն հետևության, որ հայցվորի կողմից մատնանշված ժամանակահատվածը որպես վերջինիս մոտ պատասխանողից նշված գումարը բռնագանձելու պահանջով դատարան դիմելու իրավունքի ծագման ժամանակահատված դիտելու պարագայում հայցվորը դատարան է դիմել միայն 2014 թվականի ապրիլին` բաց թողնելով իր իրավունքի պաշտպանության եռամյա ժամկետը:

Մինչդեռ վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործում առկա ապացույցները, մասնավորապես` Կարեն Ղազարյանի կողմից 25.10.2013 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին ներկայացված դիմումը, Հարություն Ղարագոզյանից բացատրություն վերցնելու մասին 08.11.2013 թվականի և 26.02.2014 թվականի արձանագրությունները, 01.03.2014 թվականին Կարեն Ղազարյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ՀՈ բաժանմունքի տեսուչ Ա. Ադիլյանի 07.03.2014 թվականի եզրակացությունը, ինչպես նաև Կարեն Ղազարյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումի փաստարկները պարունակում են տեղեկություններ, որոնց համադրությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ Կարեն Ղազարյանը, ըստ էության, ընդունել է Հարություն Ղարագոզյանից գումար ստանալու հանգամանքը, սակայն իր և հայցվորի միջև փոխառության գործարքի բացակայությունը հիմնավորել է գումարն այլ անձի փոխանցելու հանգամանքով: Միաժամանակ նշված ապացույցների ուսումնասիրությունից հետևում է, որ Հարություն Ղարագոզյանը վիճելի գումարը Կարեն Ղազարյանին տրամադրել է վերադարձնելու պայմանով: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Հարություն Ղարագոզյանի և այլ անձի միջև առկա են եղել վիճելի գումարի տրամադրման վերաբերյալ փոխառության կամ այլ պարտավորական հարաբերություններ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարեն Ղազարյանի կողմից գումարի ստացման նպատակը` այլ անձի վիճելի գումարը փոխանցելու հանգամանքը, չի կարող հիմք հանդիսանալ Կարեն Ղազարյանի կողմից ստանձնած պարտավորությունը չկատարելու համար, քանի որ Հարություն Ղարագոզյանը գումարը տրամադրել է Կարեն Ղազարյանին, և սույն գործի փաստերով չի հիմնավորվում այն, որ Հարություն Ղարագոզյանը հանձնարարել է Կարեն Ղազարյանին փոխառության գումարը տրամադրել երրորդ անձի: Մինչդեռ ստորադաս դատարանները վերը նշված ապացույցների ոչ լրիվ և բազմակողմանի գնահատման արդյունքում անտեսել են դրանցից բխող, սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի առկայությունը, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների կողմից կիրառված հայցային վաղեմության իրավաչափությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

i

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյանները և Կարինե Հարությունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Այսինքն` հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետևաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը:

Վերը նշված իրավական վերլուծությունները հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ սույն գործով ենթադրյալ պարտավորության կատարման ժամկետը որոշված չի եղել, հետևաբար և չի պարզվել այն հանգամանքը, թե երբ է պարտատիրոջ մոտ առաջացել պարտավորության կատարումը պահանջելու իրավունք, որպիսի պայմաններում միայն կարող էր հաշվարկվել հայցային վաղեմության ժամկետը:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը` Հարություն Ղարագոզյանի հայցի մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.03.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2015 թվականի որոշման` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 15.06.2015 թվականի վճիռը` Հարություն Ղարագոզյանի հայցը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.03.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ԵՄԴ/0529/02/14
Որոշում