Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 48-ՐԴ, 61...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 48-ՐԴ, 61-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ԵԿԴ/0189/01/13   

դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0189/01/13

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Գ. Ավետիսյան

                       Ռ. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ     

                   մասնակցությամբ դատավորներ   Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ      

                                               Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ      

                                               Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ     

                                               Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

                                               Ս. ՕՀԱՆՅԱՆԻ       

 

                   քարտուղարությամբ            Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ     

                   մասնակցությամբ դատախազ      Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

 

2016 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արթուր Վիտալիի Բոգոմազովի վերաբերյալ 2 դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2012 թվականի ապրիլի 17-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 83154212 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2012 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Արթուր Բոգոմազովը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը Ա. Բոգոմազովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2012 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Ա. Բոգոմազովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի` 2012 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ թիվ 83154212 քրեական գործով վարույթը կասեցվել է:

2012 թվականի դեկտեմբերի 28-ին Ա. Բոգոմազովը հայտնաբերվել է, թիվ 83154212 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է, և Ա. Բոգոմազովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Ա. Բոգոմազովի նկատմամբ որպես խափանման միջոց թողնվել է կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը` գրավի գումարի չափ սահմանելով 1.000.000 ՀՀ դրամը:

Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ դատախազ Բ. Պետրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը` Ա. Բոգոմազովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասով, բեկանվել է:

Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ Ա. Բոգոմազովի պաշտպան Գ. Մադոյանի միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի, իսկ որպես գրավի գումարի չափ է սահմանվել 1.000.000 ՀՀ դրամը:

2013 թվականի սեպտեմբերի 6-ին Ա. Բոգոմազովին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

2013 թվականի սեպտեմբերի 19-ին Ա. Բոգոմազովին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

2013 թվականի սեպտեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:

2. ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բ. Պետրոսյանի` 2014 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Ա. Բոգոմազովին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բ. Պետրոսյանի` 2015 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Ա. Բոգոմազովին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 2-ի դատավճռով Ա. Բոգոմազովը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, և յուրաքանչյուր դրվագի համար դատապարտվել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ Ա. Բոգոմազովը դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով:

Նույն դատավճռով ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը բավարարվել է, և Ա. Բոգոմազովից հօգուտ ՀՀ պետական բյուջե է բռնագանձվել 26.077.922 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում:

3. Ամբաստանյալ Ա. Բոգոմազովի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի օգոստոսի 4-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 2-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու մասին: Ա. Բոգոմազովը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով և յուրաքանչյուր դրվագի համար դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, և նա ազատվել է պատժից:

Նույն որոշմամբ Ա. Բոգոմազովից հօգուտ ՀՀ պետական բյուջե է բռնագանձվել 24.077.922 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ա. Բոգոմազովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված` «Էռաստա» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն, 2008-2009 թթ. ընթացքում Երևան քաղաքի Աբովյան 1/3 հասցեում իրականացրել է շահույթ հետապնդող առևտրային գործունեություն, սակայն հարկերը վճարելուց խուսափելու դիտավորությամբ, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի և «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջները, գործունեության վերաբերյալ հարկման համար հիմք հանդիսացող` 2009 թվականի շահութահարկի հաշվարկ, ինչպես նաև` 2009 թ. 3-րդ ու 4-րդ եռամսյակների ԱԱՀ-ի հաշվարկները չկազմելու, Կենտրոնի հարկային տեսչություն չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է պետբյուջե վճարել խոշոր չափերով` 13.173.234 ՀՀ դրամ հարկերը, այդ թվում` ԱԱՀ-ի գծով` 3.266. 833 ՀՀ դրամ ու շահութահարկի գծով` 9.906.401 ՀՀ դրամ:

(...) Բացի այդ, Արթուր Վիտալիի Բոգոմազովը, հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «Բաց Երկնքի Տակ» ՍՊ ընկերության հիմնադիր և փաստացի ղեկավար, իսկ 2010 թ. սեպտեմբերի 1-ից նաև` ընկերության տնօրեն, 2009-2010 թթ. ընթացքում Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում իրականացրել է շահույթ հետապնդող առևտրային գործունեություն, սակայն հարկերը վճարելուց խուսափելու դիտավորությամբ, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները` 2010 թվականի համար շահութահարկի հաշվարկ չկազմելու և Կենտրոնի հարկային տեսչություն չներկայացնելու, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները` 2010 թ. հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների համար ընկերության կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկ չկազմելու և Կենտրոնի հարկային տեսչություն չներկայացնելու, «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջները` 2009 թ. 4-րդ, 2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար ընկերության կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, ԱԱՀ-ի հաշվարկներ չկազմելու և Կենտրոնի հարկային տեսչություն չներկայացնելու, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` 2010 թ. ապրիլ և մայիս ամիսների համար կազմված և Կենտրոնի հարկային տեսչություն ներկայացված «գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու, իսկ 62.800 ՀՀ դրամ գումարի վճարը` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների խախտմամբ 2010թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար «գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» հաշվետվություններ չկազմելու և Կենտրոնի հարկային տեսչություն չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել խոշոր չափերով` 14.654.688 ՀՀ դրամ հարկերը, այդ թվում` շահութահարկի գծով` 2.312.745 ՀՀ դրամ, ԱԱՀ-ի գծով` 9.054.645 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով` 3.199.498 ՀՀ դրամ ու սոց. վճարի գծով` 87.800 ՀՀ դրամ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 44-48):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(...) Սույն քրեական գործի դատական քննությամբ հաստատվել է, որ ամբաստանյալ Ա. Բոգոմազովի կատարած հանցագործության հետևանքով ՀՀ պետական բյուջեին անմիջականորեն պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 27.827.922 ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնաս, որից որպես շահութահարկ 1.750.000 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումար է փոխանցվել ՀՀ Կենտրոնական գանձապետարանի (...) հաշվեհամարին:

(...) ՈՒսումնասիրելով Ա. Բոգոմազովի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները` ամբաստանյալ Արթուր Բոգոմազովի նկատմամբ նրա կատարած յուրաքանչյուր հանցագործության համար պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ Ա. Բոգոմազովը նախկինում դատված չի եղել, խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները, որոնցից մեկը` մինչև 14 տարեկան:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք` յուրաքանչյուր դրվագով դատարանը հաշվի է առնում պատիժ նշանակելու պահին հանցավորի խնամքին մինչև 14 տարեկան մեկ երեխայի առկայությունը:

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

(...) Դատարանը հաշվի է առնում (...) ամբաստանյալ Արթուր Վիտալիի Բոգոմազովի կողմից կատարված հանցագործությունների` հանրության համար վտանգավորության աստիճանը, այն, որ յուրաքանչյուր դրվագով ամբաստանյալին մեղսագրվող` հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելու խոշոր չափի առավելագույն սահմանը ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկն է` 15.000.000 (...) ՀՀ դրամ գումարը, իսկ Ա. Բոգոմազովին մեղսագրվող հանցագործության առաջին դրվագի գումարը կազմում է 13.173.234 ՀՀ դրամ ընդհանուր գումար, երկրորդ դրվագինը` 14.654.688 ՀՀ դրամ ընդհանուր գումար, այսինքն` այդ գումարները մոտ են նշված չափի առավելագույն սահմանին:

Հաշվի առնելով ամբաստանյալ Արթուր Բոգոմազովի կատարած` երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններից յուրաքանչյուրի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հետ` դատարանը գտնում է, որ Արթուր Բոգոմազովն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստ պատժի` ազատազրկման ձևով, քանի որ այդ պատիժն է անհրաժեշտ և բավարար Ա. Բոգոմազովին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար, իսկ պատժի նվազ խիստ տեսակ տուգանքը տվյալ դեպքում չի կարող ապահովել պատժի նպատակները» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 66-92):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պատժատեսակի և պատիժը կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ հետևության, սակայն պատժաչափի առումով` լիարժեք չի պահպանել ՀՀ քրեական օրենսդրության ընդհանուր մասով ամրագրված պատժի նշանակումը կանոնակարգող իրավադրույթները:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժի նվազ խիստ տեսակ տուգանքը չի կարող ապահովել պատժի նպատակները:

(...) Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ ամբաստանյալ Ա. Բոգոմազովի կատարած հանցագործության հետևանքով ՀՀ պետական բյուջեին անմիջականորեն պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 27.827.922 ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնաս, որից, որպես շահութահարկ, 1.750.000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել ՀՀ Կենտրոնական գանձապետարանի թիվ 90005005012 հաշվեհամարին, պատշաճ գնահատման չի արժանացրել նշված հանգամանքը` այն, որ Արթուր Բոգոմազովը հանցագործությունների հետևանքով պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ միջոցներ է ձեռնարկել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Արթուր Բոգոմազովը դատարան է ներկայացրել ևս 2.000.000 ՀՀ դրամ գումար որպես շահութահարկ փոխանցելու վերաբերյալ անդորրագրեր:

Վերը նշված հանգամանքների վերլուծությամբ վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով յուրաքանչյուր դրվագով ազատազրկման ձևով նշանակված պատիժը մեղմացնելով` երկու տարի վեց ամիս ժամկետով պատիժ նշանակելով, հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 164-170):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա. Բոգոմազովի նկատմամբ պատիժ նշանակելիս խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջները` կայացնելով անհիմն և չպատճառաբանված դատական ակտ:

i

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկների` բողոքաբերը վերլուծել է Վճռաբեկ դատարանի` թիվ ԵՇԴ/0029/01/08, թիվ ԵԿԴ/0042/01/11, թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշումները և եզրահանգել, որ հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վերաբերյալ հիշյալ նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով ամբաստանյալ Ա. Բոգոմազովին մեղսագրվող արարքների նկատմամբ: Մասնավորապես, բողոք բերած անձը փաստել է, որ հանցագործությամբ պետությանը պատճառված 27.827.922 ՀՀ դրամ վնասի ընդամենը 13.5%-ը վերականգնելն էականորեն չի նվազեցրել ամբաստանյալի կողմից կատարված արարքների հանրային վտանգավորության աստիճանը:

9. Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքի հեղինակն արձանագրել է, որ Ա. Բոգոմազովի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել ինչպես ամբաստանյալին մեղսագրվող հանցագործությունների արդյունքում պատճառված վնասի չափը (այն, որ այդ գումարները մոտ են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի վնասի առավելագույն շեմին), այնպես էլ հանցագործության կատարումից հետո նրա դրսևորած վարքագիծը: ՈՒստի բողոքաբերը եզրահանգել է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ ստորադաս դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել ամբաստանյալի` հանցագործությունների հետևանքով պատճառված վնասը հարթելուն ուղղված գործողությունները:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ամբաստանյալ Ա. Բոգոմազովի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

i

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

i

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով (...)»:

13. Մեջբերված նորմերի (պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների վերլուծությանը Վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 14-23-րդ կետերում) լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասը` Վճռաբեկ դատարանը կրկնում է.

«Վերաքննիչ դատարանն իրավասու է պատժի մասով փոփոխել առաջին ատյանի դատարանի դատական ակտը հետևյալ դեպքերում.

1) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս չեն պահպանվել պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները,

2) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի չեն առնվել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ հանգամանք(ներ)ը հաշվի չառնելը հանգեցրել է անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման:

(...) Առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս վերոնշյալ պահանջների չպահպանման վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված: Այլ կերպ ասած` պատիժն ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու հիմքով առաջին ատյանի դատարանի դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե պատժի նշանակման հատկապես որ սկզբունքը կամ սկզբունքները չեն պահպանվել, հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող որ հանգամանքները հաշվի չեն առնվել և արդյոք այդ հանգամանքները հաշվի չառնելն է հանգեցրել անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման: Այսինքն` եթե վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, պետք է պատճառաբանի, թե ինչում է արտահայտվել պատժի խստության կամ մեղմության ակնհայտությունը (տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 24-րդ կետը):

14. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու համար, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով խոշոր չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը:

Վերահաստատելով իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա (տե՛ս, օրինակ, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 39-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից արարքի հանրային վտանգավորությունը որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի չվճարված հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների չափը: Այսինքն` յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիս պետք է համապատասխան գնահատականի արժանանա այն հանգամանքը, թե որքանով է հանցագործությամբ պատճառված վնասը մոտ հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների խոշոր չափերի` նվազագույն կամ առավելագույն սահմանին: Հակառակ պարագայում նշանակված պատժով չի ապահովվի կատարված արարքի և կիրառված քրեաիրավական միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինն Ա. Բոգոմազովին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով` համապատասխանաբար 13.173.234 և 14.654.688 ՀՀ դրամ խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել Ա. Բոգոմազովի կատարած հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցագործությունները կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով հարկեր վճարելուց խուսափելու խոշոր չափի առավելագույն սահմանը նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկն է (15.000.000 ՀՀ դրամը), իսկ Ա. Բոգոմազովը չարամտորեն խուսափել է վճարել նշված առավելագույն սահմանին մոտ գումարներ, այն է` մի դրվագով` 13.173.234, մյուսով` 14.654.688 ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ Ա. Բոգոմազովը միջոցներ է ձեռնարկել պետությանը պատճառված վնասը` 27.827.922 ՀՀ դրամ գումարը, հատուցելու ուղղությամբ և նշված գումարից վերականգնել է 1.750.000 ՀՀ դրամը: Հիմք ընդունելով նշյալը, ինչպես նաև այն, որ Ա. Բոգոմազովի կողմից վերականգնվել է ևս 2.000.000 ՀՀ դրամ` Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և մեղմացրել ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները դիտարկելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավասու չէր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա պատժի մասով փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը:

Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նախաքննության ընթացքում Ա. Բոգոմազովի կողմից 1.750.000 ՀՀ դրամ վերականգնելու փաստը և հաշվի է առել դա նրա նկատմամբ պատիժ նշանակելիս: Այս պայմաններում հիմնավոր չի կարող համարվել նշված հանգամանքը պատշաճ գնահատման չարժանացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությունը, առավել ևս այն դեպքում, երբ չի պատճառաբանվել, թե ինչում է դրսևորվել դրա գնահատման ոչ պատշաճ լինելը: Ավելին` Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի պարունակում որևէ հիմնավորում առ այն, թե արդյոք պատճառված վնասի մի մասի վերականգնման փաստը Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չարժանացնելը հանգեցրել է ամբաստանյալ Ա. Բոգոմազովի նկատմամբ անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանում դատաքննության ժամանակ ամբաստանյալի կողմից ևս 2.000.000 ՀՀ դրամ գումար վերականգնելուն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը պետությանը պատճառված ընդհանուր վնասի` 27.827.922 ՀՀ դրամ գումարի պայմաններում օբյեկտիվորեն չի կարող նվազեցնել նրա կողմից կատարված հանցագործությունների հանրային վտանգավորության աստիճանը և հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը մեղմացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ լինելու պատճառով, բավարար չափով և պատշաճ կերպով չի պատճառաբանել, թե ինչում է արտահայտվել դրա խստության ակնհայտությունը:

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված չեն ամբաստանյալ Ա. Բոգոմազովի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Նշված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-399-րդ, 419-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս պահպանել է պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի է առել հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ընդ որում, պատշաճ գնահատման է ենթարկել կատարված հանցագործությունների` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը` մատնանշելով այն հանգամանքը, որ դրանցով պատճառված վնասը մոտ է հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների խոշոր չափերի առավելագույն սահմանին: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: ՈՒստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 2-ի դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արթուր Վիտալիի Բոգոմազովի վերաբերյալ երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի օգոստոսի 4-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 2-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ` Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2016
N ԵԿԴ/0189/01/13
Որոշում