Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1035 ...

 

 

040.0465.160418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 465-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1035-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին»

N 1035-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 465-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի օգոստոսի 24-ի

N 1035-Ա որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

    քաղ. Երևան                                  ___ ______________ 20 թ.

 

Հավատարմագրային կառավարման հիմնադիր` Հայաստանի Հանրապետությունը, որն այսուհետ անվանվում է «հիմնադիր», որի անունից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N 1035-Ա որոշման հիման վրա հանդես է գալիս լիազորված ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, մի կողմից,

և

Հավատարմագրային կառավարիչ` «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը, որն այսուհետ անվանվում է «հավատարմագրային կառավարիչ», ի դեմս գլխավոր տնօրեն Գոռ Բարոյանի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից,

հետագա շարադրանքում միասին անվանվելով «կողմեր», իսկ յուրաքանչյուրը առանձին` «կողմ»,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N 1035-Ա որոշման իրականացման նպատակով հաշվի առնելով, որ`

հիմնադրին սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված և Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Զ. Անդրանիկի 1 հասցեում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) բաժնետոմսերը.

հիմնադիրը ցանկանում է սեփականության իրավունքով իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնել հավատարմագրային կառավարչին, իսկ հավատարմագրային կառավարիչը համաձայն է բարեխղճորեն իրականացնել այդպիսի կառավարումը.

հաշվի առնելով, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության, «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի ապրիլի 13-ին կնքված համաձայնագրով «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարչի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության առջև համապարտ պատասխանատվություն է ստանձնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի 2002 թվականի օգոստոսի 26-ի պայմանագրով հավատարմագրային կառավարչի (գնորդի) պարտավորությունների համար,

հաշվի առնելով, որ հավատարմագրային կառավարիչը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 70 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է, և որ վերջինս ու «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (համապարտ պատասխանատու) ունեն էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման, ինչպես նաև հաղորդման և բաշխիչ ցանցի սպասարկման ու շահագործման անհրաժեշտ փորձառություն և, որ ընկերությունն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը բարձր լարման գծերի և սարքավորումների շահագործման ու սպասարկման մասով իրականացնում են բավական մոտ, մասամբ համընկնող գործառույթներ, որոնց կենտրոնացումը թույլ կտա օպտիմալացնել որոշակի ռեսուրսներ, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու ապահովել ծախսերի տնտեսում`

կողմերը կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին`

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Պայմանագրի առարկան է հիմնադրին սեփականության իրավունքով պատկանող` ստորև նշված բաժնետոմսերով հավաստվող իրավունքների` հիմնադրի կողմից հավատարմագրային կառավարչի կառավարմանը հանձնելը (հավատարմագրային կառավարմանը հանձնված իրավունքներն այսուհետ անվանվում են գույք)`

 

._____________________________________________________________________.

|Արժեթղթերի տեսակը     |Սովորական անվանական ոչ փաստաթղթային           |

|                      |բաժնետոմսեր                                   |

|______________________|______________________________________________|

|Արժեթղթերը թողարկողը  |«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական   |

|                      |ընկերությունը, որն ստեղծված է և  գործում է    |

|                      |Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը       |

|                      |համապատասխան, գրանցված է 273.070.01958        |

|                      |համարով, ունի պետական գրանցման 1997 թ.        |

|                      |հունիսի 30-ի 03Ա061443 վկայականը,             |

|                      |կենտրոնակայանը գտնվում է Հայաստանի            |

|                      |Հանրապետություն, քաղ. Երևան,  Զ. Անդրանիկի 1  |

|                      |հասցեում                                      |

|______________________|______________________________________________|

|Յուրաքանչյուր արժեթղթի|13 874 դրամ` 2018 թվականի ապրիլի 3-ի դրությամբ|

|անվանական արժեքը      |                                              |

|______________________|______________________________________________|

|Հիմնադրին պատկանող    |648 363 հատ` 2018 թվականի ապրիլի 3-ի դրությամբ|

|արժեթղթերի քանակը     |                                              |

|______________________|______________________________________________|

|Հիմնադրին պատկանող    |100 տոկոս` 2018 թվականի ապրիլի 3-ի դրությամբ  |

|արժեթղթերի`           |                                              |

|ընկերության           |                                              |

|կանոնադրական          |                                              |

|կապիտալում կազմած     |                                              |

|տոկոսը                |                                              |

._____________________________________________________________________.

 

և հանձնված գույքի հավատարմագրային կառավարումը` պայմանագրում շարադրված պայմաններով և ի շահ` որպես շահառու հանդես եկող Հայաստանի Հանրապետության, հավատարմագրային կառավարչի կողմից իրականացվելու համար:

1.2. Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է հիմնադրից ընդունել և պայմանագրի պայմաններին համապատասխան իրականացնել հիմնադրին սեփականության իրավունքով պատկանող` ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները, այն է`

1.2.1. ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հետևյալ հարցերով միանձնյա որոշում ընդունելու իրավունքը.

1.2.1.1. ընկերության տնօրենների խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

1.2.1.2. ընկերության գործադիր մարմնի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

1.2.1.3. ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի հաստատումը.

1.2.1.4. ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը.

1.2.1.5. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշումների ընդունումը.

1.2.1.6. անշարժ և շարժական գույքի օտարման կամ ձեռքբերման մասին որոշումների ընդունումը, եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ չի գերազանցում 500 մլն դրամը.

1.2.1.7. ընկերության ակտիվների (ներառյալ դրամական միջոցների) գրավադրման մասին որոշման ընդունումը, եթե գրավադրվող ակտիվի արժեքը գրավադրման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ չի գերազանցում 100 մլն դրամը.

1.2.1.8. երրորդ անձի պարտավորության կատարման ապահովման համար ընկերության կողմից երաշխավորության տրամադրման մասին որոշման ընդունումը, եթե երաշխավորության գումարը չի գերազանցում 100 մլն դրամը.

1.2.1.9. ընկերության կողմից բաժնետիրոջը և նրա կողմից լիազորված անձանց տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշումը` ներառյալ զանգվածային լրատվության համապատասխան միջոցների ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի նաև հրապարակային հայտարարության ձևով.

1.2.1.10. ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի վարման կարգը.

1.2.1.11. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ընկերության կանոնադրությամբ, ինչպես նաև իրավական այլ ակտերով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (միակ բաժնետիրոջ) իրավասությանը տրված այլ հարցերով որոշումների ընդունումը, բացառությամբ պայմանագրի 2.4-րդ կետով նախատեսված որոշումների և ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատման:

1.2.2. Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ստանալու, այդ թվում` հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը ծանոթանալու իրավունքը:

1.2.3. Ընկերության լուծարման դեպքում ընկերության գույքի` հիմնադրին հասանելիք մասը` կողմերի համաձայնեցրած պայմաններով հավատարմագրային կառավարման ընդունելու իրավունքը:

1.2.4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, ընկերության կանոնադրությանը համապատասխան ընկերության բաժնետոմսերով հավաստվող, ինչպես նաև պայմանագրով ուղղակիորեն նախատեսված այլ իրավունքները` հաշվի առնելով պայմանագրի 2.4-րդ կետով սահմանված սահմանափակումը` բացառությամբ ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատման իրավասության, որն իրականացնում է հիմնադիրը:

1.3. Հիմնադիրը պարտավորվում է հավատարմագրային կառավարման դիմաց հավատարմագրային կառավարչին վճարել հիմնադրին վճարվող շահութաբաժիններից` շահութաբաժնի գումարի 50 տոկոսի չափով վարձատրություն: Այն դեպքում, երբ հաշվետու տարվա արդյունքներով շահութաբաժնի հաշվարկման բազա չի ձևավորվել, ապա հավատարմագրային կառավարչին վճարում չի կատարվում: Այն դեպքում, երբ շահութաբաժինների վճարման մասին որոշում չի ընդունվում և (կամ) դրանք փաստացի չեն վճարվում, հավատարմագրային կառավարչին վճարվում է շահութաբաժինների հաշվարկման բազայի 15 տոկոսի չափով վարձատրություն, իսկ հետագայում` կուտակված շահույթից շահութաբաժիններ վճարելու որոշում ընդունելու դեպքում` հիմնադրին վճարվող շահութաբաժինների գումարի 50 տոկոսի և փաստացի վճարված վարձատրության տարբերությունը: Կողմերը պայմանավորվում են պայմանագրի գործողության հինգերորդ օրացուցային տարվանից հետո վերանայել սույն կետի համաձայն հաշվարկված հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը` նպատակ ունենալով ապահովել պայմանագրի հետագա ժամանակահատվածի համար կողմերի փոխշահավետ համագործակցությունը: Ընդ որում, կողմերը պետք է ձգտեն սահմանել այնպիսի հաշվարկման կարգ, որը հնարավորություն կտա ապահովելու առաջին 5 օրացուցային տարվա արդյունքներով հավատարմագրային կառավարչին վճարված վարձատրության միջին չափին այնքանով ողջամտորեն մոտ վարձատրություն, որքանով պահպանված կհամարվի փոխշահավետության սկզբունքը:

Յուրաքանչյուր հաշվետու տարվա արդյունքներով ընկերության շահութաբաժինները հաշվարկվում են աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններում ամրագրված շահույթի մեծության հիման վրա:

Շահութաբաժինների հաշվարկման ժամանակ ընկերության ֆինանսական հաշվետվություններով ամրագրված զուտ շահույթը պետք է ճշգրտվի էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության սակագնով ստացված վարկերի մարման և սպասարկման համար նախատեսված գումարներով, դրամական հոսք չառաջացնող այլ հոդվածներով (արտարժույթի փոխարժեքային տարբերություն և այլն), այսինքն, շահութաբաժինների հաշվարկման բազայում զուտ շահույթի կազմում անհրաժեշտ է ընդունել էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության սակագնով նախատեսված շահույթը, հավատարմագրային կառավարչի կողմից արդյունավետ կառավարման արդյունքում իրականացված տնտեսումների հետևանքով ձևավորված շահույթը, ինչպես նաև ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում սակագներով ստացված շահույթը` առանց հաշվի առնելու պետության կողմից տրամադրված արտոնյալ վարկերի հաշվին իրականացված ներդրումային ծրագրերը:

1.4. Պայմանագրի 1.3-րդ կետով նախատեսված վարձատրությունը վճարվում է տվյալ տարվա շահութաբաժինների փաստացի վճարման հետ միաժամանակ, իսկ այն դեպքում, երբ շահութաբաժինների վճարման մասին որոշում չի ընդունվում և (կամ) դրանք փաստացի չեն վճարվում, ապա` հավատարմագրային կառավարչի կողմից վարձատրության վճարման մասին համապատասխան պահանջը (որը կարող է հիմնադրին ներկայացվել ոչ շուտ, քան համապատասխան տարեկան ընդհանուր ժողովի անցկացման համար սահմանված ժամկետի ավարտը) հիմնադրին ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում, անկանխիկ եղանակով, հավատարմագրային կառավարչի բանկային հաշվին համապատասխան գումարի փոխանցմամբ: Բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է հավատարմագրային կառավարիչը: Ընդ որում, հիմնադիրը պայմանագրով տալիս է իր անվերապահ համաձայնությունն այն մասին, որ հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի անակցեպտ կարգով իր վարձատրության գումարը գանձելու հիմնադրին վճարման ենթակա շահութաբաժնի գումարից:

1.5. Հավատարմագրային կառավարիչը կառավարումն իրականացնում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից:

 

II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է բարեխղճորեն իրականացնել տրամադրված գույքի կառավարումը, այդ թվում` գույքի նկատմամբ օգտվել պայմանագրի 1.2-րդ կետում նշված իրավունքներից` պայմանագրում սահմանված սահմանափակումներով:

2.2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի գույքի նկատմամբ, ի շահ հիմնադրի (շահառուի), կատարել ցանկացած իրավաբանական ու փաստացի գործողություններ` բացառությամբ բաժնետոմսերի օտարման և գրավադրման:

2.3. Պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում հավատարմագրային կառավարիչն ընկերության նկատմամբ ունի հիմնադրի պարտականությունները և իրավազորությունները` պայմանագրի սահմանափակումներով:

2.4. Պայմանագրի սույն կետում նշված առանձին գործողությունները հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի կատարելու միայն հիմնադրի գրավոր համաձայնությամբ` տրված նրա լիազորած ներկայացուցչի կողմից` պայմանագրի 3.2-րդ կետով նախատեսված կարգով: Այդպիսի գործողություններ են հանդիսանում` որպես ընկերության միակ բաժնետեր հետևյալ հարցերով որոշումների ընդունումը`

2.4.1. ընկերության վերակազմակերպումը.

2.4.2. ընկերության կանոնադրությունում փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.

2.4.3. ընկերության լուծարումը.

2.4.4. ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, ընկերության լուծարային հանձնաժողովի նշանակումը.

2.4.5. ընկերության հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.

2.4.6. ցանկացած ճանապարհով ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը կամ նվազեցումը.

2.4.7. ընկերության բաժնետոմսերի համախմբումը (կոնսոլիդացիան) և բաժանումը.

2.4.8. ընկերության խոշոր ֆինանսատնտեսական գործարքների կնքման մասին որոշման ընդունումը.

2.4.9. ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

2.4.10. ընկերության կողմից դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը.

2.4.11. դուստր և կախյալ ընկերություններին մասնակցությունը.

2.4.12. հոլդինգային ընկերությունների, առևտրային կազմակերպությունների և այլ միությունների հիմնադրումը.

2.4.13. հոլդինգային ընկերություններում, առևտրային կազմակերպությունների այլ միություններում մասնակցությունը.

2.4.14. անշարժ և շարժական գույքի օտարման կամ ձեռքբերման մասին որոշման ընդունումը, եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ 500 մլն դրամից ավելին է.

2.4.15. ընկերության ակտիվների (ներառյալ դրամական միջոցների) գրավադրման մասին որոշման ընդունումը, եթե գրավադրվող ակտիվի արժեքը գրավադրման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ 100 մլն դրամից ավելին է.

2.4.16. երրորդ անձի պարտավորության կատարման ապահովման համար ընկերության կողմից երաշխավորության տրամադրման մասին որոշման ընդունումը, եթե երաշխավորության գումարը 100 մլն դրամից ավելին է.

2.4.17. ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը` օրենքով նախատեսված դեպքերում.

2.4.18. պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկման և (կամ) տեղաբաշխման մասին որոշման ընդունումը.

2.4.19. ընկերության շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը.

2.4.20. այնպիսի հարցերով որոշումների ընդունումը, որոնց համար հիմնադրի համաձայնությունն ստանալն անհրաժեշտ է համարվում կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Հիմնադրի համաձայնությունն ստանալու համար հավատարմագրային կառավարիչը պետք է հիմնադրի հասցեով ուղղի համապատասխան գրավոր հարցում` կցելով հայցվող որոշումը հիմնավորող փաստաթղթերը:

2.5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հավատարմագրային կառավարչի` այդ կարգավիճակով գործելու մասին նշումների բացակայության դեպքում հավատարմագրային կառավարիչը երրորդ անձանց հանդեպ պարտավորվում է անձամբ և պատասխանատվություն է կրում միայն իրեն պատկանող գույքով:

2.6. Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է պատշաճորեն կատարել պայմանագրով, ինչպես նաև պայմանագրի 2.14-րդ կետով նախատեսված հավատարմագրային կառավարման ծրագրով սահմանված իր այլ պարտականությունները:

2.7. Հավատարմագրային կառավարիչը կապահովի հիմնադրի լիազորած ներկայացուցչի մուտքն ընկերության տարածք:

2.8. Հավատարմագրային կառավարման գործողությունների արդյունքում հավատարմագրային կառավարչի ձեռք բերած գույքն ու իրավունքները (այսինքն` ընկերության լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերով հավաստված իրավունքները) հանդիսանում են գույքի մաս և անցնում հավատարմագրային կառավարչի հավատարմագրային կառավարմանը` պայմանագրով սահմանված պայմաններով:

2.9. Քանի որ հավատարմագրային կառավարիչն իրավաբանական անձ է, պայմանագրով նրա իրավունքներն ու պարտականություններն իրականացվում են հավատարմագրային կառավարչի իրավասու մարմնի կողմից կամ իրավասու մարմնի հանձնարարությամբ` հավատարմագրային կառավարչի լիազորագրով գործող որոշակի աշխատողի կողմից:

2.10. Հավատարմագրային կառավարիչը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պարտավոր է իրականացնել հավատարմագրային կառավարում` նպատակ հետապնդելով ի կատար ածել ընկերության` սահմանված կարգով հաստատված գործունեության տարեկան բիզնես ծրագրերով նախատեսված գլխավոր խնդիրները և ապահովել ցուցանիշները:

2.11. Հավատարմագրային կառավարիչը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պարտավոր է գործել և իր` պայմանագրով ստանձնած իրավունքներն ու պարտականություններն իրականացնել այնպես, որպեսզի ապահովվի ընկերության ֆինանսատնտեսական կայուն վիճակը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի սպասարկումը և մարումը, ինչպես նաև ընկերության տնօրինման տակ գտնվող հաղորդման ցանցի անվտանգ և հուսալի շահագործումը:

2.12. Պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության կողմից շահութաբաժինների վճարման մասին որոշում ընդունվելու դեպքում այդ շահութաբաժինները, պայմանագրի 1.4-րդ կետով սահմանված անակցեպտ գանձման իր իրավունքն իրացնելուց հետո հավատարմագրային կառավարիչը պարտավոր է վճարել հիմնադրի օգտին:

2.13. Հավատարմագրային կառավարիչը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պարտավոր է ապահովել ընկերությունում` որպես «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանրային կազմակերպություն, գնումների գործընթացը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի համաձայն ընկերության կողմից հաստատված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող գնումների կատարման կարգերին համապատասխան:

2.14. Պայմանագրի ստորագրմամբ կողմերը հավաստում են, որ հավատարմագրային կառավարիչը ներկայացրել է հավատարմագրային կառավարման ծրագիր (այսուհետ` պայմանագրի տեքստում` ծրագիր), որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Ծրագիրը պարունակում է հիմնադրի և հավատարմագրային կառավարչի իրավունքները և պարտականությունները, հավատարմագրային կառավարչի կողմից ընկերությունում իրականացվող ներդրումային ծրագրերը, ընկերության գործունեության գնահատման ֆինանսական և որակական ցուցանիշները, ինչպես նաև հավատարմագրային կառավարման արդյունավետությանն ուղղված կողմերի գործողությունները:

2.15. Հավատարմագրային կառավարիչը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 40-օրյա ժամկետում հիմնադրին է ներկայացնում ընկերության տարեկան բիզնես ծրագրերի կատարման վերաբերյալ կիսամյակային (հաշվետու տարվա 1-ին կիսամյակի համար, 2-րդ կիսամյակի և (կամ) 12 ամսվա համար) հաշվետվություններ:

2.16. Պայմանագիրը դադարելիս հավատարմագրային կառավարիչը պարտավոր է վերադարձնել գույքը հիմնադրին` դադարեցնելով պայմանագրից բխող իր իրավունքների իրականացումը (այս նպատակով ընկերության բաժնետերերի ռեեստրում (պահառուի մոտ կատարվում է համապատասխան գրառում) դադարեցվում է նախկինում կատարված գրառման գործողությունը): Ընդ որում, հավատարմագրային կառավարիչը հիմնադրին ներկայացնում է հավատարմագրային կառավարման գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Հավատարմագրային կառավարիչը պայմանագրի դադարեցման ժամանակ դուրս է գրում գույքն իր արտահաշվեկշռային հաշվից:

 

III. ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում հիմնադիրը պարտավոր է զերծ մնալ գույքի նկատմամբ ցանկացած գործողություններից, որոնց կատարումը մտնում է հավատարմագրային կառավարչի իրավասության մեջ և չխոչընդոտել վերջինիս կողմից պայմանագրով սահմանված իր իրավունքների իրականացմանը:

3.2. Հիմնադիրն իրավունք ունի վերահսկելու հավատարմագրային կառավարչի կողմից` պայմանագրի 2.4-րդ կետում և դրա բոլոր ենթակետերում նշված որոշումների ընդունումը` հավատարմագրային կառավարչին` նշված որոշումների ընդունմանն իր գրավոր համաձայնությունը ներկայացնելու միջոցով: Տվյալ հարցերի համաձայնեցման համար հիմնադիրը, ի դեմս իր լիազորած պաշտոնատար անձի, պարտավոր է հավատարմագրային կառավարչի համապատասխան հարցումն ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել որոշման ընդունմանն իր համաձայնությունը կամ պատճառաբանված մերժումը: Եթե նշված ժամկետի ընթացքում հիմնադիրը չի ներկայացրել իր համաձայնությունը կամ պատճառաբանված մերժումը, որոշման ընդունումը համարվում է հիմնադրի հետ համաձայնեցված:

3.3. Հիմնադիրը պարտավոր է պայմանագրով սահմանված չափով, ձևով և ժամկետներում վճարել հավատարմագրային կառավարչի վարձատրությունը:

3.4. Հիմնադիրը պարտավոր է պատշաճորեն կատարել պայմանագրով, ինչպես նաև ծրագրով սահմանված իր այլ պարտականությունները:

3.5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը 2018 թվականի երկրորդ կիսամյակում կմշակի համապատասխան առաջարկություն (այսուհետ` իրավական ակտի նախագիծ), համաձայն որի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի նոյեմբերի 16-ի N 30-Ա հանձնարարագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով 2016 թվականի հունվարի 18-ին կազմված N 30-Ա ակտով արձանագրված` ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա 924.065,2 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորությունը և տվյալ իրավական ակտի ընդունման դեպքում այդ իրավական ակտի ընդունման օրվա դրությամբ այդ գումարի նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները (այսուհետ` միասին` շահութաբաժնի պարտավորություն) կնվազեցվեն` կներդրվեն ընկերությունում` շահութաբաժնի պարտավորության չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3.6. Պայմանագրի գործողության ընթացքում ընկերության կողմից իր գույքի, պատասխանատվության և (կամ) գործունեության հետ կապված այլ ռիսկերի ապահովագրություն իրականացնելու դեպքում հիմնադիրը կառաջարկի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի համապատասխան ապահովագրավճարները որպես ծախս հաշվի առնվեն ընկերության կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի հաշվարկում, ինչպես նաև այդ ապահովագրությունից ընկերության կողմից հատուցում ստանալու դեպքում ձեռնպահ մնալ հավատարմագրային կառավարչի և (կամ) «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հետադարձ կամ որևէ այլ պահանջից:

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

4.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում`

4.1.1. «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պայմանագրով հավատարմագրային կառավարչի պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ գրավոր հաստատումից հետո և

4.1.2. հավատարմագրային կառավարչին պայմանագրով իրավունքների փոխանցման մասին ընկերության բաժնետերերի ռեեստրում/պահառուի մոտ հատուկ գրառում կատարելուց հետո, որը հիմնադիրը պարտավորվում է ապահովել պայմանագրի 4.1.1-ին կետում նշված գրավոր հաստատումն ստանալու պահից 10 օրացուցային օրվա ընթացքում:

4.2. Պայմանագիրը գործում է 25 տարվա ընթացքում:

Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո այն դադարեցնելու մասին կողմերից մեկի դիմումի բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է երկարացված նույն ժամկետով և միևնույն պայմաններով:

4.3. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից լուծված համարել կողմերի միջև 2017 թվականի սեպտեմբերի 25-ին ստորագրված` ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագիրը:

 

V. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

5.1. Պայմանագիրը (բացառությամբ դրա 5.4-րդ, 8.4-րդ, 8.5-րդ և 8.8-րդ կետերի) կարող է դադարեցվել`

5.1.1. պայմանագրի կողմերից մեկի` դրա կատարումից հրաժարմամբ պայմանագիրը դադարեցվելուց վեց ամիս առաջ մյուս կողմին ներկայացված պատշաճ ծանուցման առկայության դեպքում: Ընդ որում, սույն կետի համաձայն հիմնադրի կողմից պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում պայմանագիրը դադարում է բացառապես հիմնադրի կողմից հավատարմագրային կառավարչին այդ կապակցությամբ պայմանագրի դադարման օրվա դրությամբ վարձատրությունը վճարելու պայմանով: Վարձատրության հաշվարկման համար հիմք է ընդունվում պայմանագրի դադարմանը նախորդող տարվա շահութաբաժինների հաշվարկման բազան, իսկ եթե նախորդող տարվա արդյունքներով շահույթ չի առաջացել, ապա վարձատրության հաշվարկման համար հիմք է ընդունվում նախորդող այն տարվա արդյունքները, որի ընթացքում առաջացել է շահույթ.

5.1.2. պայմանագրի կողմերից մեկի` դրա կատարումից հրաժարմամբ` հավատարմագրային կառավարչի կողմից գույքի հավատարմագրային կառավարումն իրականացնելու անհնարինության դեպքում (այդ թվում` ընկերության լուծարման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա գործունեության համար հիմք հանդիսացող լիցենզիաների և (կամ) թույլտվությունների գործողությունները դադարելու դեպքում)` պայմանագրի դադարեցման նախաձեռնող կողմի` պայմանագիրը դադարեցվելուց երեք ամիս առաջ, իսկ ընկերության լուծարման կամ դրա գործունեության համար հիմք հանդիսացող լիցենզիաների և (կամ) թույլտվությունների գործողությունները դադարելու դեպքում` այդ հանգամանքների վրա հասնելու հնարավորության մասին իմանալու պահից ողջամիտ ժամկետում մյուս կողմին ներկայացված պատշաճ ծանուցման առկայության դեպքում.

5.1.3. պայմանագրի կատարումը շարունակելուց կողմերից մեկի հրաժարմամբ` մյուս կողմի կողմից պայմանագրի էական խախտում թույլ տալու դեպքում` դրա մասին իմանալու պահից ողջամիտ ժամկետում մյուս կողմին ներկայացված պատշաճ ծանուցման առկայության պարագայում: Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալելու պայմանագիրը կնքելիս:

5.2. Պայմանագրի նպատակների համար պատշաճ ծանուցման տակ պետք է հասկանալ ցանկացած ծանուցում, որը կազմվել է գրավոր ձևով և ստորագրված է ուղարկող կողմի անունից գործելու համար լիազորված անձի կողմից, ինչպես նաև հանձնվել է անձամբ, ուղարկվել է փոստով` պատվիրված նամակով կամ փոխանցվել է ֆաքսիմիլային կամ էլեկտրոնային կապով` կողմերից յուրաքանչյուրի` նախապես այդ նպատակի համար մյուս կողմին ներկայացված հասցեներով:

5.3. Պայմանագիրը դադարելիս հիմնադիրը հավատարմագրային կառավարչից ընդունում է հաշվետվություն` հավատարմագրային կառավարման գործունեության վերաբերյալ և պարտավորվում է հավատարմագրային կառավարչին 1-ամսյա ժամկետում վճարել պայմանագրի համաձայն հավատարմագրային կառավարչին վճարման ենթակա հավատարմագրային կառավարչի վարձատրությունը` հաշվարկված սույն պայմանագրի 5.1.1-ին կետի համաձայն: պայմանագրի 1.3-րդ, 1.4-րդ և 3.3-րդ կետերը գործում են մինչև հիմնադրի կողմից այդ վարձատրության ամբողջական վճարումը:

5.4. Պայմանագրի 5.1.1-ին կամ 5.1.2-րդ կետերի համաձայն պայմանագրի կատարումից հրաժարվելու, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով պայմանագիրը դադարելու դեպքերում հիմնադիրը պարտավոր է նախքան պայմանագիրը դադարելու օրն իրականացնել ընկերության գործունեության աուդիտ` այդ նպատակով ներգրավելով անկախ աուդիտորական կազմակերպություն: Աուդիտի եզրակացությամբ հավատարմագրային կառավարչի կողմից պայմանագրի խախտման դեպքեր ի հայտ չգալու դեպքում պայմանագրի դադարման օրվանից ամբողջությամբ, իսկ խախտման դեպքեր ի հայտ գալու դեպքում` այդ դեպքերի հետ չկապված կողմերի հարաբերությունների մնացած մասով դադարում են պայմանագրով, ծրագրով և գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված կամ դրանից բխող այլ փաստաթղթերով (այդ թվում` համապարտ պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ) հավատարմագրային կառավարչի և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտականությունները, նրանց տված բոլոր երաշխիքներն ու երաշխավորությունները: Այդ օրվանից հավատարմագրային կառավարիչը և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ենթակա չեն որևէ տեսակի (խախտման դեպքեր ի հայտ գալու դեպքում` այդ դեպքերի հետ չկապված կողմերի հարաբերությունների մնացած մասով) պատասխանատվության մինչև պայմանագրի դադարեցման օրն իրենց գործողությունների (անգործության) համար: Աուդիտի եզրակացությամբ հավատարմագրային կառավարչի կողմից պայմանագրի խախտման դեպքեր ի հայտ գալու դեպքում դրանց հետ կապված կողմերի միջև առաջացած վեճերը և հավատարմագրային կառավարչի պատասխանատվության հարցերը լուծվում են պայմանագրով և օրենքով:

5.5. Հիմնադրի` որպես շահառուի կողմից պայմանագրով ստացվող օգուտներից հրաժարվելու դեպքում պայմանագիրը չի դադարում, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

 

VI. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

6.1. Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովների որոշումները փոխարինող` հավատարմագրային կառավարչի գրավոր որոշումներով ընկերության տնօրենների խորհրդի կազմը ձևավորվելիս հավատարմագրային կառավարիչը պետք է պահպանի պարիտետի սկզբունքը, որը նախատեսում է ընկերության տնօրենների խորհրդի կազմում հավասար քանակը`

6.1.1. այն անդամների, որոնց թեկնածություններն առաջարկվել են հիմնադրի կողմից.

6.1.2. այն անդամների, որոնց թեկնածություններն առաջարկվել են հավատարմագրային կառավարչի կողմից.

6.2. Խորհրդի կողմից որոշումներ ընդունելիս որոշիչ ձայնի իրավունք ունեցող տնօրենների խորհրդի նախագահը հանդիսանում է խորհրդի անդամներից մեկը, ով ընտրվում է տնօրենների խորհրդի անդամների կողմից` հավատարմագրային կառավարչի ներկայացմամբ:

6.3. Ընկերության տնօրենների խորհրդի անդամները վարձատրություն կամ կատարված ծախսերի փոխհատուցում չեն ստանում:

6.4. Պայմանագրի 6.3-րդ կետով նախատեսված պայմանն արտացոլող դրույթը պետք է ներառվի ընկերության կանոնադրությունում:

 

VII. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

7.1. Պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները` ներառյալ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` կողմերի միջև բանակցությունների ճանապարհով:

7.2. Կողմերից մեկի կողմից մյուս կողմին պահանջ ներկայացվելու պահից քսան աշխատանքային օրվա ընթացքում վեճը չկարգավորվելու դեպքում ցանկացած այդպիսի վեճ կարող է կարգավորվել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավասու դատարանում:

7.3. Պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

 

VIII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

8.1. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների անբարենպաստ հետևանքների համար, որոնք պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում կարող են ծագել մինչև պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահը կնքված գործարքներից և տեղի ունեցած այլ գործողություններից ու իրավաբանական փաստերից` բացառությամբ այն դեպքերի, երբ անբարենպաստ հետևանքներն առաջացել են հավատարմագրային կառավարչի կամ նրա կողմից նշանակված գործադիր մարմնի գործողությունների արդյունքում:

8.2. Եթե ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ են հանդիսանում հավատարմագրային կառավարչի գործողությունները (կամ անգործությունը), ապա հավատարմագրային կառավարչի վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն` ընկերության պարտավորությունների համար: Հավատարմագրային կառավարչի գործողությունները (անգործությունը) համարվում են ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ միայն այն դեպքում, եթե հավատարմագրային կառավարիչն օգտագործել է ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իր իրավունքը կամ ընկերության գործունեությունն այլ կերպ կանխորոշելու հնարավորություններն ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով` նախօրոք իմանալով, որ այդ պատճառով ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկության) վիճակում:

8.3. Եթե ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ են հանդիսանում հիմնադրի գործողությունները (կամ անգործությունը), ապա հիմնադրի վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն ընկերության պարտավորությունների համար: Հիմնադրի գործողությունները (անգործությունը) համարվում են ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ միայն այն դեպքում, եթե հիմնադիրն օգտագործել է ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իր իրավունքը կամ ընկերության գործունեությունն այլ կերպ կանխորոշելու հնարավորություններն ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով` նախօրոք իմանալով, որ այդ պատճառով ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկության) վիճակում:

8.4. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում հիմնադրի առջև իր մեղքով հասցված իրական վնասի և բաց թողնված օգուտի համար` օրենքով սահմանված կարգով: Բոլոր դեպքերում հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն չի կրում և նրա վրա չի կարող դրվել որևէ տեսակի պատասխանատվություն, ինչպես նաև վնասների (իրական վնասի, բաց թողնված օգուտի) հատուցման պահանջ մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելն ընկերության ստանձնած (առաջացած) պարտավորությունների, պայմանագրի 2.4-րդ կետով նախատեսված և 3.2-րդ կետով սահմանված կարգով հիմնադրի հետ համաձայնեցմամբ ընդունված որոշումների կատարման հետևանքների, ինչպես նաև այդ պարտավորությունների և որոշումների կատարման արդյունքում ընկերության անվճարունակության (սնանկության) համար` բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան հետևանքները վրա են հասել հավատարմագրային կառավարչի կամ նրա կողմից նշանակված գործադիր մարմնի կողմից այդ որոշումների կամ պարտավորությունների պատշաճ չկատարման արդյունքում:

8.5. Բացառությամբ պայմանագրով նախատեսված հավատարմագրային կառավարչի պատասխանատվության դեպքերի` հիմնադիրը պարտավոր է բոլոր դեպքերում, այդ թվում` պայմանագրի 5.4-րդ կետով սահմանված դեպքերում, հավատարմագրային կառավարչին, ինչպես նաև «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զերծ պահել ընկերության ստանձնած պարտավորությունների համար որևէ տեսակի պատասխանատվությունից և պահանջներից, այդ թվում, բայց ոչ միայն, հավատարմագրային կառավարչի կողմից ընկերությանը տրված պարտադիր ցուցումների համաձայն կնքված գործարքների կատարման համար ընկերության հետ համապարտ պատասխանատվությունից, և ամբողջությամբ հատուցել հավատարմագրային կառավարչի և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վրա այդպիսի պատասխանատվություն դրվելու հետևանքով նրանց բոլոր ծախսերը: Սույն կետը գործում է նաև պայմանագրի դադարեցումից հետո` անժամկետ:

8.6. Հիմնադիրը պատասխանատվություն է կրում հավատարմագրային կառավարչի առջև իր մեղքով հասցված իրական վնասի և բաց թողնված օգուտի համար` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրի 1.4-րդ և 5.1.1-ին կետերով նախատեսված վճարման պարտավորության կետանց թույլ տալու դեպքում հիմնադիրը հավատարմագրային կառավարչի պահանջով վերջինիս վճարում է տուժանք` կետանցված ժամանակահատվածի համար չվճարված գումարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարը:

8.7. Հաշվի առնելով պայմանագրով սահմանված սահմանափակումները` պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև միմյանց հասցված իրական վնասների և բաց թողնված օգուտի համար կողմերը պատասխանատու են իրենց գույքով և միջոցներով` պայմանով, որ պայմանագրի խախտումը (իրական վնասը, բաց թողնված օգուտը) չի հանդիսանում հատուցում պահանջող կողմի թույլ տված գործողությունների կամ պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտման հետևանք:

8.8. Պայմանագրի գործողության ընթացքում և դրանից հետո պայմանագրի հիման վրա առաջացած հարաբերություններից բխող և (կամ) դրանց հետ կապված և հիմնադրի, ինչպես նաև հավատարմագրային կառավարչի և (կամ) «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կրած վնասների և պայմանագրի 8.5-րդ կետով սահմանված ծախսերի հատուցումը կատարվում է կողմերի փոխադարձ համաձայնություն ձեռք բերելուց կամ համապատասխան դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, եթե կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ժամկետ սահմանված չէ:

8.9. Պայմանագրի իմաստով պարտավորության խախտման դեպք է համարվում հետևյալը (բացառությամբ հավատարմագրային կառավարչի վարձատրության վճարման պարտավորության, որը համարվում է խախտված կետանցման օրվանից)`

8.9.1. կողմը չի կատարում պայմանագրով սահմանված պայմանները, ժամկետները և ընթացակարգերը.

8.9.2. կողմը չի վերացնում նման խախտումը` այդ խախտման մասին գրավոր պատշաճ ծանուցում ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում.

8.10. Երբ կողմերից մեկը չի կատարում իր պարտավորությունները, մյուս կողմը պետք է պարտավորությունների չկատարման վերաբերյալ պատշաճ ծանուցում ներկայացնի խախտող կողմին` կցելով ստեղծված իրավիճակին առնչվող փաստերի համառոտ նկարագիրը և տվյալ կողմի պարտավորությունների չկատարումը հիմնավորող փաստաթղթերը:

8.11. Պարտավորությունների չկատարման մասին պայմանագրի 8.9.2-րդ կետով սահմանված պատշաճ ծանուցումն ստանալուց ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում խախտող կողմը պետք է ներկայացնի համապատասխան բացատրություններ, որոնց հիման վրա հակառակ կողմը որոշում է իր ձեռնարկելիք քայլերը.

ա. վարել խորհրդակցություններ կամ բանակցություններ` հակասությունները և տարաձայնությունները բանակցելու միջոցով հարթելու նպատակով, կամ

բ. խախտող կողմին համարել պարտավորությունները չկատարող կողմ և ձեռնարկել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողություններ:

 

IX. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

9.1. Պայմանագիրը կազմված է գրավոր, հայերենով, հավասար ուժ ունեցող 3 օրինակից:

 

ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

.________________________________________________________________.

|   Հայաստանի Հանրապետություն   |       «Տաշիր Կապիտալ»          |

|    Լիազորված ներկայացուցիչ`   | փակ բաժնետիրական ընկերություն  |

|   Հայաստանի Հանրապետության    |       Գլխավոր տնօրեն           |

|էներգետիկ ենթակառուցվածքների և |                                |

|   բնական պաշարների նախարար    |         ԳՈՌ ԲԱՐՈՅԱՆ            |

|                               |                                |

|      ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ           |__________________________      |

|__________________________     |  Գտնվելու վայրը` Հայաստանի     |

| Գտնվելու վայրը` Հայաստանի     | Հանրապետություն, քաղ. Երևան,   |

| Հանրապետություն, քաղ. Երևան,  |Վազգեն Սարգսյան փողոց, շենք 26/1|

| Հանրապետության հրապարակ,      |                                |

| Կառավարության տուն 3          |                                |

.________________________________________________________________.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 465-Ա
Որոշում