Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27-ՐԴ, 80-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
Վարչական վերաքննիչ դատարանի որոշում
ՎԴ2/0462/05/13
2016թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ2/0462/05/13

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

                   Դատավորներ` Ա. Բաբայան

                                                 Ա. Սարգսյան

 

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                  

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմենակ Ղալեչյանի ներկայացուցիչներ Վիկտոր Բաղդագյուլյանի և Արևիկ Եղիազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմենակ Ղալեչյանի ընդդեմ Ճամբարակի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Հակոբ Նադարյանի և Անիկ Նադարյանի` Ճամբարակ համայնքի (այսուհետ` Համայնք) տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի գրանցումը մասնակի` Մանյա Նադարյանի մասով, անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք` 20.04.2006 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Ստորաբաժանում) կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 05-002-4-7 մատյանի 000283 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի` Մանյա Նադարյանի մասով, ոչ իրավաչափ ճանաչելու, և 11.05.2006 թվականին Ստորաբաժանման կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 05-002-4-7 մատյանի 000283 համարի տակ կատարված գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմենակ Ղալեչյանը պահանջել է մասնակի` Մանյա Նադարյանի մասով, անվավեր ճանաչել Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի գրանցումը, որպես անվավերության հետևանք` մասնակի` Մանյա Նադարյանի մասով, ոչ իրավաչափ ճանաչել 20.04.2006 թվականին Ստորաբաժանման կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 05-002-4-7 մատյանի 000283 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և մասնակի անվավեր ճանաչել 11.05.2006 թվականին Ստորաբաժանման կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 05-002-4-7 մատյանի 000283 համարի տակ կատարված գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա.Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 19.11.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.06.2015 թվականի որոշմամբ Հակոբ և Անիկ Նադարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Դատարանի 19.11.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արմենակ Ղալեչյանի ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հակոբ Նադարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 9-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, օբյեկտիվորեն չգնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և սխալ մեկնաբանելով վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավանորմերը, անհիմն կերպով հանգել է այն եզրակացության, որ Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի գրանցումը վարչական ակտ չի հանդիսանում: Մինչդեռ Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի գրանցումը (գրառումը) վարչական ակտ է, և դրա վիճարկման հայցապահանջի հիման վրա հարուցված սույն վարչական գործի վարույթը ենթակա չէր կարճման:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.06.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.11.2014 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Տվյալ դեպքում սեփականության իրավունքի վիճարկվող պետական գրանցումը կատարվել է 15.03.2006 թվականին տրված Համայնքի տնտեսությունների գրքից քաղվածքի հիման վրա, որի` վարչական ակտ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքը որևէ էական նշանակություն չունի սույն գործի քննության և լուծման համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Արմենակ Ղալեչյանի և Միխայել Սամոդուրովի միջև 12.08.1992 թվականին կնքված բնակելի տան առուծախի պայմանագրի (վավերացված նոտարական կարգով, գրանցված է սեղանամատյանում 300 համարով) համաձայն` Արմենակ Ղալեչյանը ձեռք է բերել Կրասնոսելսկի (ներկայիս Ճամբարակ) Մյասնիկյան (ներկայիս Պ. Սևակ) թիվ 33 հասցեի բնակելի տունը (հատոր 1-ին, գ.թ. 37).

2) 12.09.1992 թվականի տան տեխնիկական անձնագրի համաձայն` Կրասնոսելսկի Մյասնիկյան թիվ 33 հասցեի տան սեփականատերն Արմենակ Ղալեչյանն է (հատոր 1-ին, գ.թ. 35-36).

3) քաղաքացիներին հաշվառելու համար տնային գրքի համաձայն` Մանյա Հայրոյի Նադարյանը 2005 թվականին հաշվառվել է Ճամբարակի Պարույր Սևակի թիվ 33 հասցեում որպես սեփականատեր (հատոր 1-ին, գ.թ. 30-32).

4) ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետի 08.05.2014 թվականի թիվ 66 գրությամբ ներկայացված Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի գրանցման էջի պատճենի համաձայն` նշված համարի ներքո գրառված են Արմենակ Ղալեչյանի և Մանյա Նադարյանի անունները, նրանց անձնագրային տվյալները (հատոր 2-րդ, գ.թ. 65-67).

5) Համայնքի ղեկավարի կողմից 15.03.2006 թվականին տրված Համայնքի տնտեսությունների գրքից քաղվածքի համաձայն` Պ. Սևակի հասցեում Արմենակ Ղալեչյանի անվամբ գրանցված է 0,10հա մակերեսով հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն` օժանդակ շինություններով (կառուցման տարին նշված չէ), ընտանիքի կազմում նշվել է Մանյա Նադարյանը (հատոր 1-ին, գ.թ. 38).

6) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2030338 վկայականի համաձայն` Ճամբարակի Պ. Սևակի թիվ 33 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ Ճամբարակի տնտեսությունների գրքից 15.03.2006 թվականի քաղվածքի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 05-002-4-7 մատյանի 000283 համարի տակ 20.04.2006 թվականին գրանցվել է Արմենակ Ղալեչյանի և Մանյա Նադարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 39-40).

7) Արմենակ Ղալեչյանի և Մանյա Նադարյանի միջև 03.05.2006 թվականին կնքված «Բնակելի տան նվիրատվության պայմանագրի» համաձայն` Արմենակ Ղալեչյանը Մանյա Նադարյանին նվիրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի Պ. Սևակի թիվ 33 հասցեում գտնվող տան, հողի և գոմի` իրեն պատկանող մասը (հատոր 1-ին, գ.թ. 44-45).

8) վերը նշված նվիրատվության պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 05-002-4-7 մատյանի 000283 համարի տակ 11.05.2006 թվականին կատարվել է Մանյա Նադարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, հիմք` Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2131324 վկայական (հատոր 1-ին, գ.թ. 46-48).

9) թիվ ԱԲ 113223 մահվան վկայականի համաձայն` Մանյա Նադարյանը մահացել է 08.04.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 49).

10) ՀՀ Ճամբարակ նոտարական տարածքի նոտար Լալա Մելիքյանի 29.10.2013 թվականի թիվ Ե-32 գրության համաձայն` 08.04.2013 թվականին մահացած Մանյա Նադարյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում Ճամբարակ նոտարական տարածքի նոտարին ժառանգության ընդունման դիմում են ներկայացրել նրա երկրորդ հերթի ժառանգներ Հակոբ Նադարյանը և Անիկ Նադարյանը (հատոր 1-ին, գ.թ. 124):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 9-րդ կետերի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք Համայնքի տնտեսությունների գրքի որոշակի համարի տակ կատարված գրանցումը (գրառումը) Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտ է, և այդ գրանցման (գրառման) վերացման պահանջը ենթակա է քննության դատարանում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու ժամանակահատվածում գործել է 28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, իսկ գործի քննությունն իրականացվել է 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

i

Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Նույնաբովանդակ իրավակարգավորում է սահմանվել նաև 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով:

i

Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

i

07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության.

(...)

9) եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.

(...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

վարչական մարմիններ` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ, տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար. քաղաքապետ` քաղաքային համայնքում, գյուղապետ` գյուղական համայնքում: Եթե վերը թվարկված մարմիններից բացի, վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա նույն օրենքի իմաստով` դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ:

վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

i

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:

i

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: ՈՒստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Այսպիսով, վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը` որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելուն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է` հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե` ոչ: Այլ կերպ ասած` ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված վիճարկման հայցատեսակով որևէ փաստաթուղթ անվավեր ճանաչելու պահանջի քննությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք այդ փաստաթուղթը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում վարչական ակտը սահմանված է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործով վարչական ակտի հատկանիշների պարզաբանման համար դատարանը պետք է գնահատի վիճարկվող ակտի անհատական ակտ լինելու, վարչական մարմնի կողմից ընդունված լինելու, արտաքին ներգործություն ունենալու, հանրային իրավունքի բնագավառում ընդունված լինելու, կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելու, անձի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը (տե՛ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4538/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

i

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար (տե՛ս, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը` բավարար` փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ:

Սույն գործի փաստերի համաձայն` Արմենակ Ղալեչյանը ձեռք է բերել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի Պ. Սևակ փողոց թիվ 33 հասցեում գտնվող անշարժ գույքը 12.08.1992 թվականին կնքված «Բնակելի տան առուծախի պայմանագրով» և հանդիսացել է այդ անշարժ գույքի սեփականատերը: Հետագայում` 01.10.2005 թվականին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի Պ. Սևակ փողոց թիվ 33 տանը Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի գրանցման ներքո հաշվառվել է նաև Մանյա Նադարյանը: Նշված հասցեում գտնվող անշարժ գույքի` բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ 20.04.2006 թվականին գրանցվել է Արմենակ Ղալեչյանի և Մանյա Նադարյանի սեփականության իրավունքը: Ընդ որում, նշված պետական գրանցման համար հիմք է հանդիսացել Ճամբարակի տնտեսությունների գրքից 15.03.2006 թվականի քաղվածքը, որի համաձայն` Պ. Սևակի հասցեում Արմենակ Ղալեչյանի անվամբ գրանցված է 0,10հա մակերեսով հողամաս, այդ հողամասի վրա առկա է բնակելի տուն` օժանդակ շինություններով, իսկ Արմենակ Ղալեչյանի ընտանիքի կազմում նշվել է նաև Մանյա Նադարյանի անունը: Արմենակ Ղալեչյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի Պ. Սևակի թիվ 33 հասցեում գտնվող անշարժ գույքի` իրեն պատկանող մասը 03.05.2006 թվականին կնքված «Բնակելի տան առուծախի պայմանագրով» նվիրել է Մանյա Նադարյանին: Նշված պայմանագրի հիման վրա Ճամբարակի Պ. Սևակի թիվ 33 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 11.05.2006 թվականին գրանցվել է Մանյա Նադարյանի սեփականության իրավունքը:

Այսպիսով, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի Պ. Սևակի թիվ 33 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Մանյա Նադարյանի սեփականության իրավունքը, ով մահացել է 08.04.2013 թվականին:

Սույն գործով դիմելով դատարան` Արմենակ Ղալեչյանը ներկայացրել է հետևյալ հայցապահանջները.

1) մասնակիորեն` Մանյա Նադարյանի մասով, անվավեր ճանաչել Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի գրանցումը,

2) մասնակիորեն` Մանյա Նադարյանի մասով, ոչ իրավաչափ ճանաչել 20.04.2006 թվականին Ստորաբաժանման կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 05-002-4-7 մատյանի 000283 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը,

3) մասնակիորեն անվավեր ճանաչել 11.05.2006 թվականին Ստորաբաժանման կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 05-002-4-7 մատյանի 000283 համարի տակ կատարված գրանցումը:

Ընդ որում, Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը հայցվորը համարել է հիմնական հայցապահանջ, որի մերժումը կամ բավարարումը կանխորոշում է դրանից ածանցվող մյուս հայցապահանջների լուծման ելքը:

Դատարանը, բավարարելով Արմենակ Ղալեչյանի հայցը, պատճառաբանել է, որ Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի տակ Մանյա Նադարյանի մասով կատարված գրանցումը կատարվել է օրենքի խախտմամբ` արդյունքում հանգեցնելով Արմենակ Ղալեչյանի իրավունքների խախտման:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Հակոբ և Անիկ Նադարյանների վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռն ու գործի վարույթը կարճել` գտնելով, որ սույն գործով ներկայացված հիմնական հայցապահանջը ենթակա չէ որևէ դատարանում քննության: Ըստ Վերաքննիչ դատարանի` Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի տակ 2005 թվականին կատարված գրանցումը (գրառումը) վարչական ակտ չի հանդիսանում, և դրա իրավաչափությունը չի կարող վիճարկվել թե՛ վարչական դատավարության, թե՛ քաղաքացիական դատավարության կարգով: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարել անդրադառնալ և քննության առնել վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

06.05.1999 թվականից ուժի մեջ մտած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) սահմանված է եղել. «Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող հետևյալ փաստաթղթերը`

ա) անշարժ գույքի սուբյեկտներին հատկացված և որպես սեփականություն կամ օգտագործման անցած հողերի (տնամերձ, այգեգործական (ամառանոցային), բնակելի տան շինարարության և դրա սպասարկման, գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն ծավալելու համար) և շենքերի, շինությունների մասին. (...)»:

i

ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշմամբ (ուժի մեջ է մտել 15.03.1999 թվականին) հաստատվել է կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը (այսուհետ` Կարգ), որի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի և կադաստրային քարտեզների հիման վրա:

Կարգի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումները` կնքված համապատասխան համայնքների ղեկավարների կողմից, հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականները, հողի սեփականության իրավունքի պետական ակտերը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները, շենքերի սեփականության վկայագրերը, այգեգործների անդամատոմսերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը և հողամասերի հատակագծերը` տրված իրավասու պետական մարմինների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված օտարման, սեփականաշնորհման, վարձակալության մասին պայմանագրերը, անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ վճիռներն ու դատավճիռները, կտակի, ըստ օրենքի իրավահաջորդության կամ ժառանգման վերաբերյալ փաստաթղթերը, գյուղական բնակավայրերում տնտեսությունների գրքերից (ծխամատյաններից) քաղվածքները, անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:

i

Կարգի 13-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 22.10.1997 թվականի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման մասին» թիվ 465 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության կառավարության 22.10.1997 թվականի թիվ 465 որոշմամբ հաստատվել է «Անշարժ գույքի պետական գրանցման կարգը», որի 9-րդ կետի համաձայն` անշարժ գույքի, հողի և ամրակայված օբյեկտի համար կազմվում է կադաստրային գործ, որի մեջ, ի թիվս այլնի. ընդգրկվում են նաև հետևյալ փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի հատկացման վերաբերյալ փաստաթղթեր, անշարժ գույքի նկատմամբ իրավազորություններ հաստատող այլ փաստաթղթեր: Նույն կարգի 11-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավազորություններ ունեցող սուբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի տարածքային մարմիններ են ներկայացնում անշարժ գույքի պետական գրանցման ենթակա փաստաթղթերը: Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմիններն ստուգում են ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Անհամապատասխանության դեպքում` ներկայացված փաստաթղթերը հնգօրյա ժամկետում վերադարձվում են` թերությունների մասին պարտադիր նշումներով: Փաստաթղթերի ստուգումից հետո կազմվում է անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործ և գրանցում է կատարվում անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում:

Վկայակոչված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ տնտեսությունների գրքից քաղվածքը` որպես անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ, հիմք է հանդիսանում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` տնտեսությունների գրքից քաղվածքը, այլ տվյալներից բացի, պարունակում է նշում այն անձանց մասին, ում սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման տվյալ անշարժ գույքի նկատմամբ: Ընդ որում, տնտեսությունների գրքից քաղվածքում նշվում են միայն այն անձանց անունները, ովքեր գրանցված (հաշվառված) են տնտեսությունների գրքում որպես սեփականատեր: Հետևաբար տնտեսությունների գրքում որոշակի անձի տվյալների վերաբերյալ կատարված գրանցումը (գրառումը) այդ անձին ընձեռում է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու իրավական հնարավորություն: Այլ կերպ ասած` տնտեսությունների գրքում կատարված գրանցումն (գրառումը) արտացոլվում է այդ գրքից տրված քաղվածքում, ինչն էլ, որպես անշարժ գույքի առանձին միավորի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթուղթ, հիմք է հանդիսանում սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությամբ հաստատվել է այն հանգամանքը, որ Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի ներքո գրանցված են Արմենակ Ղալեչյանը և Մանյա Նադարյանը, իսկ նշված գրքից 15.03.2006 թվականին տրված քաղվածքի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 05-002-4-7 մատյանի 000283 համարի տակ 20.04.2006 թվականին գրանցվել է Արմենակ Ղալեչյանի և Մանյա Նադարյանի սեփականության իրավունքը Ճամբարակի Պ. Սևակի թիվ 33 հասցեի անշարժ գույքի նկատմամբ:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1) Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի ներքո կատարված գրանցումն (գրառումը) անհատական ակտ է, քանի որ վերաբերում է որոշակի ֆիզիկական անձանց, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր. այն ուղղված է Արմենակ Ղալեչյանին և Մանյա Նադարյանին,

2) Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի ներքո կատարված գրանցումն (գրառումը) ունի արտաքին ներգործություն, քանի որ առնչվում է ֆիզիկական անձանց, ովքեր կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չեն գտնվում այն ընդունած մարմնի հետ, այսինքն` կարգավորում է վարչական մարմնի և ֆիզիկական անձանց միջև ծագած իրավահարաբերությունները,

3) Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի ներքո կատարված գրանցումն (գրառումը) ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում, քանի որ այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի, այն է` Ճամբարակի քաղաքապետի կողմից իրավական նորմերի հիման վրա կատարված միակողմանի կարգադրություն է` ուղղված Արմենակ Ղալեչյանին և Մանյա Նադարյանին,

4) Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի ներքո կատարված գրանցումն (գրառումը) ընդունվել է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձանց` Արմենակ Ղալեչյանին և Մանյա Նադարյանին, առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, այն է` Ճամբարակի Պ. Սևակի թիվ 33 հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու` վերջիններիս իրավական հնարավորության ճանաչմանը,

5) Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի ներքո կատարված գրանցումն (գրառումը) ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական անձանց համար, քանի որ դրանով վարչական մարմինը, ճանաչելով անձանց մոտ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու իրավունքի առկայությունը, դրանով իսկ բարելավել է Արմենակ Ղալեչյանի և Մանյա Նադարյանի իրավական և փաստացի դրությունն ու միաժամանակ վատթարացրել է նրանցից յուրաքանչյուրի իրավական և փաստացի դրությունը, քանի որ այդ գրանցման արդյունքում սահմանափակվել է թե՛ Արմենակ Ղալեչյանի և թե՛ Մանյա Նադարյանի` Ճամբարակի Պ. Սևակի թիվ 33 հասցեի անշարժ գույքի նկատմամբ միանձնյա սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորությունը:

i

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի գրանցումը (գրառումը) Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտ է, քանի որ այն համապատախանում է վարչական ակտին բնորոշ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր որակական հատկանիշներին: Այսինքն` Համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի 27-րդ համարի գրանցման (գրառման) վերացման պահանջը կարող է հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի առարկա ու քննվել այդ հայցատեսակին համապատասխան: Հետևաբար սույն վարչական գործի վարույթը ենթակա չէր կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 9-րդ կետերի հիմքով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, կարճելով սույն վարչական գործի վարույթը, ըստ էության չի անդրադարձել վերաքննիչ բողոքի որևէ հիմքին կամ հիմնավորմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերաքննիչ բողոքի հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2016
N ՎԴ2/0462/05/13
Որոշում