Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 332-ՐԴ, 335-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԱՎԴ3/0787/02/14
2017թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԱՎԴ3/0787/02/14

Նախագահող դատավոր`   Տ. Նազարյան

                   Դատավորներ`   Ա. Պետրոսյան

                                                   Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
 Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
 Ն. Տավարացյանի

   

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Գորիսի «Միկրոշարժիչ»» ԲԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.08.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կազմակերպության ընդդեմ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

i

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 22.544.274 ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ վճարման ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` 16.02.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ.Նախշքարյան) 24.07.2015 թվականի վճռով Կազմակերպության հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ն.Բարսեղյան, Ս.Միքայելյան, Մ.Հարթենյան) 27.11.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.07.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 18.05.2016 թվականի վճռով Կազմակերպության հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.08.2016 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է. «Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2016 թվականի թիվ ԱՎԴ3/0787/02/14 քաղաքացիական գործով կայացրած վճիռը մասնակի բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. ««Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ից հօգուտ «Գորիսի «Միկրոշարժիչ»» ԲԲԸ-ի բռնագանձել 3.469.804 ՀՀ դրամ: Սկսած 16.02.2012 թվականից մինչև գումարը հայցվոր «Գորիսի «Միկրոշարժիչ»» ԲԲԸ-ին վերադարձնելու օրը` 3.469.804 ՀՀ դրամի վրա հաշվարկել ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքները և այն բռնագանձել պատասխանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ից հօգուտ «Գորիսի «Միկրոշարժիչ»» ԲԲԸ-ի: 19.074.470 ՀՀ դրամի և դրա նկատմամբ 16.02.2012 թվականից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի մասով «Գորիսի «Միկրոշարժիչ»» ԲԲԸ-ի հայցը մերժել` հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ, 340-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշումը` հայցային վաղեմություն կիրառելու մասով, կայացվել է դատավարական նորմերի կոպիտ խախտմամբ, որն ազդել է գործի ելքի վրա, քանի որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը և խախտվել են Կազմակերպության` ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներն ու օրինական շահերը:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, եկել է ակնհայտ անհիմն եզրահանգման` նշելով, որ սույն գործում առկա հաշիվ-ապրանքագրերում, ինչպես նաև հարկային հաշիվներում հստակ նշված են մատակարարող և ստացող սուբյեկտների անվանումները, մատակարարվող ապրանքի տեսակը, քանակը, արժեքը: Այսինքն` պահպանված են մատակարարման պայմանագրի հիմնական էական պայմանները: ՈՒստի նման պայմաններում դրանցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է առանձին, մեկը մյուսի հետ չկապված, ինքնուրույն գործարք, որպիսի պայմաններում դրանցից յուրաքանչյուրի համար հայցային վաղեմության ժամկետը հոսում է և կարող է ընդհատվել առանձին կերպով: Հետևաբար 16.02.2012 թվականին Ընկերության կողմից 15.000.000 ՀՀ դրամի չափով վճարում կատարելը չէր կարող ընդհատել բոլոր` թվով 11 մատակարարման գործարքների համար հոսող հայցային վաղեմության ժամկետը:

Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանություններն ակնհայտ անհիմն են, չեն բխում գործի փաստական հանգամանքներից և չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը, քանի որ օրենսդիրը համապատասխան իրավական կարգավորման է ենթարկել հայցային վաղեմության եռամյա ժամկետի հաշվարկման կարգը:

Վերաքննիչ դատարանն անհիմն փաստել է, որ վճարման հանձնարարագրերից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է առանձին, մեկը մյուսի հետ չկապված, ինքնուրույն գործարք, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ կողմերի միջև պարտավորական իրավահարաբերությունների առաջացման հիմքը մեկն է` 25.01.2010 թվականին կնքված մատակարարման թիվ 43 պայմանագիրը (այսուհետ նաև` Պայմանագիր), իսկ հաշիվ-ապրանքագրերն ու վճարման հանձնարարագրերը, ըստ էության, Պայմանագրից բխող պարտավորությունը` մատակարարումը կատարված լինելը հավաստող փաստեր են և հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մաս:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 19.08.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.05.2016 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ իրավացիորեն նշել է, որ Կազմակերպության կողմից ներկայացված 19.074.470 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով հայցային վաղեմության ժամկետը ընդհատված չէ, քանի որ այդ գումարը գոյացել է առանձին հարկային հաշիվների հիմքով, իսկ Կազմակերպությունը որևէ կերպ չի ապացուցել, որ 16.02.2012 թվականին վճարված 15.000.000 ՀՀ դրամն ուղղվել է դրանց մարմանը: Հետևաբար Ընկերության կողմից ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը Դատարանի կողմից անհիմն կերպով է ամբողջությամբ մերժվել, քանի որ իրականում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է միայն 3.469.804 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, իսկ մնացած մասով Կազմակերպությունը բաց է թողել իր խախտված իրավունքների պաշտպանության համար օրենքով նախատեսված եռամյա ժամանակահատվածը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Կազմակերպության և Ընկերության միջև 25.01.2010 թվականին կնքված Պայմանագրի 1.1 կետի համաձայն` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Կազմակերպությունը պարտավորվել է նույն պայմանագրով նախատեսված ժամկետներում Ընկերությանը հանձնել իր կողմից արտադրված կամ գնված ապրանքները, այն է` սենդվիչ-պանել` իր կոմպլեկտ էլեմենտներով, (...) իսկ Ընկերությունը պարտավորվել է ընդունել այդ ապրանքները և վճարել դրանց դիմաց: Պայմանագրի 1.2 կետի համաձայն` ապրանքների անվանացանկը, քանակը, որակը և գինը որոշվում են թիվ 1 հավելվածով, որը նույն պայմանագրի անբաժանելի մասն է: Պայմանագրի 4.1 կետի համաձայն` պայմանագրով նախատեսված մատակարարվող ապրանքի գինը կազմում է 70.382.994 ՀՀ դրամ: Պայմանագրի 4.2 կետի համաձայն` նույն պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությունը կատարում է առաջին կանխավճարային մուծում պայմանագրով նախատեսված մատակարարվող ապրանքի գնի 50 տոկոսի չափով, այն է` 35.191.497 ՀՀ դրամ, այնուհետև Ընկերությունը պայմանագրով նախատեսված առաջին կանխավճարային մուծում կատարելուց 35 օր հետո կատարում է երկրորդ կանխավճարային մուծումը` պայմանագրով նախատեսված մատակարարվող ապրանքի գնի 20 տոկոսի չափով, այն է` 14.076.598 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարը վճարում է 49.268.095 ՀՀ դրամի կանխավճարային մուծում կատարած գումարի չափով ապրանքը ստանալուց հետո, տարաժամկետ (մաս-մաս) վճարումներով` Կազմակերպության կողմից համապատասխան խմբաքանակի ապրանք մատակարարելուց, փոխադարձ ակտերը կնքելուց, հաշիվ-ապրանքագրերը ստանալուց և ստորագրելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում: Պայմանագրի 4.5 կետի համաձայն` (...) Ընկերությունն իրեն մատակարարված ապրանքի դիմաց վճարում է անկանխիկ` դրամական միջոցները Կազմակերպության հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է ապրանքը գնորդի պահեստ հասցնելու պահից տասնօրյա ժամկետում: Պայմանագրի 10.1 կետի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից և գործում է մինչև 22.06.2010 թվականը: Պայմանագրի 10.2 կետի համաձայն` նույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները պետք է կատարվեն գրավոր (...) (հատոր 1-ին, գ.թ. 55-61).

2. Կազմակերպության կողմից ներկայացված` վերջինիս կողմից Ընկերությանը մատակարարված ապրանքների և ստացված գումարների վերաբերյալ հաշվարկի համաձայն` 15.02.2010 թվականից մինչև 16.09.2011 թվականն Ընկերությանը մատակարարվել է 120.544.274 ՀՀ դրամի ապրանք, որի դիմաց 16.02.2012 թվականի դրությամբ Կազմակերպությանը վճարվել է 98.000.000 ՀՀ դրամ: Նույն հաշվարկի համաձայն` գումարի վերջին ստացումը եղել է 16.02.2012 թվականին, որպիսի փաստը կողմերը չեն վիճարկել (հատոր 1-ին, գ.թ. 39).

3. 16.02.2012 թվականի թիվ 12021504916600 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպության հաշվեհամարին 16.02.2012 թվականին փոխանցվել է 15.000.000 ՀՀ դրամ, իսկ որպես վճարման նպատակ նշված է` «շինանյութերի համար» (հատոր 2-րդ, գ.թ. 52):

4. 25.01.2010 թվականի թիվ A-035 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպության հաշվեհամարին 25.01.2010 թվականին փոխանցվել է 19.000.000 ՀՀ դրամ, իսկ որպես վճարման նպատակ նշված է` թիվ 43 Պայմանագիրը: 29.01.2010 թվականի թիվ A-036 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպության հաշվեհամարին 29.01.2010 թվականին փոխանցվել է 16.000.000 ՀՀ դրամ, իսկ որպես վճարման նպատակ նշված է` թիվ 43 Պայմանագիրը: 16.03.2010 թվականի թիվ A-044 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպության հաշվեհամարին 16.03.2010 թվականին փոխանցվել է 15.000.000 ՀՀ դրամ, իսկ որպես վճարման նպատակ նշված է` թիվ 43 Պայմանագիրը: 07.09.2010 թվականի թիվ A-114 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպության հաշվեհամարին 07.09.2010 թվականին փոխանցվել է 5.000.000 ՀՀ դրամ, իսկ որպես վճարման նպատակ նշված է` «կանխավճար շինանյութերի ձեռքբերման համար»: 06.12.2010 թվականի թիվ A-194 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպության հաշվեհամարին 06.12.2010 թվականին փոխանցվել է 2.000.000 ՀՀ դրամ, իսկ որպես վճարման նպատակ նշված է` թիվ 43 Պայմանագիրը: 09.12.2010 թվականի թիվ A-210 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպության հաշվեհամարին 09.12.2010 թվականին փոխանցվել է 2.000.000 ՀՀ դրամ, իսկ որպես վճարման նպատակ նշված է` թիվ 43 Պայմանագիրը: 30.12.2010 թվականի թիվ A-253 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպության հաշվեհամարին 30.12.2010 թվականին փոխանցվել է 5.000.000 ՀՀ դրամ, իսկ որպես վճարման նպատակ նշված է` թիվ 43 Պայմանագիրը: 28.02.2011 թվականի թիվ A-081 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպության հաշվեհամարին 28.02.2011 թվականին փոխանցվել է 5.000.000 ՀՀ դրամ, իսկ որպես վճարման նպատակ նշված է` «շինանյութերի համար»: 11.04.2011 թվականի թիվ NS-052 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպության հաշվեհամարին 11.04.2011 թվականին փոխանցվել է 6.000.000 ՀՀ դրամ, իսկ որպես վճարման նպատակ նշված է` «շինանյութերի համար» (հատոր 4-րդ, գ.թ. 22-30):

5. Սույն գործում առկա` թվով 15 հաշիվ ապրանքագրերի համաձայն` 15.02.2010 թվականից մինչև 24.12.2010 թվականը Կազմակերպությունն Ընկերությանը մատակարարել է 81.754.483 ՀՀ դրամի շինանյութ (հատոր 1-ին, գ.թ. 10-24):

6. Սույն գործում առկա` թվով 14 հարկային հաշիվների համաձայն` 12.01.2011 թվականից մինչև 16.09.2011 թվականը Կազմակերպությունն Ընկերությանը մատակարարել է 38.789.791 ՀՀ դրամի շինանյութ (հատոր 1-ին, գ.թ. 25-38):

7. Սույն գործով Դատարանում որպես վկա Ընկերության գլխավոր հաշվապահ Մարետա Պողոսյանը ցուցմունք է տվել առ այն, որ Պայմանագրով սահմանված վճարումները 2011 թվականին կատարվել են և 16.02.2012 թվականի 15.000.000 ՀՀ դրամի վճարումը չի վերաբերում տվյալ պայմանագրին, այլ վերաբերում է հարկային հաշիվներին, սակայն չի հայտնել, թե կոնկրետ որ հարկային հաշիվներին է վերաբերել այդ վճարումը (հատոր 4-րդ, գ.թ. 46ա):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պարտապանի կողմից պարտավորության մի մասի կատարումը համարվում է պարտավոր անձի կողմից ամբողջ պարտավորության ճանաչումը վկայող գործողություն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատելով ողջ պարտավորության համար, այն պարագայում, երբ պարտավորությունը կրում է շարունակական բնույթ և ենթադրում է պարբերական կատարում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, օրինակ, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը): Միաժամանակ, օրենսդրի կողմից ամրագրվել են նաև այն դեպքերը, որոնց առկայության պայմաններում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք կարող է հանդիսանալ սահմանված կարգով հայցի հարուցումը, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելը (տե՛ս, Արմեն Ավագյանն ընդդեմ Արտավազդ Խաչատրյանի թիվ ԵՔԴ/0365/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ընթացքի ընդհատման էությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին: Ընդ որում, օրենսդրի կողմից նախատեսված հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմքերից է պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելը: Այլ կերպ ասած` ինչպիսի ձևով էլ պարտապանն ընդունի իր պարտքը, պարտքի ընդունման օրվանից տեղի է ունենում հայցային վաղեմության ընդհատում, և հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է նորից: Միևնույն ժամանակ, հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք կարող է հանդիսանալ պարտավոր անձի այն գործողությունը, որը կատարվել է հայցային վաղեմության ժամկետում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, ընդ որում պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521 հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 531 հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարված ապրանքների համար գնորդը վճարում է` պահպանելով պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգը և ձևը: Եթե հաշվարկների կարգը և ձևը որոշված չեն կողմերի համաձայնությամբ, ապա հաշվարկները կատարվում են վճարման հանձնարարականներով:

Վերոգրյալ հոդվածների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մատակարարման հարաբերություններին, որպես կանոն, բնորոշ են կողմերի միջև ձևավորվող տևական կապերը, և մատակարարման պայմանագիրը հաճախ կնքվում է երկարատև ժամանակահատվածի ընթացքում պարտավորությունը մաս-մաս կատարելու համար: Այդ պատճառով մատակարարման պայմանագրով հաճախ նախատեսվում է պայմանագրի կատարման ժամկետների բազմազանություն կամ իրերը որոշակի խմբաքանակներով և ժամկետներում հանձնելու պարտականություն, որը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածից, ըստ որի` մատակարարը պարտավորվում է ապրանքը գնորդին հանձնել որոշակի ժամկետում կամ ժամկետներում: Նման պարագայում հայցային վաղեմության ժամկետի ընթացքում մատակարարման պայմանագրով պարտապանի կողմից պայմանագրի կատարմանն ուղղված գործողությունը դիտվում է որպես ամբողջ պայմանագրի` ընդհանուր պարտավորության ճանաչմանն ուղղված գործողություն, ոչ թե միայն պարտավորության կոնկրետ մասով նախատեսված պարտքի ընդունում: Այսինքն` այն դեպքում, երբ պարտավորության ծագման հիմքը մեկն է, պարտապանի կողմից տվյալ պարտավորության կատարմանն ուղղված գործողությունը հանգեցնում է այդ պարտավորությամբ առաջացած ամբողջ պարտքի ճանաչման, անգամ երբ պայմանագրով նախատեսված է դրա մաս-մաս կատարում և պարտապանի գործողություններից հստակ չի երևում, թե պարտավորության որ մասի կատարմանն են ուղղված վերջինիս գործողությունները:

Բացի այդ, վերոգրյալ իրավանորմերից հետևում է, որ պարտավորության կատարումը պատշաճ է, եթե այն կատարվել է պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: Ինչ վերաբերում է մատակարարման պայմանագրին, ապա դրանով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար, իսկ գնորդը պարտավոր է իրեն հանձնված ապրանքի դիմաց վաճառողի օգտին վճարումը կատարել պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգի և ձևի պահպանմամբ: Ընդ որում, վաճառողն իրավունք ունի գնորդի կողմից վճարելու պարտականությունը կատարելուց անհիմն հրաժարվելու դեպքում պահանջել կատարելու այն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի, 48-րդ հոդվածի 1-ին կետի և 53-րդ հոդվածի 1-ին կետի համակարգային վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ըստ այդմ, դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել ներկայացված հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը կամ եզրակացությունը պետք է լինի կոնկրետ գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման անմիջական և տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը:

Սույն գործով Դատարանը Կազմակերպության հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ «թիվ 43 պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատասխանողի կողմից իրականացվել է պարտքի մարում, այսինքն` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարում, մասնավորապես` պատասխանող Ընկերությունը դեռևս 16.02.2012 թվականին կատարել է վճարում, ինչը նշանակում է, որ պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ են կատարվել, ինչը նաև ենթադրում է, որ ընդհատվել է հայցային վաղեմության ընթացքը»: Դատարանը հիմնավորված է համարել նաև այն փաստը, որ «կնքված մատակարարման պայմանագրով և ապրանքների մատակարարման հարկային հաշիվներով ծագած իրավահարաբերությունները կողմերի միջև դիտարկվել է, որպես մեկ ամբողջական գործարք, և պատասխանողի կողմից 16.02.2012 թվականին կատարված վճարմամբ ըստ էության ընդհատվել է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը»:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը, ոչ իրավաչափ է համարել Դատարանի եզրահանգումները և պատճառաբանել, որ «(...) ներկայացված հաշվարկի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 15.000.000 ՀՀ դրամի վճարումով մարվել են առնվազն 27.01.2011 թվականի և 10.02.2011 թվականի ապրանքների մատակարարման գործարքներից ծագած պարտավորություններն ամբողջությամբ, ինչպես նաև 15.03.2011 թվականին դուրս գրված հարկային հաշվով նախատեսված գումարը մասնակի` 1.080.463 ՀՀ դրամի չափով: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ 15.03.2011 թվականին դուրս գրված հարկային հաշվով նախատեսված վճարման ենթակա գումարը կազմել է 4.550.267 ՀՀ դրամ, որից, սակայն, կատարվել է մասնակի վճարում` 1.080.463 ՀՀ դրամ, ուստի տվյալ գործարքի մասով հայցային վաղեմության ժամկետի հոսքը ընդհատվել է և 16.02.2012 թվականից սկսել է հոսել սկզբից (...): Ինչ վերաբերում է 16.03.2011 թվականից սկսած դուրս գրված հարկային հաշիվներին, ապա ըստ հայցվորի կողմից ներկայացված հաշվարկի դրանց դիմաց որևէ վճարումներ չեն կատարվել, ուստիև դրանցից յուրաքանչյուրի մասով հոսող հայցային վաղեմության ժամկետը չի ընդհատվել (...)»: Ընդհանրացնելով` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «հայցվորի կողմից ներկայացված 19.074.470 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով հայցային վաղեմության ժամկետն ընդհատված չէ, քանի որ այդ գումարը գոյացել է առանձին հարկային հաշիվների (գործարքների) հիմքով, իսկ հայցվորը որևէ կերպ չի ապացուցել, որ 16.02.2012 թվականին վճարված 15.000.000 ՀՀ դրամն ուղղվել է դրանց մարմանը, ավելին, (...) 19.074.470 ՀՀ դրամից որևէ մարում չի կատարվել»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Դատարանի կողմից հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունն անհիմն կերպով է ամբողջությամբ մերժվել, իրականում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է միայն 3.469.804 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, իսկ մնացած մասով Կազմակերպությունը բաց է թողել իր խախտված իրավունքների պաշտպանության համար օրենքով նախատեսված եռամյա ժամանակահատվածը, որպիսի հիմքով ներկայացված պահանջը` 19.074.470 ՀՀ դրամի մասով, ենթակա է եղել մերժման»:

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Կազմակերպության և Ընկերության միջև 25.01.2010 թվականին կնքված Պայմանագրի հիման վրա վերջիններիս միջև ծագել է պարտավորական իրավահարաբերություն, որի ուժով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Կազմակերպությունը պարտավորվել է Պայմանագրով նախատեսված ժամկետներում Ընկերությանը հանձնել իր կողմից արտադրված կամ գնված 70.382.994 ՀՀ դրամի չափով ապրանք (շինանյութ), այն է` սենդվիչ-պանել` իր կոմպլեկտ էլեմենտներով, որոնց անվանացանկը, քանակը, որակը և գինը որոշվում են Պայմանագրին կից թիվ 1 հավելվածով, իսկ Ընկերությունը պարտավորվել է ընդունել այդ ապրանքները և վճարել դրանց դիմաց: Պայմանագրի 4.5 կետի վերլուծությունից բխում է, որ Ընկերությունն իրեն մատակարարված ապրանքի դիմաց վճարում է անկանխիկ` դրամական միջոցները Կազմակերպության հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Դրամական միջոցների փոխանցումը պետք է կատարվեր ապրանքը գնորդի պահեստ հասցնելու պահից տասնօրյա ժամկետում: Ավելին, ըստ Պայմանագրի` ապրանքների մատակարարումը և դրա դիմաց վճարումը տեղի է ունեցել մաս-մաս:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա հաշիվ-ապրանքագրերի, հարկային հաշիվների և հայցվորի կողմից ներկայացված` վերջինիս կողմից Ընկերությանը մատակարարված ապրանքների և ստացված գումարների վերաբերյալ հաշվարկի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 15.02.2010 թվականից մինչև 16.09.2011 թվականը Կազմակերպությունն Ընկերությանը մատակարարել է 120.544.274 ՀՀ դրամի ապրանք` նույն տեսակի շինանյութ, իսկ Ընկերությունն այդ ապրանքի դիմաց վճարել է 98.000.000 ՀՀ դրամ, որպիսի փաստը կողմերը չեն վիճարկում: Հետևաբար Ընկերությունը Կազմակերպության հանդեպ ունի 22.544.274 ՀՀ դրամի չափով չկատարված պարտավորություն: Ընկերությանը վերջին մատակարարումը տեղի է ունեցել 16.09.2011 թվականին, իսկ Ընկերության կողմից Կազմակերպությանը վերջին վճարումը կատարվել է 16.02.2012 թվականին:

Վճռաբեկ դատարանի կատարած իրավական վերլուծություններից բխում է, որ 16.02.2012 թվականին Ընկերության կատարած 15.000.000 ՀՀ դրամի վճարումով տեղի է ունեցել հայցային վաղեմության ժամկետի ընդհատում, քանի որ Ընկերությունը կատարել է պարտքի ճանաչումը վկայող գործողություն: Միևնույն ժամանակ 16.02.2012 թվականի վճարման հանձնարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վճարումը կատարվել է «շինանյութի համար», և դրանում որպես ստացող նշված է Կազմակերպությունը: Այսինքն` 15.000.000 ՀՀ դրամը վճարվել է շինանյութի դիմաց` ի կատարումն Ընկերության և Կազմակերպության միջև գոյություն ունեցող պարտավորության: Հետևաբար այդ վճարմամբ` որպես պարտքի ճանաչումը վկայող գործողություն, Ընկերությունը ճանաչել է Կազմակերպության հանդեպ շինանյութի համար ունեցած պարտքը, թեև վճարման հանձնարարագրից հստակ չի երևում, թե որ պարտավորության կատարման համար է տեղի ունեցել վճարումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե կողմերի միջև խնդրո առարկա ապրանքների մատակարարումը և դրա դիմաց կատարված վճարումները վերջիններս դիտարկել են որպես Պայմանագրի հիման վրա ծագած մեկ միասնական պարտավորություն, թե նրանց միջև Պայմանագրից ծագող իրավահարաբերությունները դադարել են, այնուհետև կնքվել են առանձին գործարքներ, որոնցից մեկին կամ մի քանիսին է վերաբերել 16.02.2012 թվականի վճարումը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` 120.544.274 ՀՀ դրամի շինանյութը 15.02.2010 թվականից մինչև 16.09.2011 թվականը Կազմակերպությունն Ընկերությանը մատակարարել է, իսկ վերջինս դրա դիմաց վճարել է` ի կատարումն 25.01.2010 թվականին կնքված Պայմանագրի հիման վրա կողմերի միջև ծագած մեկ ամբողջական պարտավորության` հետևյալ պատճառաբանությամբ.

i

Թեև 25.01.2010 թվականին կնքված Պայմանագրի գինը կազմել է 70.382.994 ՀՀ դրամ, այնուամենայնիվ, Կազմակերպությունը մատակարարել է 120.544.274 ՀՀ դրամի նույն տեսակի շինանյութ, որից 81.754.483 ՀՀ դրամի շինանյութի մատակարարումը հիմնավորվում է սույն գործում առկա հաշիվ-ապրանքագրերի ուսումնասիրությամբ, իսկ մնացածը` հարկային հաշիվների ուսումնասիրությունից: Փաստորեն տվյալ դեպքում տեղի է ունեցել Պայմանագրի փոփոխություն` առարկայի լրացում, ինչը հավաստվում է սույն գործում առկա հաշիվ-ապրանքագրերով, հարկային հաշիվներով և կողմերի դրսևորած վարքագծով: Մասնավորապես` հաշիվ-ապրանքագրերով Կազմակերպությունն Ընկերությանը նախ մատակարարել է 81.754.483 ՀՀ դրամի շինանյութ, իսկ այնուհետև` շինանյութը մատակարարել է հարկային հաշիվներով` Ընկերությանը ընդհանուր առմամբ հանձնելով 120.544.274 ՀՀ դրամի նույն տեսակի ապրանք` Պայմանագրով նախատեսված 70.382.994 ՀՀ դրամի շինանյութի փոխարեն: Միևնույն ժամանակ Պայմանագրում գրավոր փոփոխություններ կատարելու հնարավորությունը նախատեսված է դրա 10.2 կետով, որն էլ ըստ էության տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ կետի և 454-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով առկա կողմերի համաձայնությամբ` հաշիվ-ապրանքագրերի և հարկային հաշիվների փոխանակման եղանակով:

i

Վերոգրյալ եզրահանգումը բխում է նաև «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշմամբ հաստատված`»Նյութական ու ոչ նյութական ակտիվների, ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման» կարգից, որի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն` ծախսերի հաշվեգրման համար նյութական և ոչ նյութական ակտիվների, ինչպես նաև ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ժամանակ իրականացված գործարքները հավաստող փաստաթղթեր կարող են համարվել, մասնավորապես` հարկային հաշիվը, հաշիվ-ապրանքագիրը: Հետևաբար սույն գործում առկա հաշիվ-ապրանքագրերը և հարկային հաշիվները ևս հավաստում են Կազմակերպության և Ընկերության միջև կնքված գործարքի և պարտավորական իրավահարաբերության առկայությունը, որը ծագել է 25.01.2010 թվականին կնքված մատակարարման Պայմանագրի հիման վրա:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ 16.02.2012 թվականին կատարված 15.000.000 ՀՀ դրամի վճարումով մարվել են առնվազն 27.01.2011 թվականի և 10.02.2011 թվականի ապրանքների մատակարարման գործարքներից ծագած պարտավորություններն ամբողջությամբ, ինչպես նաև 15.03.2011 թվականին դուրս գրված հարկային հաշվով նախատեսված գումարը մասնակի` 1.080.463 ՀՀ դրամի չափով, հիմնավոր չէ, քանի որ 16.02.2012 թվականի վճարման հանձնարարագրից պարզ չէ, թե որ պարտավորության դիմաց է կատարվել վճարումը, իսկ դրանում որպես վճարման նպատակ նշված է` «շինանյութերի համար»: Բացի այդ, Դատարանում որպես վկա հարցաքննված Ընկերության գլխավոր հաշվապահ Մարետա Պողոսյանը, թեև Դատարանին հայտնել է, որ 25.01.2010 թվականի Պայմանագրով սահմանված 70.382.994 ՀՀ դրամ վճարումները կատարվել են, և 16.02.2012 թվականի 15.000.000 ՀՀ դրամի վճարումը չի վերաբերում տվյալ պայմանագրին, այլ վերաբերում է հարկային հաշիվներին, սակայն չի հայտնել, թե կոնկրետ որ հարկային հաշիվներին է վերաբերել այդ վճարումը: Ավելին, սույն գործում առկա չէ այնպիսի հարկային հաշիվ, որով առաքվել է 15.000.000 ՀՀ դրամի ապրանք, որպիսի հանգամանքը ևս վկայում է այն մասին, որ վճարումը կատարվել է ոչ թե կոնկրետ հարկային հաշվի, այլ կողմերի միջև գոյություն ունեցող ընդհանուր պարտավորության կատարման համար: Ընդ որում, սույն գործում առկա հարկային հաշիվներից զատ, միայն հաշիվ-ապրանքագրերով մատակարարված ապրանքների ընդհանուր գինը ևս գերազանցում է 25.01.2010 թվականի Պայմանագրի գինը` կազմելով 81.754.483 ՀՀ դրամ, որը ևս մեկ անգամ հավաստում է, որ տեղի է ունեցել Պայմանագրի առարկայի լրացում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի նաև այն եզրահանգումը, որ Դատարան ներկայացված հաշվարկի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կատարվել է ապրանքների մատակարարում և մատակարարված ապրանքների դիմաց Ընկերության կողմից կատարվել է ընդհանուր 98.000.000 ՀՀ դրամի վճարում և այդ պայմաններում կողմերի միջև կնքված պայմանագիրն ըստ էության դադարել է նաև այն հանգամանքի ուժով, որ պատասխանողն ամբողջությամբ վճարել է պայմանագրի գինը: Մասնավորապես` սույն գործում առկա վճարման հանձնարարագրերից միայն 25.01.2010 թվականի թիվ A-035, 29.01.2010 թվականի թիվ A-036, 16.03.2010 թվականի թիվ A-044, 06.12.2010 թվականի թիվ A-194, 09.12.2010 թվականի թիվ A-210, 30.12.2010 թվականի թիվ A-253 վճարման հանձնարարագրերում է որպես վճարման նպատակ հիշատակվում թիվ 43 Պայմանագիրը, իսկ 07.09.2010 թվականի թիվ A-114 վճարման հանձնարարագրում վճարման նպատակը նշված է «կանխավճար` շինանյութերի ձեռքբերման համար»: Ընդ որում, վերոգրյալ վճարման հանձնարարագրերով, որոնց նպատակի վերաբերյալ նշումները հստակեցնում են, որ վճարումն ուղղված է կողմերի միջև կնքված Պայմանագրին, կատարված վճարումների ընդհանուր գումարը կազմում է 64.000.000 ՀՀ դրամ` ի տարբերություն Պայմանագրի, որի գինը, ըստ դրա 4.1 կետի` եղել է 70.382.994 ՀՀ դրամ: Այսինքն` Պայմանագրի 4.1 կետում նշված գինը վճարելու համար բավարար չեն եղել այն վճարումները, որոնք կատարվել են վճարման հանձնարարագրերի հիման վրա, որոնցում որպես վճարման նպատակ է նշված եղել 25.01.2010 թվականի Պայմանագիրը: Ավելին, վերջին վճարման հանձնարարագիրը, որում որպես նպատակ նշվել է թիվ 43 Պայմանագիրը` կատարվել է 30.12.2010 թվականին, մինչդեռ Մարետա Պողոսյանն իր ցուցմունքում նշել է, որ թիվ 43 Պայմանագրով պարտավորությունների կատարումն ավարտվել է 2011 թվականին: Հետևաբար հետագա վճարման հանձնարարագրերով, որոնցում որպես վճարման նպատակ նշված է «շինանյութի համար», ևս իրականացվել է Պայմանագրից ծագած ընդհանուր պարտավորության կատարում:

Բացի այդ, ժամանակագրական հերթականությամբ հաջորդ երկու վճարումները կատարվել են 28.02.2011 թվականի թիվ A-081 և 11.04.2011 թվականի թիվ NS-052 վճարման հանձնարարագրերով, որոնցով վճարվել է, համապատասխանաբար` 5.000.000 ՀՀ դրամ և 6.000.000 ՀՀ դրամ, իսկ դրանցում որպես վճարման նպատակ նշվել է «շինանյութերի համար»: Այսինքն` մինչև 11.04.2011 թվականը Ընկերությունը Կազմակերպությանը վճարել է 75.000.000 ՀՀ դրամ, թեև 25.01.2010 թվականի Պայմանագրի գինը, ըստ դրա 4.1 կետի, եղել է 70.382.994 ՀՀ դրամ: Նշված հանգամանքը ևս հավաստում է, որ կողմերը հաշիվ-ապրանքագրերով և հարկային հաշիվներով կատարել են Պայմանագրի լրացում:

Վերը շարադրվածի հիման վրա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ սույն գործում առկա հաշիվ-ապրանքագրերն ու հարկային հաշիվներն իրենցից ներկայացնում են առանձին, միմյանց հետ չկապված և ինքնուրույն գործարքներ, հիմնավոր չէ, քանի որ դա չի բխում սույն գործում առկա հաշիվ-ապրանքագրերի բովանդակությունից, կողմերի դրսևորած վարքագծից և վկա Մարետա Պողոսյանի ցուցմունքից:

Վկայակոչված իրավական և փաստական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավաչափորեն հանգել է այն եզրակացության, որ կնքված Պայմանագրով և ապրանքների մատակարարման հարկային հաշիվներով ծագած իրավահարաբերությունները կողմերի միջև դիտարկվել են որպես մեկ ամբողջական գործարք, և պատասխանողի կողմից 16.02.2012 թվականին կատարված վճարմամբ ըստ էության ընդհատվել է հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ամբողջ պարտավորության համար:

i

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն է կիրառել հայցային վաղեմություն, ինչը չի բխում գործում առկա փաստական տվյալներից և հանգեցրել է գործի սխալ լուծմանը, քանի որ սույն գործով տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածով սահմանված` հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում ամբողջ պարտավորության համար:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների համար:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` գույքային պահանջի գործերով առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով Ընկերությունը վերաքննիչ բողոքի համար վճարել է 676.328,30 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի մնացած մասի վճարումը Վերաքննիչ դատարանի 22.07.2016 թվականի որոշմամբ հետաձգվել է (հատոր 4-րդ, գ.թ. 100 և 104):

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.12.2016 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է:

Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, արդյունքում նաև բավարարման է ենթակա հայցն ամբողջությամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 22.544.274 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 16.02.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի 3%-ը` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 22.07.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար,

Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 676.328,22 ՀՀ դրամ (22.544.274 ՀՀ դրամ x 3%), ինչպես նաև 22.544.274 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 16.02.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի 3%-ը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.12.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, որպիսի գումարը, սակայն, չպետք է գերազանցի բազային տուրքի հազարապատիկը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.08.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2016 թվականի վճռին:

2. «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 22.544.274 ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 16.02.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի 3%-ը` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 676.328,22 ՀՀ դրամ, ինչպես նաև 22.544.274 ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 16.02.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի 3%-ը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.12.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, բայց ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԱՎԴ3/0787/02/14
Որոշում