Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
 ՍԴ/0044/01/15
Գործ թիվ ՍԴ/0044/01/15
Նախագահող դատավոր`   Կ.Ղազարյան

                  Դատավորներ`   Ս.Չիչոյան

                                                 Ա.Դանիելյան

    

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ` Ս.Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ.Ասատրյանի
Ե.Դանիելյանի
Լ.Թադևոսյանի
Ա.Պողոսյանի
Ս.Օհանյանի
քարտուղարությամբ` Մ.Պետրոսյանի
մասնակցությամբ
ամբաստանյալ` Ա.Գևորգյանի

 

2016 թվականի նոյեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Աշոտ Սարգսի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2014 թվականի մայիսի 27-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 41106614 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2015 թվականի մարտի 23-ի որոշմամբ Ա.Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2015 թվականի ապրիլի 22-ին Ա. Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

i

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճռով Ա. Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

3. Մեղադրող Ա. Առաքելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մայիսի 3-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Ա.Գևորգյանը, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել բողոքաբերի փաստարկներին և խնդրել վճռաբեկ բողոքը մերժել, ստորադաս դատարանների դատական ակտերը` թողնել օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

5. Ա. Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա, աշխատելով «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում որպես հերթափոխի պետ, 2014 թվականի մայիսի 27-ին ընկերության Շահումյան հանքի հարավային տեղամասի 670-րդ հորիզոնի 17-րդ երակում լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում խախտել է անվտանգության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է Խաչատուր Առաքելյանի մահը:

Այսպես. Աշոտ Գևորգյանը, աշխատելով որպես հերթափոխի պետ և աշխատանքի նկարագրով սահմանված կարգով պարտավոր լինելով ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր իր և իր գործընկերների համար, մշտապես հետևել անվտանգության ընթացակարգերին և զեկուցել աշխատանքային միջավայրում առկա վտանգավոր պայմանների մասին, 2014 թվականի մայիսի 27-ին` ժամը 08-ի սահմաններում, հորատող Խաչատուր Առաքելյանին Շահումյան հանքի հարավային տեղամասի 670-րդ հորիզոնի տեխնիկական անվտանգության կանոնների խախտումներ ունեցող, անվտանգ վիճակում չգտնվող 17-րդ երակում հորատման աշխատանքներ կատարելու հրահանգ տալով, ինչպես նաև ժամը 09-ի սահմաններում նշված երակում շրջայց կատարելիս անվտանգության կանոնների խախտումները, կախված ապարները չհայտնաբերելով ու աշխատանքների կատարումը չդադարեցնելով խախտել է ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի 1083-Ն որոշմամբ ամրագրված պահանջները, (...) խախտել է նաև ընկերության ղեկավարի կողմից հաստատված «Կախված քարերի վնասազերծման ընթացակարգի» պահանջները, բացի այդ, հայտնաբերելով հորատող Խաչատուր Առաքելյանի կողմից նշված ընթացակարգի խախտումներով կատարվող աշխատանքը, անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելու համար պատշաճ հսկողություն չի իրականացրել նրա կողմից կանոնակարգի ու ընթացակարգի պահանջների պահպանման գործընթացի նկատմամբ, ինչի հետևանքով առաստաղի քարերը փլուզվել են Խաչատուր Առաքելյանի վրա և անզգուշությամբ առաջացրել նրա մահը» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 250-251):

6. Առաջին ատյանի դատարանը, իր դատավճռի պատճառաբանական մասում անդրադառնալով ամբաստանյալ Ա. Գևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, արձանագրել է. «Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը, առաջին անգամ անզգուշությամբ միջին ծանրության հանցանք կատարելը:

Ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված և արատավորված չի եղել, կենսաթոշակառու է, ընտանիքի միակ կերակրողն է:

Տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունի և խնդրել է նրա նկատմամբ մեղմ վերաբերվել:

(...)

i

Դատարանը, վերլուծելով և գնահատելով վերը նշված տվյալները, հաշվի առնելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ վերը թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ Աշոտ Գևորգյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում դրանով կապահովվեն նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:

(...)

i

Դատարանը, հաշվի առնելով, որ ամբաստանյալը դեպքից հետո` 2014 թվականի մայիսի 27-ից մինչ օրս, շարունակում է աշխատել ստորգետնյա պայմաններում հերթափոխի պետ, բնութագրվում է դրականորեն, նրա աշխատանքի մեջ որևէ թերություն չի արձանագրվել, բարեխղճորեն կատարում է իր վրա դրված աշխատանքային պարտականությունները, նպատակահարմար չի գտնում կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ ոչ պարտադիր պատժատեսակը` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 260-262):

i

7. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ (...) ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատիժը նրա կողմից առանց կրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառման միջոցով:

Անդրադառնալով մեղադրողի վերաքննիչ բողոքի այն պահանջին, որ ամբաստանյալի նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ պետք է նշանակել` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս կամ այն իրավունքից զրկելը կիրառվում է, երբ հանցագործության բնույթից ելնելով դատարանն անհնարին է համարում որոշակի պաշտոն զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը: (...)

i

Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ քննարկվող պարագայում ամբաստանյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված պատժի նպատակներին, քանի որ ամբաստանյալ Աշոտ Գևորգյանը «ԴՓՄԿ» ՓԲ ընկերության կողմից տրված դրական բնութագրի համաձայն, դեպքից հետո մինչ օրս աշխատում է նույն կազմակերպությունում, զբաղեցնում է նույն պաշտոնը, իր վրա դրված պարտականությունները կատարում է բարեխղճորեն և օժտված է կազմակերպչական ունակություններով:

Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ տուժողի իրավահաջորդ Լաուրա Հարությունյանը ամբաստանյալի նկատմամբ բողոք, պահանջ չունի և խնդրում է նրան չզրկել ազատությունից (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 44-45):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը փաստել է, որ ամբաստանյալ Ա. Գևորգյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակելով, ինչպես նաև նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

8.1. Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ չնշանակելու իրավաչափությանը` բողոքաբերը նշել է, որ «ԴՓՄԿ» ՓԲԸ-ի կողմից ամբաստանյալի` դրականորեն բնութագրվելը որևէ ձևով չի կարող գնահատվել որպես անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը ողջամտորեն նվազեցնող փաստարկ, իսկ դեպքից հետո աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում որևէ խախտում չկատարելը ամբաստանյալի պարտականությունն է:

Տուժողի իրավահաջորդի դիրքորոշման առումով բողոքաբերը նշել է, որ վերջինս Ա. Գևորգյանին որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հարցում չի կարող որևէ էական նշանակություն ունենալ, քանի որ ամբաստանյալին այդ իրավունքից չզրկելն այսուհետ վտանգելու է ոչ թե տուժողի իրավահաջորդի, այլ ուրիշ անձանց իրավունքները:

i

8.2. Ինչ վերաբերում է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին` բողոքաբերը Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-84/07, թիվ ԵՇԴ/0029/01/08, թիվ ԵԱՆԴ/0060/01/13 գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա նշել է, որ ստորադաս դատարաններն այդպիսի որոշում են կայացրել պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող իրական հանգամանքների բացակայության պայմաններում:

Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը փաստել է, որ ամբաստանյալի կողմից առաջին անգամ անզգուշությամբ միջին ծանրության հանցանք կատարելը որևէ ձևով չի նվազեցնում նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, քանի որ վերջինիս կողմից հանցանքը կատարվել է ոչ թե հանգամանքների պատահական զուգորդմամբ, այլ կանոնները, որոնց պահանջները նա խախտել է, եղել են իր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը, և նա անձամբ պատասխանատու է եղել դրանց պահպանման համար: Ըստ բողոքաբերի` առաջադրված մեղադրանքում լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը նույնպես որևէ ձևով չի նվազեցնում Ա. Գևորգյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, քանի որ Ա.Գևորգյանն իրեն մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել միայն դատական վիճաբանությունների փուլում:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից որպես մեղմացնող նշված մյուս` դրականորեն բնութագրվելու, նախկինում դատապարտված և արատավորված չլինելու, կենսաթոշակառու և ընտանիքի միակ կերակրողը լինելու հանգամանքները ևս չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Բացի այդ, բողոքաբերը փաստել է, որ դրականորեն բնութագրվելու և ընտանիքի միակ կերակրողը լինելու հանգամանքների վերաբերյալ համապատասխան ապացույցներ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չեն եղել, սակայն ստորադաս դատարանները դա հաշվի չեն առել:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. քրեական պատժի նպատակների և պատժի արդարության սկզբունքի տեսանկյունից հիմնավորված են արդյոք ամբաստանյալ Ա. Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

i

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

i

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` «Պատժի տեսակներն են` (...)

2) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը.

(...)»:

i

Նույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժ»:

i

Նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն` «1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է:

(...)

3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը:

(...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի համաձայն` «1. Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս (...)

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

i

12. Պատժի արդարությանը, նպատակներին, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, դրանց համատեքստում պատժի տեսակներից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու էությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի գործով որոշման շրջանակներում` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումները. «Վճռաբեկ դատարանը թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ԵՇԴ/0143/01/13, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում անդրադառնալով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ հանցավորի անձին և հանցագործության վտանգավորության բնույթին ու աստիճանին համաչափ քրեաիրավական ներգործության միջոց ընտրելու, ինչպես նաև դրա շրջանակներում համաչափ պատժաչափ սահմանելու պահանջն ուղղակիորեն բխում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից: Արդարացի է այն պատիժը, որի ընտրությունը գործի բոլոր հանգամանքների` հանցագործության վտանգավորության բնույթի և աստիճանի (հանցագործության մեղքի ձև, շարժառիթ, նպատակ, պատճառված վնասի չափ, եղանակ, գործիքներ ու միջոցներ և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ամբողջական ու բազմակողմանի վերլուծության արդյունք է և բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից: Վերոնշյալ պահանջներից նահանջը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման:

Պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործությանը քրեաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաև հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար` պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատիժ նշանակելու սկզբունքի բովանդակությունն ընդգրկում է դատապարտյալի, տուժողի և հասարակության վերաբերմունքը նշանակված պատժի նկատմամբ: ՈՒստի պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դատարանից պահանջում է ողջամտորեն հաշվի առնել արդարության մասին վերոնշյալ սուբյեկտների կարծիքը, որը պետք է կիրառվի պատժի նշանակման մյուս սկզբունքների, ինչպես նաև պատժի նպատակների համատեքստում (...):

(...) ՀՀ քրեական օրենսգիրքը չի մասնավորեցնում և չի տարբերակում հիմնական և լրացուցիչ պատիժ նշանակելու սկզբունքները և նպատակները, որից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե անձի նկատմամբ նշանակվում է հիմնական, թե հիմնական և լրացուցիչ պատիժ իրար հետ համակցված, դատարանը բոլոր դեպքերում պարտավոր է առաջնորդվել քրեական օրենսգրքում ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով (օրինականություն, արդարություն, պատժի անհատականացում, մարդասիրություն) և պատժի նպատակներին հասնելու օրենսդրական կարգադրանքով: Այլ կերպ` պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներն ու նպատակները հավասարապես վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատիժներին: Օրենքով սահմանված պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից դատարանը, հաշվի առնելով հանցագործության բնույթը, արարքի հանրային վտանգավորության աստիճանը և հանցագործի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պետք է նշանակի այնպիսի պատիժ (հիմնական կամ հիմնական և լրացուցիչ), որը կբխի վերոթվարկած չափանիշներից և կապահովի պատժի նպատակների լիարժեք իրացվելիությունը:

(...)

(...) Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` որպես պատժի տեսակի բովանդակությունը մի շարք զրկանքների և սահմանափակումների առաջացման մեջ է: Դրանք են, ի թիվս այլնի, որոշակի ժամանակով անձի աշխատանքային իրավունակության, պաշտոնի, մասնագիտական գործունեության կամ զբաղվածության տեսակի ազատ ընտրության իրավունքի սահմանափակումները, որոնք որոշ դեպքերում առաջացնում են որակավորման կորուստ, որոշակի նյութական կորուստ, առավելությունների և արտոնությունների սահմանափակում: Այս պատժատեսակի հիշյալ պատժիչ տարրերն արտացոլում են դրա վառ արտահայտված կանխարգելիչ ուղղվածությունը:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածը սահմանում է երկու առանձին պատժամիջոցներ, առաջին` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում և որոշակի գործունեությամբ զբաղվելու սահմանափակում: Առաջինի կիրառման դեպքում դատապարտյալը զրկվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դեպքում սահմանափակվում է որոշակի մասնագիտական կամ այլ գործունեությամբ մեղավոր ճանաչված անձի զբաղվելու իրավունքը:

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակներից է` կանխել տվյալ բնույթի հանցագործության հետագա կատարման հավանականությունը, քանի որ այս պատժատեսակը նշանակվում է հատուկ կարգավիճակ ունեցող կամ որոշակի գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ: Այլ կերպ` տվյալ պատժատեսակի կիրառումը բխում է այն հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից, որոնք այս կամ այն առումով կապված են հանցավորի պաշտոնական դիրքի կամ մասնագիտական կամ այլ գործունեության հետ:

i

Այլ խոսքով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նորմի սանկցիայով նախատեսված սահմաններում` նպատակ հետապնդելով կանխելու զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցագործությունների կատարման հավանականությունը (տե՛ս Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշման 12-13-րդ, 14.1-րդ կետերը):

i

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա. Գևորգյանը Առաջին ատյանի դատարանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա, աշխատելով «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում որպես հերթափոխի պետ, 2014 թվականի մայիսի 27-ին ընկերության Շահումյան հանքի հարավային տեղամասի 670-րդ հորիզոնի 17-րդ երակում լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում խախտել է անվտանգության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է Խ.Առաքելյանի մահը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

i

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատժատեսակը` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, ամբաստանյալի նկատմամբ կիրառելուն` Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ամբաստանյալը դեպքից հետո` 2014 թվականի մայիսի 27-ից մինչ դատական ակտ կայացնելու օրը, շարունակել է կատարել նույն աշխատանքը, բնութագրվում է դրականորեն, նրա աշխատանքի մեջ որևէ թերություն չի արձանագրվել, բարեխղճորեն կատարում է նրա վրա դրված աշխատանքային պարտականությունները: Իսկ արդյունքում եզրահանգել, որ վերջինիս նկատմամբ նշյալ պատժատեսակի կիրառումը նպատակահարմար չէ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, իր հերթին նշել է, որ քննարկվող պարագայում ամբաստանյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելով` հնարավոր չէ հասնել պատժի նպատակներին: Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ տուժողի իրավահաջորդն ամբաստանյալի նկատմամբ բողոք, պահանջ չունի և խնդրում է նրան չզրկել ազատությունից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

i

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով Լ. Վարդանյանի և Զ. Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած և սույն որոշման 12-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Ա. Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ չնշանակելով, սույն գործի փաստերը գնահատման չեն ենթարկել կատարած արարքի և վրա հասնող հետևանքների համաչափության պահանջի, համանման բնույթի հանցագործությունների կանխման անհրաժեշտության, նշանակված պատժի նկատմամբ հասարակության` սպասվելիք վերաբերմունքի շրջանակներում:

Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դեպքից հետո նույն կազմակերպությունում, նույն պաշտոնում աշխատանքի կատարումը շարունակելը, այդ կազմակերպության կողմից դրականորեն բնութագրվելը ողջամտորեն չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքանով, որ ստորադաս դատարաններին բավարար հնարավորություն տային եզրահանգելու, որ տվյալ դեպքում պատժի նպատակները կարող են իրացվել առանց լրացուցիչ պատժի կիրառման:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ համապատասխան եզրահանգման գալիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև այն, որ տուժողի իրավահաջորդն ամբաստանյալի նկատմամբ բողոք, պահանջ չունի և խնդրել է նրան չզրկել ազատությունից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ խնդրանքն ամբաստանյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու հարցում չէր կարող նշանակություն ունենալ առնվազն այն պատճառով, որ դա վերաբերում էր ոչ թե վերջինիս նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակելուն, այլ նրան ազատությունից չզրկելուն:

i

15. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական պատժի նպատակների և պատժի արդարության սկզբունքի տեսանկյունից հիմնավորված չեն ամբաստանյալ Ա. Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

i

16. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ա. Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունների` ոչ հիմնավոր լինելու մասին բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 8.2.-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը դրանց կապակցությամբ փաստում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում թույլ չեն տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող այնպիսի դատական սխալ, որ կարող էր բավարար հիմք համարվել հիշյալ դատարանների դատական ակտերը այդ մասով բեկանելու համար: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելով, իսկ Վերաքննիչ դատարանն այդ մասով անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր:

i

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, Ա. Գևորգյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացմանը: Նշված խախտումներն իրենց բնույթով էական են, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածների, լրացուցիչ պատժի մասով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն այդ մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու հիմք են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1 -րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Աշոտ Սարգսի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը` լրացուցիչ պատժի մասով, բեկանել և գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Աշոտ Սարգսի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս.Ավետիսյան
Դատավորներ` Հ.Ասատրյան
Ե.Դանիելյան
Լ.Թադևոսյան
Ա.Պողոսյան
Ս.Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
01.11.2016
N ՍԴ/0044/01/15
Որոշում