Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ԱՆՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ԱՆՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՁԸ ԲՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ՇԴ1/0025/01/16
Գործ թիվ ՇԴ1/0025/01/16  

Նախագահող դատավոր`   Մ. Արղամանյան

                   Դատավորներ`   Ս. Չիչոյան
                                                   Մ. Պապոյան

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                             

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
 Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ  Մ. Պետրոսյանի

            

2017 թվականի օգոստոսի 21-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ալեքսան Վոլգովի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 29-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Հակոբյանի և նրա պաշտպան Մ.Ալավերդյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 68113115 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ Ալեքսան Վոլգովի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2016 թվականի հոկտեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 16-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի մարտի 29-ի որոշմամբ մերժել է բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 16-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մարտի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա.Հակոբյանը և նրա պաշտպան Մ.Ալավերդյանը:

4.1. Ամբաստանյալ Ա.Հակոբյանի վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է ամբուլատոր հիվանդի բժշկական քարտից քաղվածք, ըստ որի` Ա.Հակոբյանի մոտ ախտորոշված են` խրոնիկ օբստրուկտիվ լորձաթաղանթային բրոնխիտ` հաճախակի սրացումներով, պիելոնեֆրիտ: Երիկամաքարային հիվանդություն, ՄԻԱՎ վարակ 3-րդ կլինիկական փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն, քրոնիկ վիրուսային հեպատիտ C, լիպոդիստրոֆիա (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 127):

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Հակոբյանի և նրա պաշտպան Մ.Ալավերդյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Ա.Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ «(...) խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց իրացնելու, անձամբ գործածելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 15-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Գառնիկ Ռուբենի Մարտիրոսյանից նշված գյուղում 50.000 ՀՀ դրամով գնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել և բաճկոնի ձախ ծոցագրպանում 1 փաթեթով ապօրինի պահել է խոշոր չափերով` 33.8 գրամ վերջնական քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նույն օրը իր` «Օպել աստրա 3 մակնիշի» 35 OD 868 հ/հ մեքենայով Մրգաշատ գյուղից փոխադրել է Գյումրի քաղաք, որը հայտնաբերվել և վերցվել է ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցների կողմից Ա.Հակոբյանին ոստիկանության նույն բաժին բերման ենթարկելուց հետո այնտեղ կատարված վերջինիս անձնական խուզարկությամբ` բաճկոնի ծոցագրպանից» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 23):

6. Առաջին ատյանի դատարանը, դատավճռի ներածական մասում, արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանը ֆիզիկապես վատառողջ է (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 23):

6.1. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 16-ի դատավճռի համաձայն` «Դատարանը ամբաստանյալ Ալեքսան Վոլգովի Հակոբյանին պատիժ նշանակելիս, հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, պատասխանատվությունը և պատիժը ինչպես մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքներ չի նշում, իսկ անձը բնութագրող հանգամանքներ է համարում, բնակության վայրում դրական բնութագրվելը, կատարածի համար անկեղծորեն խոստովանելն ու զղջալը:

Անդրադառնալով (...) պատժի տեսակի հարցին, ղեկավարվելով ՀՀ քր. օր-ի 10 հոդվածի 1-ին մասի, 48 հոդվածի 2-րդ մասի և 61 հոդվածի նախատեսված սկզբունքներով, հանգում է հետևության, որ նրան պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 24):

7. Ամբաստանյալ Ա.Հակոբյանը վերաքննիչ բողոքում նշել է. «(...) Ինչ վերաբերվում է իմ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներին ապա այդպիսիք չկան, ընդհակառակը ես վատառողջ եմ (...)»(տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 29):

7.1. Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում պաշտպան Մ.Ալավերդյանը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանը վատառողջ է, 2009 թվականին վիրահատվել են նրա թոքերը, և վերջինս ունի սրտանոթային խնդիրներ: Ամբաստանյալ Ա.Հակոբյանը գտնվում է ռիսկային գոտում, և խորհուրդ է տրվում, գտնվի բժշկի հսկողության ներքո (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, Վերաքննիչ դատարանի դատական նիստերի արձանագրությունը):

Պաշտպան Մ.Ալավերդյանը որպես իր հայտարարության հիմնավորում դատարան է ներկայացրել Ա.Հակոբյանի հիվանդության նկարագրից քաղվածներ, որոնք կցվել են գործի նյութերին (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 72-73):

8. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, նշել է` «Հաշվի առնելով (...) արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ուղղվելու համար առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը ամբաստանյալը պետք է կրի, քանի որ բացակայում է դատարանի համոզվածությունը, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց դրա, և վերաքննիչ բողոքում մատնանշված հանգամանքները, որոնք արդեն իսկ հաշվի են առնվել պատիժ նշանակելիս, հիմք չեն կարող հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրան պայմանականորեն դատապարտելու համար:

Քննության առնելով Ալեքսան Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման հնարավորությանը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի կոնկրետ հանգամանքներն ու ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները էականորեն չեն նվազեցնում հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ` տուգանք, նշանակելու բավարար հիմքեր առկա չեն, ուստի Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ, իսկ ամբաստանյալի վերաքննիչ բողոքը` մերժել» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 93):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերներ ամբաստանյալ Ա.Հակոբյանը և նրա պաշտպան Մ.Ալավերդյանը փաստարկել են, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 62-րդ, 64-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև վերջիններիս հետևությունները հակասում են Վճռաբեկ դատարանի` թիվ ԵՔՐԴ/0057/01/08, թիվ ՍԴ/0109/01/12, թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներին:

10. Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերները նշել են, որ Առաջին ատյանի դատարանը, ազատազրկման ձևով պատիժ նշանակելով, իսկ Վերաքննիչ դատարանը, այն օրինական ուժի մեջ թողնելով, բավարար գնահատականի չեն արժանացրել այն փաստը, որ Ա.Հակոբյանը տառապում է քրոնիկական, ծանր մի շարք հիվանդություններով, այդ թվում` ՄԻԱՎ-ով, քրոնիկ բրոնխիտով, քրոնիկ վիրուսային հեպատիտով, քրոնիկ պիելոնեֆրիտով և երիկամաքարային հիվանդությամբ:

10.1. Բողոքաբերները նշել են նաև, որ ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել պատիժ նշանակելիս, քանի որ հաշվի չեն առել պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող մի շարք էական հանգամանքներ, մասնավորապես այն, որ Ա.Հակոբյանի անձը բնութագրվում է դրականորեն, նա աջակցել է նախաքննության բացահայտմանը, խնամքին ունի բազմանդամ ընտանիք, ընտանիքի միակ աշխատողն է, հասել է պատկառելի տարիքի, զղջացել կատարվածի համար և չունի դատվածություն, բացի այդ, ըստ բողոքաբերների` գործում առկա չէ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող որևէ հանգամանք: Բողոքաբերների կարծիքով` վերոհիշյալ մեղմացնող հանգամանքների համակցությունը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի իմաստով «բացառիկության» չափանիշին:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մարտի 29-ի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի հիման վրա նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ` տուգանք:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժ նշանակելիս անձի հիվանդությունը որպես անձը բնութագրող տվյալ դատարանի կողմից պատշաճ գնահատելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյոք ստորադաս դատարանների դատական ակտերն այն պայմաններում, երբ ամբաստանյալ Ա.Հակոբյանի վատառողջ լինելու վերաբերյալ տվյալները պատշաճ չեն ստուգվել և գնահատման չեն ենթարկվել:

14. ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածով 2-րդ մասի համաձայն. «Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին»:

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն`

«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

15. Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ԵՇԴ/0143/01/13, ԵԿԴ/0252/01/13, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում անդրադառնալով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ հանցավորի անձին և հանցագործության վտանգավորության բնույթին ու աստիճանին համաչափ քրեաիրավական ներգործության միջոց ընտրելու, ինչպես նաև դրա շրջանակներում համաչափ պատժաչափ սահմանելու պահանջն ուղղակիորեն բխում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից: Արդարացի է այն պատիժը, որի ընտրությունը գործի բոլոր հանգամանքների` հանցագործության վտանգավորության բնույթի և աստիճանի (հանցագործության մեղքի ձև, շարժառիթ, նպատակ, պատճառված վնասի չափ, եղանակ, գործիքներ ու միջոցներ և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ամբողջական ու բազմակողմանի վերլուծության արդյունք է և բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից: Վերոնշյալ պահանջները չպահպանելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման:

Պատժի անհատականացման սկզբունքի իմաստով դատարանի խնդիրն է հանցանք կատարած անձի նկատմամբ մեղսագրված հանցակազմի սանկցիայի սահմաններում նշանակել կոնկրետ պատիժ: Կոնկրետ պատժի նշանակումը դատարանի համար խիստ կարևոր և պատասխանատու խնդիր է, որի լուծման համար մեծ նշանակություն ունի պատժի անհատականացման կարգի և չափանիշների հարցը:

Այսպես` պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես անձ` իր անհատական հատկանիշներով: Հանցանք կատարած անձի ուսումնասիրությունը մեծ դեր է խաղում պատիժ նշանակելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի («Պատժի նպատակները») իմաստով պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը, ուստի դատարանը պարտավոր է հանգամանորեն հետազոտել անձի ինչպես կենսաբանական, այնպես էլ սոցիալական առանձնահատկությունները: Ընդ որում` անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս: Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշ գնահատման ենթակա է, ի թիվս այլոց, անձի առողջական վիճակը (տե՛ս Հազարապետ Հարությունյանի գործով 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումը, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 16-րդ կետը):

Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի ու բնույթի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների հայեցողական և ոչ երբեք կամային գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից (տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 23-րդ կետը):

16. Այսպիսով` անձի առողջական վիճակը որպես նրա անձը բնութագրող տվյալ պետք է գնահատման ենթարկվի նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու դիտակետից: Վերջինիս պատշաճ գնահատումն էական նշանակություն ունի պատժի նպատակների իրականացման տեսանկյունից համաչափ պատժատեսակ ընտրելու և պատժաչափ նշանակելու համար, ինչպես նաև բխում է դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի արգելքի սահմանադրական և կոնվենցիոն պահանջից: Թերևս վերջիններիս հաշվառմամբ էլ օրենսդիրն անձի մոտ ծանր հիվանդության առկայությունը նախատեսել է որպես նրան պատժից ազատելու (ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդված), ինչպես նաև նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի ի կատար ածումը հետաձգելու հիմք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

17. Վերոհիշյալով պայմանավորված` ամբաստանյալի վատառողջ լինելու վերաբերյալ տվյալների առկայության դեպքում դատարանը պարտավոր է պատշաճ ստուգման և գնահատման ենթարկել դրանք: Այն դեպքում, երբ կհաստատվի անձի մոտ հիվանդության առկայությունը, դատարանը պարտավոր է այն որպես անձը բնութագրվող տվյալ հաշվի առնել անձի նկատմամբ համապատասխան պատժատեսակ ընտրելիս, պատժաչափ սահմանելիս, ինչպես նաև դրա կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

18. Սույն գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով, այն բանի համար, որ նա խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց իրացնելու, անձամբ գործածելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 15-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Գառնիկ Ռուբենի Մարտիրոսյանից նշված գյուղում 50.000 ՀՀ դրամով գնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել և բաճկոնի ձախ ծոցագրպանում 1 փաթեթով ապօրինի պահել է խոշոր չափերով` 33.8 գրամ վերջնական քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նույն օրը իր` «Օպել աստրա 3 մակնիշի» 35 OD 868 հ/հ մեքենայով Մրգաշատ գյուղից փոխադրել է Գյումրի քաղաք, որը հայտնաբերվել և վերցվել է ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցների կողմից Ա.Հակոբյանին ոստիկանության նույն բաժին բերման ենթարկելուց հետո այնտեղ կատարված վերջինիս անձնական խուզարկությամբ` բաճկոնի ծոցագրպանից (տե՛ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը դատական ակտի ներածական մասում արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանը ֆիզիկապես վատառողջ է, իսկ նկարագրական-պատճառաբանական մասում անդրադարձ չի կատարել նրա հիվանդության տեսակին և բնույթին` նշելով որ ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակվի ազատազրկման ձևով պատիժ (տե՛ս սույն որոշման 6-րդ և 6.1.-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանում ամբաստանյալ Ա.Հակոբյանի պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ, որ իր պաշտպանյալը վատառողջ է, տառապում է մի շարք հիվանդություններով` ներկայացնելով ամբաստանյալի հիվանդության նկարագրից քաղվածքներ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու հիմքերը բացակայում են, քանի որ վերաքննիչ բողոքում մատնանշված հանգամանքները, որոնք արդեն իսկ հաշվի են առնվել պատիժ նշանակելիս, հիմք չեն կարող հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Հակոբյանին պայմանականորեն դատապարտելու համար, և որ գործի կոնկրետ հանգամանքներն ու ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները էականորեն չեն նվազեցնում հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ` տուգանք, նշանակելու բավարար հիմքեր առկա չեն (տե՛ս սույն որոշման 7.1.-րդ և 8-րդ կետերը)

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով ամբաստանյալ Ա.Հակոբյանի վատառողջ լինելու փաստը, պատշաճ ստուգման չի ենթարկել դրա վերաբերյալ տվյալները, իսկ պատժի տեսակը և չափը որոշելու հիմնավորումներում դրա գնահատման վերաբերյալ որևէ հիշատակում առկա չէ:

Վերաքննիչ դատարանն էլ, ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, բավարար ուշադրության չի արժանացրել նշված հանգամանքները, անգամ այն պայմաններում, երբ վերաքննիչ բողոքում ամբաստանյալն հիշատակել է իր վատառողջ լինելու մասին, իսկ բողոքի քննության ընթացքում պաշտպանը ներկայացրել է հիվանդության նկարագրի քաղվածքները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանի վատառողջ լինելու վերաբերյալ տվյալները ստորադաս դատարանների կողմից պատշաճ չստուգվելու և գնահատման չենթարկվելու պայմաններում ստորադաս դատարանների դատական ակտերը հիմնավորված չեն:

20. Այսպիսով, ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 71-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք հիմք են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

21. Ինչ վերաբերում է բողոքաբերների մնացած փաստարկներին (տե՛ս սույն որոշման 10.1.-րդ կետը), ինչպես նաև վճռաբեկ բողոքին կից ներկայացված ամբուլատոր հիվանդի բժշկական քարտից քաղվածքին (տե՛ս սույն որոշման 4.1.-րդ կետը)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտումների վերացման պայմաններում դրանք պետք է պատշաճ իրավական ընթացակարգով համապատասխան գնահատման ենթարկվեն Առաջին ատյանի դատարանում գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ալեքսան Վոլգովի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 16-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.08.2017
N ՇԴ1/0025/01/16
Որոշում