Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԱԶԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՈՐԹՄԱՆ ԴՐՎԱԳՆԵՐՈՎ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԱԶԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՈՐԹՄԱՆ ԴՐՎԱԳՆԵՐՈՎ ՍՏՈՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵՇԴ/0120/01/15
Գործ թիվ  ԵՇԴ/0120/01/15 
Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան   
                   Դատավորներ`  Կ. Ղազարյան

                                                 Ա. Դանիելյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   

Նախագահությամբ` Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Օհանյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
 
քարտուղարությամբ` Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ պաշտպան` Ս. Ոսկանյանի
ամբաստանյալ Վ. Կարապետյանի

                   

 

2017 թվականի օգոստոսի 30-ին ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վազգեն Վաչագանի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2014 թվականի մարտի 20-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 11123014 քրեական գործը:

i

2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 11821814 քրեական գործը:

i

2015 թվականի հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11100515 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հունվարի 15-ի որոշմամբ թիվ 11821814 և թիվ 11100515 քրեական գործերը միացվել են, և քննությունը շարունակվել է մեկ վարույթում` 11100515 համարով:

i

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հունվարի 28-ի որոշմամբ Վազգեն Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 2 դրվագով` 118-րդ հոդվածով:

i

2015 թվականի փետրվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11106015 քրեական գործը:

2015 թվականի փետրվարի 15-ին Վազգեն Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի փետրվարի 20-ի և 23-ի որոշումներով թիվ 11100515 և թիվ 11123014 քրեական գործերը միացվել են թիվ 11106015 քրեական գործին:

i

Նախաքննության մարմնի` 2015 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Վ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է, քրեական հետապնդումը` դադարեցվել, և նրան մեղադրանք է առաջադրվել 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի օգոստոսի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

i

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճռով Վ.Կարապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ճանաչվել է անպարտ և արդարացվել: Նույն դատավճռով Վ.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով` առանց պատիժ նշանակելու, իսկ նույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` դատապարտվել ազատազրկման` 6 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

i

3. Ամբաստանյալ Վ.Կարապետյանի պաշտպան Ս.Ոսկանյանի և մեղադրող Կ.Ադամյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի դեկտեմբերի 5-ին որոշում է կայացրել բողոքները մասնակիորեն բավարարելու, ամբաստանյալ Վ.Կարապետյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը բեկանելու, և այդ մասով գործը նույն դատարան` այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին: Նույն որոշմամբ Վ.Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, կիրառվել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ, և գրավի գումարի չափ է սահմանվել 2.000.000 ՀՀ դրամ գումարը: Որոշվել է նաև Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, թողնել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա 2014 թվականի սեպտեմբերի 9-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 46/1 հասցեում գտնվող «Փոքր Մայամի» կոչվող հյուրանոցային համալիրի հետնամասում, իր հեռախոսը չվերադարձնելու հարցի շուրջ վիճաբանել է Երևան քաղաքի բնակչուհի Արփինե Սամվելի Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ձեռքին եղած դանակի հետնամասով, այնուհետև ոտքով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Հովհաննիսյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով որովայնի շրջանի քերծվածքների ձևով, թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Վազգեն Վաչագանի Կարապետյանը 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 46 շենքի մոտ, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, քարով դիտավորյալ հարվածել է Քրիստինե Գալոյանին պատկանող «Մազդա» մակնիշի 27OO216 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետնամասի ապակուն, կոտրել այն` այնուհետև դիտավորությամբ ոտքով հարվածել է նշված ավտոմեքենայի հետին ձախ անվաթևին` վնասելով այն` Ք.Գալոյանին պատճառելով զգալի չափի` 140.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, նա 2015 թվականի փետրվարի 8-ին` ժամը 04:30-ի սահմաններում, իր ազգական Հարություն Սարգսյանի վարած` «ՎԱԶ 21214» մակնիշի, 75LR777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթևեկելով Երևան քաղաքի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում և նկատելով լուսացույցի ներքո կայանված «Օպել Աստրա» մակնիշի 60AR101 հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենայում գտնվող իր ծանոթ, ուղևոր Իգոր Կովալյովին, պահանջել է վերջինիս նստել «ՎԱԶ 21214» մակնիշի, 75LR777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Ի.Կովալյովը, նստելով նշված ավտոմեքենայի հետևամասում, գնացել են Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 46/1 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տարածք, որտեղ Հ.Սարգսյանը իջել է ավտոմեքենայից, իսկ Վ.Կարապետյանը «ՎԱԶ 21214» մակնիշի, 75LR777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահում ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով` հարձակման եղանակով, այն է` դիտավորությամբ որպես զենք օգտագործվող դանակը պահելով Երևան քաղաքի բնակիչ Իգոր Կովալյովի պարանոցին և սպանության սպառնալիք տալով` պահանջել է նրա մոտ եղած գումարը, սակայն Ի.Կովալյովի մոտ գումար չի եղել:

Բացի այդ, Վազգեն Կարապետյանը նույն օրը` ժամը 04:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 46/1 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տարածքում կայանված «ՎԱԶ 21214» մակնիշի 75LR777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահում ավտոմեքենայի սրահի գրպանիկից վերցնելով ատրճանակին նմանվող չպարզված առարկան և փողն ուղղելով Ի.Կովալյովի ուղղությամբ, իրեն խաբելու` իր նախկին ընկերուհի Քրիստինե Սամվելի Գալոյանի հետ ունեցած շփման փաստը թաքցնելու համար սպանության սպառնալիք տալով` Ի.Կովալյովից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 4.774.600 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար: Ի.Կովալյովը, հասկանալով, որ սպառնալիքն իրական է, համաձայնել է մինչև 2015 թվականի փետրվար ամսվա երրորդ տասնօրյակը Վ.Կարապետյանին հանձնել 300.000 ՀՀ դրամ գումար, որից հետո հեռացել են (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 104-118):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Վազգեն Կարապետյանն իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունք տվեց այն մասին, որ Իգոր Կովալյովին առաջին և վերջին անգամ հանդիպել է 2015թ. փետրվարի 8-ին, երբ հորաքրոջ որդու` Հարություն Սարգսյանի հետ գտնվել է իրենց շենքի բակում: Այդ ժամանակ Իգորն իրենց մոտեցել է արծաթագույն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, որը վարել է իրեն անծանոթ մի երիտասարդ, ում հետագայում ճանաչել է որպես Արթուր: Մոտենալով` Իգորն ասել է, որ ոմն Մերիին տոկոսով 130.000 դրամ գումար է տվել և չի կարող այն ստանալ, խնդրել է իր աջակցությունը գումարը վերադարձնելու հարցում` խոստանալով վարձատրություն: Ինքը զայրացած պատասխանել է, որ նման հարցերով չի զբաղվում, որից հետո գնացել է շենքի մոտ կայանված իր «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի մոտ, որն անսարք վիճակում մոտ երկու ամիս այդտեղ կանգնած է եղել: Դրանից հետո Իգորն ու նրա ընկեր Արթուրը «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են, և ինքը նրանց այլևս չի հանդիպել (...):

Վկա Արթուր Դավթյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է Իգոր Կովալյովին և նրա հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ: Ճանաչում է նաև Վազգեն Կարապետյանին, ում հետ շփում չի ունեցել: Իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով տաքսի ծառայություն է իրականացրել և 2015թ. փետրվարի 8-ին` ժամը 01.00-ի սահմաններում, Իգոր Կովալյովի խնդրանքով նրան տեղափոխել է «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրի մոտ: Ճանապարհին` «Ծերեթելի» խաչմերուկի մոտ, նկատել են կողք կողքի կայանված «Ջիպ» և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ: Դրանց մոտ տեսել են Վազգեն Կարապետյանին, ով, հավանաբար, ավտոմեքենան է նորոգելուց եղել, քանի որ նրա ձեռքերը կեղտոտված են եղել: Իգորը խնդրել է կայանել այդ ավտոմեքենաների մոտ, որից հետո իջել է և մոտեցել Վազգենին: Իգորի հետևից ավտոմեքենայից իջել է նաև ինքը: Դիմելով Վազգենին` Իգորը խնդրել է ինչ-որ աղջկան տված գումարը վերադարձնելու նրա աջակցությունը` խոստանալով վարձատրություն: Սակայն Վազգենը մերժել է: Քիչ անց իրեն զանգահարել է կինը, և ինքն առանձնացել է ու նստել ավտոմեքենայի մեջ: Քիչ անց եկել է Իգորը, և ինքն ավտոմեքենան վարել է նրա շենքի բակ: Ճանապարհին Իգորը բողոքել է Վազգենից` ասելով, որ նա չի թողնում, որ բակի մարմնավաճառներն աշխատեն և իրեն գումար տան: Իգորն ասել է նաև, որ Վազգենը դրա համար պատասխան է տալու: Ժամը 02:00-ի սահմաններում Իգորենց շենքի բակում իրենք հրաժեշտ են տվել միմյանց և հեռացել: Հետագայում հեռուստահաղորդումներից մեկից տեղեկացել է, որ Վազգենը ձերբակալվել է Իգորի նկատմամբ ինչ-որ ոտնձգություն կատարելու համար, ինչի կապակցությամբ զանգահարել է վերջինիս և հետաքրքրվել կատարվածի մասին: Իգորի պատասխանից հասկացել է, որ նա անհիմն մեղադրել է Վազգենին:

Ամբաստանյալ Վազգեն Կարապետյանի և վկա Արթուր Դավթյանի պատճառաբանություններն անհիմն են, դրանցով ամբաստանյալը նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից, իսկ վկան` հովանավորելու ամբաստանյալին և թեթևացնելու նրա վիճակը:

Վերոհիշյալ անձանց դատարանում տված ցուցմունքները հերքվում են գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված հետևյալ ապացույցներով:

Տուժող Իգոր Կովալյովը ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է Վազգեն Կարապետյանին, սակայն նրա հետ շփում չի ունեցել: Ճանաչում է նաև «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրի մոտակայքում մարմնավաճառությամբ զբաղվող Քրիստինա Գալոյանին, ում հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Քրիստինայի հետ ծանոթանալուց մոտ երեք ամիս անց իրեն հանդիպել է Վազգենն ու պահանջել, որ ինքը հեռու մնա Քրիստինայից: Ինքը պատասխանել է, որ Քրիստինան պարզապես ծանոթ է, և նրա հետ որևէ այլ հարաբերություններ չկան: Դրանից որոշ ժամանակ անց պատահական հանդիպել է Քրիստինային և պատմել Վազգենի հետ տեղի ունեցած զրույցի մասին: Քրիստինան պատասխանել է, որ Վազգենի հետ այլևս որևէ շփում չունի: 2015թ. փետրվարի 8-ին` ժամը 03.00-ի սահմաններում, իր ծանոթ Արթուրի վարած տաքսի ավտոմեքենայով եկել է «Փոքր Մայամի» հյուրանոցի մոտ, հանդիպել Քրիստինային և որոշ ժամանակ զրուցելուց հետո որոշել է գնալ տուն: Ճանապարհին` Արտաշիսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկի լուսացույցի տակ կանգնած ժամանակ, իրենց ավտոմեքենային մոտեցել է 75 LR 777 համարանիշի սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի կողքին նստած է եղել Վազգենը: Վերջինս իրենից պահանջել է նստել նրա ավտոմեքենան` ասելով, որ խոսելու բան ունի: Ինքը նստել է Վազգենենց ավտոմեքենայի հետևի նստատեղին, իսկ Արթուրին խնդրել է վարել իրենց հետևից: Վազգենենց ավտոմեքենան վարել է նրա ազգականը, ում նախկինում մի քանի անգամ տեսել է Վազգենի հետ «Մայամի» հյուրանոցի մոտ: Վազգենն ընկերոջը խնդրել է ավտոմեքենան վարել «Մայամիի» մոտ: «Մայամիի» կողքով վարորդն աջ է թեքվել: Այնտեղ ավտոտնակներ են եղել, և վարորդն ավտոմեքենան կայանել է դրանց մոտ: Այնուհետև նա իջել է ավտոմեքենայից, իսկ Արթուրն ավտոմեքենան կայանել է իրենց հետևում: Այդ ժամանակ Վազգենն իրենից հարցրել է իր և Քրիստինայի հարաբերությունների մասին` ասելով, որ տեղյակ է իրենց զրույցից: Ինքը պատասխանել է, որ Քրիստինային ոչինչ չի պատմել և առաջարկել է գնալ և հանդիպել նրան: Վազգենն ասել է, որ չի ցանկանում տեսնել Քրիստինային, որից հետո պահանջել է զանգահարել նրան: Ինքն իր 098-63-10-37 հեռախոսահամարից զանգահարել է Քրիստինայի` 077-66-61-13 հեռախոսահամարին, սակայն չցանկանալով Վազգենի ներկայությամբ զրուցել նրա հետ` միտումնավոր վերջում հավաքել է նաև 3 թիվը: Այդ ժամանակ Վազգենը պահանջել է իր հեռախոսը, սակայն ինքը չի տվել, և վերջինս, ավտոմեքենայի փոխանցման տուփի մոտից վերցնելով կարմիր գույնի բռնակով ծալովի դանակը, բացել է այն ու սկսել է սպառնալ իրեն: Դրանից հետո նա դանակը պահել է իր կոկորդին ու ձեռքից վերցրել հեռախոսը: Զննելով իր հեռախոսը և տեսնելով, որ ինքը մեկ թիվ ավել է հավաքել, Վազգենը սկսել է դանակը թափահարել իր առջև` պահանջելով զանգահարել Քրիստինային, հակառակ դեպքում կսպանի: Ինքը ստիպված զանգահարել է Քրիստինային ու միացրել բարձրախոսը: Իր հարցին Քրիստինան պատասխանել է, որ Վազգենի հետ շփում չունի և հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին: Դա լսելով` Վազգենն ավելի է զայրացել և դրսում կանգնած ընկերոջից պահանջել է ավտոմեքենան վարել մանկական հիվանդանոցի ուղղությամբ: Վերջինս ավտոմեքենան վարել է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի բակ: Իրենց հետևից եկել է նաև Արթուրը: Այնտեղ Վազգենի ընկերը դարձյալ իջել է ավտոմեքենայից, որից հետո Վազգենը, վերցնելով դանակն ու այն պահելով իր կոկորդին, պահանջել է դատարկել գրպաններն ու նրան տալ ողջ գումարը: Սակայն իր գրպաններում գումար չի եղել, եղել են միայն ծխախոտի տուփն ու հեռախոսը: Տեսնելով, որ իր մոտ գումար չկա, Վազգենը փակել է դանակը և այն դրել փոխանցման տուփի մոտ: Այնուհետև նա ավտոմեքենայի սրահի պահատուփից վերցրել է սև գույնի ատրճանակ, լիցքավորել այն և պահել իր վրա` սուտ խոսելու համար պահանջելով 10.000 ԱՄՆ դոլար: Ինքը պատասխանել է, որ այդքան գումար չունի: Վազգենն ասել է, որ այս անգամ ներում է իրեն, սակայն մինչև փետրվարի 15-ն ինքը պետք է տա 150.000 դրամ, որից հետո, ամսվա վերջում` ևս 150.000 դրամ: Վախից ինքը համաձայնել է: Այդ պահին մոտ 150 մետր հեռավորության վրա երևացել է ոստիկանական ավտոմեքենա, և Վազգենը վերցրել է դանակն ու ատրճանակը և դուրս նետել պատուհանից: Այնուհետև, երբ ոստիկանական ավտոմեքենան հեռացել է, ինքը դուրս է եկել ավտոմեքենայից և Արթուրի հետ գնացել տուն, որտեղից զանգահարել է ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին:

Տուժողը հայտնեց նաև, որ երբ ավտոմեքենայի մեջ Վազգենն իր առջև թափահարել է դանակով, այն դիպել է իր հագին եղած բաճկոնի ձախ թևին և վնասել:

Դեպքի վայրի զննության մասին 2015թ. փետրվարի 8-ի արձանագրության համաձայն` Իգոր Կովալյովի կողմից մատնացույց արված վայրում` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 46ա հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետնամասում առկա` «Նաիրի» մարզադաշտ տանող ճանապարհի վերջնամասի ձախակողմյան հատվածում, հայտնաբերվել և վերցվել է մեկ հատ ծալովի դանակ` փակված վիճակում:

Զննում կատարելու մասին 2015թ. փետրվարի 8-ի արձանագրության համաձայն` Իգոր Կովալյովի ներկայացրած` «Նոկիա 301» մոդելի բջջային հեռախոսի մեջ տեղադրված 098-63-10-37 հեռախոսահամարից առկա է ելքային հեռախոսազանգ 077-66-61-13 հեռախոսահամարին, որը կատարվել է 2015թ. օգոստոսի 8-ին, ժամը 03:47-ին` 0 վայրկյան տևողությամբ, քանի որ զանգահարողի կողմից 077-66-61-13 զանգվող հեռախոսահամարի վերջում հավաքվել է ավել «3» թվանշանը, որպիսի հանգամանքը հնարավորություն չի տվել զանգ իրականացնել:

Առգրավում և զննում կատարելու մասին 2015թ. փետրվարի 8-ի արձանագրության համաձայն` առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի պահին Իգոր Կովալյովի հագին եղած բաճկոնը և սպորտային տաբատը: Զննությամբ բաճկոնի ձախ թևին` ներքևից 13 սմ բարձրության վրա, առկա է 1.5 սմ թեքությամբ պատռվածք: Իգոր Կովալյովը հայտարարել է, որ պատռվածքն առաջացել է դեպքի ժամանակ Վազգեն Կարապետյանի կողմից դանակով իրեն հարվածելուց:

Խուզարկություն կատարելու մասին 2015թ. փետրվարի 8-ի արձանագրության համաձայն` «ՎԱԶ-2121» մակնիշի 75 LR 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասից հայտնաբերվել և վերցվել է մեկ հատ «Winston» տեսակի ծխախոտի ծխուկ:

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի 2015թ. փետրվարի 20-ի թիվ 339-15 եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված զսպանակային ծալովի դանակի վրա անձի նույնացման համար պիտանի ձեռքի հետքեր չեն հայտնաբերվել: Փորձաքննության ներկայացված տնտեսակենցաղային նշանակության սևեռվող շեղբով զսպանակային ծալովի դանակը գործարանային արտադրության է, սառը զենք չի հանդիսանում, ներկայացված վիճակում տեխնիկապես անսարք է:

Դեպքի վայրի զննության մասին 2015թ. մարտի 9-ի արձանագրության համաձայն` դեպքի վայր է հանդիսանում Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 45/21 շենքի մոտակա հատվածը: Իգոր Կովալյովը հայտարարել է, որ 2015թ. փետրվարի 8-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Արթուր Դավթյանի հետ վերջինիս ավտոմեքենայով այդ հատվածով ընթանալիս «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով իրենց կողքին է կանգնել Վազգեն Կարապետյանը, ով նստած է եղել վարորդի կողքի նստատեղին: Այնուհետև Իգոր Կովալյովը մատնացույց է արել Բագրատունյաց պողոտայի և Արտաշիսյան փողոցի խաչմերուկից աջ 30-40 մետր հեռավորության վրա ընկած հատվածը և հայտարարել, որ նշված հատվածում են կանգնել երկու ավտոմեքենաները, որից հետո Վազգեն Կարապետյանի պահանջով ինքը նստել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որից հետո ուղևորվել են «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող ավտոտնակների մոտ: Այնուհետև Իգոր Կովալյովը մատնացույց է արել Արտաշիսյան փողոցի թիվ 46/1 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետնամասի անկյունային հատվածը և հայտարարել, որ նշված վայրում է կայանվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում Վազգեն Կարապետյանը զենքի և դանակի սպառնալիքներով իրենից գումար է պահանջել:

«ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 2015թ. ապրիլի 18-ի թիվ 09771505 եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված անդրավարտիքի վրա մեխանիկական բնույթի վնասվածքներ չկան: Կուրտկայի վրա առկա են մեխանիկական ձգվածությունների հետևանքով առաջացած պատռվածքներ և սահմանափակ մակերեսով, համեմատաբար սուր ծայր ունեցող, այդ թվում նաև ցանկացած դանակի ծայրի դինամիկ, շոշափող ազդեցության հետևանքով առաջացած վնասվածք: Հագուստների վրա ծակած-կտրած բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել:

ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի 2015թ. մայիսի 1-ի թիվ 123 եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված` Իգոր Կովալյովի արյան նմուշն ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի պատկանում է Օ խմբին: Նրա թքի նմուշում կլանման-անջատման ռեակցիայով հայտնաբերվել է H հակածին:

Փորձաքննության ներկայացված «Վինսթոն Իքսսթայլ Բլյու» տեսակի ծխախոտի մեկ մնացորդի զտիչի ազատ եզրին հայտնաբերվել է մարդկային ծագման թուք, որն առաջացել է արտադրություններում` մասնավորապես թքում H հակածին պարունակող և արյան Օ խումբ ունեցող որևէ անձից կամ անձանցից, այդ թվում նաև Իգոր Կովալյովից:

ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի 2015թ. հունիսի 2-ի թիվ 64 եզրակացության համաձայն` համեմատական մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ փորձաքննությանը ներկայացված «Վինսթոն Իքսսթայլ Բլյու» տեսակի ծխախոտի մեկ մնացորդի վրա հայտնաբերված թքի հետքերից ԴՆԹ անջատվել է:

Ներկայացված «Վինսթոն Իքսսթայլ Բլյու» տեսակի ծխախոտի մեկ մնացորդի վրա հայտնաբերված թքի հետքերից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը 99.9% հավանականությամբ համընկնում է Իգոր Կովալյովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ:

Զննություն կատարելու մասին 2015թ. հուլիսի 25-ի արձանագրության համաձայն` զննության են ենթարկվել «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից տրամադրված 098-63-10-37 և 077-66-61-13 հեռախոսահամարների վերծանումները, որոնց զննությամբ պարզվել է, որ 098-63-10-37 և 077-66-61-13 հեռախոսահամարների միջև 2015թ. փետրվարի 08-ին, ժամը 03:37-ից մինչև ժամը 19:15-ն առկա են պարբերաբար հեռախոսազանգեր, բացի այդ 2015թ. փետրվարի 08-ին, ժամը 03:11-ից մինչև ժամը 05:08-ը 098-63-10-37 հեռախոսահամարներն սպասարկվել է Երևան քաղաքի Արտաշիսյան 46ա հասցեում տեղակայված ալեհավաք կայանի կողմից:

Զննություն կատարելու մասին 2015թ. հուլիսի 25-ի արձանագրության համաձայն` զննության են ենթարկվել «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից տրամադրված 098-30-80-10 հեռախոսահամարի վերծանումները, որոնց զննությամբ պարզվել է, որ 2015թ. փետրվարի 8-ից մինչև փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում վկա Արթուր Դավթյանի նշված հեռախոսահամարից զանգեր են կատարվել Վազգեն Կարապետյանի` 094-60-06-66 հեռախոսահամարին, մասնավորապես` 2015թ. փետրվարի 8-ին` ժամը 20:50-ին, 1 րոպե 44 վայրկյան տևողությամբ, 2015թ. փետրվարի 10-ին` ժամը 13:33-ին, 1 րոպե 9 վայրկյան տևողությամբ, ժամը 13:51-ին` 9 վայրկյան տևողությամբ, իսկ ժամը 23:05-ին` 3 վայրկյան տևողությամբ: Զննությամբ պարզվել է նաև, որ 2015թ. փետրվարի 10-ից մինչև փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում Վազգեն Կարապետյանի` 094-60-06-66 հեռախոսահամարից զանգեր են կատարվել վկա Արթուր Դավթյանի 098-30-80-10 հեռախոսահամարին, մասնավորապես` 2015թ. փետրվարի 10-ին` ժամը 13:35-ին, 4 րոպե 2 վայրկյան տևողությամբ, ժամը 13:46-ին` 13 վայրկյան տևողությամբ, ժամը 13:49-ին` 3 վայրկյան տևողությամբ, ժամը 13:50-ին` 16 վայրկյան տևողությամբ, ժամը 22:59-ին` 26 վայրկյան տևողությամբ, ժամը 23:05-ին` 3 րոպե 2 վայրկյան տևողությամբ, ժամը 23:32-ին` 3 վայրկյան տևողությամբ, 2015թ. փետրվարի 12-ին` 0 վայրկյան տևողությամբ»:

Իգոր Կովալյովին պատկանող բաճկոնը, հայտնաբերված ծալովի դանակը և «Վինսթոն» տեսակի ծխախոտի ծխուկը ճանաչվել են իրեղեն ապացույցներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 177-183):

6.1. Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է. «(...) Գնահատելով ամբաստանյալ Վազգեն Կարապետյանի և վկա Արթուր Դավթյանի` դատաքննության ժամանակ տված ցուցմունքները և դրանք համադրելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված վերոհիշյալ ապացույցների հետ, Առաջին ատյանի դատարանն անհիմն է համարում վերը նշված անձանց պատճառաբանությունները` դրանք որակելով ոչ արժանահավատ:

Ամբաստանյալ Վազգեն Կարապետյանի տված ցուցմունքի անարժանահավատության մասին է վկայում, օրինակ, այն փաստը, որ, ըստ ամբաստանյալի` դեպքի օրը և ժամին իր և տուժողի միջև եղած զրույցը տեղի է ունեցել «ՎԱԶ-2121» մակնիշի 75 LR 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից դուրս և տուժողն իրենց ավտոմեքենան չի նստել այն դեպքում, երբ 2015թ. փետրվարի 8-ի խուզարկությամբ տուժողին պատկանող «Winston» տեսակի ծխախոտի ծխուկը հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասից:

Վկա Արթուր Դավթյանի տված ցուցմունքի անարժանահավատության մասին է վկայում, օրինակ, այն փաստը, որ, ըստ վկայի` նա Վազգեն Կարապետյանի հետ շփում չի ունեցել այն դեպքում, երբ հեռախոսահամարների վերծանումների համաձայն` նրա 098-30-80-10 հեռախոսահամարից 2015թ. փետրվարի 8-ից մինչև փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տարբեր տևողությամբ զանգեր են կատարվել, ինչպես նաև ընդունվել Վազգեն Կարապետյանի` 094-60-06-66 հեռախոսահամարից:

i

Այսպիսով, գնահատելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված վերը նշված ապացույցները, Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարում (...) Վազգեն Կարապետյանի կողմից 2015 թ. փետրվարի 8-ին` ժամը 04:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 46/1 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, «ՎԱԶ-21214» մակնիշի 75 LR 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահում որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ Իգոր Կովալյովի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու փաստը, այսինքն` դատարանը հաստատված է համարում Վազգեն Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 175-հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանք կատարելը:

i

Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը հանգեց հետևության, որ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվում ամբաստանյալ Վազգեն Կարապետյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում (...):

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Վազգեն Կարապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և բոլոր ցուցմունքներում` թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական, հերքել է շորթում կատարելու հանգամանքը, և նշված դրվագով նրան մեղադրանք է առաջադրվել բացառապես տուժող Իգոր Կովալյովի ցուցմունքների հիման վրա:

(...) ՈՒսումնասիրելով սույն գործի նյութերը` ՀՀ վճռաբեկ դատարանի (...) որոշումների լույսի ներքո, Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ միայն տուժողի ցուցմունքը բավարար չէ ամբաստանյալի մեղքը` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ապացուցված համարելու համար:

i

(...) Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ Վազգեն Կարապետյանը պետք է արդարացվի ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նա ենթակա է քրեական պատասխանատվության միայն ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով:

Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժի հարցին, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով այն չպետք է նշանակվի` հետևյալ պատճառաբանությամբ:

(...)

Դատարանում տուժողներ Արփինե Հովհաննիսյանը և Քրիստինա Գալոյանը հայտարարեցին ամբաստանյալի հետ հաշտվելու մասին, սակայն վերջինս նշված դրվագներով իրեն մեղավոր չճանաչեց և հայտնեց, որ նշված հանցագործությունները չի կատարել, տուժողները զրպարտում են և նրանց հետ չի հաշտվել:

Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ բացակայում են նշված հոդվածներով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը:

Առաջին ատյանի դատարանը գտնում է նաև, որ վերոհիշյալ հոդվածներով իրեն մեղավոր չճանաչելով և տուժողների հետ չհաշտվելով ամբաստանյալն օգտագործել է իր իրավունքը, և միայն իր իրավունքից օգտվելու համար ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելն անթույլատրելի է:

i

Այսպիսով, Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ ամբաստանյալը ենթակա է պատժի միայն ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 177-183):

i

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(...) ՈՒսումնասիրելով քրեական գործում առկա ապացույցները (...)` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի (...) հետևությունները, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 182-րդ հոդվածներով առաջադրված մեղադրանքների հետ կապված, հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ:

(...) Ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ` դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները հակասական տվյալներ են պարունակում վերը նշված մեղադրանքների ապացուցվածության առումով, որպիսի պայմաններում առաջադրված մեղադրանքների շուրջ հիմնավոր և պատճառաբանված հետևության գալու, ինչպես մեղավորության, այնպես էլ` անմեղության մասով, դեռևս հնարավոր չէ:

Այսպես` ամբաստանյալ Վազգեն Կարապետյանի ցուցմունքի համաձայն` դեպքի օրն իր և տուժողի միջև եղած զրույցը տեղի է ունեցել «ՎԱԶ-2121» մակնիշի (...) ավտոմեքենայից դուրս, և տուժողն իրենց ավտոմեքենան չի նստել, սակայն 2015 թվականի փետրվարի 8-ի` խուզարկության արձանագրությամբ տուժողին պատկանող (...) ծխախոտի ծխուկը հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասից:

(...) Տուժող Իգոր Կովալյովի նախաքննական ցուցմունքի համաձայն` պատասխանելով քննիչի հարցին` «Վազգենի կենսագրական տվյալները նշեք, դեպքի վայրը (...)», հայտնել է` «Վազգենի ազգանունը` Կարապետյան, հայրանունը Վաչագան, գիտեմ, որ ապրում է Ծերեթելիի խաչմերուկում, օգտագործում է 094600666 բջջային հեռախոսահամարը: Ավելացնեմ, որ ես, նստած լինելով նիվայի հետնամասում, ծխել եմ «Վինսթոն» տեսակի ծխախոտ: Ծխուկները լցրել եմ հետևի մոխրամանի մեջ (...)»:

Դատաքննության ժամանակ հայտնել է, որ դեպքի ժամանակ նստած է եղել վարորդի հետևի նստատեղին, ծխել է «Վինսթոն» սիգարետ, վերջանալուց հետո «բիչոկներն» անմիջապես գցել է մեքենայի մեջ: Դատարանի հարցին պատասխանել է, որ մոխիրը լցրել է խալու վրա (կովրիկի) և մոխրամանի մեջ:

Մինչդեռ 2015 թվականի փետրվարի 8-ի խուզարկության արձանագրության համաձայն` խուզարկությամբ «Վազ 2121» մակնիշի (...) ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասից հայտնաբերվել է մեկ հատ «Վինսթոն» տեսակի ծխախոտի ծխուկ:

Բացի այդ, վկա Արթուր Դավթյանը դատաքննության ժամանակ տված ցուցմունքում հայտնել է, որ ողջ ընթացքում Իգորը և Վազգենը զրուցել են իրենց ներկայությամբ, Իգորը կանգնած է եղել «Նիվա» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաների միջև:

Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը հարցադրում չի կատարել` պարզելու, թե վկա Արթուր Դավթյանն ինչպես է պատճառաբանում այն հանգամանքը, որ ծխախոտի ծխուկը հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասում` այն դեպքում, երբ տուժող Իգոր Կովալյովը կանգնած է եղել «Նիվա» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաների միջև:

Հատկանշական է նաև այն փաստը, որ Արթուր Դավթյանն իր ցուցմունքով հայտնել է, որ Վազգեն Կարապետյանի հետ շփում չի ունեցել, սակայն հեռախոսահամարների վերծանումների ուսումնասիրությունից երևում է, որ Արթուր Դավթյանը և Վազգեն Կարապետյանը 2015 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տարբեր տևողությամբ զանգեր են կատարել միմյանց: Ընդ որում, զանգերը կատարվել են ենթադրյալ հանցագործությունների կատարումից հետո, ինչը ողջամտորեն կարող է վկայել այն մասին, որ ամբաստանյալը և վկան հնարավոր է որոշակի պայմանավորվածություն ձեռք բերած լինեն դեպքի հանգամանքներն ամբաստանյալի «շահերից» ներկայացնելու վերաբերյալ: Այլապես տրամաբանական չէ, որ նախկինում միմյանց հետ շփում չունեցող անձինք այդ հաճախականությամբ միմյանց հետ զանգեր կատարեն:

Առաջին ատյանի դատարանը որևէ գնահատական չի տվել այն հանգամանքին, որ, ըստ «դեպքի վայրի զննության» արձանագրության` ենթադրյալ դեպքի վայրից հայտնաբերված և իրեղեն ապացույց ճանաչված դանակի վրա անձի նույնացման համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել, առավել ևս` կատարված «մատնադրոշմային և սառը զենքի համալիր» փորձաքննությամբ ամբաստանյալ Վ.Կարապետյանի մատնահետքերը չեն հայտնաբերվել իրեղեն ապացույց դանակի վրա` չնայած այն հանգամանքին, որ, ըստ տուժող Իգոր Կովալյովի` Վազգեն Կարապետյանն այն անմիջապես դուրս է նետել ավտոմեքենայի պատուհանից, իսկ վկա Արթուր Դավթյանն իր դատաքննական ցուցմունքում հայտնել է, որ հանդիպելու պահին նկատել է, որ Վազգենի ձեռքերը կեղտոտ են եղել, երբ վերանորոգել է իր հորը պատկանող ավտոմեքենան: Այսինքն` ուշադրություն չի դարձվել այն հանգամանքին, թե ինչպես է ստացվում, որ դանակի վրա ամբաստանյալի հետ կապված հետքեր չեն հայտնաբերվում, և դա այն դեպքում, երբ ամբաստանյալի ձեռքերը կեղտոտ են եղել, որի պայմաններում այդպիսի հետքերի առկայությունը մեծացնում է դանակի վրա դրանց հայտնաբերելու հավանականությունը:

Բացի այդ, տուժողն իր ցուցմունքով հայտնել է, որ ամբաստանյալի մոտ եղել է նաև սև ատրճանակ, ինչը նույնպես մեքենայից դուրս է նետել: Սակայն այս դեպքում ևս հարկ է նկատել, որ ինչպես դեպքի վայրի զննությամբ, այնպես էլ` վկաների ցուցմունքներով ձեռք չի բերվել որևէ ապացույց Վազգեն Կարապետյանի մոտ ատրճանակ լինելու վերաբերյալ: Այսինքն` տվյալ դեպքում նույնպես անհասկանալի է, թե ինչպես է դեպքի վայրից հայտնաբերվել ենթադրյալ հանցագործության առարկա դանակը, իսկ մյուս առարկան չի հայտնաբերվել, քանի որ ըստ տուժողի` երկու առարկաներն էլ միևնույն ժամանակ մեքենայից դուրս են նետվել:

Հաղորդում ընդունելու մասին արձանագրության համաձայն, ինչպես նաև որպես տուժող հարցաքննվելիս Իգոր Կովալյովը տվյալներ է հայտնել իր հետ վիճաբանության ընթացքում Վազգեն Կարապետյանի կողմից իրեն մի քանի` մոտ չորս-հինգ ապտակ հասցնելու, մի քանի անգամ իրեն խփելու, դանակը պարանոցի մոտ պահելու և մաշկին սեղմելու, ցավ զգալու հանգամանքների մասին: Սակայն նույն օրը` 2015 թվականի փետրվարի 8-ին կատարված դատաբժշկական փորձաքննության թիվ 255 եզրակացության համաձայն` Ի.Կովալյովի մոտ, այդ թվում` նաև պարանոցի շրջանում, փորձաքննության պահին, վաղեմությամբ` դեպքին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Բացի այդ, այդպիսի մարմնական վնասվածքների մասին իր ցուցմունքներում չի հայտնել նաև վկա Ա.Դավթյանը, ում հետ Ի.Կովալյովը, ցուցմունքների համաձայն, այդ միջադեպից անմիջապես հետո հեռացել է դեպքի վայրից:

Բացի այդ, գործի քննության ժամանակ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, դեպքին ականատես վկա Հարություն Սարգսյանին դատաքննության ընթացքում հարցաքննելու ուղղությամբ, այդ թվում նաև վերջինի կողմից իր հայտնած տվյալներն օբյեկտիվորեն ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև` վերարտադրելու ունակությունը պարզելու առնչությամբ (համապատասխան փորձաքննություն նշանակելու միջոցով), ինչը ևս հանգեցրել է դատավարության իրավունքի այնպիսի խախտման, որը կարող է ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

i

Վերաքննիչ դատարանի համար անհասկանալի է նաև Առաջին ատյանի դատարանի այն մոտեցումը, որ տուժող Ի.Կովալյովի` գործի քննության ընթացքում տված ցուցմունքները բավարար են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղսագրվող արարքն ապացուցված համարելու, իսկ մյուս դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ոչ, քանի որ ենթադրյալ արարքները կատարվել են գրեթե նույն ժամանակահատվածում և միևնույն վկաների ներկայությամբ: Այսինքն` վերը նշված դեպքերով ապացուցման առարկան և զանգվածը նույնանում են:

i

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 182-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է նաև շահադիտական շարժառիթը, նպատակը: Շահադիտական նպատակը հանցավորի ձգտումն է` նյութական օգուտ ստանալ հափշտակված գույքի հաշվին` այն վերցնելով, իրենը դարձնելով և այլն: Իսկ եթե շահադիտական նպատակը բացակայում է, և անձն ապօրինի, անհատույց տիրանում է ուրիշի գույքին այլ շարժառիթով և նպատակով, հափշտակության հանցակազմը բացակայում է: Օրինակ, անձը գույքը վերցնում, տիրանում է` հետագայում ոչնչացնելու կամ վնասելու համար, գույքի տիրոջը մերկացնելու, վրեժ լուծելու և այլ նպատակով:

Տվյալ դեպքում տուժողի ցուցմունքից պարզ է դառնում, որ ամբաստանյալ Վազգեն Կարապետյանի և տուժող Իգոր Կովալյովի խոսակցությունը պայմանավորված է եղել տուժողի և ամբաստանյալի նախկին ընկերուհի Քրիստինա Գալոյանի միջև եղած հարաբերությունների հետ կապված: Այսինքն` Վազգեն Կարապետյանի խոսակցության սկզբնական նպատակը տուժողի և Քրիստինայի միջև ձևավորված հարաբերությունների մասին տեղեկություններ ստանալն է եղել: Ավելին` ամբաստանյալն ի սկզբանե դանակով սպառնացել է տուժողին ոչ թե նրանից գումար կամ այլ գույք պահանջելով, այլ սպառնացել է, որպեսզի տուժողը զանգի Քրիստինային: Այնուհետև, երբ Քրիստինան հեռախոսով հայհոյանք է տվել ամբաստանյալի հասցեին, վերջինը զայրացել է և դանակի սպառնալիքով պահանջել, որպեսզի տուժողը դատարկի իր գրպանները, սակայն տեսնելով, որ տուժողի մոտ գումար չկա, փակել է դանակը: Դրանից հետո ատրճանակի սպառնալիքով գումար է պահանջել, որպեսզի տուժողը հետագայում վճարի:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ եթե նույնիսկ վերը նկարագրված գործողություններն իրականությանը համապատասխանում են, ապա միանշանակ չի կարող հաստատվել, որ ամբաստանյալի մոտ առկա է եղել շահադիտական նպատակով հափշտակություն կատարելու ցանկություն, քանի որ հնարավոր է, որ վերջինի նման գործողություններն իրականացվել են տուժողից վրեժ լուծելու` պայմանավորված նախկին ընկերուհու հետ ունեցած հարաբերություններով, ինչպես նաև Քրիստինա Գալոյանի կողմից ամբաստանյալի հասցեին հնչեցրած հայհոյանքներով:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում պետք է ամբաստանյալի շարժառիթի մասով կրկին քննություն իրականացնել: Այսինքն` նոր քննությամբ պետք է պարզել, թե ինչպես է ստացվել, որ ամբաստանյալի սկզբնական գործողությունները, ենթադրյալ սպառնալիքը եղել է անձնական հարաբերություններով պայմանավորված, սակայն հետագայում վերաճել է շահադիտական նպատակի (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 124-149):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համոզմամբ` ստորադաս դատարանները կայացրել են անհիմն ու անօրինական դատական ակտեր` թույլ տալով նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Ընդ որում, բողոքի հեղինակն արձանագրել է, որ թեև Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության, սակայն իր որոշմամբ ակնհայտորեն կասկածի տակ է դրել մի շարք ապացույցների արժանահավատությունը` գրեթե կանխորոշելով գործի ելքը:

i

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը, վերլուծելով ապացույցների գնահատման և դրանց բավարարության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ԵՔՐԴ/0632/01/08, թիվ ԵԷԴ/0058/01/10 և թիվ ԵԿԴ/0252/01/13 գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, համադրել է դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ և եզրահանգել, որ ապացույցների գնահատման ընթացքում չեն պահպանվել ինչպես քրեադատավարական օրենսդրությամբ, այնպես էլ հիշյալ նախադեպային որոշումներով սահմանված չափանիշները, ինչի արդյունքում դատարանը հաստատված չի համարել ամբաստանյալ Վ.Կարապետյանին առաջադրված մեղադրանքը:

i

8.1. Մասնավորապես` բողոքի հեղինակն անհիմն է համարել այն դատողությունը, որ Վ.Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու հանգամանքը հաստատվում է միայն մեկ ապացույցով` տուժող Ի.Կովալյովի ցուցմունքով: Ըստ բողոքաբերի` շորթման դրվագն արհեստականորեն տարանջատվել է գործով ձեռք բերված մյուս ապացույցներից` առանց հաշվի առնելու այն, որ ավազակությունն ու շորթումը կատարվել են շատ կարճ ժամանակային խզումով: Բողոք բերած անձը փաստել է նաև, որ տուժող Ի.Կովալյովի ցուցմունքին Առաջին ատյանի դատարանի կողմից տրված գնահատականն ինքնահակասող է, քանի որ կարճ ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի մասին վերջինիս հայտնած տվյալների մի մասը դիտվել է որպես արժանահավատ, իսկ մի մասը` ոչ: Թեև դատարանն այդ մասով շեշտադրել է այդ ապացույցի ոչ թե արժանահավատությունը, այլ անբավարարությունը, սակայն այն արժանահավատ համարելու դեպքում, նկատի ունենալով, որ տուժողի ցուցմունքները մնացած մասերով հաստատված են գործով ձեռք բերված այլ ապացույցներով, այն ոչ բավարար համարվել չէր կարող:

i

9. Բողոքաբերն անդրադարձել է նաև ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Վ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով պատիժ չնշանակելու հարցին` նշելով, որ վերջիններս համապատասխան դրվագներով մեղադրական դատավճիռ են կայացրել առանց պատիժ նշանակելու, դրա իրավական հիմքերի բացակայության պայմաններում, հետևաբար այդ դատական ակտերն օրինական և հիմնավոր համարվել չեն կարող: Մասնավորապես` բողոքի հեղինակը, հիմնվելով Ա.Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված այն դիրքորոշման վրա, որ հաշտությունը ենթադրում է տուժողի և ենթադրյալ հանցագործի կամավոր և փոխադարձ համաձայնություն միմյանց հետ հաշտվելու վերաբերյալ, նշել է, որ ի տարբերություն վաղեմության ժամկետներն անցած լինելու կամ համաներման ակտ ընդունված լինելու դեպքերի, երբ քրեական հետապնդումը բացառող այդ հանգամանքները որպես այդպիսիք կան, սակայն ամբաստանյալը համաձայն չէ այդ հիմքերի գործադրմանը, սույն դեպքում քրեական հետապնդումը բացառող հանգամանքը` հաշտությունը, չի ամբողջանում: Այլ կերպ ասած` այս դեպքում ոչ թե առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, որի կիրառման հետ ամբաստանյալը համաձայն չէ, այլ նման հանգամանք որպես այդպիսին առկա չէ:

10. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն մասնակի բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության` նոր պատճառաբանություններով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I. Ավազակության և շորթման դրվագներով ստորադաս դատարանների դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունը.

i

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Վ.Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և այդ մասով գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(...)

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.

դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

i

13. «Ապացույցների բավարարություն» բնորոշմանը, այն որոշելու չափանիշներին, չափանիշներից յուրաքանչյուրի էությանն ու նշանակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր կողմից նախկինում ընդունված որոշումներում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը: Ինչ վերաբերում է ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշներին, ապա Վճռաբեկ դատարանը նշել է, որ դրանք են` 1) անմեղության կանխավարկածը, 2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը, 3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը (տե՛ս Սիրակ Սաքանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 15-րդ կետը):

i

Անդրադառնալով ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշներից անմեղության կանխավարկածին` Վճռաբեկ դատարանը փաստել է. «Քրեական դատավարությունում կանխավարկածն օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն` որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը: Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է (...): Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միևնույն ժամանակ անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով` քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:

(...) Անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար:

(...)

(...) «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով` պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով` մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած» (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 30-րդ և 33-րդ կետերը):

i

13.1. Անդրադառնալով ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշներից մյուսին` դատավարական որոշումների հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանը` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Ընդ որում, հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է (տե՛ս Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-19-րդ կետերը, Գ.Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

i

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի փետրվարի 8-ին` ժամը 04:30-ի սահմաններում, իր ազգական Հարություն Սարգսյանի վարած ավտոմեքենայով երթևեկելով, նկատել է լուսացույցի ներքո կայանված տաքսի ավտոմեքենայում գտնվող իր ծանոթ Իգոր Կովալյովին, պահանջել է վերջինիս նստել իրենց ավտոմեքենան: Ի.Կովալյովը նստել է նշված ավտոմեքենայի հետևամասում, և միասին գնացել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տարածք, որտեղ Հ.Սարգսյանն իջել է ավտոմեքենայից, իսկ Վ.Կարապետյանն ավտոմեքենայի սրահում ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով` հարձակման եղանակով, այն է` դիտավորությամբ որպես զենք օգտագործվող դանակը պահելով Ի.Կովալյովի պարանոցին և սպանության սպառնալիք տալով` պահանջել է նրա մոտ եղած գումարը, սակայն վերջինիս մոտ գումար չի եղել: Բացի այդ, Վազգեն Կարապետյանը, նույն օրը` ժամը 04:45-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տարածքում կայանված ավտոմեքենայի սրահում այդ ավտոմեքենայի սրահի գրպանիկից վերցնելով ատրճանակին նմանվող չպարզված առարկան և փողն ուղղելով Ի.Կովալյովի ուղղությամբ, իրեն խաբելու` իր նախկին ընկերուհի Ք.Գալոյանի հետ ունեցած շփման փաստը թաքցնելու համար սպանության սպառնալիք տալով, Ի.Կովալյովից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 4.774.600 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար: Ի.Կովալյովը, հասկանալով, որ սպառնալիքն իրական է, համաձայնել է մինչև 2015 թվականի փետրվար ամսվա երրորդ տասնօրյակը Վ.Կարապետյանին հանձնել 300.000 ՀՀ դրամ գումար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

i

Առաջին ատյանի դատարանն իր դատավճռով անդրադարձել է ամբաստանյալ Վազգեն Կարապետյանի և վկա Արթուր Դավթյանի դատաքննական ցուցմունքներին` գտնելով, որ դրանք արժանահավատ չեն: Մասնավորապես` ստորադաս ատյանը գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքի անարժանահավատության մասին է վկայում այն փաստը, որ ըստ Վ.Կարապետյանի` դեպքի օրը և ժամին իր և տուժողի միջև եղած զրույցը տեղի է ունեցել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս, և տուժողն իրենց ավտոմեքենան չի նստել այն դեպքում, երբ խուզարկությամբ տուժողին պատկանող «Winston» տեսակի ծխախոտի ծխուկը հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասից: Իսկ վկա Ա.Դավթյանի ցուցմունքի անարժանահավատության մասին է վկայում այն փաստը, որ ըստ վկայի` նա Վազգեն Կարապետյանի հետ շփում չի ունեցել այն դեպքում, երբ հեռախոսահամարների վերծանումների համաձայն` նրա հեռախոսահամարից 2015 թվականի փետրվարի 8-ից մինչև նույն ամսվա 12-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ամբաստանյալի հեռախոսահամարին տարբեր տևողությամբ զանգեր են կատարվել և ընդունվել: Վերոգրյալի և դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցների գնահատման արդյունքում Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել Վ.Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության կատարումը: Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվում ամբաստանյալ Վ.Կարապետյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում: Մասնավորապես` ստորադաս ատյանը նշել է, որ ամբաստանյալը քննարկվող հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, բոլոր ցուցմունքներում հերքել է շորթում կատարելու հանգամանքը, և նշված դրվագով նրան մեղադրանք է առաջադրվել բացառապես տուժող Իգոր Կովալյովի ցուցմունքների հիման վրա: Ըստ Առաջին ատյանի դատարանի` միայն տուժողի ցուցմունքը բավարար չէ ամբաստանյալի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ապացուցված համարելու համար (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել Առաջին ատյանի դատարանի հետևությունները և գտել, որ գործով ձեռք բերված ապացույցները հակասական տվյալներ են պարունակում ամբաստանյալ Վ.Կարապետյանին առաջադրված մեղադրանքների ապացուցվածության առումով, որպիսի պայմաններում դեռևս հնարավոր չէ ինչպես մեղավորության, այնպես էլ անմեղության մասով այդ մեղադրանքների շուրջ հիմնավոր և պատճառաբանված հետևության գալու: Արդյունքում Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը շորթման և ավազակության դրվագներով բեկանել և այդ մասով գործն ուղարկել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

15. Սույն որոշման 5-7-րդ, ինչպես նաև 14-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անհիմն համարելով ամբաստանյալ Վ.Կարապետյանին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները, պատշաճ վերլուծության ու գնահատականի չի արժանացրել սույն գործում առկա տվյալները և կայացրել է հիմնազուրկ դատական ակտ:

i

Այսպես` Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ գործի նյութերում, բացի տուժող Ի.Կովալյովի ցուցմունքներից, առկա չէ որևէ այլ փաստական տվյալ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով Վ.Կարապետյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար: Այսինքն` սույն գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Վ.Կարապետյանի կողմից շորթում է կատարվել: ՈՒստի Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Վ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ եկել է իրավաչափ եզրահանգման:

i

Անդրադառնալով ամբաստանյալ Վ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով առաջադրված մեղադրանքին` Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում հետևյալը.

- այն, որ տուժող Ի.Կովալյովը նստած է եղել ավտոմեքենայի հետևի նստատեղին, իսկ ամբաստանյալ Վ.Կարապետյանը` առջևի, հիմնավորվում է խուզարկությամբ ավտոմեքենայի սրահի հետևի հատվածից հայտնաբերված ծխախոտի ծխուկի դատագենետիկական փորձաքննությամբ և տուժող Ի.Կովալյովի ցուցմունքներով,

- այն, որ ամբաստանյալի և տուժողի միջև վիճաբանությունը պայմանավորված է եղել Վ.Կարապետյանի նախկին ընկերուհու հեռախոսահամարին ընդհատված զանգ կատարելու հանգամանքով, հիմնավորվում է տուժող Ի.Կովալյովի բջջային հեռախոսի և նրա հեռախոսահամարի վերծանումների զննության արձանագրություններով,

- այն, որ ամբաստանյալի կողմից դանակ է գործադրվել, և որ վերջինս տուժողից գումար է պահանջել, հիմնավորվում է զննությամբ հայտնաբերված իրեղեն ապացույց դանակի առկայությամբ, տուժող Ի.Կովալյովից առգրավված բաճկոնի վրա` դատահետքաբանական ու միկրոմասնիկների համալիր փորձաքննությամբ արձանագրված վնասվածքով և Ի.Կովալյովի ցուցմունքներով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

i

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով ամբաստանյալ Վ.Կարապետյանի մեղավորությունը հաստատված է Առաջին ատյանի դատարանում պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտված` թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ բավարար ապացույցների ամբողջությամբ:

i

15.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը, փաստելով, որ գործով ձեռք բերված ապացույցները հակասական տվյալներ են պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 182-րդ հոդվածներով առաջադրված մեղադրանքների ապացուցվածության առումով, իր այդ դատողության հիմքում դրել է անհիմն փաստարկներ:

Այսպես`

1) Վերաքննիչ դատարանը նշել է. «Ամբաստանյալ Վազգեն Կարապետյանի ցուցմունքի համաձայն` դեպքի օրն իր և տուժողի միջև եղած զրույցը տեղի է ունեցել «ՎԱԶ-2121» մակնիշի (...) ավտոմեքենայից դուրս, և տուժողն իրենց ավտոմեքենան չի նստել, սակայն 2015 թվականի փետրվարի 8-ի` խուզարկության արձանագրությամբ տուժողին պատկանող (...) ծխախոտի ծխուկը հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասից»: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալների հակասականության վերաբերյալ սույն փաստարկը ներկայացվել է այն պայմաններում, երբ ելնելով հենց այդ հանգամանքներից` Առաջին ատյանի դատարանն անարժանահավատ է համարել ամբաստանյալ Վ.Կարապետյանի ցուցմունքը: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ գնահատական էր տվել փաստական տվյալներում առկա վերոհիշյալ հակասությանը` արդյունքում արժանահավատ չհամարելով ամբաստանյալի ցուցմունքները,

i

2) Վերաքննիչ դատարանը, մեջբերելով տուժող Ի.Կովալյովի նախաքննական և դատաքննական ցուցմունքների այն հատվածը, ըստ որի` վերջինս նստել է ավտոմեքենայի հետնամասում, ծխել է «Վինսթոն» տեսակի ծխախոտ, ծխուկները լցրել է ավտոմեքենայի մեջ, արդյունքում փաստել է. «Մինչդեռ 2015 թվականի փետրվարի 8-ի խուզարկության արձանագրության համաձայն` խուզարկությամբ «Վազ 2121» մակնիշի (...) ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասից հայտնաբերվել է մեկ հատ «Վինսթոն» տեսակի ծխախոտի ծխուկ»: Նշյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ համապատասխան ապացույցների վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանը չի ներկայացրել որևէ հստակ եզրահանգում, թե այդ պայմաններում փաստական տվյալների հակասությունն ինչի՞ն է վերաբերում: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե անգամ այդպիսի հակասությունն, ըստ դատարանի, վերաբերել է ծխուկների քանակին կամ ծխուկի հայտնաբերման կոնկրետ վայրին, ապա այդ հանգամանքները չունեն որևէ նշանակություն ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 182-րդ հոդվածներով առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալի մեղքի հարցի լուծման տեսանկյունից,

3) Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ «Առաջին ատյանի դատարանը հարցադրում չի կատարել` պարզելու, թե վկա Արթուր Դավթյանն ինչպես է պատճառաբանում այն հանգամանքը, որ ծխախոտի ծխուկը հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասում` այն դեպքում, երբ ըստ վերջինիս ցուցմունքի տուժող Իգոր Կովալյովը կանգնած է եղել «Նիվա» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաների միջև», Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդպիսի հարցադրում արված չլինելը որևէ կերպ չի ազդում սույն քրեական գործի ելքի վրա, քանի որ այդ տվյալների համատեքստում առանցքայինը տուժող Ի.Կովալյովի` ավտոմեքենայում նստած լինելու փաստի հարցն էր, ինչը հաստատվել է խուզարկությամբ ավտոմեքենայի սրահի հետևի հատվածից հայտնաբերված ծխախոտի ծխուկի դատագենետիկական փորձաքննությամբ,

4) Վերաքննիչ դատարանը, վերլուծություն կատարելով վկա Ա.Դավթյանի` Վ.Կարապետյանի հետ շփում ունեցած չլինելու վերաբերյալ ցուցմունքի և համապատասխան հեռախոսահամարների վերծանումների առնչությամբ, արդյունքում դատողություններ է արել նշյալ փաստական տվյալներում առկա հակասության մասին այն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանն անդրադարձել է դրանց և հենց այդ հանգամանքները հաշվի առնելով` անարժանահավատ համարել վկա Ա.Դավթյանի ցուցմունքները: Այլ խոսքով` համապատասխան ապացույցներում առկա փաստական տվյալների միջև հակասությանն Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ տվել էր համարժեք իրավական գնահատական,

5) Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Առաջին ատյանի դատարանը որևէ գնահատական չի տվել այն հանգամանքին, որ, ըստ «դեպքի վայրի զննության» արձանագրության` ենթադրյալ դեպքի վայրից հայտնաբերված և իրեղեն ապացույց ճանաչված դանակի վրա անձի նույնացման համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել»: Սույն դատողության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ որոշակի առարկայի (տվյալ դեպքում` դանակի) վրա մատնահետքերի բացակայությունը դեռևս չի բացառում այդ առարկայի գործադրման հնարավորությունը: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է, որ վերջինս փաստացի եկել է իրավաչափ այն եզրահանգման, որ հետազոտված այլ ապացույցների համատեքստում միայն քննարկվող հանգամանքը բավարար չէ Վ.Կարապետյանի կողմից դանակի գործադրման փաստը հերքելու համար: Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի` բացառապես վկա Ա.Դավթյանի ցուցմունքների վրա հիմնված այն պատճառաբանություններին, որ ամբաստանյալի ձեռքերի կեղտոտված լինելու հանգամանքը մեծացնում է դանակի վրա հետքեր հայտնաբերելու հավանականությունը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը նման դատողություններ անելիս անտեսել է այն, որ վկա Ա.Դավթյանի ցուցմունքներն անարժանահավատ են ճանաչվել Առաջին ատյանի դատարանի կողմից: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, չվիճարկելով վկա Ա.Դավթյանի ցուցմունքներն անարժանահավատ ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի փաստարկները, իրավասու չէր հետևություններ անելու այնպիսի հանգամանքների շուրջ, որոնք բխում էին միայն այդ ցուցմունքներից,

6) Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողություններին, որ հակառակ տուժող Ի.Կովալյովի ցուցմունքների` որևէ ապացույց ձեռք չի բերվել ամբաստանյալ Վ.Կարապետյանի մոտ եղած և դանակի հետ միաժամանակ ավտոմեքենայից դուրս նետված ատրճանակի վերաբերյալ (ընդ որում, ըստ Վերաքննիչ դատարանի` վերջինիս համար անհասկանալի է, որ նշված դանակը զննությամբ հայտնաբերվել է, իսկ ատրճանակը` ոչ)` Վճռաբեկ դատարանը ոչ տեղին է համարում այդպիսի պատճառաբանությամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելն այն դեպքում, երբ ատրճանակի հետ կապված փաստն ամբաստանյալին մեղսագրվել է միայն շորթման դրվագով, իսկ Առաջին ատյանի դատարանն այդ դրվագով առաջադրված մեղադրանքում Վ.Կարապետյանին ճանաչել է անպարտ և արդարացրել է,

7) Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի փաստարկներին առ այն, որ տուժող Ի.Կովալյովը հայտնել է Վ.Կարապետյանի կողմից իրեն ապտակելու, հարվածելու, դանակը պարանոցի մոտ պահելու և մաշկին սեղմելու մասին, սակայն դատաբժշկական փորձաքննությամբ տուժողի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել, ապա Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ տուժողի հայտնած տվյալներից դանակի առնչությամբ տված ցուցմունքն է, որ ամբաստանյալ Վ.Կարապետյանին առաջադրված մեղադրանքի տեսանկյունից (մասնավորապես` ամբաստանյալին մեղսագրված արարքը նշվածներից ներառում է միայն տուժողի պարանոցին դանակը պահելու հանգամանքը) սույն գործի համար ունի էական նշանակություն: Իսկ այդ պայմաններում Վերաքննիչ դատարանի մատնանշած փաստական տվյալները չեն կարող կասկածի տակ դնել դանակի գործադրման փաստի առնչությամբ տուժողի ցուցմունքների արժանահավատությունը, եթե հատկապես հաշվի առնենք տուժողի ցուցմունքն առ այն, որ «երբ ավտոմեքենայի մեջ Վազգենն իր առջև թափահարել է դանակով, այն դիպել է իր հագին եղած բաճկոնի ձախ թևին և վնասել» (ընդ որում, տուժողի նմանաբովանդակ հայտարարությունը զետեղվել է նաև վերջինիս բաճկոնի առգրավումը և զննումը կատարելու մասին 2015 թվականի փետրվարի 8-ի արձանագրության մեջ) և փորձագետի եզրակացությունը, ըստ որի` կուրտկայի վրա առկա են մեխանիկական ձգվածությունների հետևանքով առաջացած պատռվածքներ և սահմանափակ մակերեսով, համեմատաբար սուր ծայր ունեցող, այդ թվում նաև ցանկացած դանակի ծայրի դինամիկ, շոշափող ազդեցության հետևանքով առաջացած վնասվածք: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ համապատասխան մարմնական վնասվածքների մասին իր ցուցմունքներում չի հայտնել նաև վկա Ա.Դավթյանը, ում հետ Ի.Կովալյովը, ցուցմունքների համաձայն, այդ միջադեպից անմիջապես հետո հեռացել է դեպքի վայրից, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկա Ա.Դավթյանի ցուցմունքներն Առաջին ատյանի դատարանի կողմից անարժանահավատ ճանաչելու փաստը Վերաքննիչ դատարանի կողմից չվիճարկվելու պայմաններում նրա` համապատասխան հանգամանքի մասին չհայտնելը սույն գործի համար չի կարող ունենալ էական նշանակություն,

8) Վկա Հարություն Սարգսյանին դատաքննությամբ հարցաքննելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու` Վերաքննիչ դատարանի դատողության կապակցությամբ հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դատական նիստում պաշտպանության կողմին թույլ է տվել որպես վկա հրավիրելու և հարցաքննելու Հ.Սարգսյանին, սակայն հաջորդող դատական նիստերին նշված կողմը տարբեր պատճառաբանություններով չի օգտվել իր իրավունքից (տե՛ս 2015 թվականի դեկտեմբերի 1-ի, 14-ի, 23-ի և 2016 թվականի հունվարի 22-ի դատական նիստերի արձանագրման համառոտագրումներ, հատոր 6-րդ, թերթեր 72-73, 87-90, 96-97 և 103): Վերոգրյալի համատեքստում հաշվի առնելով նաև այն, որ ըստ սույն գործի նյութերի` Վ.Կարապետյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակ Հ.Սարգսյանը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում չի եղել, այսինքն` նրա հավանական ցուցմունքները, ըստ էության, չէին կարող էական ազդեցություն ունենալ գործի ելքի վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկա Հ.Սարգսյանին հարցաքննած չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի փաստարկը չի կարող բավարար հիմք համարվել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար,

i

9) Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի հետևյալ դիրքորոշումը. «(...) Դատարանի համար անհասկանալի է նաև Առաջին ատյանի դատարանի այն մոտեցումը, որ տուժող Ի.Կովալյովի` գործի քննության ընթացքում տված ցուցմունքները բավարար են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղսագրվող արարքն ապացուցված համարելու, իսկ մյուս դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ոչ, քանի որ ենթադրյալ արարքները կատարվել են գրեթե նույն ժամանակահատվածում և միևնույն վկաների ներկայությամբ: Այսինքն` վերը նշված դեպքերով ապացուցման առարկան և զանգվածը նույնանում են»: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե շորթման դրվագով Վ.Կարապետյանի մեղավորությունը հիմնավորող առանցքային ապացույցը` տուժող Ի.Կովալյովի ցուցմունքը, հաստատող բավարար տվյալներ սույն քրեական գործով ձեռք չեն բերվել, ապա ավազակության դրվագով` տուժողի ցուցմունքը հաստատվում է, ի թիվս այլոց, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և իրեղեն ապացույց ճանաչված դանակով, առգրավում և զննում կատարելու մասին 2015 թվականի փետրվարի 8-ի արձանագրությամբ, ըստ որի` առգրավվել և զննության է ենթարկվել դեպքի պահին Ի.Կովալյովի հագին եղած, ի թիվս այլոց, բաճկոնը (ընդ որում, ըստ զննության արդյունքների` դրա վրա առկա է եղել պատռվածք), փորձագետի` 2015 թվականի ապրիլի 18-ի եզրակացությամբ, ըստ որի` կուրտկայի վրա առկա են մեխանիկական ձգվածությունների հետևանքով առաջացած պատռվածքներ և սահմանափակ մակերեսով, համեմատաբար սուր ծայր ունեցող, այդ թվում նաև ցանկացած դանակի ծայրի դինամիկ, շոշափող ազդեցության հետևանքով առաջացած վնասվածք: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատողությունն առ այն, որ ավազակության և շորթման դրվագներով ապացուցման առարկան և զանգվածը սույն քրեական գործով նույնանում են, ավազակության դրվագով մեղքը հիմնավորող ապացույցների բավարարության պայմաններում չէր կարող շորթման դրվագով արձանագրվել դրանց անբավարարությունը, իրավաչափ չէ,

10) Ինչ վերաբերում է ամբաստանյալ Վ.Կարապետյանին մեղսագրվող արարքի` ավազակության շարժառիթի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին, ինչպես նաև այդ մասով կրկին քննություն իրականացնելու անհրաժեշտության մասին դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերով հիմնավորվում է, որ ամբաստանյալի և տուժողի միջև անձնական բնույթի փոխհարաբերությունները պարզելիս տեղի է ունեցել վիճաբանություն, որն այնուհետև վերաճել է հափշտակության: Մասնավորապես, նշված նյութերից հետևում է, որ Վ.Կարապետյանի մոտ առկա տարատեսակ շարժառիթները փոխակերպվել են շահադիտականի` սկսած այն պահից, երբ վերջինս դանակի գործադրմամբ Ի.Կովալյովից պահանջել է դատարկել գրպաններն ու իրեն տալ ողջ գումարը: Ասվածը վկայում է ամբաստանյալի մոտ շահադիտական նպատակի առկայության մասին, իսկ հակառակի վերաբերյալ պնդումներն առարկայազուրկ են և չեն բխում գործի նյութերից: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի հետևյալ դիրքորոշումը. «(...) Նոր քննությամբ պետք է պարզել, թե ինչպես է ստացվել, որ ամբաստանյալի սկզբնական գործողությունները, ենթադրյալ սպառնալիքը եղել է անձնական հարաբերություններով պայմանավորված, սակայն հետագայում վերաճել է շահադիտական նպատակի»:

15.2. Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն որոշման 15-րդ կետում, ինչպես նաև 15.1.-րդ կետի հատկապես 9-րդ ենթակետում արտահայտված իրավական դիրքորոշումները, անհիմն է համարում նաև բողոքաբերի` սույն որոշման 8.1.-րդ կետում բարձրացրած փաստարկը:

i

16. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Վ.Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և այդ մասով գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

i

17. Ամփոփելով ասվածը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 35-րդ, 127-րդ հոդվածների խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ կայացնելուն և ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է:

i

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտելով գործում առկա ապացույցները, եկել է հիմնավոր եզրահանգման ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքում ամբաստանյալի անմեղության և նույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարքում նրա մեղավորության հարցում: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: ՈՒստի այդ մասով անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճռին:

 

II. Ծեծի և գույքը դիտավորությամբ վնասելու դրվագներով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները.

 

i

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Վ.Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները.

(...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը» հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(...) Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման» (տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը):

i

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում (տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 14-րդ կետը):

20. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ամբաստանյալ Վ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքներով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին:

Այսպես`

i

ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ (...) պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «ՈՒրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել` (...) պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(...)

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...):

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:

(...)»:

i

Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածում և 185-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքները դիտավորյալ հանցագործություններ են, իսկ դրանց սանկցիայով մի դեպքում նախատեսվում է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, մյուս դեպքում` ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում 2 տարին, ուստի քննարկվող հանցավոր արարքները դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին: Հետևաբար անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ հանցանքներն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դրանցով նախատեսված հանցակազմերը նյութական են. այդ հանցագործությունները համարվում են ավարտված, երբ առաջանում են նշված հոդվածների դիսպոզիցիայով նախատեսված հանրորեն վտանգավոր հետևանքները:

i

Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցագործությունն ավարտված համարելու պահից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Միևնույն ժամանակ օրենքով նախատեսված են վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման դեպքերը: Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ «(...) նոր կատարված հանցագործությունն ընդհատում է նախկին հանցագործության վաղեմության ժամկետի ընթացքը հետևյալ պայմանների առկայության դեպքում`

1. նախկին հանցագործությունն ավարտվել է և օրենքով դրա համար սահմանված վաղեմության ժամկետը դեռևս չի անցել,

2. նոր կատարվածը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն է:

Վաղեմության ժամկետի ընդհատվելու դեպքում նախորդ հանցանքի համար ընթացող ժամկետը չեղյալ է համարվում, և հաշվարկը վերսկսվում է նոր հանցագործության ավարտման պահից: Այլ կերպ ասած` նոր հանցանքի կատարմամբ նախկին հանցագործության համար նախատեսված վաղեմության ժամկետը չի վերանում, իսկ ինչպես նոր հանցանքի, այնպես էլ նախկին հանցանքի համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետները սկսվում են հաշվարկվել նոր հանցանքի ավարտման պահից` յուրաքանչյուր հանցագործության համար ինքնուրույն:

(...) Եթե անձը միաժամանակ կատարում է երկու կամ ավելի հանցագործություն, դրանցից յուրաքանչյուրի համար վաղեմության ժամկետը պետք է հաշվարկվի առանձին: Հետևաբար, հանցագործություններից մեկի համար վաղեմության ժամկետի ավարտի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից այդ հանցագործության համար, սակայն մյուսների համար, որոնց վաղեմության ժամկետները չեն անցել, անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության ընդհանուր կարգով» (տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը):

i

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնելու իր անմեղության ապացուցման:

i

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը, mutatis mutandis, տե՛ս Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը):

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Վ.Կարապետյանը 2014 թվականի սեպտեմբերի 9-ին` ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 46/1 հասցեում գտնվող «Փոքր Մայամի» կոչվող հյուրանոցային համալիրի հետնամասում վիճաբանել է Արփինե Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ձեռքին եղած դանակի հետնամասով, այնուհետև ոտքով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Հովհաննիսյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով որովայնի շրջանի քերծվածքների ձևով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Վ.Կարապետյանը 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 46 շենքի մոտ, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, քարով դիտավորյալ հարվածել է Քրիստինե Գալոյանին պատկանող «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի ապակուն, կոտրել այն, այնուհետև դիտավորությամբ ոտքով հարվածել է նշված ավտոմեքենայի հետին ձախ անվաթևին և վնասել այն` Ք.Գալոյանին պատճառելով զգալի չափերի` 140.000 ՀՀ դրամի գույքային վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

i

Վ.Կարապետյանն իրեն մեղսագրված`ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարումից հետո` 2015 թվականի փետրվարի 8-ին, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարք (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), որը ծանր հանցագործություն է (ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մաս):

Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցագործությունները կատարելու մեջ Վ.Կարապետյանի մեղքը հաստատող մեղադրական դատավճիռ է կայացրել 2016 թվականի ապրիլի 12-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը), իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում 2016 թվականի դեկտեմբերի 5-ին կայացրել է որոշում Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով անփոփոխ թողնելու մասին (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը): Վերջինիս դեմ պաշտպանության կողմը վճռաբեկ բողոք չի ներկայացրել: Վերաքննիչ դատարանի համապատասխան դատական ակտը Վճռաբեկ դատարան է բողոքարկվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի կողմից, ում բողոքը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը): Այսինքն` Վ.Կարապետյանի վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

23. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 19-21-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ`

i

ա) ամբաստանյալ Վ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքներն ավարտվել են համապատասխանաբար 2014 թվականի սեպտեմբերի 9-ին և նույն թվականի դեկտեմբերի 23-ին: Այնուհետև` 2015 թվականի փետրվարի 8-ին` նախորդ հանցագործություններն ավարտվելու պահից երկու տարի չանցած, Վ.Կարապետյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված ծանր նոր հանցանք: Այսինքն` նախկին հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված) վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատվել է նոր հանցագործության կատարմամբ: Հետևաբար նախորդ հանցագործությունների վաղեմության ժամկետների ընթացքի հաշվարկը սկսվել է նոր հանցագործության ավարտման պահից` 2015 թվականի փետրվարի 8-ից,

i

բ) ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցագործություն կատարելու մեջ Վ.Կարապետյանի մեղքը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2016 թվականի ապրիլի 12-ին, որը, սակայն, օրինական ուժի մեջ չի մտել վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկման արդյունքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մաս),

գ) Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան է բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, իսկ պաշտպանության կողմը Վերաքննիչ դատարանի նույն որոշման դեմ վճռաբեկ բողոք չի բերել:

i

24. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետներն անցել են:

ՈՒստի սույն գործով ամբաստանյալ Վ.Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Հիշյալ հիմքով ամբաստանյալ Վ.Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը առանց վերջինիս համաձայնությունը լրացուցիչ ճշտելու դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ Վ.Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան է բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, իսկ պաշտպանության կողմը Վերաքննիչ դատարանի նույն որոշման դեմ վճռաբեկ բողոք չի բերել: Այլ կերպ` նշյալ հոդվածներով Վ.Կարապետյանի մեղքի հարցը լուծվել է ստորադաս դատարաններում, և այդ մասով վճռաբեկ բողոք չի ներկայացվել, հետևաբար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում լրացուցիչ ճշտել անձից, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

24.1. Սույն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումներից ելնելով` Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի` սույն որոշման 9-րդ կետում բարձրացրած փաստարկին:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

i

2. Ամբաստանյալ Վազգեն Վաչագանի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճռին: Վազգեն Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նշանակված պատժի` առանց գույքի բռնագրավման 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման կրման սկիզբը հաշվել նրան արգելանքի վերցնելու պահից` հաշվակցելով 2015 թվականի փետրվարի 12-ից մինչև գրավի կիրառմամբ ազատ արձակվելն ամբաստանյալ Վ.Կարապետյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:

i

3. Ամբաստանյալ Վազգեն Վաչագանի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 185-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը բեկանել և փոփոխել: Վազգեն Կարապետյանի նկատմամբ նշված հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

4. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ս. Օհանյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.08.2017
N ԵՇԴ/0120/01/15
Որոշում