Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ՏԴ/0004/06/16
Գործ թիվ   ՏԴ/0004/06/16
Նախագահող դատավոր`   Ս. Չիչոյան

   

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Ավագյանի

 

2017 թվականի հունիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ մեղադրյալ Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 36100816 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Դ.Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Դ.Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Դ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

1.1. 2016 թվականի մարտի 9-ին Դ.Հակոբյանը կամովին ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, և նույն օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Նախաքննության մարմինը 2016 թվականի մարտի 10-ին միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` մեղադրյալ Դ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին: Նույն դատարանի` 2016 թվականի մարտի 10-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, իսկ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը` մերժվել:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 5-ի որոշմամբ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

2016 թվականի մայիսի 26-ին նախաքննությունը շարունակելու համար թիվ 36100816 քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի հուլիսի 1-ի և սեպտեմբերի 2-ի որոշումներով Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է յուրաքանչյուր դեպքում 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը` մերժվել:

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը` մերժվել:

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 2-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրյալ Դ.Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանը, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

3. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Դ.Հակոբյանի պաշտպան Գ.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մարտի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին որոշումը հրապարակել է 2016 թվականի նոյեմբերի 2-ին: Նույն օրը պաշտպան Գ.Հարությունյանը ստացել է Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը (տե՛ս նյութեր, թերթ 51-65, 66-67):

Առաջին ատյանի դատարանն իր որոշման եզրափակիչ մասում արձանագրել է. «(...) Որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հնգօրյա ժամկետում» (տե՛ս նյութեր, թերթ 65):

5. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպան Գուրգեն Հարությունյանն ստացել է 2016 թվականի նոյեմբերի 02-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների իմաստով` Առաջին ատյանի դատարանի որոշումը կարող էր բողոքարկվել մինչև 2016 թվականի նոյեմբերի 07-ի գիշերվա ժամը քսանչորսը:

Վերաքննիչ բողոքին կցված ծրարի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2016 թվականի նոյեմբերի 14-ին, այսինքն` վերաքննիչ բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, հետևաբար վերաքննիչ բողոքը ժամկետանց է (...)» (տե՛ս նյութեր, թերթ 88-90):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ, դրանով խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի և օրինականության սկզբունքները:

Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է 2016 թվականի նոյեմբերի 2-ին, իսկ այդ որոշմամբ կալանքի հետ քննարկվել է նաև գրավի կիրառման հարցը, ուստի գրավի կիրառման մասով վերաքննիչ բողոք ներկայացնելու առավելագույն ժամկետը 2016 թվականի նոյեմբերի 12-ն է, որը ոչ աշխատանքային օր է եղել, հետևաբար բողոքը փոստին հանձնելու միջոցով ներկայացվել է հաջորդող աշխատանքային օրը` 2016 թվականի նոյեմբերի 14-ին: Վերոնշյալ պայմաններում, ըստ բողոքաբերի, բողոքը ժամկետանց չի եղել:

Բողոքաբերը, ընդգծելով, որ կալանքի ժամկետի երկարացման դեմ վերաքննիչ բողոքները կարող են բերվել 5-օրյա, իսկ գրավի դեմ` 10-օրյա ժամկետներում, գտել է, որ նույն որոշման բողոքարկման երկու ժամկետների առկայության դեպքում պետք է կիրառվի այն ժամկետը, որն առավել բարենպաստ է կողմի համար, այսինքն` բողոքարկման 10-օրյա ժամկետը:

7. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյոք կալանավորման ժամկետը երկարացնելու և գրավի կիրառումը մերժելու մասին որոշումը հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա լինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի (...) քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից (...) դատաքննության իրավունք (...)»:

Մեջբերված նորմերով նախատեսված է, ի թիվս այլոց, անձի ազատության իրավունքի ապահովման կարևոր դատավարական երաշխիք` ի դեմս իրեն ազատությունից զրկելը դատական կարգով վիճարկելու իրավունքի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատական վարույթին, արձանագրել է, որ պարտադիր չէ, որ դրա վրա տարածվեն քրեական և քաղաքացիական վարույթների համար Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքները: Այդուհանդերձ, էական է, որ տվյալ անձն օգտվի դատարանի մատչելիության իրավունքից և անձամբ կամ, անհրաժեշտության դեպքում, ներկայացուցչի միջոցով լսված լինելու հնարավորություն ունենա, հակառակ դեպքում կհամարվի, որ նրան չեն տրամադրվել «ազատությունից զրկելու վարույթի հիմնարար երաշխիքները» (տե՛ս Winterwerp v. The Netherlands գործով Եվրոպական դատարանի` 1979 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 6301/79, կետ 60):

Դատարանի մատչելիության իրավունքի ապահովումն արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից մեկն է: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր` գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը: Այսպես` Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է: Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է նշված հոդվածի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում` հաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները (տե՛ս Golder v. The United Kingdom գործով 1975 թվականի փետրվարի 21-ի վճիռը, գանգատ թիվ 4451/70, կետեր 28, 36):

i

Դատարանի մատչելիության իրավունքը մշտապես կարևորվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: Այսպես, բացահայտելով այդ իրավունքի էությունը` Վճռաբեկ դատարանը Լ.Հարությունյանի գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ «(...) դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձը ողջամիտ սահմանափակումների պայմաններում պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձն անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի ազատության և դատարանի մատչելիության իրավունքները (...) (տե՛ս Լևոն Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշման 13-րդ կետը):

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում է` առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

Անդրադառնալով վերոնշյալ իրավանորմում նշված դատական ակտերի իրավաչափությունը վիճարկելու ժամկետային սահմանափակումների առանձնահատկություններին` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն արձանագրել է հետևյալը. «(...) Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` կալանավորումը գրավով փոխարինելու, ինչպես նաև գրավը մերժելու և կալանավորումը որպես խափանման միջոց թողնելու մասին որոշումները, նախատեսված չլինելով հրապարակման պահից հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված որոշումների շրջանակում, ենթակա են բողոքարկման հրապարակման պահից տասնօրյա ժամկետում» (տե՛ս ՀՀ դատարանների նախագահների խորհրդի` 2016 թվականի նոյեմբերի 16-ի N 150 որոշման 4-րդ կետը):

Վճռաբեկ դատարանն իր հերթին, անդրադառնալով առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորման և գրավի միջնորդությունների քննարկման արդյունքում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու (կալանքի ժամկետը երկարացնելու) և միաժամանակ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու կամ մերժելու մասին մեկ դատական ակտի բողոքարկման ժամկետների հիմնախնդրին, արձանագրել է, որ «(...) Քրեական դատավարության օրենսգրքում կալանավորման (կալանքի ժամկետը երկարաձգելու) և միաժամանակ գրավը թույլատրելու կամ մերժելու մասին մեկ միասնական որոշման բողոքարկման առանձին ժամկետ նախատեսված չէ, այլ կերպ ասած` այն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա որոշումների շարքում: Հետևաբար կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությունը բավարարելու հետ մեկտեղ գրավի միջնորդությունը քննարկելու և արդյունքում գրավի կիրառումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում` որպես գործն ըստ էության չլուծող այլ դատական ակտ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը վերաբերում է այն դեպքերին, երբ կալանավորման (կալանքի ժամկետի երկարաձգման) և գրավի վերաբերյալ հարցերը լուծվում են մեկ դատական ակտի շրջանակներում: Հակառակ պարագայում, եթե առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում են կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարաձգելու և գրավի կիրառումը թույլատրելու կամ մերժելու մասին առանձին դատական ակտեր, ապա դրանցից յուրաքանչյուրը ենթակա է բողոքարկման ինքնուրույն կարգով` կալանավորումը (կալանքի ժամկետի երկարաձգումը)` հնգօրյա, իսկ գրավի վերաբերյալ որոշումը` տասնօրյա ժամկետում» (տե՛ս Դավիթ Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՏԴ/0004/06/16 որոշման 12-րդ կետը):

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննարկելով կալանավորման ժամկետը երկարացնելու և կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունները, կայացրել է կալանավորման ժամկետը երկարացնելու և գրավի կիրառումը մերժելու մասին մեկ միասնական դատական ակտ` եզրափակիչ մասում կողմերին պարզաբանելով, որ այն կարող է բողոքարկվել հնգօրյա ժամկետում (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):

Նշված դատական ակտի դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանի կողմից ստացվել է 2016 թվականի նոյեմբերի 2-ին, ուստի Առաջին ատյանի դատարանի որոշումը կարող էր բողոքարկվել հնգօրյա ժամկետում` մինչև 2016 թվականի նոյեմբերի 7-ի ժամը քսանչորսը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

12. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում շարադրված իրավական նորմերի, արտահայտված իրավական դիրքորոշումների և կատարված վերլուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` մեղադրյալ Դ.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել, և այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժվել է մեկ միասնական դատական ակտով, որն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` հրապարակման պահից հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ուստի այն պետք է բողոքարկվեր տասնօրյա ժամկետում:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման ժամկետը երկարացնելու և գրավի կիրառումը մերժելու մասին որոշումը հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա լինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

13. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 2-ի որոշման դեմ պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` ըստ էության քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.06.2017
N ՏԴ/0004/06/16
Որոշում