Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 134-ՐԴ, 139-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԿԴ/0192/11/15

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0192/11/15

Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Խ. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Խ. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ դատախազ     Վ. Պողոսյանի

 

2016 թվականի հունիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ մեղադրյալ Արամ Հակոբյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի ապրիլի 10-ին Արամ Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և իր` Գյումրի քաղաքի Ղուկասյան 15 հասցեի տան կտուրում ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ և «ՈՒԶՌԳՄ» տեսակի մարտական պայթուցիչ, որոնք հայտնաբերվել են 2015 թվականի ապրիլի 7-ին` նշված հասցեում կատարված խուզարկությամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2015 թվականի ապրիլի 10-ի թիվ ԵԿԴ/0100/06/15 որոշմամբ բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մակինյանի միջնորդությունը և մեղադրյալ Արամ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, որը միաժամանակ փոխարինել է գրավով` 500.000 ՀՀ դրամի չափով: Նույն օրը մեղադրյալի հարազատների կողմից գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո Ա.Հակոբյանը ազատվել է կալանքից:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մակինյանը (այսուհետ նաև` Քննիչ) 2015 թվականի հուլիսի 14-ին որոշում է կայացրել կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի գումարը և անձնագիրը վերադարձնելու վերաբերյալ մեղադրյալ Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը մերժելու մասին:

Քննիչի վերոհիշյալ որոշումը պաշտպան Տ.Եգորյանը բողոքարկել է նախ` ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ մերժման որոշում ստանալուց հետո` դատական կարգով:

2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2015 թվականի հոկտեմբերի 12-ին դատական ակտ է կայացրել` Քննիչի վերոհիշյալ որոշման դեմ պաշտպան Տ. Եգորյանի ներկայացրած բողոքը մերժելու մասին:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու, իսկ բողոքարկված դատական ակտը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Հակոբյանի պաշտպան Տ. Եգորյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 11-ի որոշմամբ վերադարձվել է և տրամադրվել 5-օրյա ժամկետ` բողոքի ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ տրամադրված ժամկետում բողոքի ձևական սխալները շտկելով` մեղադրյալ Ա.Հակոբյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը վճռաբեկ բողոք են բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Քննիչը իր` 2015 թվականի հուլիսի 14-ի որոշման մեջ արձանագրել է. «(...) 09.07.2015թ. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն է ստացվել (...) պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը` Արամ Հակոբյանին մուծված գրավը և նրա անձնագիրը վերադարձնելու պահանջով` պատճառաբանությամբ, որ լրացել է և չի երկարացվել նրա կալանավորման ժամկետը:

Քննարկելով Տիգրան Եգորյանի միջնորդությունը` գտնում եմ, որ այն չի կարող բավարարվել, ենթակա է մերժման, քանի որ Արամ Հակոբյանը փաստացի 10.04.2015 թվականից գտնվում է ազատության մեջ և թեև նրա նկատմամբ դատարանի կողմից ընտրվել է խափանման միջոց կալանավորում, սակայն կալանավորումը չի կիրառվել, այն փոխարինվել է գրավով, այս պայմաններում փաստացի կալանքի ժամկետները չեն հոսում, ուստի և խոսք չի կարող լինել դրա երկարացման և ընդհանրապես կալանքի տակ չգտնվող անձի կալանքի ժամկետների հաշվարկի և կալանքի ժամկետն անցնելու մասին (...)» (տե՛ս քրեական գործի նյութեր, թերթեր 14-15):

6. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ նշվել է. «(...) 2015թ. ապրիլի 10-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0100/06/15 որոշմամբ մեղադրյալ Արամ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, միաժամանակ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի չափ է սահմանվել 500.000 ՀՀ դրամ: Նույն օրը մեղադրյալ Արամ Հակոբյանի հարազատների կողմից գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին մուտքագրվելու հիմքով որոշում է կայացվել Արամ Հակոբյանին արգելանքից ազատելու մասին:

Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արամ Հակոբյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը` որպես խափանման միջոց չի վերացվել կամ չի փոխվել, ուստի մեղադրյալ Արամ Հակոբյանի հարազատների կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. ապրիլի 10-ի թիվ ԵԿԴ/0100/06/15 որոշմամբ որպես Արամ Հակոբյանի կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի` 500.000 ՀՀ դրամ չափով գումարը ենթակա չէ վերադարձման:

(...)

Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մակինյանի 14.07.2015 թ-ի` միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը կայացվել է օրենքին համապատասխան և որևէ անձի իրավունքներն ու ազատությունները խախտված չեն, ուստի ներկայացված բողոքը ենթակա է մերժման (...)» (տե՛ս քրեական գործի նյութեր, թերթեր 20-22):

7. Դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(...) Սույն գործով դատական ակտ կայացնելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նյութական և դատավարական նորմերի խախտումներ թույլ չեն տրվել, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, կոնկրետ դեպքում առաջին ատյանի դատարանն ըստ էության հանգել է վերջնական ճիշտ հետևության, հետևաբար վիճարկվող դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել (...)» (տե՛ս քրեական գործի նյութեր, թերթեր 74-82):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակները նշել են, որ Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն անօրինական է, չհիմնավորված և չպատճառաբանված, կայացվել է քրեադատավարական իրավունքի նորմերի էական խախտումներով: Մասնավորապես` ըստ բողոքաբերների` խախտվել են Ա.Հակոբյանի` ՀՀ Սահմանադրության 60-րդ և 63-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 13-րդ հոդվածներով, ինչպես նաև նշյալ կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները: Բացի այդ, բողոք բերած անձանց կարծիքով` Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ և 143-րդ հոդվածի 7-րդ մասերը, չի կիրառել 139-րդ հոդվածի 1-ին, 142-րդ հոդվածի 4-րդ և 151-րդ հոդվածի 2-րդ մասերը, չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները:

9. Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկների` բողոքի հեղինակները նշել են, որ կալանավորման ժամկետի երկարացման անհրաժեշտության դեպքում քննիչը պետք է պատճառաբանված միջնորդություն ներկայացնի դատարան: Իսկ միջնորդությունը դատարան չներկայացնելու հանգամանքը խոսում է տվյալ խափանման միջոցը կիրառելու անհրաժեշտության բացակայության մասին, և որպես դրա հետևանք` քննիչը կրում է խափանման միջոցի վերացման մասին որոշում կայացնելու պարտականություն: Բողոքաբերները շեշտել են, որ գրավը հանդիսանում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, որի կիրառման փաստով կալանավորումը չի վերացվում, այլ ընդամենը փոխարինվում է, ուստի նախաքննության մարմինը խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ պետք է որոշում կայացնի նաև գրավի գումարը վերադարձնելու մասին:

Բողոք բերած անձինք փաստել են, որ կալանավորման փոխարինումը այլընտրանքային խափանման միջոց գրավով չի նշանակում գրավի կիրառում` անկախ ժամկետներից, և չի նշանակում, որ չպետք է իրականացվի դրա պարբերական վերանայում: Այս առնչությամբ վերջիններս նշել են, որ գրավը` որպես այլընտրանքային խափանման միջոց, կիրառվել է անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության ծագման ու գնահատման հետևանքով և որպես ինքնուրույն խափանման միջոց` չի կարող ընտրվել: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է կալանավորման անհրաժեշտության ստուգման պարտադիր ընթացակարգ` երկամսյա հաճախականությամբ, և եթե նախաքննության մարմինը չի իրականացնում իր պարտականություններն ըստ այդ ընթացակարգի, ապա երկու ամիս անց խափանման միջոցը վերացվում է, և անձն ազատ է արձակվում: Հաշվի առնելով, որ գրավը կիրառվել է բացառապես ի հետևանք այն բանի, որ դատարանը որոշել է անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, ուստի անկախ այն հանգամանքից` անձը փաստացի գտնվում է կալանքի տակ, թե ոչ` խափանման միջոցի անհրաժեշտության հարցը պետք է քննարկվի դրա համար սահմանված նույն ժամանակահատվածում:

9.1. Վճռաբեկ բողոք բերած անձինք փաստարկել են նաև, որ կալանավորումը խափանման միջոց է, որը կիրառվում է հստակ ժամկետով, այլ ոչ մինչև նախաքննության ավարտը կամ անձի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը: Բողոքաբերները նշել են, որ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով, պարզապես ընտրված խափանման միջոցը թույլատրվել էր փոխարինել գրավով: Կիրառված գրավը կոչված է ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը հենց այդ երկու ամսվա ժամանակահատվածում, քանի որ այն ինքնուրույն խափանման միջոց չէ և փոխարինել է կոնկրետ ժամկետով կիրառված մեկ այլ խափանման միջոցի, հետևաբար գրավի կիրառման ժամկետը չի կարող գերազանցել այն խափանման միջոցի կիրառման ժամկետը, որին փոխարինել է: Հակառակ դեպքում խախտվում է նաև իրավական որոշակիության սկզբունքը, մասնավորապես` ստացվում է մի իրավիճակ, որ եթե քրեական մեղադրանքով հետապնդվող անձի նկատմամբ դատարանը որոշում է կայացնում կալանքը գրավով փոխարինելու մասին, ապա իր նկատմամբ համարժեք սահմանափակումն արդեն առանց ժամկետային սահմանափակումների փաստի ուժով շարունակում է կիրառվել` անկախ այն հանգամանքից, որ դրա կիրառման հիմքում ընկած մեկ այլ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը հնարավոր է արդեն վերացել է:

10. Արդյունքում բողոքի հեղինակները եզրահանգել են, որ թե՛ նախաքննության մարմնի պատճառաբանություններն առ այն, որ փաստացի կալանքի ժամկետները չեն հոսում, ուստի և խոսք չի կարող գնալ դրա երկարացման և ընդհանրապես կալանքի տակ չգտնվող անձի` կալանքի ժամկետների հաշվարկի և կալանքի ժամկետն անցնելու մասին, թե՛ դատարանի դիրքորոշումն առ այն, որ գրավի գումարը ենթակա չէ վերադարձման, քանի դեռ խափանման միջոցը չի վերացվել, չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ, 142-րդ, 143-րդ և 151-րդ հոդվածների կարգավորումներից` արդյունքում խախտելով Ա.Հակոբյանի սեփականության, ինչպես նաև արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները:

11. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են բեկանել Վերքաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` ճանաչելով Արամ Հակոբյանի իրավունքների խախտումը և այն վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը, մասնավորապես` Արամ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և գրավի գումարը վերադարձնելու վերաբերյալ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման ժամկետների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված գրավը կալանավորման ժամկետով պայմանավորված չլինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«Խափանման միջոցներն են`

1) կալանավորումը.

2) գրավը.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`

«(...) Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`

«Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե`

(...)

6) մուծված է անձին կալանքից ազատելու համար դատարանի կողմից նշանակված գրավը»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գրավը` որպես խափանման միջոցի տեսակ, կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ առկա է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշում: Այլ կերպ` գրավը կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է և ենթակա է կիրառման բացառապես այն դեպքում, երբ դատարանը կայացրել է մեղադրյալին կալանավորելու մասին որոշում:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված նորմի հիմքով անձին կալանքից ազատելու պահից, ըստ էության, դադարում են գործել կալանքի` որպես խափանման ինքնուրույն միջոցի համար նախատեսված քրեադատավարական կանոնները, այլ կերպ` չնայած կալանավորման այլընտրանքային խափանման միջոց լինելուն, այնուամենայնիվ, գրավի կիրառման դեպքում կալանավորման իրավական ռեժիմը չի պահպանվում: Այսինքն` համապատասխան դեպքում այլևս կիրառելի են դառնում գրավի` որպես խափանման միջոցի տեսակի, առանձնահատկությունները կանոնակարգող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նորմերը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն`

«1. Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

3. Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:

4. Դատարանի նշանակած գրավի չափը չի կարող պակաս լինել`

1) նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից` ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս.

2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափից` միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս:

5. Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից:

6. Եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ` առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատարանի որոշումը գրավատուն կարող է բողոքարկել վերադաս դատարան:

7. Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված խախտումները կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:

8. Դրված պարտականությունները և նախատեսված սահմանափակումները մեղադրյալի կողմից խախտելիս, գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել կալանքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն`

«1. Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:

2. Խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:

3. Կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել և վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազի կողմից:

Գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը քրեական գործով մինչդատական վարույթում կարող է փոփոխվել և վերացվել նաև քննիչի կողմից` դատախազի համաձայնությամբ:

(...)»:

Մեջբերված նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն կալանավորման` գրավի` որպես խափանման միջոցի կիրառման կոնկրետ ժամկետ օրենսդիրը չի սահմանել: Այսինքն` եթե կալանավորումը մինչդատական վարույթում կիրառվում է որոշակի ժամկետով, և այդ ժամկետի լրացման ու չերկարացման պարագայում անձն ազատվում է կալանքից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-139-րդ, 142-րդ հոդվածներ), ապա գրավի դեպքում առկա չէ որևէ ժամկետային սահմանափակում: Ընդ որում, կալանք կիրառելիս դրա պարբերական վերանայման անհրաժեշտությունը, ըստ էության, պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն գրավի` վերջինիս դեպքում անձի ազատության իրավունքի սահմանափակումը շարունակական բնույթ է կրում:

Հաշվի առնելով նշյալը, ինչպես նաև նկատի ունենալով սույն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ գրավի կիրառումը չի կարող սահմանափակվել կալանավորման համար նախատեսված ժամկետներով:

Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նաև նրանով, որ անձի` անազատության մեջ չգտնվելու դեպքում կալանքի ժամկետները, ըստ էության, չեն կարող հոսել, քանի որ հակառակ մոտեցումը ոչ միայն համահունչ չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի` մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից, այլև կարող է հանգեցնել այնպիսի ոչ իրավաչափ վիճակի առաջացմանը, երբ հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը լրանում է, առկա է այն յուրաքանչյուր անգամ երկարացնելու անհրաժեշտություն` անկախ այն հանգամանքից` մեղադրյալը հայտնաբերվել է, թե ոչ:

15.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ կիրառված գրավը կալանավորման ժամկետով պայմանավորված չլինելը չի ենթադրում, որ անձը զրկված է գրավի` որպես խափանման միջոցի տեսակի հետագա պահպանումը վիճարկելու հնարավորությունից. յուրաքանչյուր պահին համապատասխան հիմքերի առկայության դեպքում վերջինս իրավասու է հանդես գալու խափանման միջոց գրավը փոխելու կամ վերացնելու մասին միջնորդությամբ, իսկ այն մերժվելու դեպքում կայացված որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող է բողոքարկել համապատասխան մարմիններին:

15.2. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի` որպես խափանման միջոցի տեսակի կիրառման հստակ ժամկետ օրենսդիրը չի նախատեսել, իսկ գրավի կիրառումը կալանավորման ժամկետներով սահմանափակելն իրավաչափ չէ, քանի որ չնայած կալանավորման այլընտրանքային խափանման միջոց լինելուն, այնուամենայնիվ, գրավի նշանակման դեպքում կալանավորման իրավական ռեժիմը չի պահպանվում:

16. Սույն գործի նյութերից երևում է, որ 2015 թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը միաժամանակ փոխարինվել է գրավով` 500.000 ՀՀ դրամի չափով: Նույն օրը մեղադրյալի հարազատների կողմից գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո որոշում է կայացվել Ա.Հակոբյանին արգելանքից ազատելու մասին (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Քննիչը 2015 թվականի հուլիսի 14-ին որոշում է կայացրել կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի գումարը վերադարձնելու վերաբերյալ մեղադրյալ Ա.Հակոբյանի պաշտպան Տ.Եգորյանի միջնորդությունը մերժելու մասին` որպես հիմնավորում նշելով, որ մեղադրյալը 2015 թվականի ապրիլի 10-ից գտնվում է ազատության մեջ և թեև նրա նկատմամբ դատարանի կողմից ընտրվել է խափանման միջոց կալանավորում, սակայն կալանավորումը չի կիրառվել, այն փոխարինվել է գրավով. այս պայմաններում փաստացի կալանքի ժամկետները չեն հոսում, ուստի և խոսք չի կարող լինել դրա երկարացման, և ընդհանրապես, կալանքի տակ չգտնվող անձի կալանքի ժամկետների հաշվարկի և կալանքի ժամկետն անցնելու մասին (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը): Մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացված կամ փոխված չլինելու պայմաններում Առաջին ատյանի դատարանը եկել է այն եզրահանգման, որ Քննիչի որոշումը իրավաչափ է և արդյունքում մերժել է դրա դեմ բերված բողոքը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը), իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 14-15.2.-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված գրավը կալանավորման ժամկետով պայմանավորված չլինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է բողոքաբերների այն պնդումը, որ խափանման միջոց գրավ կիրառված լինելու դեպքում պետք է իրականացվի դրա պարբերական վերանայում` անկախ այն հանգամանքից, անձը փաստացի գտնվում է կալանքի տակ, թե ոչ, քանի որ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հետևանքով, իսկ օրենսդիրը սահմանել է կալանավորման անհրաժեշտության ստուգման պարտադիր ընթացակարգ` երկամսյա հաճախականությամբ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Այդ առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խափանման միջոցի ժամկետի երկարացում օրենքով սահմանված է բացառապես խափանման միջոց կալանավորման համար, և եթե Ա.Հակոբյանը գտնվելիս լիներ կալանքի տակ, ապա կալանավորման ժամկետի երկարացման անհրաժեշտության դեպքում քրեական վարույթ իրականացնող մարմինը պետք է օրենքով սահմանված կարգով միջնորդություն ներկայացներ դատարան` կալանքի ժամկետը երկարացնելու մասին: Մինչդեռ Ա.Հակոբյանը կալանքի տակ չի գտնվել, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է մեկ այլ խափանման միջոցով` գրավով: Գրավն իր իրավական ռեժիմով նույնական չէ կալանավորման հետ, գրավի կիրառումը չի նախատեսում մեկ այլ խափանման միջոցի` տվյալ դեպքում կալանավորման իրավական ռեժիմի պահպանում:

Անդրադառնալով համապատասխան դեպքում իրավական որոշակիության սկզբունքի հնարավոր խախտման վերաբերյալ բողոքաբերի` սույն որոշման 9.1-րդ կետում հիշատակված փաստարկին` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն որոշման 15.1-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները, այն նույնպես հիմնազուրկ է համարում:

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել դատական սխալ, հետևաբար բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը` թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Արամ Ստեփանի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.06.2016
N ԵԿԴ/0192/11/15
Որոշում