Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 80-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                       ԱՐԱԴ/0010/04/15

    Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0010/04/15            2018թ.

Նախագահող դատավոր` Ա. Հունանյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Կ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2017 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ ֆինանսների նախարարության Աշտարակի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ «Մակորշին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.02.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2016 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 09.02.2017 թվականի «Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պարտատիրոջ առարկությունների քննության վերաբերյալ» որոշմամբ Բանկի առարկությունների քննարկման արդյունքում Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից հաստատված և 13.01.2017 թվականին Դատարան ներկայացված` պարտապանի միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.05.2017 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.02.2017 թվականի «Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պարտատիրոջ առարկությունների քննության վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կառավարչի օգնականի աշխատավարձը չի կարող ներառվել միջանկյալ բաշխման ծրագրում, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են միայն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

Թեև Բանկը քվեարկել է օգնականի հաստիքի նախատեսման օգտին, սակայն դրանից չի հետևում, որ կառավարիչը պետք է օգնականի վարձատրությունը նախատեսի գրավադրված գույքի վաճառքից ստացված գումարի հաշվին, քանի որ օրենքով դա ուղղակիորեն արգելված է, հետևաբար նշված գումարը բաշխման ծրագրով նախատեսելը հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքին:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է, որ Դատարանը չի կատարել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, հակառակ պարագայում ակնհայտ կդառնար, որ սնանկության գործով կառավարչի կողմից գույքի պահպանության նպատակով կնքված աշխատանքային պայմանագրերն անվավեր են, քանի որ չեն կնքվել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված պայմանների պահպանմամբ: Բացի այդ, դրանք ձևական բնույթ են կրում, քանի որ թեև պայմանագրերում սահմանված է, որ աշխատողը պարտավորվում է վերահսկել գույքի պահպանության վայրը և թույլ չտալ այլ անձանց մուտքը պահպանվող տարածք, սակայն տվյալ դեպքում կառավարիչն անօրինական կերպով վարձակալության է հանձնել գրավադրված գույքը` առանց գրավառուի համաձայնության, այդ ընթացքում տարածք է մուտք գործել վարձատուն, ով այդ իրավունքը չի ունեցել: Ավելին, վարձակալության հանձնելու ժամանակահատվածի համար պահպանությունը պետք է իրականացվեր վարձակալի կողմից, ուստի հաշվարկված գումարը ենթակա չէր հաստատման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.05.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից 13.01.2017 թվականին Դատարան ներկայացված «Բաշխման մասին հաշվետվության» (այսուհետ` Հաշվետվություն) համաձայն` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և Բանկում գրավադրված HZS-60 բետոնահանգույցը Դատարանի 26.07.2016 թվականի որոշմամբ կրկնաճուրդով վաճառվել է 55.868.500 ՀՀ դրամով: Ընկերության սնանկության գործով հատուկ հաշվին առկա է 57.426.185 ՀՀ դրամ (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 14).

2) Հաշվետվությանը կից միջանկյալ բաշխման ծրագրի համաձայն` 56.303.827 ՀՀ դրամ բաշխվող գումարից 3.160.000 ՀՀ դրամը հաշվարկվել է որպես վարչական ծախս, այդ թվում` 600.000 ՀՀ դրամ` տարածքի վարձակալության գումար, 1.980.000 ՀՀ դրամ` գույքի պահպանության գումար, 480.000 ՀՀ դրամ` վարչական աշխատողի ծախս, 100.000 ՀՀ դրամ` այլ ծախսեր: Բանկի պահանջի մասնակի մարմանն է ուղղվել 46.779.069 ՀՀ դրամ: Բաշխման ծրագրի Հավելված 3-ի համաձայն` գույքի պահպանության իրականացման համար պայմանագրեր են կնքվել 2 պահակների հետ, որոնց համար 9 ամսվա ընթացքում հաշվարկվել է 1.980.000 ՀՀ դրամ աշխատավարձ: 21.04.2016 թվականին տեղի ունեցած պարտատերերի ժողովում հաստատվել է կառավարչի օգնականի հաստիք` ամսական 80.000 ՀՀ դրամով և 6 ամսվա համար հաշվարկվել է 480.000 ՀՀ դրամ աշխատավարձ (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 15-16):

3) 23.05.2016 թվականի Ընկերության պարտատերերի 1-ին ժողովի արձանագրության համաձայն` որոշվել է հաստատել կառավարչի օգնականի հաստիք` 80.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Քվեարկությանը կողմ է քվեարկել նաև Բանկի ներկայացուցիչը (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 20-23):

4) 12.04.2016 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանն աշխատանքային պայմանագրեր է կնքել Գագիկ Աղաջանյանի և Արթուր Մանուկյանի հետ: Այդ պայմանագրերի համաձայն` վերջիններս ստանձնել են Ընկերությանը պատկանող` Երևանի Արին Բերդ 6 հասցեում գտնվող գույքի պահպանությունը` ամսական 110.000 ՀՀ դրամ աշխատավարձի դիմաց (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 10, 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանների կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործով կառավարիչը պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի վճարում, կառավարչի վարձատրություն և ապահովված պարտատիրոջ պահանջների ամբողջությամբ բավարարում չկատարելու պայմաններում իրավասու է այդ միջոցներն ուղղելու այլ վճարների կատարմանը:

 

Վերոգրյալի համատեքստում քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարները,

- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը:

Վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները բաշխվում են համապատասխան հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Ընդ որում, չապահովված պահանջների բավարարման հերթականության մեջ առաջնահերթության կարգով բավարարվում է կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, իսկ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումը բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Ընդ որում, օրենսդիրը տարբերակում է մտցրել ապահովված և չապահովված պարտատերերի պահանջների բավարարման հարցում` գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն առաջնահերթ նախատեսելով ավելի նեղ շրջանակի համար:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սնանկության վարույթում պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի, ինչպես նաև կառավարչի վարձատրության արտահերթ վճարում նախատեսելով, ըստ էության նպատակ է հետապնդել կանոնակարգելու պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների վճարումը` դրանով իսկ սահմանելով հերթականություն` պարտապանի գրավադրված գույքի և այլ ակտիվների իրացման արդյունքում դրամական բավարարում ստանալու իրավունք ունեցող անձանց համար: Այսինքն` քանի դեռ չեն վճարվել պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները, այլ պահանջների բավարարում կամ ծախսերի հատուցում չի կարող իրականացվել:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությանը պատկանող և Բանկում գրավադրված գույքը վաճառվել է 55.868.500 ՀՀ դրամով: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի համաձայն` որպես վարչական ծախս հաշվարկվել է 3.160.000 ՀՀ դրամ, որից` 480.000 ՀՀ դրամ` որպես կառավարչի օգնականի աշխատավարձ: Բանկի պահանջի մասնակի մարմանն է ուղղվել 46.779.069 ՀՀ դրամ:

Դատարանը, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից հաստատված և 13.01.2017 թվականին Դատարան ներկայացված պարտապանի միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ Բանկը պարտատերերի առաջին ժողովում գրավադրված գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի, այդ թվում` կառավարչի օգնականի վարձատրության վերաբերյալ, իր համաձայնությունն է տվել, որն արտահայտվել է տվյալ հարցի քվեարկությանը մասնակցելով և քվեարկության արդյունքում ժողովի համապատասխան որոշման ընդունմամբ:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ 21.04.2016 թվականին տեղի ունեցած պարտատերերի ժողովում Բանկը կողմ է քվեարկել կառավարչի օգնականի հաստիքի սահմանման համար, ինչի արդյունքում էլ հաստատվել է կառավարիչի օգնականի հաստիքը` ամսական 80.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Ավելին, Բանկը, տեղյակ լինելով, որ Ընկերությանը պատկանող բոլոր գույքերը, շրջանառու և դրամական միջոցներն ամբողջությամբ գրավադրված են Բանկում, կողմ է քվեարկել օգնականի հաստիք սահմանելու առաջարկությանը` չներկայացնելով որևէ առարկություն կամ վերապահում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նշված հոդվածում ամրագրված է իրավական պետության կարևորագույն սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը: Օրինականության սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքների վրա, այլ խոսքով` Սահմանադրությունը կամ օրենքը պետք է լիազորի պետական մարմնին գործելու կամ չգործելու:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ինչպես նաև բավարարվում են ապահովված պարտատիրոջ պահանջները: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն այլ ուղղություններով բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը և կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները: Սույն գործի պարագայում Ընկերությանը պատկանող և Բանկում գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցները` 55.868.500 ՀՀ դրամը, ամբողջությամբ պետք է ուղղվեին գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսեր հատուցելուն, կառավարչին վարձատրելուն և ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջությամբ բավարարելուն, ինչը տեղի չի ունեցել: Փոխարենը, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը, գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից բաշխում է նախատեսել նաև կառավարչի օգնականի վարձատրության համար, ինչը հաստատվել է դատարանների կողմից, այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությունը նման կարգավորում չի նախատեսել և դրա կիրառումը հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Հետևաբար անգամ Բանկի կողմից պարտատերերի ժողովին առարկություն չներկայացնելը չէր կարող արգելք հանդիսանալ դատարանների համար` առաջնորդվելու օրինականության սկզբունքով և կիրառելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքով հստակ կերպով սահմանված կարգավորումը` գրավադրված գույքից ստացված միջոցների բաշխման ուղղությունների վերաբերյալ, ուստի Բանկի բողոքն այս հիմքով հիմնավոր է:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագրով սահմանված 3.160.000 ՀՀ դրամ վարչական ծախսերի մեջ ներառվել է նաև 1.980.000 ՀՀ դրամ գույքի պահպանության գումար` հիմք ընդունելով կառավարչի կողմից Գագիկ Աղաջանյանի և Արթուր Մանուկյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերով սահմանված վարձատրությունը:

Դատարանը գտել է, որ Բանկը զրկված չէ պայմանագրերը վիճարկելու հնարավորությունից, իսկ պայմանագրերի անվավերության և այդ հիմքով վճարումներ կատարելու իրավական արգելքների մասին Բանկի փաստարկները ենթադրական են: Դատարանը պատճառաբանել է, որ կառավարիչը ներկայացրել է աշխատանքային պայմանագրերը և դրա հիման վրա կատարված վճարումների վերաբերյալ հաշվարկները, ուստի ներկայացված ծրագիրը բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի վերաքննիչ բողոքը, գտել է, որ կառավարչի կողմից ներկայացվել են գույքի պահպանման նպատակով պահակների հետ կնքված աշխատանքային պայմանագրեր, աշխատողների հետ վճարումներ կատարելու փաստը հավաստող ապացույցներ, որպիսի ծախսերը ենթակա են վճարման պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցների հաշվին: Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ նշված աշխատանքային պայմանագրերը կնքվել են աշխատանքային օրենսդրության պահանջների խախտմամբ, ուստի անվավեր են, Վերաքննիչ դատարանն այն համարել է անհիմն, քանի որ այդ պայմանագրերն օրենքով սահմանված կարգով չեն վիճարկվել, անվավեր չեն ճանաչվել:

Անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված կարգավորումը չի ենթադրում ցանկացած հարցի քննություն սնանկության գործի շրջանակում, եթե նման պահանջ դատարանին չի ներկայացվել: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային պայմանագրերն օրենքով սահմանված կարգով չեն վիճարկվել, որպիսի պայմաններում դրանք չեն կարող անվավեր համարվել միջանկյալ բաշխման ծրագրի քննության ժամանակ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված պայմանագրերի կնքումը նպատակ է հետապնդել պահպանելու գրավադրված գույքը, հետևաբար Ընկերության պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման հետ կապված ծախսերը, ինչպիսին հանդիսացել են երկու պահակներին վճարված աշխատավարձերը, իրավաչափ են և բխում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Հետևաբար Բանկի բողոքն այն հիմքով, որ դատարանների կողմից այս մասով պատշաճ քննություն չի իրականացվել, հիմնավոր չէ: ՈՒստի չի հիմնավորվում այս հիմքով դատական սխալի առկայությունը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 10.05.2017 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը` կառավարչի օգնականի վարձատրությունը միջանկյալ բաշխման ծրագրում ներառելու հարցը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2017 թվականի որոշման` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.02.2017 թվականի որոշումը` վարչական աշխատողին 480.000 ՀՀ դրամ վճարելու մասով «Մակորշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու մասով, օրինական ուժի մեջ թողնելու մասը և այդ մասով գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2018
N ԱՐԱԴ/0010/04/15
Որոշում