Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 34-177-ՐԴ ՀՈԴՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 34-177-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԿԴ1/0007/01/15
Գործ թիվ ԿԴ1/0007/01/15   
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան
                   Դատավորներ` Ռ. Բարսեղյան
                                                 Ա. Դանիելյան 

 

 

ՈՐՈՇՈՒՄ
 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի

                   

2017 թվականի ապրիլի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարուժան Ռոբերտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հունիսի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտպան Կ.Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2014 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 20107914 քրեական գործը:

2014 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ Վարուժան Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ Վ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ թիվ 20107914 քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և 2014 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ միացվել թիվ 16132114 քրեական գործին:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հունվարի 30-ի որոշմամբ թիվ 16132114 քրեական գործից անջատվել և առանձին վարույթ է առանձնացվել Վ.Հարությունյանի, Մ.Հարությունյանի և Լ.Գևորգյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ մասը, շնորհվել թիվ 59100315 համարը և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչություն:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Վ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նույն հոդվածով նոր մեղադրանք է առաջադրվել:

2015 թվականի փետրվարի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 22-ի դատավճռով Վ.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Վ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Մ.Հարությունյանը և Լ.Գևորգյանը:

3. Ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտպան Կ.Կիրակոսյանի և ամբաստանյալներ Լ.Գևորգյանի ու Մ.Հարությունյանի պաշտպան Ա.Սահակյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2016 թվականի հունիսի 15-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 22-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հունիսի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտպան Կ.Կիրակոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման և մեղադրական եզրակացության համաձայն` Վարուժան Ռոբերտի Հարությունյանը մեղադրվում է այն բանի համար, որ «(...) նա, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Լևոն Գևորգյանի և Մարատ Հարությունյանի հետ, անձնական դերաբաշխմամբ, 2014թ. փետրվարի 17-ին` ժամը 18:30-ից մինչև ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս հետ միասին գնացել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 2-րդ շենքի բակ, որտեղ Լևոն Գևորգյանի հետ միասին սպասել են շենքի շրջակայքում, հսկել տարածքը, ապահովելով հանցակից Մարատ Հարությունյանի կողմից անարգել ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը: Այդ ժամանակ Մարատ Հարությունյանը, պատուհանը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել նույն շենքի 8-րդ հասցեում գտնվող Իսահակ Մեղրյանին պատկանող բնակարան, այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափի` 1.531.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր և 60.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մետաղյա զարդեր, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը, քանի որ Մարատ Հարությունյանի կողմից բնակարանից դուրս գալուն պես բռնվել է ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների կողմից» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 95):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) Դատարանն առաջադրված մեղադրանքի սահմաններում հաստատված է համարում, որ`

Վարուժան Ռոբերտի Հարությունյանը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Մարատ Հարությունյանի հետ, անձնական դերաբաշխմամբ, 2014թ. փետրվարի 17-ին` ժամը 18:30-ից մինչև ժամը 21-ն ընկած ժամանակահատվածում, Մարատ Հարությունյանի հետ գնացել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 2-րդ շենքի բակ, երկուսով ապօրինի մուտք են գործել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 2-րդ շենքի 8-րդ հասցեում գտնվող Իսահակ Մեղրյանին պատկանող բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափի` 1.531.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր և 60.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մետաղյա զարդեր, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը, քանի որ Մարատ Հարությունյանի կողմից բնակարանից դուրս գալուն պես բռնվել են ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների կողմից» (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 121-136):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(...) Դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, կատարված հանրորեն վտանգավոր արարքում ամբաստանյալ Վարուժան Հարությունյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 205-206):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Վճռաբեկ բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի: Մասնավորապես, ստորադաս դատարանները կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետը, որը չպետք է կիրառեին, ինչպես նաև խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-18-րդ, 23-րդ, 25-րդ, 126-127-րդ և 258-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկների` բողոքաբերը նշել է, որ Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս և մյուս ամբաստանյալը միասին սպասել են շենքի շրջակայքում, հսկել տարածքը` ապահովելով հանցակից Մ.Հարությունյանի կողմից հանցավոր մտադրությունն անարգել ավարտին հասցնելը: Մինչդեռ ստորադաս դատարանն ապացուցված է համարել, որ Վ.Հարությունյանը և Մ.Հարությունյանը երկուսով ապօրինի մուտք են գործել տուժողի բնակարան: Այսինքն` ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, իր պաշտպանյալին մեղավոր է ճանաչել այնպիսի արարքի համար` բնակարան ապօրինի մուտք գործելու, ինչը մեղադրական եզրակացության մեջ ներառված չի եղել:

i

8.1. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Գրիգոր Ղլիջյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ5/0005/01/14 որոշումը, գտել է, որ թե՛ նախաքննական մարմինը, թե՛ ստորադաս դատարաններն անտեսել են այդ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, կայացրել են դրանց հակասող դատական ակտեր` Վ.Հարությունյանի արարքին տալով սխալ քրեաիրավական գնահատական:

Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը գրեթե միևնույն ապացույցներով գործով մյուս ամբաստանյալ Լ.Գևորգյանին արդարացրել է, իսկ Վ.Հարությունյանին` դատապարտել:

9. Ելնելով վերոշարադրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և Վարուժան Հարությունյանի մասով կայացնել նոր դատական ակտ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ նրան ճանաչել անպարտ և արդարացնել` մերժելով նաև նրա նկատմամբ հարուցված քաղաքացիական հայցը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I. ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված` բնակարան ապօրինի մուտ գործելով գողության համակատարումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյոք նախաքննության մարմնի կողմից Վ.Հարությունյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով որակելն այն պայմաններում, երբ առաջադրված մեղադրանքում բնակարան ապօրինի մուտք գործելու փաստը նրան չի վերագրվել:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը սահմանում է. «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն. «1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:

2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:

(...)

5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները»:

Մեջբերված նորմերը վերլուծելով Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի գործով որոշման մեջ` Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Համակատարում նշանակում է, որ երկու կամ ավելի անձինք անմիջականորեն կատարում են հանցագործության օբյեկտիվ կողմը:

Համակատարում չէ հանցագործությանը այնպիսի մասնակցությունը, երբ անձանցից մեկը տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հանդիսացող ոչ մի գործողություն չի կատարել, այլ միայն օժանդակել է հանցագործությանը:

(...)

Օժանդակողը կատարողից տարբերվում է այն բանով, որ նա հանցագործության օբյեկտիվ կողմն անմիջականորեն չի կատարում, այլ կամ հանցագործությունը նախապատրաստելու պրոցեսում, կամ դրա ավարտման փուլում կատարողին օգնություն է ցույց տալիս հանցագործության ավարտման ռեալ (իրական) հնարավորություններ ստեղծելու միջոցով:

i

Օժանդակողը հանցագործության անմիջական կատարմանը չի մասնակցում, այլ տրամադրելով հանցագործության կատարման համար անհրաժեշտ միջոցներ կամ գործիքներ, վերացնելով խոչընդոտները և այլն, օգնում է կատարողին իրականացնել հանցակիցների դիտավորությունը: (...)» (տե՛ս Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 29-30-րդ կետերը):

12. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն`

«1. Գողությունը` ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`

պատժվում է համապատասխան պատժով:

(...)

3. Գողությունը, որը կատարվել է`

(...)

1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,

(...)

պատժվում է համապատասխան պատժով»:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բնակարան ապօրինի մուտք գործելով գողության համակատարմանն ու դրա եղանակին, Գրիգոր Ղլիջյանի գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Մուտք գործելու հիմնական ձևերից է համարվում հանցավորի ֆիզիկական ներթափանցումը կամ ներս մտնելը բնակարան: (...)

Այն դեպքում, երբ բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունը կատարվում է մեկից ավելի անձանց կողմից, արարքը կարող է որակվել որպես համակատարում, երբ անձը լրիվ կամ մասամբ կատարում է հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություններ:

Հակառակ պարագայում անձի գործողությունները համապատասխան հանգամանքների առկայության դեպքում կարող են որակվել հանցակցության այլ ձևերով: Մասնավորապես, եթե հանցակիցը հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն չի կատարել, սակայն հանցագործության կատարմանն աջակցել է, օրինակ, խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով (օրինակ` հսկում է դրսում, որպեսզի կատարողն առանց խոչընդոտի կատարի հափշտակությունը, (...) և այլն), ապա նրա արարքը պետք է որակվի որպես բնակարան ապօրինի մուտք գործելով գողության օժանդակություն» (տե՛ս Գրիգոր Ղլիջյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ5/0005/01/14 որոշման 12-13-րդ կետերը):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Վ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Լևոն Գևորգյանի և Մարատ Հարությունյանի հետ, անձնական դերաբաշխմամբ, վերջիններիս հետ միասին գնացել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 2-րդ շենքի բակ, որտեղ Լևոն Գևորգյանի հետ միասին սպասել են շենքի շրջակայքում, հսկել տարածքը` ապահովելով հանցակից Մարատ Հարությունյանի կողմից իրենց հանցավոր մտադրությունը անարգել ավարտին հասցնելուն: Այդ ժամանակ Մարատ Հարությունյանը պատուհանը բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել նույն շենքի 8-րդ հասցեում գտնվող Իսահակ Մեղրյանին պատկանող բնակարան, այնտեղից կատարել գաղտնի հափշտակություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը, քանի որ բնակարանից դուրս գալուն պես բռնվել է ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների կողմից (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրական եզրակացությամբ Վ.Հարությունյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ, մինչդեռ ինչպես երևում է մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքների նկարագրությունից, վերջինիս չի մեղսագրվել բնակարան ապօրինի մուտք գործելու գործողությունը, մասնավորապես` ֆիզիկական ներթափանցումը կամ բնակարան ներս մտնելը: Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ արարքի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների իրականացման ընթացքում Վ.Հարությունյանն սպասել է բակի շրջակայքում` ապահովելով բնակարան մուտք գործած հանցակցի կողմից իրենց հանցավոր մտադրությունն անարգել ավարտին հասցնելը, մինչդեռ Վ.Հարությունյանի արարքը ոչ իրավաչափորեն որակել է որպես բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի համակատարում:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից Վ.Հարությունյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով որակելն այն պայմաններում, երբ առաջադրված մեղադրանքում բնակարան ապօրինի մուտք գործելու փաստը նրան չի վերագրվել, հիմնավորված չէ:

 

II.Դատական քննության սահմանները.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանները, հաստատված համարելով, որ Վ.Հարությունյանն ապօրինի մուտք է գործել տուժողին պատկանող բնակարան, արդյոք թույլ են տվել դատական քննության սահմանների խախտում:

16. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք. (...)

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու (...) համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք. (...) «:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա) իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

բ) բավարար ժամանակ և հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն.

«Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք:

2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին (...) ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»:

17. Վճռաբեկ դատարանը կրկնում է դատական քննության սահմանների վերաբերյալ իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումներն այն մասին, որ.

i

- գործի դատական քննությունը սահմանափակված է այն անձանց շրջանակով, որոնց նկատմամբ կայացվել է դատական քննություն նշանակելու մասին որոշում և այդ անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալով: Սա պայմանավորված է մի կողմից` մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքն իրական և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ, իսկ մյուս կողմից` այն հանգամանքով, որ դատարանը` որպես արդարադատություն իրականացնող մարմին, չի կարող ինքնուրույն ձևակերպել նոր մեղադրանք` փոխարինելով քրեական հետապնդման մարմիններին: Ընդ որում, դատական քննության սահմաններն ընդգծելու և մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ «մեղադրանք» եզրույթը հասկացվի որպես արարքի քրեաիրավական որակման և դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների ամբողջություն (տե՛ս Արկադի Պապյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 23-րդ կետը):

- Մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն (տե՛ս Արկադի Պապյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 18-րդ կետը):

- Թեև մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները և կայացված որոշումները դատարանի համար ունեն նախնական և օժանդակ նշանակություն, այդուհանդերձ, մինչդատական վարույթի արդյունքները կանխորոշում են դատական քննության սահմանները: Դատական քննության փուլում դատարանի խնդիրն է ստուգել ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունն ու ապացուցվածությունը, և եթե ապացույցների հետազոտման արդյունքում մեղսագրվող արարքը կհաստատվի, դատարանը պարտավոր է կայացնել համապատասխան դատական ակտ այն քրեաիրավական որակման սահմաններում, որը նշված հանցավոր արարքին տրվել է մեղադրական եզրակացությամբ (տե՛ս Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 21-րդ, 23-րդ կետերը):

18. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու որոշմամբ և մեղադրական եզրակացությամբ Վ.Հարությունյանին չի մեղսագրվել անձամբ բնակարան մուտք գործելու և այնտեղից հափշտակություն կատարելու փաստը: Մինչդեռ առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված է համարվել, որ Վարուժան Հարությունյանը Մարատ Հարությունյանի հետ գնացել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 2-րդ շենքի բակ, և երկուսով ապօրինի մուտք են գործել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 2-րդ շենքի 8-րդ հասցեում գտնվող Ի.Մեղրյանին պատկանող բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափի ոսկյա և մետաղյա զարդեր (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ կատարված հանրորեն վտանգավոր արարքում ամբաստանյալ Վ.Հարությունյանի մեղավորության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

19. Սույն որոշման 15-17-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի, դրանց վերլուծությունների լույսի ներքո գնահատելով 18-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Վ.Հարությունյանի կողմից անձամբ բնակարան ապօրինի մուտք գործելու փաստը մեղսագրել են այն պայմաններում, երբ քննարկվող փաստը որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ և մեղադրական եզրակացությամբ նրան մեղսագրված չի եղել: Բնակարան ապօրինի մուտք գործելու հանգամանքն ամբաստանյալին մեղսագրված հանցակազմի էությունը կազմող հատկանիշ է, հետևաբար անկախ իրենց ներքին համոզմունքից և գործում առկա ապացույցներից` ստորադաս դատարաններն իրավասու չէին հաստատված ճանաչել այն: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը, քննարկվող փաստը հաստատելով, ըստ էության, իրացրել է մեղադրական գործառույթներ, Վ.Հարությունյանին մեղսագրել է հանցանքի օբյեկտիվ կողմի այնպիսի հատկանիշ, որպիսին նախաքննության մարմնի կողմից վերջինիս մեղսագրված չի եղել` ամբաստանյալին զրկելով իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանն էլ նման պայմաններում Առաջին ատյանի դատարանի հետևությունները համարել է հիմնավոր և դատական ակտը թողել է անփոփոխ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով, որ Վ.Հարությունյանն ապօրինի մուտք է գործել տուժողին պատկանող բնակարան, թույլ են տվել դատական քննության սահմանների խախտում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի և 38-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Արդյունքում խախտվել է նաև ամբաստանյալի` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության իրավունքը:

i

Թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումներն իրենց բնույթով էական են և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ հոդվածների իմաստով հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ստորադաս դատարանների կողմից դատական քննության սահմանների խախտում թույլ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում պաշտպանի կողմից վճռաբեկ բողոքում բարձրացված` ապացույցների գնահատման և դրանց բավարարության վերաբերյալ փաստարկներին (տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը) և գտնում է, որ դրանք պետք է քննարկման առարկա դարձվեն գործի նոր քննության ընթացքում:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վարուժան Ռոբերտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հունիսի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Վարուժան Ռոբերտի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.04.2017
N ԿԴ1/0007/01/15
Որոշում