Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԱՎԴ4/0028/01/15
Քրեական գործ թիվ ԱՎԴ4/0028/01/15 
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան
                  Դատավորներ` Ս. Չիչոյան
                                               Ա. Դանիելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ
պաշտպան` Է. Բեգլարյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արսեն Արմենի Բաղդասարովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հունվարի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի, 360-րդ հոդվածի 1-ին մասի և 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91154912 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2012 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ Արսեն Բաղդասարովը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը Ա.Բաղդասարովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2012 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ Ա.Բաղդասարովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի` 2012 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ թիվ 91154912 քրեական գործից մաս է անջատվել, և անջատված մասին շնորհվել է թիվ 91157912 համարը: 2012 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ թիվ 91157912 քրեական գործով վարույթը կասեցվել է:

1.1. 2015 թվականի հուլիսի 5-ին Ա.Բաղդասարովը ձերբակալվել է, և թիվ 91157912 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է: Նույն օրը Ա.Բաղդասարովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ Ա.Բաղդասարովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկու ամիս ժամկետով կալանավորումը վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ Ա.Բաղդասարովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2015 թվականի օգոստոսի 1-ին Ա.Բաղդասարովին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2015 թվականի օգոստոսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2015 թվականի նոյեմբերի 16-ի դատավճռով Ա.Բաղդասարովին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման` 1 տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Բաղդասարովի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հունվարի 20-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 16-ի դատավճիռը բեկանելու մասին: Ա.Բաղդասարովը ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով` իրադրության փոփոխման հիմքով, ազատվել է քրեական պատասխանատվությունից, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հունվարի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մայիսի 6-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Արսեն Բաղդասարովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «(...) հանդիսանալով ՀՀ ՊՆ 70179 զորամասի 4-րդ գումարտակի 12-րդ վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի գնդացրորդ, կոչումով շարքային, 2011 թ. դեկտեմբեր ամսվա կեսերին` ժամը 13:30-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, այն է` ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածների համաձայն` զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, համածառայակիցների նկատմամբ հարգանք տածելու, հանդուրժողականություն ցուցաբերելու փոխարեն, համածառայակից, նույն գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գևորգի Կարագուլյանի հետ գումարտակի ճաշարանում ծեծել է գումարտակի ճաշարանի խոհարար, պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Գրիշայի Երգենյանին, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրա հասցեին այն բանի համար, որ Նարեկ Երգենյանը դրանից մի քանի օր առաջ ճաշարանի` կարտոֆիլի մաքրման սենյակում ծխախոտի մնացորդ թողնողի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանք (...)» (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, թերթեր 140-142):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Արսեն Բաղդասարովին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված (...) արարքը որակված է ճիշտ, վերջինս քրեական պատասխանատվության և պատժի է ենթակա այդ հոդվածով (համապատասխան մասով և կետով):

(...) Որպես ամբաստանյալ Արսեն Բաղդասարովի անձը բնութագրող հանգամանքներ Առաջին ատյանի դատարանը դիտում է այն, որ վերջինս նախկինում դատված չէ (...), ՀՀ ՊՆ 70179 զորամասի հրամանատարության և Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի կողմից բնութագրվում է դրականորեն, մայրը` Սուսաննա Բաղդասարովան, վատառողջ է` վերջինիս մոտ ախտորոշվել է Դիֆուզ հանգուցավոր խպիպ, էութիրեոզ (...):

(...) Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալ Արսեն Բաղդասարովի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ վերջինս ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել կատարածի համար, նրա մոտ ախտորոշվել է երկու ստորին վերջույթների ենթամաշկային երակների վարիկոզ հիվանդություն:

(...) Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարում, որ բացակայում են (...) ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:

Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ տուժող Ն.Երգենյանը 28.09.2015թ. Առաջին ատյանի դատարան ուղղված դիմումով և դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ Ա. Բաղդասարովից պարտք և պահանջ, բողոք չունի (...)» (տե՛ս քրեական գործ, 3-րդ հատոր, թերթեր 106-111):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(...) Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արսեն Բաղդասարովը 28.12.2009թ. զորակոչվել է ծառայության ՀՀ ՊՆ թիվ 70179 զորամաս, 30.12.2011թ. զորացրվել է պահեստազոր, որից հետո մոր հետ` 25.01.2012թ., ով ունի առողջական լուրջ խնդիրներ /դիֆուզ հանգուցավոր խպիպ, էութիրեոզ/, բուժման նպատակով մեկնել է ՌԴ Կալինինգրադ քաղաք:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հանցանք կատարած անձը համարվում է հանրային վտանգավորությունը կորցրած, եթե հանցագործությունից հետո անցել է երկար ժամանակ, և այդ ընթացքում անձը դրսևորել է անբասիր վարքագիծ:

Հարկ է արձանագրել նաև, որ Ա.Բաղդասարովը ՀՀ ՊՆ թիվ 70179 զորամասի հրամանատարի և Ա.Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի կողմից բնութագրվում է դրականորեն, Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանի կողմից պարգևատրվել է ՀՀ Պատանիների Առաջնության 1-ին տեղ և ՀՀ Երիտասարդների Առաջնության 3-րդ տեղ գրավելու համար, թրասուսեր զենքաձևից ունի 1-ին կարգի մարզիկի կոչում, առաջին անգամ կատարել է միջին ծանրության հանցագործություն, ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, նրա մոտ ախտորոշվել է երկու ստորին վերջույթների ենթամաշկային երակների վարիկոզ հիվանդություն, մայրը` Սուսաննա Բաղդասարովան ունի, առողջական լուրջ խնդիրներ /դիֆուզ հանգուցավոր խպիպ, էութիրեոզ/, ամբաստանյալը հանդիսանում է նրա միակ խնամակալը:

Վերաքննիչ դատարանը արձանագրում է նաև, որ դեպքից անցել է 4 տարուց ավելի, ամբաստանյալը, մեկնելով ՌԴ, այնտեղ երեք տարի աշխատել է, իրեն դրսևորել է որպես պարկեշտ քաղաքացի, չի կատարել որևէ հակահասարակական արարք, հաշտվել է տուժողի հետ, ով հայտնել է, որ Ա.Բաղդասարովի նկատմամբ բողոք և պահանջ չունի, 6 ամիս 8 օր սույն քրեական գործի շրջանակներում գտնվել է կալանքի տակ, գտնվելով Հայաստանում նույնպես իրեն դրսևորել է հավուր պատշաճի:

Հաշվի առնելով վերը նշված` ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, նրա դրսևորած անբասիր վարքագիծը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Արսեն Բաղդասարովը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը նրա նկատմամբ կիրառելի է:

Քրեական գործի քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են սույն գործով որոշում կայացնելու վրա: Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածների պահանջները:

(...)

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով (...) Վերաքննիչ դատարանը որոշեց (...)» (տե՛ս քրեական գործ, 4-րդ հատոր, թերթեր 32-39):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, Ա.Բաղդասարովի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելով և վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելով, թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքաբերը վկայակոչել է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ԼԴ/0009/01/11 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և եզրահանգել, որ Ա.Բաղդասարովի` պահեստազոր զորացրվելու, առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարելու, մեղքն ընդունելու, տուժողի հետ հաշտվելու ու անկեղծորեն զղջալու, նախկինում դատապարտված չլինելու, հանցանքի կատարման պահից չորս տարի անցնելու հանգամանքները ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի իմաստով չեն կարող դիտվել որպես իրադրության փոփոխում:

8.1. Բողոք բերած անձը փաստել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածներում ամրագրված նորմերն ունեն հայեցողական բնույթ, հետևաբար իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելը վարույթն իրականացնող մարմնի հայեցողությունն է: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանն օգտվել է իր հայեցողական լիազորությունից և չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն այդպիսի լիազորությունից չօգտվելը դիտել է որպես դատական սխալ և, ղեկավարվելով իմպերատիվ կանոնով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, կարճել է գործի վարույթը, ինչը, ըստ բողոքաբերի, դատավարական իրավունքի խախտում է:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված` իրադրության փոփոխման հիմքով Ա.Բաղդասարովին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն` «Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց»:

Մեջբերված քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Արամայիս և Յուրի Ղալաչյանների գործով կայացված որոշման շրջանակներում` արձանագրելով. «(...) Իրադրությունը քրեական օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների այն վիճակն է, որոնց անձը ներգրավված է եղել հանցանքի կատարման պահին: ՈՒստի իրադրության փոփոխությունը` որպես քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք, հասարակական հարաբերությունների այդ վիճակի որակական, կայուն փոփոխությունն է, որը տեղի է ունեցել որևէ իրադարձության հետևանքով:

ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածն ամրագրում է իրադրության փոփոխման դեպքում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու երկու ինքնուրույն տեսակ`

1. իրադրության փոփոխման հետևանքով հանրության համար վտանգավոր լինելուց դադարել է անձը,

2. իրադրության փոփոխման հետևանքով հանրության համար վտանգավոր լինելուց դադարել է արարքը:

Ընդ որում, իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերոնշյալ տեսակներից յուրաքանչյուրի կիրառումը թույլատրելի է, եթե անձին մեղսագրվող հանցանքը ոչ մեծ կամ միջին ծանրության է և կատարվել է առաջին անգամ:

Իրադրության փոփոխման հետևանքով անձի` հանրության համար վտանգավորության կորուստը ենթադրում է այնպիսի փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցանք կատարած անձը դադարում է հանրության համար վտանգավոր լինելուց: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանցագործությունից հետո անձի կյանքի և գործունեության պայմաններում կատարված փոփոխությունները զրկում են նրան հասարակական հարաբերություններին այնպիսի վնաս պատճառելու հնարավորությունից, ինչպիսին նա պատճառել է նախքան այդ փոփոխությունները: Այլ կերպ` կատարված փոփոխությունները պետք է էականորեն նվազեցնեն նոր հանցանք կատարելու` անձի օբյեկտիվ հնարավորությունը:

Իրադրության փոփոխման հետևանքով հանցավոր արարքի հանրային վտանգավորության կորուստը ենթադրում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում այնպիսի էական փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցավորի արարքը դադարում է հանրության համար վտանգ ներկայացնելուց` անկախ այն բանից, որ տվյալ պահին գործող քրեական օրենսգրքով այդ արարքը դեռևս համարվում է հանցավոր:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ իրադրության փոփոխման հետևանքով անձի կամ արարքի հասարակական վտանգավորության դադարման հիմքը չի կարող կիրառվել այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձը գործուն զղջում է կամ որևէ ձևով հարթում է պատճառած վնասը, քանի որ դրանք քրեական պատասխանատվությունից ազատելու ինքնուրույն հիմքեր են:

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու պարագայում դատարանը, դատախազը և քննիչը պետք է հաջորդաբար քննության առնեն և համապատասխան որոշմամբ հստակորեն պարզաբանեն հետևյալ հարցերը`

1. հանցանքի կատարման պահին առկա իրադրությունը,

2. նոր (փոփոխված) իրադրությունը,

3. իրադարձությունը, որի հետևանքով տեղի է ունեցել իրադրության փոփոխությունը,

4. հանցանք կատարած անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության կորստի կոնկրետ դրսևորումը,

5. պատճառական կապը նոր (փոփոխված) իրադրության և հանցանք կատարած անձի կամ արարքի հանրային վտանգավորության կորստի միջև (...)» (տե՛ս Արամայիս և Յուրի Ղալաչյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0009/11/11 որոշման 17-20-րդ կետերը):

11.1. Վերահաստատելով Արամայիս և Յուրի Ղալաչյանների գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով անձին քրեական պատասխանատվությունից ազատելիս վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է նախևառաջ պարզաբանել տեղի ունեցած այն իրադարձությունը, որի արդյունքում հանցանքը կատարելու պահին եղած իրադրությունը ենթարկվել է փոփոխման և հանգեցրել հանցավոր արարքի կամ հանցավորի անձի հանրային վտանգավորության կորստի:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ առանց կոնկրետ իրադրության փոփոխության հիմնավորման հանցավորի արարքում առկա մեղմացնող, վերջինիս անձը դրական բնութագրող հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել արձանագրելու, որ հանցավորը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց, ուստի և հանգեցնելու իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելուն: Վերոնշյալ հանգամանքները ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով նրա նկատմամբ պատիժ նշանակելու, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության հարցը որոշելու անհրաժեշտ պայմաններ են: Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող որոշ հանգամանքները, մասնավորապես` մեղայականով ներկայանալը, հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, պատճառած վնասը որևէ ձևով հարթելը համապատասխան պայմանների առկայության դեպքում կարող են անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մեկ այլ` ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված գործուն զղջալու կիրառման հիմք լինել:

i

12. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված` իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու դատավարական կարգին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից»:

i

Նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 72-րդ, 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում»:

Մեջբերված քրեադատավարական նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված` անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող նյութաիրավական նորմի կիրառման դատավարական հիմքը բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածն է (նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածների պարագայում): Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքին, ապա այն առավել ընդհանրական բնույթ ունի և գործում է միայն այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու որևէ հիմքի կիրառման կարգը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ուղղակիորեն նախատեսված չէ:

i

12.1. Բացի այդ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 37-րդ հոդվածներով նախատեսված` քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հիմքերը, դրանց կիրառման կարգի առանձնահատկություններով պայմանավորված, տարբերվում են միմյանցից: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը սահմանում է, որ իրադրության փոփոխման հետևանքով անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դրան համապատասխան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ վարույթն իրականացնող մարմինները կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: Ակնհայտ է, որ նշված նորմերը դիսպոզիտիվ բնույթ ունեն և վարույթն իրականացնող մարմիններին քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հարցում օժտել են հայեցողական լիազորությամբ (դատարան, դատախազ կամ դատախազի համաձայնությամբ` նաև քննիչ):

Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերն իմպերատիվ են, և դրանցից յուրաքանչյուրի առկայությունը վարույթն իրականացնող մարմնի համար առաջացնում է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 37-րդ հոդվածների հարաբերակցության և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ mutatis mutandis տե՛ս Տիգրան Առաքելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՔԴ/0217/01/14 որոշումը):

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը, օգտվելով իր տնօրինչական լիազորությունից և հաշվի առնելով իրադրության փոփոխման վերաբերյալ սույն որոշմամբ սահմանված համապատասխան չափանիշները, դրանք կիրառելով կոնկրետ գործի փաստական հանգամանքների նկատմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է որոշում կայացնել անձին քրեական պատասխանատվությունից ազատելու կամ չազատելու վերաբերյալ:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Բաղդասարովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները և շարքային Վ.Կարագուլյանի հետ գումարտակի ճաշարանում ծեծի է ենթարկել գումարտակի ճաշարանի խոհարար, պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Երգենյանին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, որպես Ա.Բաղդասարովի անձը բնութագրող հանգամանքներ է դիտել վերջինիս` նախկինում դատված չլինելը, դրական բնութագրվելը, մոր վատառողջ լինելը, իսկ որպես մեղմացնող` մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, երկու ստորին վերջույթների ենթամաշկային երակների վարիկոզ հիվանդություն ունենալը: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ տուժողն ամբաստանյալից պարտք ու պահանջ չունի: Արդյունքում Առաջին ատյանի դատարանն Ա.Բաղդասարովին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և գտել, որ նա ենթակա է պատասխանատվության ու պատժի (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հանցագործությունից հետո անցել է ավելի քան չորս տարի, Ա.Բաղդասարովը մոր հետ մեկնել է արտերկիր, որտեղ երեք տարի աշխատել է և իրեն դրսևորել որպես պարկեշտ քաղաքացի, չի կատարել որևէ հակահասարակական արարք, հաշտվել է տուժողի հետ, սույն քրեական գործի շրջանակներում 6 ամիս 8 օր գտնվել է կալանքի տակ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի է առել Ա.Բաղդասարովի անձը բնութագրող մի շարք հանգամանքներ, մասնավորապես` ՀՀ ՊՆ թիվ 70179 զորամասի հրամանատարի և Ա.Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի կողմից դրական բնութագրվելը, Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանի կողմից ՀՀ Պատանիների Առաջնության 1-ին տեղ և ՀՀ Երիտասարդների Առաջնության 3-րդ տեղ գրավելու համար պարգևատրվելը, թրասուսեր զենքաձևից 1-ին կարգի մարզիկի կոչում ունենալը, առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարելը, մեղքն ընդունելն ու կատարածի համար անկեղծորեն զղջալը, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չլինելը, վատառողջ լինելը, մոր` Սուսաննա Բաղդասարովայի մոտ առողջական լուրջ խնդիրների առկայությունը (դիֆուզ հանգուցավոր խպիպ, էութիրեոզ) և նրա միակ խնամակալը հանդիսանալը:

Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հանցանք կատարած անձը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց, ուստի նրա նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով` Ա.Բաղդասարովին ազատել է քրեական պատասխանատվությունից` իրադրության փոփոխման հիմքով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել հանցանքը կատարելու պահին եղած իրադրությունը և չի պարզաբանել, թե տվյալ իրադրությունն ինչ իրադարձության արդյունքում է ենթարկվել փոփոխման, չի գնահատել նոր (փոփոխված) իրադրությունը, հանցանք կատարած անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության կորստի կոնկրետ դրսևորումը, ինչպես նաև նոր (փոփոխված) իրադրության և հանցանք կատարած անձի կամ արարքի հանրային վտանգավորության կորստի միջև առկա պատճառական կապը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել Ա.Բաղդասարովի կյանքի և գործունեության պայմաններում կատարված այնպիսի փոփոխությունների առկայություն, որը կզրկեր նրան հասարակական հարաբերություններին նման վնաս պատճառելու հնարավորությունից և կվկայեր, որ վերջինս դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:

Ինչ վերաբերում է հանցագործությունից հետո երկար ժամանակ անցնելը և այդ ընթացքում Ա.Բաղդասարովի կողմից անբասիր վարքագիծ դրսևորելը, ինչպես նաև վերջինիս անձը դրական բնութագրող հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից որպես իրադրության փոփոխման հիմնավորում դիտարկելուն, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դրանք ինքնին, առանց կոնկրետ իրադրության փոփոխման և դրա արդյունքում հանցավորի հանրային վտանգավորության կորստի փաստարկման, չեն կարող ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառման և անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք լինել:

Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված` իրադրության փոփոխման հիմքով Ա.Բաղդասարովին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:

15. Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում նաև այն, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելիս ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով: Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն որոշման 12-12.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստում է, որ իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու դատավարական հիմքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածն է:

16. Սույն որոշման 11-14-րդ կետերում կատարված վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արսեն Արմենի Բաղդասարովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հունվարի 20-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Արսեն Արմենի Բաղդասարովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.12.2016
N ԱՎԴ4/0028/01/15
Որոշում