Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 42...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.1-ՐԴ, 426.4 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵԿԴ/0060/11/15
Գործ թիվ   ԵԿԴ/0060/11/15
Նախագահող դատավոր`   Ս. Չիչոյան

  

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Ավագյանի

 

2017 թվականի հունիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2014 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի հետաքննիչ Ե.Հակոբյանը որոշում է կայացրել «Լեկմա Շուզ» ՍՊ ընկերության տնօրեն Ջուլետտա Եղիազարյանի (ըստ գործում առկա AN0596982 անձնագրի պատճենի` Ջուլետտա Եղիազարյան) նկատմամբ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը, ստուգելով վերոգրյալ որոշման օրինականությունը, 2015 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչ Ե.Հակոբյանի` 2014 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը վերացնելու և «Լեկմա Շուզ» ՍՊ ընկերության անվամբ մաքսանենգությամբ` մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու եղանակով, խոշոր չափերի ապրանքներ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

2. 2015 թվականի ապրիլի 13-ին դիմող Ջ.Եղիազարյանի ներկայացուցիչ Հ.Տեր-Վարդանյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի` 2015 թվականի մարտի 23-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի մայիսի 4-ի որոշմամբ դիմող Ջ.Եղիազարյանի ներկայացուցիչ Հ.Տեր-Վարդանյանի բողոքը բավարարել է` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի` 2015 թվականի մարտի 23-ի որոշմամբ թույլ տրված` Ջ.Եղիազարյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

3. Դատախազ Կ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է` անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 4-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը` խնդրելով վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 4-ի և Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 8-ի որոշումները:

Վճռաբեկ դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ ներկայացված բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

5. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ գլխավոր դատախազի դիմումների հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1236 որոշման եզրափակիչ մասում բացահայտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը, արձանագրել է, որ վկայակոչված նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն իր կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում:

6. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումը, ներկայացրել է վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանը 2016 թվականի հունվարի 29-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժել է:

7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Սահմանադրական դատարան կրկին ներկայացված դիմումի քննման արդյունքում Սահմանադրական դատարանը 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-1319 որոշմամբ գործի վարույթը կարճել է` միևնույն ժամանակ ձևավորելով որոշակի իրավական դիրքորոշումներ:

8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-1319 որոշումը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2017 թվականի փետրվարի 23-ին որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

9. Առաջին ատյանի դատարանը, իր` 2015 թվականի մայիսի 4-ի որոշմամբ բավարարելով դիմող Ջ.Եղիազարյանի ներկայացուցիչ Հ.Տեր-Վարդանյանի բողոքը, արձանագրել է. «(...) Քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի 2014թ. նոյեմբերի 14-ի որոշումն օրենքով նախատեսված յոթնօրյա ժամկետում դատախազի կողմից չի վերացվել և մտել է օրինական ուժի մեջ: Այդ որոշումը վերացնելու և «Լեկմա Շուզ» ՍՊԸ անվամբ մաքսանենգությամբ` մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու եղանակով, խոշոր չափերի ապրանքներ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի որոշումը կայացվել է 2015թ. մարտի 23-ին, այսինքն` հետաքննիչի որոշման վերացման համար օրենքով սահմանված յոթօրյա ժամկետը լրանալուց ավելի քան երեք ամիս անց:

Վերոհիշյալ իրավական ակտերի և գործի հանգամանքների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ հետաքննիչի 2014թ. նոյեմբերի 14-ի որոշման բողոքարկման յոթօրյա ժամկետը լրանալուց հետո այն վերացնելու որևէ կարգ կամ հիմք նախատեսված չէ:

Բացի այդ, օրենսդիրը հստակ տարանջատել է քրեական գործ հարուցելը, քրեական գործի հարուցումը մերժելը, քրեական հետապնդում հարուցելը, գործի վարույթը կարճելը, քրեական հետապնդումը դադարեցնելը և քրեական հետապնդում չիրականացնելը: Օրենսդիրը ՀՀ գլխավոր դատախազին լիազորել է վեց ամսվա ընթացքում միայն մեկ անգամ վերացնել քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, սակայն ոչ թե նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:

Հետևաբար ՀՀ գլխավոր դատախազի կողմից կայացվել է որոշում, որի կայացման լիազորություն հետաքննիչի տվյալ որոշման բողոքարկման համար օրենքով սահմանված յոթնօրյա ժամկետը լրանալուց հետո նա չի ունեցել (...) (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 50):

10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, նշել է. «(...) Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի եզրահանգումներն առ այն, որ օրենսդիրը ՀՀ գլխավոր դատախազին լիազորել է վեց ամսվա ընթացքում միայն մեկ անգամ վերացնել քրեական հետապնդման մարմնի գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, սակայն ոչ թե նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը: Հետևաբար ՀՀ գլխավոր դատախազի կողմից կայացվել է որոշում, որի կայացման լիազորություն` հետաքննիչի տվյալ որոշման բողոքարկման համար օրենքով սահմանված յոթնօրյա ժամկետը լրանալուց հետո նա չի ունեցել:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով մեկնաբանման expressio unius կանոնը, համաձայն որի` սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով, արձանագրում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գլխավոր դատախազի կողմից վեց ամսվա ժամկետում վերացվող որոշումների ցանկում (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 156):

11. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ փաստել է. «(...) Բողոքաբերի փաստարկների, գործի նյութերի և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 370-371):

12. Վճռաբեկ դատարանի` նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին 2016 թվականի հունվարի 29-ի որոշմամբ արձանագրվել է. «(...) Թիվ ՍԴՈ-1236 որոշման եզրափակիչ մասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակության շրջանակները բացահայտելիս Սահմանադրական դատարանը վիճարկվող նորմին չի տվել այնպիսի մեկնաբանում, որ ՀՀ գլխավոր դատախազն իրավասու է յոթնօրյա ժամկետը լրանալուց հետո վեցամսյա ժամկետում, ի թիվս այդ նորմում հստակ նշված մյուս որոշումների, վերացնել նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև չի արձանագրել, որ քննարկվող նորմը կիրառվել է այլ մեկնաբանությամբ (...)» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 89):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքաբերի պնդմամբ` ՀՀ սահմանադրական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-1319 որոշումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 11-ի, 2016 թվականի հունվարի 29-ի որոշումները վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Ի հիմնավորումն հիշյալ փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ հաստատվել է սույն գործով դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների` դրանց սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելը: Ըստ բողոքաբերի` մինչդատական վարույթում գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քրեական հետապնդման մարմնի (հետաքննության մարմնի կամ քննիչի) որոշումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից կարող է վերացվել մեկ անգամ և միայն այդպիսի որոշման կայացումից հետո` վեց ամսվա ժամկետում` անկախ քրեական հետապնդման մարմնի վերոհիշյալ որևէ որոշման առնչությամբ ստորադաս հսկող դատախազի դատավարական լիազորության իրականացումից:

14. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է վերանայել Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին 2015 թվականի սեպտեմբերի 11-ի, նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին 2016 թվականի հունվարի 29-ի որոշումները և բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 4-ի, Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 8-ի որոշումները` կայացնելով նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ սահմանադրական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-1319 որոշումն արդյոք Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից` այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

(...):

2. Սույն հոդվածի առաջին մասի (...) 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքը հաստատված է համարվում (...) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ (...) դրա ուժի մեջ մտնելու պահից»:

ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-1319 որոշման եզրափակիչ մասում արձանագրել է. «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել` հաշվի առնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2015թ. նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1236 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում մինչդատական վարույթում գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քրեական հետապնդման մարմնի (հետաքննության մարմնի կամ քննիչի) որոշումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից կարող է վերացվել մեկ անգամ և միայն այդպիսի որոշման կայացումից հետո` վեց ամսվա ժամկետում` անկախ քրեական հետապնդման մարմնի վերոհիշյալ որևէ որոշման առնչությամբ ստորադաս հսկող դատախազի դատավարական լիազորության իրականացումից: ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ իրավունքն ու սահմանադրաիրավական պարտականությունն է հսկող դատախազի` օրենքով սահմանված լիազորության կատարումից կամ այդ լիազորության կատարման համար սահմանված ժամկետի (7-օրյա) ավարտից հետո ծագած իրավահարաբերությունների շրջանակներում և օրենքով նախանշված ժամկետում (6 ամիս) ու կարգով վերացնել գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը` կայացնելով վերջնական որոշում:

Վեճի առարկա նորմը դատական պրակտիկայում շարունակում է կիրառվել այլ մեկնաբանությամբ, ինչը ենթակա է վերանայման»:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը դիմող Ջ.Եղիազարյանի ներկայացուցիչ Հ.Տեր-Վարդանյանի բողոքը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի` 2014 թվականի նոյեմբերի 14-ի որոշումն օրենքով նախատեսված յոթնօրյա ժամկետում դատախազի կողմից չի վերացվել, և դրանից հետո այն վերացնելու որևէ կարգ կամ հիմք նախատեսված չէ: Բացի այդ, դատարանը նշել է, որ օրենսդիրը ՀՀ գլխավոր դատախազին լիազորել է վեց ամսվա ընթացքում միայն մեկ անգամ վերացնել քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, սակայն ոչ թե նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, նշել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գլխավոր դատախազի կողմից վեց ամսվա ժամկետում վերացվող որոշումների ցանկում (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը վարույթ ընդունելը մերժել է (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 16-րդ կետում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-1319 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է:

19. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման վերանայման արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 4-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 8-ի որոշումները պետք է բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ, 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը վերանայել:

2. Դիմող Ջ.Եղիազարյանի ներկայացուցիչ Հ.Տեր-Վարդանյանի բողոքը բավարարելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 4-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 8-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ս.Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.06.2017
N ԵԿԴ/0060/11/15
Որոշում