Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի քաղաքացիական և  վարչական պալատի որոշում
Վարչական գործ թիվ
ՎԴ/7503/05/13
2017 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/7503/05/13   
Նախագահող դատավոր`   

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահող` Ե. Խունդկարյանի
Դատավորներ` Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` 07.05.2013 թվականի թիվ 201-ի 2 հարցմամբ փնտրվող տեղեկատվությունն անվճար կամ այդ տեղեկատվությունը` 10 էջը գերազանցելու դեպքում, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների կիրառմամբ վճարովի տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով Կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին տրամադրելու 07.05.2013 թվականի թիվ 201-ի 2 հարցմամբ փնտրվող տեղեկատվությունն անվճար կամ վճարովի` այդ տեղեկատվությունը` 10 էջը գերազանցելու դեպքում, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների կիրառմամբ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ա. Առաքելյան, Ք. Մկոյան, Գ. Ղարիբյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2014 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.06.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2015 թվականի որոշմամբ Կազմակերպության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Կազմակերպության ներկայացուցիչների դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1256 որոշմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել են 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34-րդ, 51-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող, այնքանով, որ տարբերակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի` իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը: Այսինքն` Կազմակերպության նկատմամբ կիրառված օրենքի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել Վճռաբեկ դատարանի 01.04.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման նոր հանգամանքով վերանայման վարույթ, բեկանել Վճռաբեկ դատարանի 01.04.2015 թվականի որոշումը և (կամ) վարույթ ընդունել և քննել Վերաքննիչ դատարանի 18.12.2014 թվականի որոշման դեմ 18.01.2016 թվականին բերված վճռաբեկ բողոքը, այն է` բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կազմակերպության կողմից Կոմիտեին հասցեագրված 07.05.2013 թվականի թիվ 201-ի 2 հարցմամբ Կազմակերպությունը պահանջել է տրամադրել տեղեկատվություն առ այն, թե ե՞րբ, ի՞նչ իրավական ակտով, ու՞մ, ի՞նչ նպատակով, ի՞նչ իրավունքով (սեփականության իրավունքով, վարձակալության իրավունքով) և որքա՞ն ժամկետով է հատկացվել Փակ շուկան` միաժամանակ նույն հարցմամբ խնդրելով տրամադրել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատկացման (սեփականության կամ վարձակալության հիմքերով) պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները) (հատոր 1-ին, գ.թ.32):

2) Կազմակերպության 07.05.2013 թվականի թիվ 201-ի 2 հարցմանն ի պատասխան` Կոմիտեի 18.05.2013 թվականի թիվ ԿԽ-1/1813 գրությամբ հայտնվել է, որ «(...) Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 5 հասցեի շուկայի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեղեկությունների մատչելիության սահմանափակումների հաշվառմամբ հնարավոր կլինի տրամադրել նույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված չափով տեղեկատվության տրամադրման ծառայության վճարի մուծման անդորրագիր ներկայացվելու դեպքում» (հատոր 1-ին, գ.թ. 32):

3) Դատարանը 06.06.2014 թվականի վճռով Կազմակերպության հայցը մերժել է` հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ տվյալ դեպքում տեղեկատվությունը տնօրինողը Կոմիտեն է, իսկ նրա կողմից իրականացվող գործառույթները կազմակերպվում են ոլորտը կարգավորող հատուկ օրենքով, հետևաբար Կոմիտեի տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած` մատչելի որևէ տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված վճարովիության սկզբունքներն ու մեխանիզմները (հատոր 1-ին, գ.թ.124-146):

4) Վերաքննիչ դատարանի 18.12.2014 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.06.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (հատոր 2-րդ, գ.թ. 41-45):

5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2015 թվականի որոշմամբ Կազմակերպության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 119-122):

6) Կազմակերպության ներկայացուցիչների դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1256 որոշմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել են 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34-րդ, 51-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող այնքանով, որ տարբերակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի` իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների` դրանց ծագման, դադարման, փոխանցման կամ փոփոխման պետական գրանցման, ինչպես նաև անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար մատուցվող ծառայությունների համար պետական բյուջե գանձվում է վճար նույն օրենքով սահմանված չափերով` գանձապետարանում բացված համապատասխան հաշվին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմողները պարտավոր են վճարել նույն օրենքով սահմանված վճարները:

Սույն գործով Դատարանը Կազմակերպության հայցը մերժել է` հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ տվյալ դեպքում տեղեկատվությունը տնօրինողը Կոմիտեն է, իսկ նրա կողմից իրականացվող գործառույթները կազմակերպվում են ոլորտը կարգավորող հատուկ օրենքով, հետևաբար Կոմիտեի տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած` մատչելի որևէ տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված վճարովիության սկզբունքներն ու մեխանիզմները:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի դեմ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ:

i

Սույն գործով Կազմակերպությունը որպես նոր հանգամանք ներկայացրել է ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1256 որոշումը, որով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել են 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34-րդ, 51-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող այնքանով, որ տարբերակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի` իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1256 որոշմամբ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34-րդ, 51-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող է ճանաչվել Դատարանի կողմից կիրառված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1256 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակասահմանադրական ճանաչված նորմի կիրառման արդյունքում Կազմակերպության համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել գործի նոր քննության արդյունքում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 18.12.2014 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.12.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ՎԴ/7503/05/13
Որոշում