Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 362-ՐԴ, 364...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 362-ՐԴ, 364-ՐԴ, 380-ՐԴ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ         
թիվ ԵԱՔԴ/0067/04/16 2017թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԱՔԴ/0067/04/16
Նախագահող դատավոր`   Ա. Խառատյան
                    Դատավորներ`   Գ. Կարախանյան
                                                    Ս. Թորոսյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                  

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նարինե Նալբանդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2016 թվականի որոշման դեմ` ըստ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի ընդդեմ Նարինե Նալբանդյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Նարինե Նալբանդյանին ճանաչել սնանկ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 16.05.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2016 թվականի որոշմամբ Նարինե Նալբանդյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.05.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Նալբանդյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետը, 364-րդ հոդվածի 1-ին կետը, 380-րդ հոդվածը, վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող` 23.06.2011 թվականի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ, 46-րդ, 82-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ սույն գործով պատասխանողը երաշխավոր է, իսկ հիմնական պարտապանը «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ն է, որին սնանկ ճանաչելու պահանջով Բանկը դեռևս 30.03.2016 թվականին դիմում է ներկայացրել դատարան: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Բանկը Դատարան է ներկայացրել երաշխավորին սնանկ ճանաչելու պահանջ, մինչդեռ երաշխավորին սնանկ ճանաչելու որևէ ընթացակարգ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում: Նշված օրենքի մի շարք դրույթներից բխում է, որ երաշխավորը, անկախ նրանից վերջինս համապարտ պարտավորություն է ստանձնել, թե` ոչ, միևնույն պայմանագրի հիմքով` պարտապանի հետ միաժամանակ կամ վերջինիս փոխարեն չի կարող սնանկ ճանաչվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` Բանկի դիմումը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բանկի և Նարինե Նալբանդյանի միջև ընթացել են հաշտության բանակցություններ, կողմերը եկել են ընդհանուր համաձայնության, և վերացել է Նարինե Նալբանդյանին սնանկ ճանաչելու անհրաժեշտությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Բանկի և «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ի միջև 28.10.2014 թվականին կնքվել է թիվ BՎՊ14/37-01 վարկային պայմանագիրը (այսուհետ` Վարկային պայմանագիր), որով Բանկը «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ին տրամադրել է 360.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ` տարեկան 14% տոկոսադրույքով, մինչև 02.11.2017 թվականը մարման ժամկետով (գործի հավելված, գ.թ. 7-11):

2) 28.10.2014 թվականին Բանկի` որպես պարտատիրոջ, «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ի` որպես պարտապանի, և Նարինե Նալբանդյանի` որպես երաշխավորի միջև կնքվել է թիվ BԵՊ14/175-01 երաշխավորության պայմանագիրը, որով երաշխավորը պարտավորվել է պարտապանի հետ համապարտ պատասխանատվություն կրել պարտատիրոջ առջև` Վարկային պայմանագրով պարտապանի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար (գործի հավելված, գ.թ. 17-18):

3) Բանկի կողմից 01.04.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Նարինե Նալբանդյանի պարտավորությունը Բանկի նկատմամբ 01.04.2016 թվականի դրությամբ կազմել է 433.195,66 ԱՄՆ դոլարին համարժեք 208.276.141,37 ՀՀ դրամ, իսկ կետանցի օրերի թիվը կազմել է 396 օր (գործի հավելված, գ.թ. 6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող` 23.06.2011 թվականի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք հիմնական պարտավորության պարտատերը կարող է ներկայացնել այդ պարտավորության կատարումն ապահովող երաշխավորին սնանկ ճանաչելու պահանջ:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի համաձայն` մորատորիումի գործողությունը չի տարածվում ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման` երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի` երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն`

«1. Ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

2. Ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին: Այդ դեպքում ապահովված պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում ապահովված պարտատերը նույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:

(...)

7. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

(...)

11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված պահանջ (չապահովված պարտատերերի պահանջներ, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկային, պարտադիր այլ վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների)»:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող` 23.06.2011 թվականի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն`

«1. Ապահովված են համարվում գրավով (այդ թվում` երրորդ անձին պատկանող գույքի գրավով), երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված պահանջներ ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

2. Մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու) հաշվին: Այդ դեպքում պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում պարտատերը նույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:

(...)

7. Եթե համապատասխան գրավի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

(...)

11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված պահանջ (չապահովված պահանջներ, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` նույն օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում` գործունեության վերսկսման) հետևանքով)»:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջները և պարտապանի գույքի վաճառքի հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները, որոնց առաջնահերթությունը սահմանված է նույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասով:

i

Սույն բողոքի հիմքում բարձրացված հարցադրման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով: Մասնավորապես, վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը երաշխավորությամբ ապահովված պահանջը դիտարկել է որպես ապահովված պահանջ: Նկատի ունենալով, որ օրենսդիրն ապահովված պահանջների համար նախատեսել է հատուկ կարգավորում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ երաշխավորությամբ ապահովված պարտատերը կարող է երաշխավորությամբ ապահովված իր պահանջն ուղղակիորեն ներկայացնել երաշխավորին սնանկության վարույթից առանձին, իսկ նման պահանջ չներկայացնելու կամ պահանջը լրիվ չբավարարվելու դեպքում այդ պահանջը ներկայացնել սնանկության վարույթում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ երաշխավորությամբ ապահովված պարտավորության պարտատերն իր պահանջն ուղղակիորեն ներկայացնում է սնանկության վարույթում` ընդգրկվելով պարտատերերի ցուցակում, ապա այդ դեպքում պարտատերը համարվում է ապահովված պարտատեր: Հաշվի առնելով, որ ապահովված պարտատեր համարվելը չի կարող լինել ինքնանպատակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նման դեպքում պարտատիրոջ պահանջը բավարարվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածին համապատասխան (Ապահովված պահանջները և դրանց բավարարումը): Ընդ որում, նման դեպքում պարտատիրոջ պահանջները` որպես ապահովված պահանջ, սնանկության վարույթի շրջանակներում կարող են բավարարվել երաշխավորի միջոցների հաշվին: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները, օրենսդրի տրամաբանությունը, մասնավորապես` երաշխավորությամբ ապահովված պահանջն ապահովված պահանջների և դրանց բավարարման վերաբերյալ նշված օրենքի 43-րդ հոդվածում ներառելով, գտել է, որ օրենսդիրը չի բացառում, որ երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները կարող են բավարարվել երաշխավորի գույքի իրացման արդյունքում: ՈՒստի ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ սնանկության գործով կառավարիչը` որպես սնանկության վարույթում պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող հիմնական անձ, երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար կարող է հայցով դիմել դատարան երաշխավորի դեմ` ստացված գումարն ուղղելով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարմանը: Ստացված միջոցներն անբավարար լինելու դեպքում պարտատերը մնացած պահանջի մասով համարվում է չապահովված պարտատեր` հետագա բավարարում ստանալով արդեն ըստ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված առաջնահերթության:

Ինչ վերաբերում է երաշխավորի դեմ սնանկության վարույթից դուրս պահանջ ներկայացնելու հնարավորությանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածների վերլուծության արդյունքում գտել է, որ նման պահանջ ներկայացնելու իրավունքը չի ներառում հիմնական պարտապանի հետ միաժամանակ երաշխավորին սնանկ ճանաչելու հնարավորությունը: Այսինքն` հիմնական պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում երաշխավորի դեմ պահանջ ներկայացնելու հնարավորությունը վերաբերում է միայն հայցային վարույթի կարգով գույքային պահանջ ներկայացնելուն, այլ ոչ թե նաև վերջինիս սնանկ ճանաչելուն: Այսպիսով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթներից բխում է, որ երաշխավորը, անկախ նրանից` վերջինս համապարտ պարտավորություն է ստանձնել, թե` ոչ, միևնույն պայմանագրի հիմքով` պարտապանի հետ միաժամանակ չի կարող սնանկ ճանաչվել: Հետևաբար հիմնական պարտապանին սնանկ ճանաչելուց հետո վերջինիս սնանկության վարույթում պարտատիրոջ պահանջը երաշխավորության հիմքով կհամարվի ապահովված պահանջ, իսկ պահանջի բավարարումն արդեն կիրականացվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանի նման մոտեցումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ զուգահեռ ընթացող հիմնական պարտապանի և երաշխավորի սնանկության վարույթներից մեկով պարտատերը կարող է ստանալ իր պահանջի ամբողջական բավարարում, սակայն սնանկության հետևանքով կտուժեն քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցները, քանի որ նույն պարտավորության համար մի քանի սուբյեկտ կճանաչվեն սնանկ` դրանից բխող հետևանքներով, ընդ որում այն դեպքում, երբ պարտատերն իր պահանջի բավարարում կարող էր ստանալ միայն հիմնական պարտապանին սնանկ ճանաչելով: Նման պարագայում սնանկության մյուս վարույթը կվերածվի ինքնանպատակ գործընթացի` հանգեցնելով երաշխավորի իրավունքների անհարկի սահմանափակման: Այլ կերպ ասած` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն` երաշխավորը, անկախ վերջինիս պատասխանատվության համապարտ կամ սուբսիդիար լինելուց, պարտապանի հետ միաժամանակ սնանկ ճանաչվել չի կարող: ՈՒստի ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով օրենսդրի տրամաբանությունը, կարևորելով քաղաքացիական շրջանառության կայունությունն ապահովելը, գտել է, որ հիմնական պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում պարտատիրոջ կողմից երաշխավորին սնանկ ճանաչելու պահանջ չի կարող ներկայացվել:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարման ընթացակարգերին: Ի տարբերություն գրավով ապահովված պահանջատիրոջ պահանջների, որոնց համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են գրավադրված գույքի ինչպես արտադատական, այնպես էլ դատական կարգով իրացման ընթացակարգեր, նույն օրենքը չի նախատեսում երաշխավորի գույքի իրացման ընթացակարգ: Փաստորեն, օրենքը երաշխավորության հիմքով պարտատիրոջ պահանջը համարելով ապահովված, համենայնդեպս չի նախատեսում ապահովված պահանջի բավարարման կամ գույքի իրացման ընթացակարգ: Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները, գտել է, որ օրենսդիրը չի բացառում, որ երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները կարող են բավարարվել երաշխավորի գույքի իրացման արդյունքում: ՈՒստի, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ սնանկության գործով կառավարիչը երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար կարող է հայցով դիմել դատարան` երաշխավորի գույքի հաշվին ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար: Հակառակ դեպքում, ստացվում է, որ օրենսդիրը երաշխավորության հիմքով նախատեսելով պարտատիրոջ պահանջների ապահովված լինելը, այդուհանդերձ չի նախատեսում նույն հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարման ընթացակարգ (տե՛ս, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ի միջև 28.10.2014 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որով «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման նպատակով վերջինիս, Բանկի և Նարինե Նալբանդյանի միջև կնքվել է երաշխավորության պայմանագիր:

Սույն գործով Դատարանը բավարարել է Բանկի դիմումը` պատճառաբանելով, որ պարտապան Նարինե Նալբանդյանի պարտավորությունները Բանկի հանդեպ մարված չեն, վճռի կայացման պահին դրանք գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, առկա է անվիճելի վճարային պարտավորությունների 60 օրից ավել կետանց, վճարային պարտավորությունը հիմնված է գրավոր գործարքի վրա, բացակայում է հաշվանցի հնարավորությունը, իսկ պարտապանը չի ապացուցել, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի:

Վերաքննիչ դատարանը մերժել է Նարինե Նալբանդյանի վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը պատշաճ կարգով ուղարկվել է պարտապան Նարինե Նալբանդյանին, վերջինիս առաջարկվել է 15 օրվա ընթացքում գրավոր վիճարկել իր սնանկությունը, որը Նարինե Նալբանդյանը չի կատարել: ՈՒստի Դատարանը, հաշվի առնելով այդ հանգամանքը, իրավացիորեն, առանց դատական նիստ հրավիրելու, վճիռ է կայացրել պարտապանին սնանկ ճանաչելու մասին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ պարագայում բողոք բերած անձը զրկված չի եղել իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, չի իրացրել իր դատավարական իրավունքը, այն է` չի վիճարկել իր սնանկությունը, չի հայտնել իր դիրքորոշումը Դատարանում գործի քննության ժամանակ, իսկ Դատարանում նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու մասին Նարինե Նալբանդյանի փաստարկները Վերաքննիչ դատարանը գտել է անհիմն:

Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Բանկի կողմից ներկայացվել է ոչ թե հիմնական պարտավորության պարտապանին, այլ այդ պարտավորության կատարումն ապահովող երաշխավորին սնանկ ճանաչելու պահանջ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Բանկի կողմից հիմնական պարտապան «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջ ներկայացված լինելու դեպքում վերջինիս սնանկ ճանաչվելուց հետո միայն երաշխավոր Նարինե Նալբանդյանի դեմ պահանջը` որպես ապահովված պահանջ, կարող էր բավարարում ստանալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով` հիմք ընդունելով սույն որոշման իրավական վերլուծությունները: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երաշխավոր հանդիսացող պարտապանին սնանկ ճանաչելով` Դատարանը չի բացահայտել հիմնական պարտապանի սնանկության վարույթի առկայության հանգամանքը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Նարինե Նալբանդյանը, զրկված չլինելով Դատարանում իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, չի առարկել սնանկության պահանջի դեմ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երաշխավորին սնանկ ճանաչելու հնարավորությանը Դատարանը պարտավոր էր անդրադառնալ` անկախ առարկություն ներկայացնելու հանգամանքից` մասնավորապես` բացահայտելով հիմնական պարտապանի սնանկ ճանաչված լինելու հանգամանքը, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն` բացահայտելու համար երաշխավոր հանդիսացող Նարինե Նալբանդյանի սնանկության հնարավորությունը` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում: Բացի այդ, հիմք են ընդունվում նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
  Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ԵԱՔԴ/0067/04/16
Որոշում