Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ, 362...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ, 362-ՐԴ, 375-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԱՐԱԴ/0591/02/14
2017թ
Քաղաքացիական գործ թիվ    ԱՐԱԴ/0591/02/14

Նախագահող դատավոր`   Մ. Հարթենյան

                   Դատավորներ`    Կ. Չիլինգարյան

                                                    Հ. Ենոքյան

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
 Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
 Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
 Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ն. Տավարացյանի

                   

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդիկ Մարկոսյանի ներկայացուցիչ Արմեն Չիլինգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ «Յունիբանկ» ՓԲԸ-ի (ներկայումս` «Յունիբանկ» ԲԲԸ) (այսուհետ` Բանկ) ընդդեմ Էդիկ Մարկոսյանի, երրորդ անձ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է բռնագանձել 86.319,09 ԱՄՆ դոլար` որպես 30.07.2012 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրով սահմանված պարտքի գումար` հիմք ընդունելով 30.07.2012 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված տոկոսադրույքը և 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրի 1.4-րդ կետով նախատեսված տոկոսի հաշվարկը` 77.337,72 ԱՄՆ դոլար ժամկետային վարկի նկատմամբ հաշվարկվող տոկոսները` սկսած 10.04.2014 թվականից մինչև պարտավորության կատարման օրը, հիմք ընդունելով 30.07.2012 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրի 4-րդ կետով նախատեսված պահանջը` վարկի գումարի ժամկետանց մասի նկատմամբ հաշվարկվող տույժ` սկսած 10.04.2014 թվականից մինչև պարտավորության կատարման օրը, հիմք ընդունելով 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրի 2.4.5-րդ կետով նախատեսված պահանջը` չվճարված տոկոսագումարների նկատմամբ հաշվարկվող 0,2%-ի չափով տույժը` սկսած 10.04.2014 թվականից մինչև պարտավորության կատարման օրը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն.Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 27.05.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2015 թվականի որոշմամբ Էդիկ Մարկոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.05.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդիկ Մարկոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ, 362-րդ, 375-րդ, 377-րդ, 382-րդ, 423-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով դատարանը հաստատել է Բանկի և Կազմակերպության միջև կնքված հաշտության համաձայնությունը, իսկ Բանկը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում դատարան չի դիմել կատարողական թերթ ստանալու խնդրանքով: Ստորադաս դատարաններն անտեսել են, որ կատարողական թերթը հիմնական պարտապան Կազմակերպության մասով օրենքով սահմանված ժամկետում հարկադիր կատարման չներկայացվելու արդյունքում հիմնական պարտավորությունը դադարել է օրենքի ուժով` համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում, մասնավորապես` թիվ ՀՔԴ/0024/04/08 քաղաքացիական գործով 18.09.2009 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշման: Հետևաբար, չնայած այն հանգամանքին, որ երաշխավորության և վարկային պայմանագրով սահմանված ժամկետը չի ավարտվել և/կամ հիմնական վարկային պարտավորությունը փաստացի չի կատարվել, սակայն հաշվի առնելով, որ ավարտվել է դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու մեկամյա ժամկետը, ավարտվել է նաև դրանով սահմանված պարտավորության հարկադիր կատարման իրավական հնարավորությունը, ինչը դադարեցրել է Բանկի իրավունքը` պարտապաններից պահանջելու կատարել պարտավորությունը:

Բանկի և Էդիկ Մարկոսյանի միջև 30.07.2012 թվականին կնքվել է թիվ 337-1/Ե երաշխավորության պայմանագիրը, որի համաձայն` Էդիկ Մարկոսյանը պարտավորվել է պատասխանատվություն կրել 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 հիմնական վարկային պայմանագրով Կազմակերպության ստանձնած պարտավորությունների համար, իսկ տվյալ վարկային պայմանագրում հետագայում կատարված լրացումները և փոփոխությունները հանդիսացել են հիմնական վարկային պայմանագրի անբաժանելի մասը: Ուստի հաշվի առնելով, որ պարտատերը երաշխավորի դեմ կարող է պահանջ ներկայացնել միայն այն դեպքում, երբ հիմնական պարտապանից պարտավորությունը կատարելու իրավունքն օրենքի ուժով չի կորցրել, տվյալ դեպքում էական նշանակություն ունի այն, որ Բանկը հիմնական վարկային պարտավորության մասով բաց է թողել կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու համար նախատեսված ժամկետը, որի արդյունքում Կազմակերպությունն ազատվել է պարտավորության կատարումից: Հետևաբար հիմնական պարտավորության դադարմամբ դադարել է նաև դրա ապահովման միջոց հանդիսացող երաշխավորությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով պարտավորությունները ոչ թե դադարել են, այլ կողմերը կնքել են հաշտության համաձայնություն` սահմանելով վարկային պարտավորության կատարման նոր ժամանակացույց: Հաշտության համաձայնության կնքումից հետո Բանկը և Կազմակերպությունն արտադատական կարգով 30.07.2012 թվականին կնքել են նաև վարկային պայմանագրին կից համաձայնագիր` սահմանելով մարման նոր ժամանակացույց: Թիվ ԼԴ/0406/02/10 քաղաքացիական գործով դատարանը հիմք է ընդունել ոչ թե 30.07.2012 թվականին կնքված համաձայնագիրը և դրա հիման վրա կնքված հաշտության համաձայնությունը, այլ միայն հաշտության համաձայնությունը: 30.07.2012 թվականին համաձայնագիրը կնքվել է հաշտության համաձայնության կնքումից հետո, ուստի 30.07.2012 թվականի համաձայնագիրը հաշտության համաձայնության հիմք հանդիսանալ չէր կարող, այն պարտավորության ինքնուրույն հիմք է:

Երաշխավորը պատասխանատվություն է ստանձնել Կազմակերպության վարկային պարտավորությունների պատշաճ կատարման համար, ընդ որում` երաշխավորության պայմանագիրը կնքվել է արդեն իսկ թիվ ԼԴ/0406/02/10 քաղաքացիական գործի քննության ընթացքում, արտադատական կարգով կողմերի միջև տվյալ գործով հաշտության համաձայնության կնքումից հետո, հետևաբար կողմերն ընդունել են, որ հիմնական վարկային պայմանագրի գործողությունը շարունակվում է, և անկախ վճռից` երաշխավորը ստանձնում է այդ պարտավորությունների կատարման համար պատասխանատվությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Բանկի և Կազմակերպության միջև 21.07.2008 թվականին կնքվել է թիվ 337 վարկային պայմանագիրը, որի համաձայն` Բանկը Կազմակերպությանը տրամադրել է 27.000.000 ՀՀ դրամ վարկ` տարեկան 19% տոկոսադրույքով, մինչև 21.07.2018 թվականն ամբողջությամբ մարման պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 19-22).

2. 30.07.2012 թվականին Բանկի և Կազմակերպության միջև կնքվել է «21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիր, որի համաձայն` սկսած 30.07.2012 թվականից վարկի առկա մնացորդը համաձայնագրի կնքման օրը կազմում է 84.137,72 ԱՄՆ դոլար, վարկի մնացորդի նկատմամբ սահմանվում է տարեկան 14% տոկոսադրույք: Վարկի մարման վերջնաժամկետն է 23.07.2018 թվականը (հատոր 1, գ.թ. 25-27).

3. Թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով 08.08.2012 թվականի վճռով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է կողմերի` Բանկի, Կազմակերպության, «Ղազումյանի Գուգար» ՍՊԸ-ի, Ալբերտ Շամիրյանի և Կարինե Օհանյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, ըստ որի` Կազմակերպությունը պարտավորվել է 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրով մնացորդ 84.137,72 ԱՄՆ դոլարը և դրա նկատմամբ տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսների մարումները կատարել մինչև 21.07.2018 թվականը` համաձայնությամբ հաստատված ամսական մարումներով (հատոր 1-ին, գ.թ. 12-15).

4. Էդիկ Մարկոսյանի` որպես երաշխավոր, Բանկի` որպես պարտատեր, և Կազմակերպության` որպես վարկառու, միջև 30.07.2012 թվականին կնքվել է երաշխավորության պայմանագիր (այսուհետ` Երաշխավորության պայմանագիր), որի 1.1 կետի համաձայն` Էդիկ Մարկոսյանը պարտավորվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքով, բոլոր բանկերում սպասարկվող հաշվարկային, ընթացիկ, արտարժութային, ավանդային և այլ բանկային հաշիվներին առկա գումարներով պատասխանատվություն կրել Բանկի առջև` Բանկի և Կազմակերպության միջև 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրով նախատեսված և Կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունների (վարկի գումարի, վարկի տոկոսների և վճարումների ուշացման համար նախատեսված տոկոսների և տույժերի գումարների վճարման) կատարման համար:

Երաշխավորության պայմանագրի 1.2 կետի համաձայն` 30.07.2012 թվականին կնքված համաձայնագրով վարկի մայր գումարը կազմում է 84.137,72 ԱՄՆ դոլար` տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ վարկը և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարներն ամբողջությամբ ենթակա են մարման մինչև 23.07.2018 թվականը:

Երաշխավորության պայմանագրի 2.3 կետի համաձայն` երաշխավորը պարտավորվել է կատարել դրամական միջոցները պարտատիրոջը վերադարձնելու` վարկառուի պարտավորությունը` վարկառուի կողմից այդ պարտավորությունը չկատարելու մասին պարտատիրոջ հաղորդումը ստանալուց հետո երկու բանկային օրվա ընթացքում:

Երաշխավորության պայմանագրի 2.4 կետի համաձայն` երաշխավորը վարկառուի պարտավորության կատարման համար պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, եթե պարտատիրոջ պահանջը ներկայացվելուց հետո վարկառուն հրաժարվել է կատարել իր պարտավորությունները (հատոր 1-ին, գ.թ. 17-18):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պարբերական կատարում ենթադրող պարտավորությունների հարկադիր կատարման ժամկետների և սուբսիդիար պատասխանատվություն ստանձնած երաշխավորի դեմ պահանջ ներկայացնելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սուբսիդիար պատասխանատվություն ստանձնած երաշխավորի դեմ կարող է պահանջ ներկայացվել այն դեպքում, երբ թեև լրացել է պարտատիրոջ և հիմնական պարտապանի միջև կնքված և պարբերական կատարում ենթադրող հաշտության համաձայնությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու` օրենքով սահմանված մեկամյա ժամկետը, սակայն հաշտության համաձայնությամբ սահմանվել են պարտավորության կատարման` վերոնշյալ ժամկետից ավելի երկար ժամկետներ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի համաձայն` երաշխավորությունը դադարում է`

1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների.

2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար.

3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը.

4) երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը, երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ և չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկով արձանագրել է, որ օրենսդիրն ամրագրել է երաշխավորի համապարտ պատասխանատվության կանխավարկածը, ինչը ենթադրում է, որ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտատերն իրավունք ունի կատարման պահանջ ներկայացնելու ինչպես պարտապանին և երաշխավորին միասին, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրին ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: ՀՀ վճռաբեկ դատարանը, նույն որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետը, նշել է, որ գործում է երաշխավորի լրիվ ծավալով պատասխանատվության սկզբունքը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով (տե՛ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Մարինե Նազարյանի և մյուսների թիվ ԵՇԴ/0700/02/12 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):

i

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով նախատեսվում է երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն, վերջինիս դեմ պարտատերը կարող է պահանջ ներկայացնել միայն այն պարագայում, երբ հիմնական պարտապանից պահանջի բավարարում չի ստանում: Սուբսիդիար պատասխանատվության դեպքում, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածով, մինչև երաշխավորի դեմ պահանջ ներկայացնելը պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանի դեմ, և միայն այն դեպքում, երբ հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել երաշխավորին: Այսինքն` նման գործերով երաշխավորի դեմ պահանջի բավարարման համար անհրաժեշտ է ապացուցել նաև հիմնական պարտապանին պահանջ ներկայացրած լինելու և պահանջի բավարարում ստացված չլինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ նշված պահանջը կարող է ներկայացվել ինչպես արտադատական, այնպես էլ դատական կարգով: Այսինքն` պարտատերը կարող է, օրինակ, արտադատական կարգով նախապահանջ ուղարկել հիմնական պարտապանին կամ վերջինիս դեմ հայց ներկայացնել դատարան: Երկու պարագայում էլ առկա կլինի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածով նախատեսված` հիմնական պարտապանին պահանջ ներկայացնելու պայմանը:

i

Անդրադառնալով երաշխավորության դադարման հիմքերին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, երաշխավորությունը դադարում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Նման հիմքերից մեկն էլ հիմնական պարտավորության դադարումն է, որպիսի հիմքի առկայությունը պայմանավորված է երաշխավորության լրացուցիչ բնույթով, այն է` առանց հիմնական պարտավորության երաշխավորությունը գոյություն ունենալ չի կարող:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ կարգավորումն ունի առանձնահատկություններ պարբերական վճարում ենթադրող պարտավորությունների կատարման դեպքում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նշված պարտավորությունների հարկադիր կատարման առանձնահատկություններին` բացահայտելու համար նման պարտավորությունների դադարման պահն այն դեպքում, երբ լրացել է այն դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու մեկամյա ժամկետը, որով նախատեսվել են պարբերական վճարումներ:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին անգամ կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ անդրադառնալով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի իրավակարգավորմանը, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ վկայակոչված հոդվածի 1-ին մասում առկա «քաղաքացի-պահանջատիրոջ» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանել և կիրառել (2005 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը համահունչ` հաշվի առնելով, որ այն վերաբերում է նաև իրավաբանական անձանց, քանի որ այն իր էությամբ կիրառելի է նաև վերջիններիս նկատմամբ:

i

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը` որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված (տե՛ս, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

Նախկին որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հարկադիր կատարման ենթակա վերջնական դատական ակտի կատարումը պետք է տեղի ունենա դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո, կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարումն առանց կատարողական վարույթի հարուցման ընդհատվում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետից հետո:

i

Գործող օրենսդրության պայմաններում նման դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը ևս պետք է կատարման ներկայացվի այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Նման իրավակարգավորումը չի բխում վերջնական դատական ակտի կատարման` պահանջատիրոջ իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պետության պարտականության էությունից: Դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների հարցում առկա իրավական խնդիրը լուծելու օրենսդրությամբ նախատեսված միակ միջոցը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու կառուցակարգն է, որը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով և կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում է ներկայացնում կատարողական թերթ տված դատարան,

2) կատարողական թերթ տված դատարանը քննում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը` այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,

3) այդ դիմումի քննության արդյունքներով կատարողական թերթ տված դատարանը կայացնում է որոշում` կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:

Վերոգրյալից հետևում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը համապատասխան դատարանի կողմից վերականգնվում է միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը նույն դատարանի կողմից ճանաչվում է հարգելի: Այլ կերպ ասած` օրենսդիրը կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձին կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն է ընձեռել ոչ թե բոլոր, այլ միայն այն դեպքերում, երբ պահանջատերը նշված ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու` օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը, ապա կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումի առկայության պայմաններում կատարողական թերթ տված դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարողական թերթը կատարման չներկայացնելու հիմքում ընկած բոլոր փաստական հանգամանքները և վերականգնել բաց թողած ժամկետը, եթե դա պայմանավորված է եղել դատական ակտով որոշված պարտավորությունը դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարին գերազանցող ժամկետով կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման ընդհատմամբ, երբ պարտատիրոջ կարծիքով սպառվել է դատական ակտի կամավոր կատարման հնարավորությունը: Նշված մոտեցման ցուցաբերման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պարտատիրոջ և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունը (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ որոշ դեպքերում կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը կատարողական թերթ տված դատարանի կողմից պետք է բավարարվի իրավունքի ուժով (ex jure)` հաշվի առնելով այդ ժամկետը բաց թողնելու պատճառները: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` նշված կանոնը գործում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու` օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը,

2) կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու պահին չի լրացել կատարման ենթակա դատական ակտով սահմանված պարտավորության (ների) կատարման համար սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո մեկ տարվա ժամկետը,

3) առկա է այդ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում` ուղղված այդ կատարողական թերթը տված դատարանին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված պայմանների առկայության դեպքում դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու միջոցով հնարավոր կլինի ապահովել այդ դատական ակտով պահանջատեր հանդիսացող անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության, արդար դատաքննության և սեփականության իրավունքների երաշխավորված իրացումը: Նման պայմաններում չի բացառվում նաև պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման հնարավորությունը (տե՛ս, ըստ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի դիմումի թիվ ԵԱՔԴ/0515/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Կազմակերպության միջև 21.07.2008 թվականին կնքվել է թիվ 337 վարկային պայմանագիրը, որի համաձայն` Բանկը Կազմակերպությանը տրամադրել է 27.000.000 ՀՀ դրամ վարկ` տարեկան 19% տոկոսադրույքով, մինչև 21.07.2018 թվականն ամբողջությամբ մարելու պայմանով: 30.07.2012 թվականին Բանկի և Կազմակերպության միջև կնքվել է «21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիր, որի համաձայն` սկսած 30.07.2012 թվականից վարկի առկա մնացորդը համաձայնագրի կնքման օրը կազմում է 84.137,72 ԱՄՆ դոլար, վարկի մնացորդի նկատմամբ սահմանվում է տարեկան 14% տոկոսադրույք: Վարկի մարման վերջնաժամկետն է 23.07.2018 թվականը:

Էդիկ Մարկոսյանի` որպես երաշխավոր, Բանկի` որպես պարտատեր, և Կազմակերպության` որպես վարկառու, միջև 30.07.2012 թվականին կնքվել է երաշխավորության պայմանագիր (այսուհետ` Երաշխավորության պայմանագիր), որի 1.1 կետի համաձայն` Էդիկ Մարկոսյանը պարտավորվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքով, բոլոր բանկերում սպասարկվող հաշվարկային, ընթացիկ, արտարժութային, ավանդային և այլ բանկային հաշիվներին առկա գումարներով պատասխանատվություն կրել Բանկի առջև` Բանկի և Կազմակերպության միջև 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրով նախատեսված և Կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունների (վարկի գումարի, վարկի տոկոսների և վճարումների ուշացման համար նախատեսված տոկոսների և տույժերի գումարների վճարման) կատարման համար: Երաշխավորության պայմանագրի 1.2 կետի համաձայն` 30.07.2012 թվականին կնքված համաձայնագրով վարկի մայր գումարը կազմում է 84.137,72 ԱՄՆ դոլար` տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ վարկը և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարներն ամբողջությամբ ենթակա են մարման մինչև 23.07.2018 թվականը: Երաշխավորության պայմանագրի 2.3 կետի համաձայն` երաշխավորը պարտավորվում է կատարել դրամական միջոցները պարտատիրոջը վերադարձնելու` վարկառուի պարտավորությունը` վարկառուի կողմից այդ պարտավորությունը չկատարելու մասին պարտատիրոջ հաղորդումը ստանալուց հետո երկու բանկային օրվա ընթացքում: Երաշխավորության պայմանագրի 2.4 կետի համաձայն` երաշխավորը վարկառուի պարտավորության կատարման համար պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, եթե պարտատիրոջ պահանջը ներկայացվելուց հետո վարկառուն հրաժարվել է կատարել իր պարտավորությունները:

Թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով 08.08.2012 թվականի վճռով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է կողմերի` Բանկի, Կազմակերպության, «Ղազումյանի Գուգար» ՍՊԸ-ի, Ալբերտ Շամիրյանի և Կարինե Օհանյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, ըստ որի` Կազմակերպությունը պարտավորվել է 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրով մնացորդ 84.137,72 ԱՄՆ դոլարը և դրա նկատմամբ տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսների մարումները կատարել մինչև 21.07.2018 թվականը` համաձայնությամբ հաստատված ամսական մարումներով:

Սույն գործով Դատարանը, բավարարելով Բանկի հայցը, գտել է, որ պատասխանող Էդիկ Մարկոսյանը` որպես երաշխավոր, համապարտ պատասխանատվություն է կրում պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար: Դատարանն անհիմն է համարել Էդիկ Մարկոսյանի այն պնդումը, որ Բանկը, դատական ակտի հիման վրա կատարողական թերթ չստանալու արդյունքում զրկվել է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապաններն էլ ազատվել են հիմնական և լրացուցիչ պարտավորությունից: Արդյունքում Դատարանը գտել է, որ սույն գործով երաշխավորության դադարման որևէ հիմք առկա չէ:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, անհիմն է համարել թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով կայացված վճռի հիման վրա կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հայցվորի կողմից բաց թողնելու արդյունքում երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը դադարած լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկը` պատճառաբանելով, որ կատարողական թերթն օրենքով սահմանված որոշակի ժամկետում կատարման չներկայացնելը` որպես վճռով սահմանված պարտավորությունների դադարման հիմք, օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված չէ: Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Էդիկ Մարկոսյանը կրում է սուբսիդիար պատասխանատվություն, գտել է, որ սույն գործով վերջինիս դեմ ներկայացված պահանջն իրավաչափ է, քանի որ հիմնավորված է հիմնական պարտապան` վարկառու Կազմակերպության կողմից պարտատիրոջ պահանջը բավարարելուց հրաժարվելու` մասնավորապես` թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործով վճիռը կատարված չլինելու փաստը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Երաշխավորության պայմանագրի 2.4 կետի համաձայն` Էդիկ Մարկոսյանը Կազմակերպության պարտավորության կատարման համար պատասխանատվություն է ստանձնել միայն այն դեպքում, եթե Բանկի պահանջը ներկայացվելուց հետո Կազմակերպությունը չկատարի իր պարտավորությունները: Հետևաբար Էդիկ Մարկոսյանը հանդիսանում է սուբսիդիար պատասխանատվություն ստանձնած երաշխավոր, ուստի վերջինիս դեմ կարող է պահանջ ներկայացվել միայն այն դեպքում, երբ Բանկը պահանջ ներկայացնի հիմնական պարտապան Կազմակերպությանը, իսկ վերջինս չկատարի Բանկի պահանջը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկի և Կազմակերպության միջև 30.07.2012 թվականին կնքված «21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրով կողմերը որոշել են, որ վարկի առկա մնացորդ կազմող 84.137,72 ԱՄՆ դոլարը և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարներն ամբողջությամբ ենթակա են մարման համաձայնագրով սահմանված գրաֆիկով` յուրաքանչյուր ամսվա 23-ին, մինչև 23.07.2018 թվականը: Նշված համաձայնագրով որոշակի փոփոխության է ենթարկվել կողմերի միջև 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագիրը, մասնավորապես` սահմանվել է վարկի առկա մնացորդը` 84.137,72 ԱՄՆ դոլար, ինչպես նաև դրա մարման ժամկետները և կարգը: Այդ համաձայնագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից և կազմել է 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրի անբաժանելի մասը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի միջև 30.07.2012 թվականին կնքված համաձայնագիրը, հանդիսանալով 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրի անբաժանելի մասը, չի կարող դիտարկվել որպես կողմերի միջև առկա պարտավորության ինքնուրույն հիմք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի կողմից հիմնական պարտապան Կազմակերպությանը պահանջը ներկայացվել է թիվ ԼԴ/0604/02/10 քաղաքացիական գործի շրջանակներում: Նշված գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2012 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Կազմակերպությունը պարտավորվել է 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագրով վարկի առկա մնացորդ կազմող 84.137,72 ԱՄՆ դոլարի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների մարում` համաձայն ներկայացված գրաֆիկի` յուրաքանչյուր ամսվա 21-ին, մինչև 21.07.2018 թվականը: Այսինքն` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճռով հաստատված հաշտության համաձայնությունը կազմելիս կողմերը 21.07.2008 թվականին կնքված թիվ 337 վարկային պայմանագիրը հիմք են ընդունել դրանում 30.07.2012 թվականին կնքված համաձայնագրով կատարված փոփոխություններով հանդերձ, մասնավորապես` նշված հաշտության համաձայնությամբ ևս վարկի առկա մնացորդը կազմում է 84.137,72 ԱՄՆ դոլար, իսկ մարման վերջնաժամկետ է սահմանվել 2018 թվականի հուլիս ամիսը:

Հետևաբար Բանկի և Կազմակերպության միջև հաստատվել է պարբերական վճարումներ ենթադրող պարտավորություն, իսկ պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2018 թվականի հուլիս ամիսը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Էդիկ Մարկոսյանի դեմ ներկայացված պահանջի բավարարումը կախված է այն հանգամանքից, թե Բանկի կողմից դատական կարգով հիմնական պարտապան Կազմակերպության դեմ պահանջն ինչ լուծում է ստացել: Այլ կերպ ասած` քանի դեռ սույն գործով պարզված չէ հիմնական պարտապանից` Կազմակերպությունից Բանկի կողմից պահանջի բավարարում ստացած լինելու հանգամանքը, Էդիկ Մարկոսյանի դեմ պահանջը բավարարվել չի կարող, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

i

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ կատարողական թերթն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելը չի դադարեցնում պարտավորությունը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումը հակասում է «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով 18.09.2009 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմանը, որում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված մեկ տարվա ընթացքում կատարման չներկայացնելով` պարտատերը զրկվում է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ վերոնշյալ որոշման հիմքում ընկած է միանվագ կատարում ենթադրող պարտավորություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով էական նշանակություն ունի այն, որ հիմնական պարտապանի ստանձնած պարտավորությունը ենթադրում է պարբերական կատարում, իսկ պարտավորության կատարման վերջնաժամկետը դեռևս չի լրացել: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն` պարզելու համար, թե արդյոք վերացած չէ Կազմակերպության դեմ Բանկի պահանջի բավարարման հնարավորությունը, և արդյոք Կազմակերպությունը բավարարել է Բանկի պահանջը:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.08.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.08.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԱՐԱԴ/0591/02/14
Որոշում