Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ

    դատարանի որոշում                       ՎԴ/1881/05/15

    Վարչական գործ թիվ ՎԴ/1881/05/15        2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ա. Բաբայան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2018 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.11.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱՍԹԵՄՎԱԼ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի` ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության (այսուհետ` Վարչություն) 20.04.2015 թվականի թիվ 5011296 ստուգման ակտի 4-րդ կետը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Վարչության 20.04.2015 թվականի թիվ 5011296 ստուգման ակտի 4-րդ կետը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 26.01.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Վարչության 20.04.2015 թվականի թիվ 5011296 ստուգման ակտի 4-րդ կետը` 20.08.2012 թվականից հետո Ընկերությանն ավելացված արժեքի հարկ վճարող համարելու մասով, ճանաչվել է անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.04.2016 թվականի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպման հիմքով փոխարինվել է իրավահաջորդով` Կոմիտեով:

Վերաքննիչ դատարանի 16.11.2016 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 26.01.2016 թվականի վճիռը` հայցը մերժելու մասով, բեկանվել է և փոփոխվել` Վարչության 20.04.2015 թվականի թիվ 5011296 ստուգման ակտի 4-րդ կետը` մինչև 20.08.2012 թվականը Ընկերությանն ավելացված արժեքի հարկ վճարող համարելու մասով, ճանաչվել է անվավեր, իսկ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի կիրառման համար արդեն իսկ բավական է, որ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելին պատկանում է անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ունեցող անձի: Սույն գործով հայցվոր Ընկերության միակ մասնակիցը Վալիկո Ասլանյանն է, որը 12.10.2007 թվականից մինչև 20.08.2012 թվականը հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր: Հետևաբար ակնհայտ է, որ Ընկերությունը 2012 թվականի ընթացքում (տարեսկզբից մինչև տարեվերջ) համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող` իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով և պետք է հարկվեր ավելացված արժեքի հարկի հարկման դաշտում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ «կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցում է ստացել 20.02.2012 թվականին, իսկ նրա միակ մասնակիցը (100 տոկոս բաժնեմասով) Վալիկո Ասլանյանն է (հատոր 1-ին, գ.թ. 11-17):

2. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի 18.09.2014 թվականի տեղեկանքի համաձայն` Վալիկո Ասլանյանը 12.10.2007 թվականին հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր և հաշվառումից հանվել է 20.08.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 20):

3. ՀՀ ֆինանսների նախարարի 02.02.2015 թվականի թիվ 5011296 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգման արդյունքում Վարչության կողմից 20.04.2015 թվականին ընդունվել է թիվ 5011296 ստուգման ակտը, որի 4-րդ կետով արձանագրվել է, որ Ընկերության միակ մասնակից Վալիկո Ասլանյանը մինչև 20.08.2012 թվականը միաժամանակ հանդիսացել է նաև անհատ ձեռնարկատեր: Ստուգման ակտի համաձայն` նշված փաստի ուժով 2012 թվականի ընթացքում Ընկերությունը համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող, սակայն ավելացված արժեքի հարկ չի հաշվարկել ու չի վճարել: Ըստ այդմ, Ընկերության նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով, ըստ եռամսյակների, առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն` 15.738.358 ՀՀ դրամի չափով, որից 6.177.962 ՀՀ դրամ ապառք (394.385 ՀՀ դրամ` 2012 թվականի 1-ին եռամսյակի համար, 1.195.424 ՀՀ դրամ` 2012 թվականի 2-րդ եռամսյակի համար, 2.145.909 ՀՀ դրամ` 2012 թվականի 3-րդ եռամսյակի համար, 2.442.243 ՀՀ դրամ` 2012 թվականի 4-րդ եռամսյակի համար), 6.177.962 ՀՀ դրամ տուգանք և 3.382.434 ՀՀ դրամ տույժ (հատոր 1-ին, գ.թ. 23-26):

4. Վալիկո Ասլանյանը 28.12.2007 թվականին հարկային տեսչություն է ներկայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն և պետական գրանցման վկայականը ժամանակավորապես հանձնելու վերաբերյալ դիմում (հատոր 1-ին, գ.թ. 18, 19):

5. Ընկերության` որպես Պատվիրատուի, և փաստաբան Գնել Մուղնեցյանի` որպես Կատարողի, միջև 12.05.2015 թվականին կնքված «Փաստաբանական ծառայություն մատուցելու» պայմանագրի 1.1-ին կետի համաձայն` Կատարողը պարտավորվել է Ընկերությանը մատուցել փաստաբանական ծառայություններ Վարչության 20.04.2015 թվականի թիվ 5011296 ստուգման ակտի առնչությամբ ծագած վեճով, իսկ նույն պայմանագրի 2.1-ին կետի համաձայն` պայմանագրի գինը կազմել է 700.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 66, 67):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ավելացված արժեքի հարկ վճարելու` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով ծագող պարտականության կատարման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե կազմակերպությունը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով համարվու՞մ է արդյոք ավելացված արժեքի հարկ վճարող, եթե դրա միակ մասնակիցը հաշվետու տարվա մի մասում գրանցված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, սակայն այդ ժամանակահատվածում որպես անհատ ձեռնարկատեր տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն չի իրականացրել:

Մինչև 01.01.2018 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` ավելացված արժեքի հարկը (այսուհետ` ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն, վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ 2-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և նույն օրենքի 6-րդ հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի համաձայն` նույն հոդվածով սահմանված ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում` այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում անդրադարձել է մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ իրավադրույթների մեկնաբանությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում օրենսդիրը նախատեսել էր, որ անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ավելացված արժեքի հարկ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը գերազանցող մասի համար: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել էր այն փաստակազմերը, որոնց առկայության դեպքում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված կարգավորումը կիրառելի չէր: Այդպիսի փաստակազմ էր նախատեսված նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետում: Այս կետի համաձայն` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթները չեն տարածվում այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի: Փաստորեն, կազմակերպության նկատմամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված իրավական հետևանքը կիրառելի է միայն այն դեպքում, եթե տվյալ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) չի պատկանում այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի: Հետևաբար ցանկացած իրավասու մարմին մինչև կոնկրետ կազմակերպության նկատմամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված իրավական հետևանքի կիրառելիության հարցը լուծելը, պետք է պարզեր` արդյոք տվյալ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, թե` ոչ: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով, 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ և 6-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթները, նշել է, որ ֆիզիկական անձի կողմից ձեռնարկատիրական գործունեություն է համարվում ինքնուրույն այն գործունեությունը, որն իրականացվում է սեփական ռիսկով և ուղղված է պարբերական շահույթ հետապնդելուն: Ֆիզիկական անձի կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու անհրաժեշտ պայման են հանդիսանում վերջինիս իրավունակությունն ու գործունակությունը և պետական հաշվառումը որպես ձեռնարկատեր: Այսինքն` ֆիզիկական անձի անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի առկայությունը որոշվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառման փաստով` անկախ այն փաստից, թե ինչ կարգավիճակով է տվյալ ֆիզիկական անձը գրանցված առևտրային իրավաբանական անձի մասնակիցների (հիմնադիր, բաժնետեր, մասնակից) կազմում (տե՛ս «Անջելս տուր» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/9770/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ կազմակերպությունը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող այն դեպքում, երբ այդ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այնպիսի ֆիզիկական անձի, որը հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր:

Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված այն իրավակարգավորումը, որի համաձայն` ֆիզիկական անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակությունն ու գործունակությունը ծագում են նրա պետական հաշվառման պահից և դադարում են այդ ֆիզիկական անձի իրավունակության կամ գործունակության դադարման, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

Վերոգրյալ օրենսդրական կանոնի բովանդակային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ֆիզիկական անձը համարվում է անհատ ձեռնարկատեր պետական հաշվառման պահից մինչև այդ ֆիզիկական անձի իրավունակության կամ գործունակության դադարման կամ պետական հաշվառումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահը: Փաստորեն, օրենսդիրը ֆիզիկական անձի` անհատ ձեռնարկատեր համարվելու հանգամանքը կախվածության մեջ է դրել որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառում ունենալու փաստի առկայությունից կամ բացակայությունից: Ֆիզիկական անձի` անհատ ձեռնարկատեր համարվելու հանգամանքը պայմանավորված չէ վերջինիս կողմից տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնելու կամ չիրականացնելու փաստով: Այսինքն` անկախ ֆիզիկական անձի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ չիրականացնելու հանգամանքից, վերջինս համարվում է անհատ ձեռնարկատեր հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) տվյալ ֆիզիկական անձը հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր,

2) տվյալ ֆիզիկական անձի գործունակությունը կամ իրավունակությունը դադարած չէ,

3) տվյալ ֆիզիկական անձի որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված չէ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ կազմակերպությունը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող այն դեպքում, երբ այդ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այնպիսի ֆիզիկական անձի, որը հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, որի գործունակությունը կամ իրավունակությունը դադարած չէ, և որի` որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված չէ: Ընդ որում, տվյալ դեպքում որևէ իրավաբանական նշանակություն չունի այն հանգամանքը, որ տվյալ անհատ ձեռնարկատերը փաստացի որևէ տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն չի իրականացնում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված` ավելացված արժեքի հարկի շեմը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով կարող է չկիրառվել միայն այն հաշվետու ժամանակաշրջանների համար, որոնց ընթացքում առկա է եղել այդ իրավադրույթով սահմանված և վերը նկարագրված իրավաբանական փաստակազմը: Վերոգրյալ դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման ժամկետների վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված հետևյալ իրավակարգավորումները.

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (...):

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը` բացառությամբ նույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն անձանց համար, որոնց` նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը (առանց ԱԱՀ-ի) նախորդող օրացուցային տարում գերազանցել է 100 միլիոն դրամը, ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված հաշվետու ժամանակաշրջանի համար` հիմք ընդունելով այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը: Ընդ որում, ավելացված արժեքի հարկի վճարման հաշվետու ժամանակաշրջանը, որպես կանոն, եռամսյակն է: Նշված ընդհանուր կանոնից բացառությունը վերաբերում է այն դեպքին, երբ տվյալ հարկ վճարողի` օրենքով սահմանված գործարքներից հասույթը նախորդող օրացուցային տարում գերազանցել է 100 միլիոն ՀՀ դրամը: Այդ դեպքում տվյալ հարկ վճարողի համար ավելացված արժեքի հարկի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում մեկ ամիսը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տնտեսվարող սուբյեկտը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով պարտավոր է ավելացված արժեքի հարկ հաշվարկել և վճարել միայն այն հաշվետու ժամանակաշրջանների համար, որոնց ընթացքում առկա է եղել նշված իրավադրույթով սահմանված փաստակազմը: Այլ կերպ ասած` տնտեսվարող սուբյեկտը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով պարտավոր է ավելացված արժեքի հարկ հաշվարկել և վճարել, որպես կանոն, միայն այն եռամսյակների համար, որոնց ընթացքում առկա է եղել նշված իրավադրույթով սահմանված փաստակազմը, իսկ որոշ դեպքերում (օրենքով սահմանված գործարքներից հասույթը նախորդող օրացուցային տարում 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում) միայն այն ամիսների համար, որոնց ընթացքում առկա է եղել նշված իրավադրույթով սահմանված փաստակազմը: Այն դեպքում, երբ, օրինակ, եռամսյակային հաշվետու ժամանակաշրջանի ռեժիմի ներքո գործող տնտեսվարող սուբյեկտի մոտ տարվա ընթացքում ծագում է և (կամ) դադարում է ավելացված արժեքի հարկ հաշվարկելու և վճարելու պարտականություն առաջացնող` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետով սահմանված հիմքը, ապա տվյալ տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է ավելացված արժեքի հարկ հաշվարկել և վճարել ոչ թե ամբողջ տարվա համար, այլ տարվա միայն այն եռամսյակների համար, որոնց ընթացքում վերոգրյալ իրավադրույթով սահմանված հիմքն առկա է եղել:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված` ավելացված արժեքի հարկի շեմը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով չկիրառվելու դեպքում տնտեսվարող սուբյեկտի մոտ ավելացված արժեքի հարկ հաշվարկելու և վճարելու պարտականությունը ծագում է ըստ ավելացված արժեքի հարկի վճարման հաշվետու ժամանակաշրջանների. այդ պարտականությունը`

- վերաբերում է ոչ թե ամբողջ տարվան, այլ այդ տարվա այն հաշվետու ժամանակաշրջաններին, որոնց ընթացքում առկա է եղել մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետով սահմանված հիմքը, և

- չի կարող տարածվել այդ տարվա այն հաշվետու ժամանակաշրջանների վրա, որոնց ընթացքում նշված հիմքը գոյություն չի ունեցել:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցում է ստացել 20.02.2012 թվականին, իսկ նրա միակ մասնակիցը (100 տոկոս բաժնեմասով) Վալիկո Ասլանյանն է: Վալիկո Ասլանյանը, իր հերթին, 12.10.2007 թվականից մինչև 20.08.2012 թվականը հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր: Թեև անհատ ձեռնարկատեր Վալիկո Ասլանյանը 28.12.2007 թվականին հարկային տեսչություն է ներկայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն և պետական գրանցման վկայականը ժամանակավորապես հանձնելու վերաբերյալ դիմում, սակայն վերջինս դադարել է համարվել անհատ ձեռնարկատեր միայն 20.08.2012 թվականից:

ՀՀ ֆինանսների նախարարի 02.02.2015 թվականի թիվ 5011296 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգման արդյունքում Վարչության կողմից 20.04.2015 թվականին ընդունվել է թիվ 5011296 ստուգման ակտը, որի 4-րդ կետով արձանագրվել է, որ Ընկերության միակ մասնակից Վալիկո Ասլանյանը մինչև 20.08.2012 թվականը միաժամանակ հանդիսացել է նաև անհատ ձեռնարկատեր: Ստուգման ակտի համաձայն` նշված փաստի ուժով 2012 թվականի ընթացքում Ընկերությունը համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող, սակայն ավելացված արժեքի հարկ չի հաշվարկել ու չի վճարել: Ըստ այդմ, Ընկերության նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն` 15.738.358 ՀՀ դրամի չափով, որից 6.177.962 ՀՀ դրամ ապառք, 6.177.962 ՀՀ դրամ տուգանք և 3.382.434 ՀՀ դրամ տույժ:

Ընկերությունը դիմել է դատարան Վարչության 20.04.2015 թվականի թիվ 5011296 ստուգման ակտի 4-րդ կետի վիճարկման հայցով, որի հիման վրա հարուցվել է սույն վարչական գործը:

Դատարանն Ընկերության հայցը բավարարել է մասնակիորեն և Վարչության 20.04.2015 թվականի թիվ 5011296 ստուգման ակտի 4-րդ կետն անվավեր է ճանաչել միայն 20.08.2012 թվականից հետո Ընկերությանն ավելացված արժեքի հարկ վճարող համարելու մասով: Դատարանը գտել է, որ անհատ ձեռնարկատեր Վալիկո Ասլանյանի գործունեության փաստացի դադարեցումը նշանակություն չունի մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի կիրառության համար, իսկ հարկային մարմինն իրավացիորեն է համարել, որ Ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսից ավելին մինչև 20.08.2012 թվականը պատկանել է անհատ ձեռնարկատիրոջ:

Միևնույն ժամանակ Դատարանը նշել է, որ Ընկերությանն ավելացված արժեքի հարկ վճարող համարելու միակ հիմքը դրա մասնակցի` անհատ ձեռնարկատեր հանդիսանալն է, ինչը նշանակում է, որ 20.08.2012 թվականից ի վեր, երբ Ընկերության մասնակիցն այլևս չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, Ընկերությունն այլևս չէր կարող համարվել ավելացված արժեքի հարկ վճարող: Փաստորեն, ըստ Դատարանի` հարկային մարմինը որևէ հիմք չի ունեցել Ընկերությանը 20.08.2012 թվականից հետո ավելացված արժեքի հարկ վճարող որակելու համար: Նման պայմաններում 20.08.2012 թվականից հետո Ընկերությանն ավելացված արժեքի հարկ վճարող համարելու հետևանքով առաջադրված ավելացված արժեքի հարկը` տույժերով և տուգանքներով հանդերձ, ենթակա է հետագա ճշտման և Ընկերության պարտավորություններից նվազեցման:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը և մասնակիորեն բեկանելով Դատարանի վճիռը` Վարչության 20.04.2015 թվականի թիվ 5011296 ստուգման ակտի 4-րդ կետն անվավեր է ճանաչել նաև մինչև 20.08.2012 թվականն Ընկերությանն ավելացված արժեքի հարկ վճարող համարելու մասով: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ընկերությունը 2012 թվականի ամբողջ ընթացքում չէր կարող համարվել ավելացված արժեքի հարկ վճարող, քանի որ Ընկերության միակ մասնակից Վալիկո Ասլանյանը` որպես անհատ ձեռնարկատեր, դեռևս 28.12.2007 թվականին դիմել է հարկային մարմին գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ, փաստացի դադարեցրել է և չի իրականացրել ձեռնարկատիրական գործունեություն, ներառված է եղել հաշվառումից հանելուն ենթակա անհատ ձեռնարկատերերի ցանկում, չի ունեցել գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ: Հետևաբար ըստ Վերաքննիչ դատարանի` Ընկերությանն ավելացված արժեքի հարկ վճարող համարելը միայն այն հիմքով, որ նրա միակ մասնակիցը մինչև 20.08.2012 թվականը հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, ձևական մոտեցման արդյունք է և իրավաչափ չէ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության միակ մասնակից Վալիկո Ասլանյանը 12.10.2007 թվականից մինչև 20.08.2012 թվականը հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր: Մինչև 20.08.2012 թվականը Վալիկո Ասլանյանի գործունակությունը կամ իրավունակությունը դադարած չի եղել, և նրա` որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված չի եղել: Այսինքն` Ընկերության միակ մասնակից Վալիկո Ասլանյանը 12.10.2007 թվականից մինչև 20.08.2012 թվականը բավարարել է անհատ ձեռնարկատեր համարվելու բոլոր պայմաններին: Հետևաբար Ընկերությունը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող, քանի որ Ընկերության կանոնադրական կապիտալի ավելի քան 20 տոկոսը (տվյալ դեպքում 100 տոկոսը) պատկանել է Վալիկո Ասլանյանին, որը մինչև 20.08.2012 թվականն ունեցել է անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ:

Ընդ որում, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն` Ընկերության` ավելացված արժեքի հարկ վճարող հանդիսանալու հարցում որևէ իրավաբանական նշանակություն չունի այն հանգամանքը, որ Ընկերության կանոնադրական կապիտալի ավելի քան 20 տոկոսի (տվյալ դեպքում 100 տոկոսի) սեփականատեր Վալիկո Ասլանյանը` որպես անհատ ձեռնարկատեր, փաստացի որևէ տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն չի իրականացրել, 28.12.2007 թվականին հարկային տեսչություն է ներկայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն և պետական գրանցման վկայականը ժամանակավորապես հանձնելու վերաբերյալ դիմում: Անկախ նշված հանգամանքից` Վալիկո Ասլանյանը մինչև 20.08.2012 թվականը եղել է անհատ ձեռնարկատեր, ինչը բավարար է Ընկերության նկատմամբ մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետով սահմանված իրավական հետևանքը կիրառելու համար: Հետևաբար սույն գործով Դատարանն իրավաչափորեն է հանգել այն եզրակացության, որ Ընկերությունը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հիմքը, որը սահմանված է մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետով, գոյություն է ունեցել Ընկերության գրանցումից մինչև Ընկերության կանոնադրական կապիտալի ավելի քան 20 տոկոսի (տվյալ դեպքում 100 տոկոսի) սեփականատեր Վալիկո Ասլանյանի` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից հանվելու պահը, այսինքն` մինչև 20.08.2012 թվականը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2012 թվականի ընթացքում Ընկերությունը պարտավոր էր ավելացված արժեքի հարկ հաշվարկել և վճարել միայն այն հաշվետու ժամանակաշրջանների համար, որոնց ընթացքում առկա է եղել մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետով սահմանված փաստակազմը: Փաստորեն, սույն գործով վիճարկվող վարչական ակտով` Վարչության 20.04.2015 թվականի թիվ 5011296 ստուգման ակտով, Ընկերության նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություններ կարող էին առաջադրվել ոչ թե ամբողջ 2012 թվականի համար, այլ` այդ տարվա միայն այն հաշվետու ժամանակաշրջանների համար, որոնց ընթացքում Ընկերությունը մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի ուժով համարվում էր ավելացված արժեքի հարկ վճարող:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում 2012 թվականին Ընկերության համար ավելացված արժեքի հարկ հաշվարկելու և վճարելու հաշվետու ժամանակաշրջան է համարվել եռամսյակը, ինչն արձանագրվել է նաև վիճարկվող վարչական ակտում և դրվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկման հիմքում: Հետևաբար Ընկերությունը պարտավոր էր ավելացված արժեքի հարկ հաշվարկել և վճարել ոչ թե ամբողջ տարվա համար, այլ 2012 թվականի միայն այն եռամսյակների համար, որոնց ընթացքում առկա է եղել մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետով սահմանված հիմքը: Ասվածն էլ իր հերթին ենթադրում է, որ Ընկերությունը պարտավոր էր ավելացված արժեքի հարկ հաշվարկել և վճարել 2012 թվականի միայն 1-ին (հունվար, փետրվար, մարտ), 2-րդ (ապրիլ, մայիս, հունիս) և 3-րդ (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր) եռամսյակների համար, քանի որ 2012 թվականի 4-րդ եռամսյակում (հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) Ընկերության կանոնադրական կապիտալի ավելի քան 20 տոկոսի (տվյալ դեպքում 100 տոկոսի) սեփականատեր Վալիկո Ասլանյանն այլևս չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Ընկերության նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրումն իրավաչափ է միայն 2012 թվականի 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորության մասով: Իսկ Ընկերության նկատմամբ 2012 թվականի 4-րդ եռամսյակի համար հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրումը ոչ իրավաչափ է, քանի որ այդ հաշվետու ժամանակաշրջանում մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետով սահմանված հիմքն այլևս գոյություն չի ունեցել: Փաստորեն, սույն գործով վիճարկվող` Վարչության 20.04.2015 թվականի թիվ 5011296 ստուգման ակտի 4-րդ կետը ենթակա է անվավեր ճանաչման Ընկերության նկատմամբ միայն 2012 թվականի 4-րդ եռամսյակի համար ավելացված արժեքի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրման մասով, քանի որ այդ մասով նշված վարչական ակտն ընդունվել է օրենքի, մասնավորապես` մինչև 01.01.2013 թվականը գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի, 23-րդ և 32-րդ հոդվածների խախտմամբ, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե հայցվորի կամ բողոք բերողի պահանջները բավարարվում են մասամբ, ապա հաշվանցման եղանակով դատարանը կարող է հայցվորին, բողոք բերողին և պատասխանողին փոխադարձաբար ազատել դատական ծախսերի հատուցումից կամ համաչափորեն բաշխել դատական ծախսերը նրանց միջև:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Կոմիտեի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, ինչի արդյունքում Ընկերության հայցը բավարարվում է մասնակիորեն: Հաշվի առնելով նշված հանգամանքը և կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված կանոնը` Վճռաբեկ դատարանը որոշում է դատական ծախսերը` հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի մասով, համաչափորեն բաշխել սույն գործով կողմերի միջև:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումի համար Ընկերությունը վճարել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարման պարտականությունը պետք է համաչափորեն դրվի միաժամանակ թե՛ Կոմիտեի և թե՛ Ընկերության վրա: Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով կողմերի միջև համաչափորեն բաշխել նշված դատական ծախսը, եզրակացնում է, որ պատասխանող Կոմիտեն պարտավոր է հայցվոր Ընկերությանը հատուցել հայցադիմումի համար Ընկերության կողմից արդեն իսկ վճարված 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի կեսը` 2.000 ՀՀ դրամը, քանի որ Կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարվում է մասնակիորեն, ինչի արդյունքում մասամբ է բավարարվում նաև Ընկերության հայցը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացրել թե՛ հայցվոր Ընկերությունը, թե՛ պատասխանող Կոմիտեն: Ընդ որում, Ընկերությունը վերաքննիչ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ Կոմիտեն` 10.000 ՀՀ դրամ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` վերաքննիչ բողոքները ներկայացնելու ժամանակ գործող խմբագրությամբ 9-րդ հոդվածի 8-րդ մասի «բ» կետի համաձայն` (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` (...) բազային տուրքի չափ է սահմանվում 1.000 դրամը:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ սույն վարչական գործով Ընկերության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի` օրենքով սահմանված չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ: Մինչդեռ Ընկերությունը վերաքննիչ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար Ընկերության կողմից օրենքով պահանջվող պետական տուրքի չափից ավելի վճարված պետական տուրքը` 10.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:

i

Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության և Կոմիտեին անհրաժեշտ է հաշվանցման եղանակով փոխադարձաբար ազատել վերաքննիչ բողոքների համար դատական ծախսերի` 10.000-ական ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքերի հատուցումից: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով վերաքննիչ բողոքների համար 10.000-ական ՀՀ դրամի չափով պետական տուրքերի հատուցման հարցը պետք է համարել լուծված:

Հաջորդիվ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի համար Կոմիտեն վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից բերված վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարման պարտականությունը պետք է համաչափորեն դրվի միաժամանակ թե՛ Կոմիտեի և թե՛ Ընկերության վրա: Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով կողմերի միջև համաչափորեն բաշխելու նշված դատական ծախսը, եզրակացնում է, որ հայցվոր Ընկերությունը պարտավոր է պատասխանող Կոմիտեին հատուցել վճռաբեկ բողոքի համար Կոմիտեի կողմից արդեն իսկ վճարված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի կեսը` 10.000 ՀՀ դրամը, քանի որ Կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարվում է մասնակիորեն, ինչի արդյունքում մասամբ է բավարարվում նաև Ընկերության հայցը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց: Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության և բռնագանձման հարցերին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելիս դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ չափորոշիչները. փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ներկայացուցչին վճարված գումարի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված գումարի չափի հարաբերակցությունը, անձի կողմից փաստացի կատարված ծախսերի այն ծավալը, որն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար (տե՛ս Անի Դավթյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6377/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերը նշված չափանիշները և դրանք համադրելով սույն գործի հանգամանքների հետ, մասնավորապես` հաշվի առնելով սույն գործի բարդությունը, փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (հայցադիմումի ներկայացում, մասնակցություն դատական նիստերին), Ընկերության և փաստաբան Գնել Մուղնեցյանի միջև 12.05.2015 թվականին կնքված «Փաստաբանական ծառայություն մատուցելու» պայմանագրով սահմանված` փաստաբանին վճարման ենթակա գումարի չափի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված հանրային իրավական դրամական պահանջի գումարի չափի հարաբերակցությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ընկերության փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը կազմում է 100.000 ՀՀ դրամ: Հետևաբար ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից հօգուտ Ընկերության անհրաժեշտ է բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության ողջամիտ փոխհատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.11.2016 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել մասնակիորեն` անվավեր ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 20.04.2015 թվականի թիվ 5011296 ստուգման ակտի 4-րդ կետի` 2012 թվականի 4-րդ եռամսյակի համար «ԱՍԹԵՄՎԱԼ» ՍՊԸ-ի նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորության առաջադրման մասը, իսկ հայցը` մնացած մասով, մերժել:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից հօգուտ «ԱՍԹԵՄՎԱԼ» ՍՊԸ-ի բռնագանձել 2.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի համաչափ բաշխման արդյունքում փոխհատուցման ենթակա գումար:

«ԱՍԹԵՄՎԱԼ» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքի համար օրենսդրությամբ պահանջվող պետական տուրքի չափից ավելի` 10.000 ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:

Վերաքննիչ բողոքների համար սահմանված և «ԱՍԹԵՄՎԱԼ» ՍՊԸ-ի ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից 10.000-ական ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքերի բաշխման հարցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով համարել լուծված:

«ԱՍԹԵՄՎԱԼ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի համաչափ բաշխման արդյունքում հատուցման ենթակա գումար:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից հօգուտ «ԱՍԹԵՄՎԱԼ» ՍՊԸ-ի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության ողջամիտ փոխհատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ռ. Հակոբյան

Զեկուցող` Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.11.2018
N ՎԴ/1881/05/15
Որոշում